«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լինել ղեկավար երկրի ու դարի (օլիգարխնե՛ր և մեծարգո պետայրե՛ր, ոտքի՛)

Լինել ղեկավար երկրի ու դարի (օլիգարխնե՛ր և մեծարգո պետայրե՛ր, ոտքի՛)
30.09.2016 | 09:21

Վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական ուղերձը դարձավ այս հողմահարման առանցքը. «Մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրել, որ պրիմիտիվ գողությունը վերացնենք»։ Կեցցե՛ք։

«ՔՎՈՏԱՆԵՐԻ ՄԵՐԿԱՊԱՐԸ»
(հողմն այգաբացից առաջ)


Չարենց Եղիշեն, բանաստեղծը խենթ-մարգարե, մի ալվան ժամի քարագրեց ռեքվիեմ մի ուղերձ՝ նվիրված բոլշևիկյան կայսրության նշանավոր նավավար և հայկական պետականության ռահվիրա-արգոնավորդ (նաև անշուշտ՝ Արամի և Նժդեհի ազգապետական կաթնեղբայր) Մյասնիկյան Ալեքսանդրին. «Դու կոչված էիր լինելու ղեկավար երկրի ու դարի...»։ 25-ամյա ՀՀ-ն «երկրի ու դարի» 3 ղեկապետ է տեսել և 14 վարչապետ։ Նաև անհամար պատգամավորներ՝ ոմանք խոհուն-նվիրյալ, ոմանք էլ՝ խեղկատակ-խափանարար։
Իսկ գործող նախագահի գերագույն կարգախոսը հնչեց այս տարեսկզբին՝ «լինել 10 մլն հայության նախագահը»։ Նախագահն անկուսակցական վարչապետին նաև պատգամել է՝ նոր ոգի հաղորդել ՀՀԿ-ին։ Շրջանը (որը, թերևս, անվանակոչենք լիսկայաշմայսյան տեղեկատվության դարաշրջան) կարծես թե փակվում է։ Եվ կարծես թե 2017-ի խորհրդարանը վերջնականապես կլիցքաթափվի քրեա-ուշունցաբանական «օրհներգերից», և Օվալաձև դահլիճից կհեռացվեն քաղաքականացված իշոտնուկները։
Օրակարգի շրջադարձը, ինչ խոսք, հրահրում է Մոսկովը, նրանով, սակայն, հրապուրվում ենք մենք։ Սակայն, մինչ այդ 2016 թ. աշունն է մեր մեծագույն պահանջատերը, այն է՝ այսօ՛ր ցանել պարարտ հողում շինիչ հունդեր և ապավինել կենսաբեր անձրևներին։ (Ականջ դրեք, զգացի՞ք մաճառի եռքը)։

Օրակարգում քվոտաների վերաբաշխման, քաղաքատնտեսական մեծագույն խաղադրույքն է։ (Այս մեծ խաղի խաղավարն ու կարգավարը գործող նախագահն է և 14-րդ վարչապետը)։
3-րդ հանրապետության 1-ին (ՀՀՇ) և 2-րդ կուսակցամերժ նախագահները «երկրի ու դարի ղեկավար» դառնալու անզուգական հնարավորություն ունեն՝ առաքինի առաքելությամբ և հնարագետ փորձառությամբ մասնակցելու արդի իշխանության վերջնագիր-խաղին՝ քվոտաների ամորձատմանը։ Օրինակ, նրանք կարող են (սա կատակով մի ընդունեք) սեփական ունեցվածքն աճուրդի դնել, այնուհետև լքել նախագահական առանձնատները և վերադառնալ ելման կետ՝ Տեր-Պետրոսյանը՝ Մատենադարան, իսկ Քոչարյանը՝ Ստեփանակերտի մետաքսի գործարան։ (Կա՞ այդ գործարանը, արդյո՞ք գործում է)։ Հակառակ պարագայում թե՛ Լևոնը՝ Տեր-Պետրոսյան, թե՛ Ռոբերտը՝ Քոչարյան կամ պետք է թաքնախորհուրդ դավեր նյութեն երկրի դեմ, կամ էլ լացակումած սրտով սպասեն հայության դատավճռին։


Այսպիսով քվոտաների վերաբաշխումը մի հանգրվան ունի՝ հայոց պետականությունը՝ Հայաստանում և Արցախում։

ՄՈՒԾԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ, ԿԱՄ ԷԼ ՏԱՔ ՀԱԳՈՒՍՏ ՊԱՏՐԱՍՏԵՔ
(հողմը մայրամուտից հետո)


Օլիգարխիան զգո՞ւմ է, որ ազգայնացման հողմերը փչում են Մռավից դեպի Արալեռ, կուտակվում են այն ահռելի թմբի վրա, ուր Նոյյան տապանն է հանգրվանել, շունչ են քաշում և սպասում են վերջին հրահանգի։ Եթե չի զգում, այսինքն՝ անզգայացել է, թող գիրկապ անի սույն քառատողը Չարենցի.


Քշել է միշտ էլ Նայիրյան
Երգերի սաղմը քամին,-
Տեսել է նա անթիվ թշնամի,
Բայց ծաղկել է կրկին՝
բորբ ու բուրյան...

Հրահանգը հնչել է՝ փոթորկվել Մասիս լեռան շուրջը և սուրալ դեպի Կառավարական տուն։ Այստեղ դարի որոշումը պետք է ընդունվի, այն է՝ օլիգարխիային նմուշ առ նմուշ (աղանդավորական զինյալ խմբի ուղեկցությամբ) քշել դեպի «Նաիրիտ» հսկան, նաև դեպի Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» մոլորված կայարան, այնուհետև դեպի սահմանամերձ գյուղերը մեր։ Օլիգարխիան որևէ մեկին երբևէ չի ուղեկցի դեպի 10 մլն հայության նախագահություն... Խոչընդոտե՞լ... խնդրեմ, ամեն բանով, անգամ կյանքի գնով։ Փետրվարյան հայտնի ելույթում երկրի նախագահը հայտարարեց վերազգային կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին։ Հեղափոխական (նաև խիստ սպառողական) մեր օրերում վերազգային կառույցի ստեղծման հայտարարությունը պետք է միս ու արյուն առնի, բախի յուրաքանչյուր հայի, նաև օլիգարխների դուռն ու երդիկը և մեզ համատեղ մղի պետականափրկիչ սխրանքների։ Առայժմ հայոց վերազգային կառույցը օլիգարխիատն է։

Ազգայնացման անհրաժեշտության մասին ձեր հեզ ծառան աղաղակում է, հավատացեք, 1995-ից։ Աղաղակը մնաց ծառից կախ, վերածվեց հեծկլտոցի և մաշվեց հայրենանվեր կոկորդումս։ Գիտե՞ք ինչու։ Շատերն էին համոզված, որ օլիգարխիան կկշտանա, կհեռանա քաղաքականությունից, զօրուգիշեր կտառապի ժողովրդի ցավով և, ի վերջո, իր ահռելի կարողությունը մատաղի պես կբաշխի երկրի բնակչությանը։ Ինչպիսի՜ դյուրավառ պարզամտություն։


Առհասարակ օլիգարխին չպետք է արհամարհել։ Ո՛չ սիրել է պետք, ո՛չ էլ կախաղան հանել, նա տեսակ է, հոգեվիճակ է և մարտահրավեր է՝ երկրին ու երկնքին։ Կրկնում եմ՝ օլիգարխիան առհասարակ ո՛չ անտիկ աշխարհում, ոչ արդի Կոլումբիայում և ոչ էլ ՀՀ ԱԺ-ում չունի հայրենիք, ազգություն և պետականության զգացողություն։ Չի կարող ունենալ։ Նրա հայրենիքը, ազգությունը և պետականության լուսափթիթ զգացողությունը սահմանափակվում են իր կապիտալի տիրույթներով։ Այս տիրակալության սահմանները պաշտպանված են (չզարմանանք և չհուզվենք) օլիգարխիայի լծի տակ աղեկտուր տնքացող հանրապետության օրենքներով։ Ի դեպ, հիշեցնեմ, դեռ «Լճից լիճ Հայաստանում» արձանագրվածը. հին աշխարհում փոխվում էր աշխարհաքաղաքական առանցքը. Կարթագենը ձեռնոց էր նետել աշխարհակալ Հռոմին և կամենում էր վերացնել չարի կայսրությունը։ Կարթագենի առաջնորդ Հաննիբալը աշխարհաքաղաքական երկրաշարժ էր առաջացնում հանուն քաղաքակրթության գետի բնականոն ընթացքի։ Հաննիբալը ցնցեց աշխարհը, նա Հռոմի դարպասների մոտ էր, նա պաշարել էր «աշխարհի մայրաքաղաքը», ցրելով նրա անպարտելիության մասին առասպելները։ Հաննիբալը, ի տարբերություն Մակեդոնացու, չէր տառապում աշխարհակալության մոլուցքով։

Հռոմը համաշխարհային չարիք է, Հռոմը պետք է կործանվի։ Հռոմը պաշարված էր։ (Հռոմը իր մեջ միավորում էր ներկա Լոնդոնը, Վատիկանն ու Վաշինգտոնը)։ Հռոմը պետք է կործանվեր։ Լուսաբացին Հաննիբալը հեռացավ։ Նրա հանճարեղ ընթացքը կասեցրեց Կարթագենի օլիգարխիատը՝ հանգուցային պահին նենգադուլ հայտարարելով Հաննիբալին, անհրաժեշտ զինամթերքն ու սնունդը (որին արծվի աչքերը ջուր կտրած սպասում էր Հաննիբալը) տեղ չհասան։ Որովհետև Կարթագենի օլիգարխիատը Հռոմ օլիգարխիկ պետության դրածոն էր և արյունակիցը, և նրա շահերին հակասում էր (այն էլ ինչպե՜ս) Հռոմի անկումը։ Առակս այս զի՞նչ ցուցանե...


Խոփը քարին է դեմ առել, օլիգարխիատի վերացումով է պայմանավորված 3-րդ հանրապետության վերադարձը զարգացման քաղաքակիրթ հուն։ Սակայն մինչ գործող նախագահն ու ներկա վարչապետը 2017-ի խորհրդարանական ընտրարշավին ընդառաջ կփորձեն գերբարդ մեխանիզմներով վերացնել օլիգարխիկ հրեշին, նշենք գլխավոր խոչընդոտը՝ տեսական միտքը։ Օրեր առաջ կարդացի բավականին խոր վերլուծություն, ուր օլիգարխիայի կործանումը համարվում էր երկրի ու նրա ապագայի փրկօղակը, բայց միաժամանակ ահասարսուռ տագնապ էր հնչեցվում յուրաքանչյուր տողի գլխին և մտքի պոչի տակ։ Ամա՜ն, ինչ էլ անենք, ոնց էլ վարվենք, անգամ եթե ազգայնացնենք (այսինքն՝ պետականացնենք) մենաշնորհային ողջ համակարգը, միևնույն է, օլիգարխիան դավեր կնյութի և իր հսկայական ֆինանսական զանգվածը շուկա մղելով... (օ՛, երկինք և վա՛խ, երկիր) անհավասար մրցակցային դաշտ կձևավորվի։ Մի՛ հուզվեք, մի՛ վհատվեք, թանկագին տեսաբաններ, զի պարզ է մի բան, օլիգարխիան կանգնելու է գերխնդրի առջև՝ սեփական երկրում մարդավայել ապրելու համար նա պետք է օֆշորներից վերադարձնի ազգային-պետական գումարները։
Մի խոսքով, կան բազում արմատական եղանակներ՝ օլիգարխին դարձի բերելու։ Օրինակ, օլիգարխները, պետայր գողերը և նրանց փոխկապակցված անձինք պետք է ամեն օր առավոտ կանուխ պաղատեն Բարձրյալին, որ Նա ահազդու թողություն տա իրենց մեղքերին։ Թե չէ դուրս է գալիս, որ Ծառուկյանը, Ալեքսանյանը, Մանվել-ֆելդֆեբելն ու Բաղմանյան Հայկազը և բոլոր այն պետպաշտոնյաները, ովքեր մինչ օրս չեն մուծել գույքի և գազի, հոսանքի և այլնի վարձերը (ինչն ահռելի թիվ է կազմում), մեր անկախ պետականության ոսկրածուծքն են։ Հազիվ թե...

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Պրիմիտիվ գողության վերացումն առանց գերգողոնի վերադարձի դիմահարդարային գործընթաց է, ուրիշ ոչինչ։
Այստեղ եկեք ապավինենք ժողովրդական բանահյուսությանը՝ ձուկը նեխում է գլխից, ձուկը մաքրում են պոչից (պոչամաքրումը սկսված է պրիմիտիվ գողերի հետապնդումով, առա՛ջ, Հայաստան)։


10 մլն հայության նախագահն ու վարչապետը պետք է պատերազմ հայտարարեն (կենաց-մահու) օլիգարխիատ-գողապետությանը։ Սա՛ է 25-ամյա հայոց պետական տան վերազգային գերխնդիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ