Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախընտրում եք հարմարավետություն, գնե՛ք Դուբայի մետրոյի ոսկե դասի քարտեր

Նախընտրում եք հարմարավետություն, գնե՛ք Դուբայի մետրոյի ոսկե դասի քարտեր
30.09.2016 | 09:03

Հարմարավետություն, շքեղություն, զարմացնելու կարողություն և անվտանգություն: Սրանք ԱՄԷ-ն առաջ մղող հիմնական ուժերն են, որոնք ընդգծված են նաև Դուբայ էմիրությունում: Հասարակական տրանսպորտն էլ է հարմարեցված այս չափանիշներին: Այցելուի աչքից հաստատ չեն վրիպի մայրուղիների երկայնքով ընթացող մոխրակապտավուն գնացքները: Սրանք Դուբայի մետրոպոլիտենը սպասարկող ճապոնական «Կինկի Շարյո» ընկերության հինգ վագոն ունեցող գնացքներ են, որոնց միջին արագությունը 32-42 կմ/ժ է (ամենամեծ արագությունը՝ 110 կմ/ժ):

Դուբայը բազմամարդ, արագ զարգացող էմիրություն է, որտեղ մարդիկ միշտ ինչ-որ տեղ են շտապում: Մետրոն հիմնադրելու նպատակներից մեկը եղել է զբոսաշրջիկներին գրավելը, ինչպես նաև բնակչության թվի աճի հետ նրանց երթևեկությունը ճիշտ կազմակերպելը: «Պիկ» ժամերին երթևեկությունը քաղաքում չափից ավելի ծանրաբեռնված է, անձնական մեքենաները կայանելու խնդիր կա, վարորդների համար նաև ոչ հաճելի փորձություն է «սալիկ» կոչվող ճանապարհային վճարովի արգելքներն անցնելը, ուստի մետրոն նրանց օգնում է ազատվելու բազմաթիվ խնդիրներից: Տեսնում եք՝ այստեղ հարմարավետության համար ոչ թե անձնական մեքենա են գնում, այլ օգտվում են մետրոյից: Ի դեպ, էմիրության համար պատուհաս են դարձել անձնական մեքենաները, որոնց քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը: Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր ընտանիք միջինը երկու կամ երեք մեքենա ունի: Վերադառնանք հասարակական տրանսպորտին՝ մետրոյին: Ենթադրվում է, որ դրանից պետք է օգտվեն հասարակության բոլոր խավերը՝ անկախ սեռից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելությունից, սոցիալական դիրքից, հիգիենիկ վիճակից:

Գոնե Հայաստանի օրինակով երևի նկատել եք, որ հանրային տրանսպորտից օգտվողները հիմնականում ավելի հանդուրժող, համբերատար և սիրալիր են, սակայն Դուբայի մետրոյից օգտվողները, սիրալիր լինելով հանդերձ, նաև քմահաճ են: Մետրոպոլիտենը նրանց հնարավորություն է տալիս իրենց պահանջներին համապատասխան երթևեկության ձև ընտրելու: Օրինակ, գնելով մետրոյի ոսկե դասի քարտեր, ուղևորները ստիպված չեն լինում անցանկալի անձանց հետ նստարան, կանգնելու տեղ կիսել կամ դիմանալ նրանց ներկայությանը: Այս քարտը ունեցողների համար գնացքում միշտ տեղ կա, որը հարմարավետ է և բարձր դասի: Տեղին է նշել՝ «պիկ» ժամերին գոնե կանգնելու տեղ գտնելը մետրոյում դժվար գործ է: Ինչ վերաբերում է քարտերին, ավելացնենք՝ մետրոյով երթևեկելու համար կայարաններից կամ դրամարկղերից անհրաժեշտ է անպայման գնել էլեկտրոնային սմարթ քարտեր («Նոլ»), որոնք, բացի ոսկե դասից, լինում են նաև արծաթե դասի, կարմիր և կապույտ: Հասկանալի է, որ տարատեսակները որոշակի առանձնահատկություններ ունեն: Ոսկե դասի քարտերին անդրադարձանք, իսկ արծաթե քարտեր գնում են հիմնականում մետրոյից և այլ տրանսպորտային միջոցներից հաճախակի օգտվողները: Քարտերը վավեր են հինգ տարի ժամկետով: Այցելուները և զբոսաշրջիկները նախընտրում են կարմիր քարտերը, որոնց վավերականության ժամկետն ընդամենը 90 օր է, և կարող են օգտագործվել տասը ուղևորության համար՝ մետրոյում կամ ավտոբուսներում: Իսկ կապույտ քարտերը հարմար են այն մշտական ուղևորների համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց կրեդիտները: Գնորդին դրանց առանձնահատկություններին, շահավետությանը և գնին ծանոթացնում են թե՛ կայարաններում, թե՛ մետրոպոլիտենի կայքում:

«Նոլ» էլեկտրոնային քարտերը մեծ առավելություն ունեն, ուղևորին ազատում են ավելորդ իրարանցումից: Քարտը վերալիցքավորելուց հետո մետրոպոլիտեն մտնելիս պետք է միայն մուտք (tag on), իսկ դուրս գալիս՝ ելք անել (tag off): Փորձը ցույց է տվել, որ այս էլեկտրոնային քարտերով աշխատանքը բավական արդյունավետ է ուղևորի և մետրոպոլիտենի համար: Վերջինիս հնարավորություն է տալիս նաև վերահսկելու մետրոյի ուղևորափոխադրումը: Մերձավոր Արևելքի սմարթ քարտերի մրցանակաբաշխությունում «Նոլ» քարտերը 2013 թ. լավագույնն են ճանաչվել:


Մետրոյից և, ընդհանրապես, հասարակական տրանսպորտից օգտվելու խիստ կանոններ են գործում ԱՄԷ-ում, որոնց չհետևողները ստիպված են 100- 2000 դրհամ տուգանք վճարել: Մետրոյի դեպքում կանոնները վերաբերում են քարտերին, կայարաններից, վագոններից օգտվելուն, ուղևորների պատշաճ պահվածքին և, իհարկե, անվտանգության կանոններին: Մետրոյում արգելված են կայարանները, գնացքի վագոնները, նստարանները վնասելը, ուտելը, մաստակ ծամելը, ծխելը, թքելը, որևէ ապրանք գովազդելը կամ վաճառելը, հատուկ կարիքավորների համար նախատեսված տեղերն զբաղեցնելը, ընտանի կենդանիներ տեղափոխելը (խոսքը չի վերաբերում կույրերին ուղեկցող շներին) կամ արգելված հատվածներով քայլելը: Թվում է՝ յուրաքանչյուր բարեկիրթ մարդ, առանց զգուշացնելու էլ, սրանք պետք է գիտակցի, սակայն այդ կանոններին շատերը սկսում են հետևել միայն սեփական գրպանին հասցված հարվածից հետո: Իրականում, եթե օրենքները խիստ չլինեին, հնարավոր չէր լինի կառավարել բազմազգ, բազմակրոն ու բազմամշակույթ երկիրը:


Դուբայի մետրոյի ուղևորները, կարգուկանոնին հետևելուց բացի, կարող են լիարժեք հաճույք ստանալ ուղևորությունից, վայելել իրենց առջև բացվող համայնապատկերները: Գեղեցիկ է հատկապես լուսառատ Դուբայը, բայց նույնիսկ այս դեպքում պետք է ուշադիր լինել հաջորդ կայարանը բաց չթողնելու համար: Մետրոպոլիտենի կարմիր և կանաչ գծերը միասին ունեն 49 կայարան, որոնց մասին հուշում են բանավոր՝ անգլերեն և արաբերեն, ինչպես նաև ցուցատախտակի վրա վազող տողով:


Դուբայի մետրոպոլիտենն անընդհատ զարգացող համակարգ է, որտեղ նոր նախագծեր են ներդրվում, փորձարկվում, նոր կայարաններ և ուղղություններ կառուցվում: Բնականաբար, սրան վերջ չկա, սակայն չմոռանանք, որ ամբողջությամբ ավտոմատ ռեժիմով կառավարվող մետրոն (առանց գնացքավարի) իր գործունեությունը Դուբայում սկսել է 2009 թ. սեպտեմբերի 9-ից: Համեմատելով Երևանի մետրոպոլիտենի 35-ամյա պատմության հետ, իհարկե, յոթ տարին քիչ ժամանակ է կայանալու համար, բայց ԱՄԷ-ն գերարագ զարգացող երկիր է, և նորարարական գաղափարներն իրենց հաստատուն ճանապարհն այստեղ անցնում են լայն քայլերով:


Դուբայում բոլոր ոլորտներում անընդհատ նորություններ կան, կյանքը եռում է, ճանապարհները սարդոստայն են հիշեցնում: Նորեկի համար այս ամենին մի փոքր դժվար է հարմարվելը, սակայն այստեղ ապրելու, աշխատելու համար ստիպված է արագ կողմնորոշվել և ինտեգրվել միջավայրին:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ