Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պահպանողական երկրի պահպանողական կառավարությունը

Պահպանողական երկրի պահպանողական կառավարությունը
30.09.2016 | 00:31

Երկուշաբթի օրը լրանում է կառավարության կազմավորման՝ Սահմանադրությամբ նախատեսված 20 օրը: Խնդրահարույց դարձան արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նշանակումները: ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց կառավարության կառուցվածքի փոփոխությունները՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդունելով: Էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Սփյուռքի նախարարությունը` Սփյուռքի հետ կապերի: Քաղաքաշինության նախարարությունը «հանգեաւ ի Տեր», ավելի ստույգ՝ վերակազմավորվեց ճարտարապետության և հուշարձանների պահպանության կոմիտեի և կգործի մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը: Եվս մեկ կոմիտե կստեղծվի՝ զբոսաշրջության:

Ի՞նչ ունենք, եթե ամփոփենք: Նախնական տվյալներով՝ 19-ի փոխարեն 18 նախարարություն՝ 1. Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների (փոխվարչապետ, նախարար Վաչե Գաբրիելյանը վերանշանակվեց): 2. Աշխատանքի և սոցիալական հարցերի (Արտեմ Սարգսյանը վերանշանակվեց): 3. Առողջապահության (ունենք նոր նախարար՝ Լևոն Ալթունյան): 4. Արդարադատության (Արփինե Հովհաննիսյանը վերանշանակվեց): 5. Արտակարգ իրավիճակների (Արմեն Երիցյանը վերանշանակվեց): 6. Արտաքին գործերի (Էդվարդ Նալբանդյանը պաշտոնակատար է): 7. Բնապահպանության (ունենք նոր նախարար՝ Արծվիկ Մինասյան): 8. Գյուղատնտեսության (ունենք նոր նախարար՝ Իգնատի Առաքելյան): 9. Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման և ներդրումների (ունենք նոր նախարար՝ Սուրեն Կարայան): 10. Էներգետիկայի նախարարությունը վերանվանվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ունենք նոր նախարար՝ Աշոտ Մանուկյան): 11. Կրթության և գիտության (Լևոն Մկրտչյանը վերանշանակվեց): 12. Մշակույթի (ունենք նոր նախարար՝ Արմեն Ամիրյան): 13. Պաշտպանության (Սեյրան Օհանյանը պաշտոնակատար է): 14. Սպորտի և երիտասարդության հարցերի (ունենք նոր նախարար՝ Հրաչյա Ռոստոմյան): 15. Սփյուռքի հետ կապերի (Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց): 16. Տարածքային կառավարման (Դավիթ Լոքյանը վերանշանակվեց): 17. Տրանսպորտին և կապին հավելվեցին տեղեկատվական տեխնոլոգիաները (ունենք նոր նախարար՝ Վահան Մարտիրոսյան): Քաղաքաշինության նախարարություն ու նախարար չունենք: 18. Ֆինանսների (ունենք նոր նախարար՝ Վարդան Արամյան):

Հավելեք կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի վերանշանակումը, որ չկա կառավարության government.am պաշտոնական կայքում: Ինչի՞ն էր նվիրված հաշվապահությունս: Վիճակն արձանագրելուն: ՈՒնեցանք 8 նոր նախարար, գուցե ևս երկուսն ունենանք, գուցե չունենանք, և 10 հին նախարար:

«Փոփոխությունների մեծ ալիքը», որ ազդարարեց ՀՀ նախագահը, տարածվեց 8 նախարարի (գուցե ևս երկուսի) վրա, տասնյակը մնաց աներեր: Բավարա՞ր է այդքանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դառնա «յուրօրինակ սիմվոլ» և «նոր ոգի» հաղորդի ՀՀԿ-ին: Ե՛վ այո, և՛ ոչ: Սկսենք «այո»-ներից:


1. Հիմնականում փոխվեց տնտեսական բլոկի ղեկավար կազմը:
2. Վարչապետը նախարարությունները վստահեց նոր մարդկանց և հանձնարարեց իրագործել իրենց երազանքները:
3. Կառուցվածքային փոփոխությունները նպատակ ունեն ոլորտների կառավարումը արդյունավետ դարձնել:
4. Նոր նախարարները հիմնական մասով կուսակցական չեն, հետևաբար նախարարություններում կադրային փոփոխությունները կկատարվեն ոչ թե ըստ կուսակցական պատկանելության, այլ մասնագիտական ունակությունների: Հուսանք:

5. Վարչապետը հայտարարեց, որ ոլորտները վստահում է պրոֆեսիոնալների, որ լավ գիտեն իրենց գործը, իսկ նա սխալվելու իրավունք չունի:

6. Որպես կանոն՝ նախարարի փոփոխությունը դառնում է տեղաշարժ ոլորտում:
7. Սրանից ավելի վատ լինել չի կարող:


Անցնենք «ոչ»-երին:
1. Տնտեսական վիճակի փոփոխությունը կախված չէ նախարարների և անգամ վարչապետի անձից միայն, կախված է քաղաքական կուրսի փոփոխությունից, որ մինչև ընտրությունները չի լինի, հետևաբար այս կառավարությունը մնում է տեխնիկական, և մեծ ակնկալիքները համարժեք չեն օբյեկտիվ իրականությանը:
2. Կառավարության կազմի փոփոխությունների հարաբերակցությունը մեծ ալիքի վստահություն չի ներշնչում՝ կիսաալիքը նոր ալիք ու վստահության հիմք չէ:
3. Տնտեսական բլոկում հայտնվել են մարդիկ, որ չունեն պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, նրանք մասնավոր սեկտորից են, նոր աշխատանքում լիարժեք ու կարողությունների ողջ ուժով ինքնադրսևորման համար ժամանակ է պետք, կառավարությունը պաշտոնավարելու է մինչև ընտրություններ:
4. Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղի տվեց ճնշումներին և չկատարեց այն փոփոխությունները, որ ակնարկել էր. նա վճռեց ՀՀԿ-ի հետ հարաբերությունները վերջնականապես չփչացնել կառավարության ծրագրի և 2017-ի բյուջեի նախագծի հաստատումից առաջ:
5. Վարչապետ Կարեն Կարապետյանը բավարար չի ճանաչում տնտեսությունը, տեղյակ չէ արդյունաբերական ու արտադրական հզորությունների բուն վիճակին՝ սա օբյեկտիվ է և օբյեկտիվորեն ժամանակ է պահանջում:
6. Վարչապետ Կարեն Կարապետյանի կառուցվածքային փոփոխությունները բավարար չեն արդյունավետ կառավարման ու կատարյալ մենեջմենտ ապահովելու համար, ինչը բխում է կառավարման համակարգի մակերեսային, ոչ խորքային իմացությունից, իսկ դա նշանակում է, որ կառավարման համակարգը շարունակելու է պերմանենտ փոփոխությունների մեջ լինել` հանգեցնելով աշխատանքի արդյունավետության նվազեցման:
7. Վարչապետ Կարեն Կարապետյանը անում է հայտարարություններ, որոնց կատարմանը հետևողականորեն չի վերաբերվում. դա կամ անփորձության արտահայտություն է, կամ անսկզբունքայնության, երկու դեպքում էլ հաջողության նախադրյալները նվազում են:


ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Կան բազում այլ հարցեր: Օրինակ, ինչպե՞ս են դասավորվելու նոր վարչապետի և հին ՀՀԿ-ի հարաբերությունները իրականում: Հրապարակավ բոլորը կհայտարարեն, որ սատարում են վարչապետին ու նրա կառավարությանը, ՀՀԿ-ն մարսելո՞ւ է յուրային նախարարների պաշտոնանկությունը, որ կուսակցական լծակների կորուստ է ու հարված ՀՀԿ-ի հեղինակությանն ու դիրքերին: Հարց է՝ ՀՀ և ՀՀԿ նախագահը ՀՀԿ-ին հակակշիռ ո՞ւժ է ստեղծում իր համար, անկուսակցական հենարա՞ն: Իսկ նրանց ձախողման դեպքում ի՞նչ է լինելու, վարչապե՞տն է քավության նոխազ դառնալու: Ինչպե՞ս են դասավորվելու վարչապետի և մյուս կուսակցությունների հարաբերությունները: Համենայն դեպս, Կարեն Կարապետյան-ՀՅԴ «շոուն» երկուստեք պարտությամբ, թե հաղթանակով ավարտվեց՝ հասկանալի չդարձավ: ՀՅԴ-ն նախ փառաբանեց, հետո դատափետեց, վերջում փոխզիջման գնաց: Եթե ՀՅԴ-ի համար հաղթանակ էր՝ պահեց նախարարական պորտֆելները՝ մեկ նախարարի փոխատեղությամբ, վարչապետի համար պարտություն էր: Կա ավելի գործնական հարց՝ ինչպե՞ս է նոր վարչապետին ընդունում գործարար աշխարհը, ու այս կետում հարցերը սնկերի պես բազմանում են:

«Գործարար աշխարհը» տարողունակ հասկացություն է՝ սկսած օլիգարխներից, վերջացրած միջին ու մանր ձեռներեցներով: Նրանց խնդիրները տարբեր են՝ եթե առաջինները լուծում են գերշահույթների ապահովման հարցը, երկրորդների համար կենսական է գոյություն պահելը: Կարեն Կարապետյանը կարողանալո՞ւ է դաշտում օրենքի գերակայություն հաստատել: Ինչպիսի՞ն են լինելու նրա հարաբերությունները ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի, ընդհանրապես ուժայինների հետ: Պնդելո՞ւ է իր սկզբունքները (եթե կան), թե՞ հարմարվելու է բուրգի տրամաբանությանը (որ կա): Նա պաշտոնավարում է արդեն երկու շաբաթ և դեռ որևէ առիթ չի գտել (գուցե խուսափել է) իր տեսակետը բարձրաձայնելու ՀՀ-ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ հեռանկարների, հարևանների հետ հարաբերությունների, Հայաստան-Իրան համագործակցության, ամենակարևորը՝ ԼՂՀ հարցի վերաբերյալ: Կարող էր գոնե պաշտոնական տեսակետները կրկնել: Նա գերադասում է դադարը ձգել, գուցե նաև չի նկատել, որ դադար է վերցրել: Պարզապես կենտրոնից դեռ հրահանգ չի ստացել այդ մասին խոսելու ու լռում է:


Իսկ ընդհանրապես, կա նաև մեկ այլ ճշմարտություն՝ որևէ երկրի որևէ կառավարություն երբևէ երկիրը չի կործանել, եթե երկիրն ուզում է փրկվել, և չի էլ փրկել, եթե երկիրը գնում է կործանում: Սա ընդհանրական ճշմարտություն է, որի սահմաններում Հայաստանը լիովին տեղավորվել ու տեղավորվում է: Պետք չէ չափազանցված սպասումներ ունենալ վարչապետից ու կառավարությունից, նրանցից ոչ մեկը կախարդական փայտիկ չունի: Նրանք պահպանողական երկրի պահպանողական կառավարության անդամներն են, ՀՀԿ-ն է նրանց «տերը» և նրանց համար պատասխանատուն, ուրեմն ի՞նչ է փոխվել: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն չկա, կան բարեփոխումներ: Նորից ու անվերջ:

«Իշխանությունը ՀՀԿ-ն է։ Սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ՝ և՛ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք, սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակականություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,- հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ու դա ամփոփ գնահատական է, որ ավելի շատ նախազգուշացում է, քան մեկնաբանություն: Ստացվեց «ազգային համաձայնության» կիսակարկատան՝ կառավարության տեսքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչո՞ւ են ուշանում ԱԳ ու պաշտպանության նախարարների հրամանագրերը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին մամուլը «հավաստի լուրերով» նախ «նշանակեց» ԱԳ, հետո՝ պաշտպանության նախարար: Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու: Սեյրան Օհանյանին նախարար «պահեց» Անկախության օրվա ռազմական շքերթը, մինչ այդ նա հերքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը, որ ոչինչ չի նշանակում: Կա «աշխարհաքաղաքական» գործոնը. եթե վարչապետը դրսում է նշանակվում, առանցքային նախարարները տեղում չեն նշանակվում:

Լավրովն ու «Իսկանդերը» մի կողմում են, օբյեկտիվ իրավիճակից հետևության իրավունքը՝ մյուս: Ո՞րը կգերակշռի անկախության հռչակման 26-րդ տարում: Անկա՞խ լինել, թե՞ հարմարվել: Խոսքի ու գործի տարբերությունը հաստատե՞լ, թե՞ վերացնել: Ապրիլյան պատերազմը հիշե՞լ, թե՞ մոռանալ: Ղարաբաղի հարցով բանակցային գործընթաց նոր նախարար ներմուծելը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի: Ո՞վ է անհրաժեշտ խորքով տիրապետում իրավիճակի նրբություններին ու բանակցային հմտություններին՝ մի կողմից, մյուս կողմից՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել են աշխարհաքաղաքական փոփոխությունների առաջ քարացած ու անպաշտպան լինելը:

Բանակը անկախության միակ երաշխիք է մնացել և իրական փոփոխությունների կարիք ունի, Սեյրան Օհանյանին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: ԱԳ-ն ու ՊՆ-ն նախագահինն են, Սերժ Սարգսյանը գիտի դանդաղ շտապել՝ մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակ կա: Այսպես էլ անցավ սեպտեմբերը: Հոկտեմբերն ունի իր պատմությունը:

Դիտվել է՝ 2101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ