Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

1905. Բաքու

1905. Բաքու
30.09.2016 | 09:30

Ամեն ժողովուրդ ունի իր հերոսները: Ժողովուրդն այս կամ այն անձին հերոսացնում է կենաց օրոք կամ հետմահու` արձան կանգնեցնելով, դրանով նույնականանալով իր հերոսի հետ:
Մերօրյա Ադրբեջանը պաշտոնապես հերոս է հռչակել կացնահարող սրիկային, որը խլեց սպա Գուրգեն Մարգարյանի կյանքը: Այսինքն, Ադրբեջան պետությունը, ադրբեջանական ժողովուրդը իրեն նույնականացրել է հայասպանի հետ, և սա իրողություն է:


Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերս հազարամյակներ շարունակ հերոսներ ենք ծնել, բայց նրանց մի մասին ճանաչել որպես այդպիսին, մյուսներին` մոռացել… Այս պատմական հետաքննությամբ ես նպատակ եմ ունեցել պատմելու այդպիսի մի մոռացվածի` շուշեցի ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱԴԱՄՅԱՆԻ մասին, ով 1905 թ. փետրվարին կյանքի գնով սխրանք գործեց:
Ես դրդապատճառներ ունեի: Նախ, 2006-ին հրատարակված իմ «Հայերը և Բաքուն» գրքում (նույնը ռուսերեն` 2007-ին) թեպետ անդրադարձել էի 1905 թ. անցքերին, սակայն` հպանցիկ, որովհետև այլ նպատակներ էի հետապնդում: Բայց այն ժամանակ արդեն պարզ էր, որ հայ-ադրբեջանական առաջին զանգվածային զինված բախումները տեղի են ունեցել 1905-ին: Սրանով վերադարձ եմ կատարում, ճիշտ է` ընդամենը մեկ դրվագով:
Երկրորդ: Այս տարվա ապրիլի ադրբեջանական ագրեսիայի օրերին հայ հասարակության մեջ հրապարակ նետվեց քարոզչական պատերազմի դրույթներից մեկը` թող կռվեն հարուստների զավակները: Ես մերօրյա հարուստներին ու նրանց որդիներին պաշտպանելու որևէ ցանկություն չունեմ, թող դա անեն իրենք` իրենց վարքագծով, բայց կասեմ հետևյալը: Հայրենիքի պաշտպանության հիմքում աղքատ-հարուստ բնական դասային պայքար դնելը հավասարազոր է ականի: Կենսունակ այդ դրույթը նոր չէ, ունի շուրջ մեկդարյա պատմություն, բայց չեմ կարող չարձանագրել, որ հնում հարուստներից ու նրանց որդիներից շատ շատերը ազգապաշտ, հայրենանվեր մարդիկ էին, ովքեր աղքատների կողքին զենքը ձեռքին կռվում-զոհվում էին: Դա ցույց տվեցի դեռևս 2012 թ. հունիսի 19-ի «Իրատես de facto»-ի համարում տպագրված «Հերոսները, որոնք իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում» հոդվածում (ի դեպ, այդ հոդվածի էլեկտրոնային տարբերակն ունի ավելի քան 16000 ընթերցող): Այդ մարդկանցից է նաև այս հրապարակման հերոս Ալեքսանդր Ադամյանը:
ՈՒ ևս մեկ պարզաբանում: Այս աշխատանքս հիմնված է պատմական փաստերի վրա, բայց ունի գեղարվեստական տարրեր, որովհետև նպատակս էր ոչ թե պատմագիտական, այլ ընթերցողական նյութ ստեղծել: Ձգտել եմ պահպանել հարյուր տարի առաջվա շունչն ու ոգին: Ի մասնավորի, ներկայիս ադրբեջանցիներին կոչել եմ թուրքեր, քանզի թեպետ ժամանակի ռուսական պատմագրությունը նրանց անվանում էր «թաթարներ», «մուսուլմաններ», «տեղաբնիկներ», սակայն հայ մամուլն ու պատմագրությունը գործածում էին «թուրք» եզրը, իսկ Թուրքիայի թուրքերի առնչությամբ` տաճիկներ: Բացի այդ, Բաքվի փողոցների անվանումների պարագայում փակագծերի մեջ նշել եմ ներկայիս անվանումները` վերջում բացատրելով իմաստը:
Հասկանում եմ, որ ընթերցողի համար այս հրապարակման մատուցման ձևը կարող է քիչ խրթին թվալ, բայց դա կամայականորեն չեմ արել` բովանդակությունն է ձևը թելադրել:
Ափսոսում եմ միայն մեկ բանի համար` 1905 թ. ընդհարմանն առնչվող բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր ամուր կողպված են Բաքվի արխիվներում և երբեք հասու չեն լինի:

ԿԱՅԾԸ


Աշուր-բեկը պարտական էր իր ազգական Բալա-աղա Մաշադի-Մահմեդ Ռզա-օղլուն` ամառները նրա ոչխարի հոտերն էր արածեցնում յայլաղներում, աշնանից Բալա-աղայի նվիրած կրպակում Փիլիպոսյանցի կոնֆետներն ու Խուբլարյանի մրգահյութերն էր վաճառում: Կրպակը գտնվում էր Գիմնազիչեսկայա (Տոլստոյի) փողոցում, Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան Հայոց մարդասիրական ընկերության (թ.1 միջնակարգ դպրոց) մոտ:


Երբ Աշուր-բեկն առաջին անգամ տեսավ շեկ ու թմբլիկ այդ 10-ամյա հայ երեխային, եռմունք սկսվեց: Տղան շաբաթը մեկ գիրք էր հանձնում Մարդասիրականի գրադարանին ու նորը վերցնում և ամեն անգամ Աշուր-բեկի կրպակից 3 կոպեկով երկու կոնֆետ ու մի բաժակ ծիրանի հյութ էր գնում ու ոտքի վրա դրանք ագահ հաճույքով կլանում: Աշուր-բեկը փափախն ուղղում էր, մազակալած դեմքի բեղերի ծայրը սղալում ու թքոտ բերանով ծուռ ժպտալով` տղային կոտրած ռուսերենով ներս հրավիրում: Տղան ներս չէր գալիս, բայց հետաքրքրասիրությունը դժվարությամբ էր թաքցնում, և Աշուր-բեկն ուրախությամբ դա նկատեց: Արդեն դեկտեմբերն էր, երբ տղային ասաց, որ պահեստում ուրիշ տեսակ-տեսակ շոկոլադե սալիկներ ու քաղցր հյութեր ունի և ուզում է հյուրասիրել: Տղան չդիմացավ գայթակղությանը:


Ամեն ինչ կատարվեց կողքի շենքի նկուղում: Մինչ երեխան ցավից ոռնում ու հեկեկում էր, Աշուր-բեկը համեմատություն արեց. ամառվա ոչխարները, որոնցից սեռական բավարարվածություն էր ստանում, ծպտուն չէին հանում, այնինչ երեխան բղավում էր, բայց դա Աշուր-բեկին ավելի էր գրգռում:


Մարդասիրականի գիրքը մնաց նկուղում: Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետն» էր` ռուսերեն:
Երբ կիսախելագար երեխան տուն եկավ ու պատմեց եղելությունը, լաց ու շիվան բռնեց: Մանթաշյանցի նավթարդյունաբերական ֆիրմայի բանվոր հուսահատ հայրը դիմեց Սարգսին: Ոչ ոք չգիտեր, թե սա ինչով էր հաց վաստակում, բայց ասում էին, որ Բաքվի քրեական աշխարհի հեղինակություններից էր:
Ամանորն ու Սբ ծնունդն անցան, և 1905 թ. հունվարի12-ին Սարգիսն այցելեց Աշուր-բեկի կրպակ: Ցածր, հազիվ լսելի ձայնով սպառնաց, որ մեկ անգամ էլ կրկնվելու դեպքում Աշուր-բեկի ամորձիքը կկտրի: Վախվորած թուրքը կրպակն արագ փակեց, վազեց Բալա-աղայի տուն ու պատմեց եղածը:


Մեկ շաբաթ անց Սարգիսն սպանվեց: Աշուր-բեկին ձերբակալեցին, և ռուս դատական քննիչը բանտարկության որոշում կայացրեց: Քննիչի մոտից բանտ տանելու ժամանակ ոճրագործը պահանջեց, որ իրեն հայ պահակներ չուղեկցեն: Քննիչն այդ պահանջն անտեսեց և ուղեկցողներ նշանակեց այդ օրը հերթապահություն անող թիվ 262 պահեստի հետևակային գնդի զինվորներ Նիկողայոս Հարությունյանին և Կարապետ Բաբախանյանին: Ոտքով էին գնում: Ճանապարհին Հարությունյանն Աշուր-բեկին ասաց, որ տանելու են պարսիկ համշարիների խուց, իսկ Բաբախանյանն սկսեց նկարագրել, թե ինչպիսի «երջանիկ» կյանք էր նրան սպասում: Աշուր-բեկը չդիմացավ ու հարմար պահ որսալով` սկսեց փախչել: Զինվորները հասան հետևից ու սվիններով սպանեցին:


Փետրվարի հետկեսօրին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը լեփ-լեցուն էր: Կիրակնօրյա պատարագից հետո խումբ-խումբ հավաքված հայերը դեսից-դենից զրուցում էին: Հանկարծ չգիտես որտեղից հայտնվեց 35-ամյա պարթևահասակ, հաղթանդամ Բալա-աղան և հայհոյելով հայոց ազգն ու կրոնը` սկսեց ատրճանակից անկանոն կրակել: Հայ երիտասարդները վրա տվին, տապալեցին գետնին, ապա կանչեցին մոտակա ռուս ոստիկանին ու երկուսին նստեցրին կառքը: Հազիվ էր կառքը թեքվել Կրիվայա փողոց (Շատրվանների հրապարակ), երբ լսվեցին նոր կրակոցներ: Երիտասարդները վազեցին ու տեսան, որ թուրքը փախչում է: Կրակեցին հետևից, և նա անշնչացած ընկավ:
Բալա-աղայի դիակը նրա եղբայր Ֆեթուլան ու ազգականները դրեցին սայլի վրա և մոլլայի ուղեկցությամբ պտտեցրին Օլգինսկայա (Մամեդ Էմին Ռասուլզադե), Նիկոլաևսկայա (Իսթիգլալիյաթ-Ինքնիշխանություն), Բազարնայա (Հ. Հաջիևի) փողոցներով` գոռուն-գոչյուններով կոչ անելով վրեժ լուծել գյավուրներից:

«Փետրվարի 6-ի երեկոյան Բաքվում տեղի ունեցավ մի արտառոց դեպք: Գրեթե բոլոր կողմերից` փողոցներից, հատկապես կենտրոնից հեռու մասերից անդադար լսվում էին հրացանի և ատրճանակի որոտներ: Գիշերվա ընթացքում վիրավորվածների ու սպանվածների թիվը հաշվվում է մի քանի տասնյակ: Ամբողջ քաղաքը զարհուրանքի մեջ է: Փողոցներն արագորեն դատարկվում են: Ով կարողանում` փախչում, թաքնվում է: Այդ տխուր պատահարի պատճառ է համարվում հետևյալը: Քաղաքի կենտրոնում հայի ձեռքով սպանվում է մի բավական հարուստ թուրք: Սպանվածի հավատակիցները ոտքի են ելնում վրեժ լուծելու և սպանում մի քանի անմեղ անցորդ հայերի: Այսպիսով սկսվեց արյունալի կոտորածը: Ձեռնարկվեցին եռանդուն միջոցներ: Բոլոր ազատ զորախմբերը արագորեն դիրքավորվեցին փողոցներում, բայց դժբախտաբար չկարողացան բազմաթիվ և անիմաստ սպանությունների դեմն առնել»:
«Новое обозрение» (Թիֆլիս), 7 փետրվարի, 1905 թ.

«Անկարելի է նկարագրել այդ օրերի առանձին-առանձին դէպքերը, առանձին խժդժութիւնների մանրամասնութիւնները: Դրանք այնքան շատ են, այնքան քստմնելի, որ ջղեր ու հոգու արիութիւն են հարկավոր նոյնիսկ համառօտ կերպով պատմելու համար:
Երկրորդ օրը թուրքերը կառքեր նստած դէս ու դէն էին շտապում և մտնելով հայերի խանութները, սպանում էին տէրերին: «Իսլամ» անունով հիւրանոցը խուժելով, թուրքերը պահանջում են ցոյց տալ թէ ուր են ապրում հայերը: Կոտրում են երկու սենեակի դռները, ներս են ընկնում. մօտ ութ հոգի հայեր սկսում են դիմադրել, բայց թուրքերը յաղթում են բոլորին և գազանաբար կտրատում են դիակները: Այսպիսի դէպքեր շատ են եղել ոչ միայն հիւրանոց անուանված տեղերում, այլեւ գինետներում, նկուղներում»:
«Մշակ», 11 փետրվարի, 1905 թ.

«Փետրվարի 6-ի կիրակի օրը Բաքվի մուսուլմանների և հայերի խմբերի միջև տեղի ունեցավ ընդհարում, որը, դժբախտաբար, ունեցավ տխուր հանգուցալուծում: Երեկոյան հարաբերությունները ծայրաստիճան սրվեցին, իսկ երկուշաբթի առավոտից սկսվեցին մի շարք զինված ընդհարումներ, որոնք խախտեցին Բաքվի հասարակական կյանքի նորմալ ընթացքը: Նախ, փակվեցին բոլոր առևտրային և արհեստագործական հաստատությունները, կրպակները, խանութները, պարենային շուկաները: Անվտանգությունից ելնելով, կեսօրին մոտ փակվեցին գրասենյակները, բանկերի մասնաճյուղերը, բորսան և շոգենավային գործակալությունները: Դադարեցվեց ձիաքարշի շարժը: Բաքվում տեղակայված զորամասերից ուղարկվեցին հետիոտն ու հեծյալ պարեկներ, որոնք ձեռնպահ էին մնում ծայրահեղ միջոցներից, աշխատում թույլ չտալ ամբոխի կուտակումներ և պաշտպանել մասնավոր սեփականությունը: Քաղաքի փռվածության պատճառով ոստիկանական ու զինվորական ուժերը չկարողացան զսպել փողոցային ամբոխի հոռի կրքերը: Երկուշաբթի ու երեքշաբթի հաշվվեցին զգալի թվով մարդկային զոհեր, կատարվեց երեք հրկիզում, թալանվեցին մի քանի կրպակներ: Դժբախտ ընդհարման զոհերի թվում էին հայտնի տնատեր Լալաևն ու նրա կինը»:
«Каспий» (Բաքու), 12 փետրվարի, 1905 թ.

«Քաղաքում անկարգություններն սկսվեցին փետրվարի 6-ին, հայկական եկեղեցու մոտ հայերի կողմից, ամբոխի մեջ Սաբունչիի բնակիչ, մուսուլման Բաբաևի սպանությունից հետո: Նույն օրը մինչ երեկո քաղաքի տարբեր մասերում վիրավորվել ու սպանվել է երկսեռ տարբեր ազգությունների 40 մարդ, հիմնականում` հայեր:
Հաջորդ օրն առավոտից քաղաքի փողոցներ լցվեց մուսուլմանների հազարների հասնող ամբոխը. Բազարնայա (այժմ` Հ. Հաջիևի-Խ. Դ.) և Շամախի (այժմ` Ջ. Ջաբարլու-Խ. Դ.) փողոցներից տարբեր ճանապարհներով նրանք շարժվեցին դեպի հայկական թաղամասեր` սպանելով հանդիպող հայերին, կոտրելով տների դռները և թալանելով: Իրավիճակից պարզ դարձավ, որ տեղի բնակչությունն անհնազանդ է իշխանություններին, որ ոչ մի հորդոր ի վիճակի չէ վերականգնելու կարգուկանոնը:


Բաքվի ոստիկանապետ, կապիտան Դեմյանովսկի
14 փետրվարի, 1905 թ.»:
«Каспий» (Բաքու), 15 փետրվարի, 1905 թ.


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ