«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քրդերը վերսկսել են պատերազմը Թուրքիայի դեմ, իսկ թուրքերը մեղադրում են ԱՄՆ-ին

Քրդերը վերսկսել են պատերազմը Թուրքիայի դեմ, իսկ թուրքերը մեղադրում են ԱՄՆ-ին
04.10.2016 | 00:12

Եվ այսպես, ամերիկացիները օգոստոսի 25-ին Իրաքից շտապ Կոսովո-Մետոխիա տեղափոխեցին հակակառավարական ակցիա իրականացրած իրանցի ահաբեկիչներին: Հարկ է խոստովանել, որ աշխարհը ականատես եղավ ԱՄՆ-ի բացահայտ զիջմանը՝ կոնկրետ Իրանին: Բանն այն է, որ Իրաքում ОМИН-ի զինյալները, Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո, երկար տարիներ գոյություն ունեին ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հովանավորությամբ ու ֆինանսավորմամբ, իսկ սաուդցիները սոսկ օժանդակ ուժ էին: Ստացվում է, որ օգոստոսի 24-25-ին ամերիկացիները քրդերին «հանձնեցին», ինչպես իրենց էր թվում, Թուրքիային, իսկ Իրաքի ОМИН-ի իրենց գործակալներին թեև «հանձնեցին» Իրանին, բայց որոշեցին պահպանել և նրանց տեղափոխեցին Բալկաններ (պետք է ենթադրել, որ «մոջահեդները» մոտ ժամանակներս կհայտնվեն ամերիկյան «Բոնդստիլ» ռազմաբազայում):

Ընդ որում, օգոստոսի 27-ին Ռուսաստանն ու Իրանը մտահոգություն հայտնեցին Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ: «Սիրիայի տարածքում գտնվելու վերաբերյալ Դամասկոսից պաշտոնական հրավեր ստացել են միայն ռուս և իրանցի զինվորականները, մնացած բոլոր ուժերը երկրի տարածքում գտնվում են առանց պաշտոնական կառավարության հետ համաձայնեցնելու, այսինքն՝ ապօրինաբար»,- Ժնևում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո այսպես հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նույնպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Հասեմին:
Սակայն հենց օգոստոսի 27-ին տեղի է ունենում մի բան, ինչը փոխում է ԱՄՆ-ի դիրքորոշումը, գոնե՝ հրապարակայնորեն: Անհանգստանում են նաև թուրքերը: Նախ, «Ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քրդերը հանկարծ հակահարձակման են անցնում Սիրիայի տարածքում գտնվող թուրքերի դեմ, և ծանր մարտեր են տեղի ունենում, քրդերը թուրքական մեկ տանկ են խփում և առաջին զոհերն են տալիս Սիրիայում, քրդերը գրավում են Սիրիայի հյուսիսում՝ Ջերաբլուս քաղաքի մոտ գտնվող յոթ գյուղ: Այնուհետև քուրդ զինյալները շարունակում են շարժվել դեպի Ջերաբլուսից հարավ և հասնում Եփրատի ափին գտնվող Ամարինա գյուղ, գրավելով այդ շրջանի երեք այլ գյուղ ևս: Երկրորդ, դատելով ըստ ամենայնի, դրանք ոչ միայն սիրիացի, այլև Թուրքիայի քրդեր էին (PKK կուսակցությունից), որովհետև նույն օրը քրդերը Թուրքիայի հետ պատերազմը վերսկսեցին նրա տարածքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ջիզրե քաղաքավանում:

Ինչպես հաղորդել է «REUTERS» գործակալությունը, մի ականապատ բեռնատար է պայթեցվել ոստիկանության հատուկ ջոկատների տարածաշրջանային հրամանատարության շենքից 50 մետրի վրա գտնվող հսկիչ անցակետի մոտ: Թուրքիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, զոհվածների թիվն այդպես էլ չի ճշտվել, վիրավորների թիվը 70-ից ավելի է (օգոստոսի 28-ին տեղեկացվեց 11 զոհի մասին): Օգոստոսի 29-ին Դիարբեքիր քաղաքում հրթիռակոծվեց օդանավակայանը: «Dogan» գործակալությունը հաղորդեց, թե չորս ինքնակառավարվող հրթիռ ընկել է ամայի տարածքում՝ ոստիկանական կետից ոչ հեռու, և մեկ ակնթարթ հետո պայթել: Պայթյունները լսվել են ամբողջ քաղաքում, մի քանի տների պատուհանների ապակիներ փշրվել են: Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը տեղական NTV հեռուստաալիքով հայտարարել է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել ամայուտում, զոհեր, ինչպես և թռիչքների խափանումներ չեն եղել: Սակայն լրատվամիջոցները հաղորդել են, որ օդանավակայան տանող ճանապարհները շրջափակված են եղել, իսկ չվերթերը հետաձգվել են:

Բացի այդ, հրետակոծությունից հետո ոստիկանությունը օդանավակայանի աշխատակիցներին և ուղևորներին տեղափոխել է շենքի ապահով սրահներ:
Այստեղ դադար տանք և արձանագրենք. համենայն դեպս, Թուրքիան ծուղակն է ընկել: Սիրիայի հյուսիսը ԻՊ-ի իսլամիստ զինյալներից «մաքրելու» պատրվակով Սիրիայում հակամարտության մեջ մտնելով քրդերի հետ, Անկարան, ըստ էության, և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի քրդերին դրդեց միավորելու ջանքերը (առնվազն նրանց, ովքեր հնարավորություն ունեն զենքը ձեռքներին պարբերաբար անցնել-դառնալու թուրք-սիրիական սահմանով): Զուր չէ, որ թուրքական, նույնիսկ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին. «ԻՊ-ի դեմ թուրքական գործողությունը քրդերի հետ պատերազմի դրդապատճառ դարձավ»: «Թուրքիայի օգոստոսի 24-ին սկսված հարձակումը «բզբզեց կրետի բույնը», խորացնելով հակասությունները ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող երկու խմբավորումների՝ մի կողմից՝ քրդերի, մյուս կողմից՝ սիրիացի ապստամբների ու թուրքամետների միջև: Դա հող է նախապատրաստում նոր ընդհարումների համար, որոնք կարող են խանգարել ԻՊ-ը վերացնելու Վաշինգտոնի ջանքերին»,- գրել է ամերիկյան ազդեցիկ «Washington Post» թերթը: Ամերիկյան մեկ այլ ազդեցիկ պարբերական՝ «Wall Street Journal» թերթը, գրել է, որ թուրք-սիրիական սահմանին հակամարտությունը թեժանում է. «Ներկայումս Սիրիայում առնվազն 380 զինվոր ու 40 տանկ կա, որոնց աջակցում են մոտ 1000 սիրիացի ապստամբներ: Ցամաքային զորքերին աջակցում է ավիացիան, հանգստյան օրերին թուրքական երկու կործանիչներ հարվածներ հասցրին քրդերի և ԻՊ-ի դիրքերին: Թեև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, թե գործողությունն ուղղված է թուրք քաղաքացիների ու երկրի սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ԻՊ-ի դեմ, այլ պաշտոնյաներ, օրինակ, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիքը, բացահայտորեն խոստովանում էին, որ Անկարայի նպատակն է զսպել քրդերի տարածքային նկրտումները հարևան երկրում»: Ահավասիկ, Ռուսաստանի, Իրանի, Անգլիայի, ԱՄՆ-ի (և այլ) փորձագետների կարծիքների մի ապշեցուցիչ զուգադիպություն. «Թուրքական «Եփրատի վահան» գործողությունն ուղղված է ո՛չ միայն և ո՛չ այնքան ընդդեմ ԻՊ-ի, որքան քրդերի: Ավելին, օգոստոսի 29-ին թուրքերն իրենք նման դատողություններով «յուղ լցրին կրակի վրա»: Վկայակոչելով թուրքական «Anadolu» գործակալությունը, «Assosiated Press» թերթն էլ գրում է, թե Թուրքիայի ՌՕՈՒ-ն օգոստոսի 29-ին Իրաքի Քրդստանի Գարայի շրջանում գրոհել է «անջատական ահաբեկչական կազմակերպության» վրա: Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, սիրիացի քրդերի զինված կազմավորումներից հերթական անգամ պահանջելով հեռանալ Եփրատից արևմուտք ընկած շրջաններից: Թուրք արտգործնախարարը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում քրդերին ավելի ծանր հարվածներ են սպասում օդից: Այսինքն, թուրքական գործողության բնույթը արդեն դարձել է ոչ միայն «սիրիական», այլև «իրաքյան», ավելի ճիշտ՝ «քրդա-իրաքյան»:


Անշուշտ, վերը նշված բնութագրումն էլ հենց ստիպել է Անկարային օգոստոսի 29-ին հրապարակայնորեն խոստովանել, որ թուրքերի նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարը չէ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, Սիրիայի հյուսիսում բանակի ռազմական գործողության գլխավոր նպատակներից մեկն է թույլ չտալ, որ քրդերը միջանցք ստեղծեն Իրաքից մինչև Միջերկրական ծով: Սակայն, թուրքերի դեմ քրդերի հակահարձակումներից բացի, որոնց մասնակցում են ոչ միայն սիրիական YPG-ի, այլև թուրքական PKK-ի քրդերը, պարզվում է, որ միայն Ջերաբլուսը թուրքերի համար քիչ է քրդերի պլանները ձախողելու համար: Անկարային պետք է կայուն և հուսալի հսկողություն սահմանել նաև Եփրատի աջ ափին գտնվող Մանբիջի նկատմամբ: Սակայն Մանբիջի վերահսկողությունը քրդերը հանձնեցին արաբներին, բայց ոչ թե թուրքերի, այլ քրդերի հանդեպ լոյալ արաբներին: Ահա այստեղ կցանկանայինք վերադառնալ այն հարցին, թե, ի վերջո, ինչն է ԱՄՆ-ին ստիպել փոխելու սկզբնական դիրքորոշումները: Օգոստոսի 27-ին սիրիական և իրաքյան աղբյուրները հաղորդեցին, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել-Աբյադի շրջանում մի քանի արաբական ցեղեր «Saraya Al-Qadisiyah» կոչվող նոր աշխարհազոր են կազմավորել, ռազմականացված խմբավորումն ստեղծվել է հատուկ Ռաքքայի նահանգի քուրդ ապստամբների դեմ պայքարելու համար:

«Ակնկալելով Թուրքիայի աջակցությունը, «Saraya Al-Qadisiyah»-ի արաբները կփորձեն զավթել տարածաշրջանը, այդ թվում՝ ռազմավարական տեսակետից կարևոր սահմանային այն հատվածը, որը ներկայումս գտնվում է ամերիկամետ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) դաշնախմբի հսկողության ներքո: Նոր կազմավորման թվաքանակն առայժմ ստույգ հայտնի չէ, սակայն, ելնելով դաշնախումբ կազմած արաբական ցեղերի թվաքանակից, մարտիկների քանակը կարող է լինել 1500-2000 մարդ»,- հաղորդել են աղբյուրները, ինչը քրդական լրատվամիջոցներն էլ հաստատեցին: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Թել-Աբյադի շրջանն ու ռազմավարական առումով կարևոր Թել-Աբյադ քաղաքը հիմնականում գտնվում են YPG-ի ինքնապաշտպանական ջոկատների՝ սիրիացի քրդերի հսկողության տակ, ասենք, նրանք քաղաքն էլ ԻՊ-ի զինյալներից ավելի քան մեկ տարի առաջ խլեցին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ: Եվ, իհարկե, սա Սիրիայի, Իրանի, չի բացառվում՝ նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունների ամենաիսկական «խաղ» է, որտեղ նկատելի է ոչ միայն հակաքրդական նախաձեռնություն (չէ՞ որ պարզ է, որ «արաբական նոր աշխարհազորը» հաստատ կստանա Դամասկոսի աջակցությունը, իսկ սիրիական իշխանությունների միջոցով՝ նաև Իրանի), այլև հակաթուրքական նախաձեռնություն:
Ինչո՞ւ: Օգոստոսի 29-ին մի շարք արաբական լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին այն մասին, թե իբր Ռուսաստանը որոշել է Հալեպում ցամաքային ուժերի զորամիավորում տեղակայել քաղաքի պաշտպանության գործում սիրիական բանակին օգնելու, կառավարական զորքերի գործողություններն ավելի լավ համակարգելու համար: Գրեթե միշտ լավ ու հավաստի իրազեկված «Gulf News» (ԱՄԷ) հրատարակության տվյալներով, ռուսական կողմն արդեն ՄԱԿ-ին տեղեկացրել է Հալեպում ցամաքային զորքերի տեղակայման մասին:

Նրանց հիմնական խնդիրն է սիրիական բանակին աջակցություն ցուցաբերել Հալեպի կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող մասում՝ «Կաստելլո» ավտոմայրուղու երկայնքով ձգվող հյուսիսային հատվածում: Օգոստոսի 30-ին սիրիական «Al-Masdar» թերթը, վկայակոչելով Հալեպի իր աղբյուրները, հավաստեց, որ ռուսական զրահատեխնիկայի շարասյունը՝ ռուս զինվորականներով, «Կաստելլո» մայրուղով ընթացել է դեպի քաղաքի արևմտյան մաս: «Al-Masdar»-ի տվյալներով, Հալեպ է նետվել Ռուսաստանի ԶՈՒ ծովային հետևակի մի ստորաբաժանում: Իսլամիստական աղբյուրներն ու արևմտյան լրատվամիջոցները վերջին ժամանակներս հաղորդում են Հալեպի գրավյալ թաղամասերի օդային ծանր ռմբակոծությունների մասին: Ավազակային կազմավորումների հսկողության տակ գտնվող հարավարևմտյան միջանցքը ռմբակոծվում է ամեն գիշեր՝ նշել է «ՌՄ» կայքը: Եվ արդեն օգոստոսի 30-ի ցերեկը ռուսական պաշտոնական գործակալությունները լուրեր տարածեցին այն մասին, որ սեպտեմբերի առաջիկա օրերին Սիրիայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Ալի Մամլյուկը կայցելի Մոսկվա, ընդ որում, այցի մանրամասները չեն ներկայացվում: Սակայն կարծում եմ, որ պարոն Մամլյուկը հազիվ թե Մոսկվա մեկներ ռուս գործընկերների հետ քննարկելու Սիրիայում «Թուրքիայի շահերը» կամ «ԱՄՆ-ի շահերը». տեղին կլիներ ենթադրել, որ ՌԴ-ի և Սիրիայի հատուկ ծառայությունները (հիմքեր կան ենթադրելու՝ Իրանի ԻՀՊԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննության կառնեն համատեղ հակահետախուզական գործողության առաջին փուլի արդյունքները, այսինքն, Սիրիայի և Իրաքի հարցում ԱՄՆ-ի վերոհիշյալ զիջումները, Թուրքիայի և քրդերի նետումը մի ռազմավարական ծուղակ, որից երկու կողմն էլ դուրս գալու այլ տարբերակ չեն ունենա՝ լայնածավալ պատերազմ սկսելուց ու միմյանց ոչնչացնելուց բացի:


Մեր պնդումը, թե Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի ռազմավարական ծուղակը պատրաստվել էր ոչ միայն քրդերի, այլև Թուրքիայի համար, հենվում է թե՛ օբյեկտիվ տվյալների, թե՛ այն ամենի ժամանակագրական հետազոտությունների վրա, ինչ տեղի է ունեցել Իրանի հետ և նրա շուրջ: Քրդերին զիջումներ անելուց Սիրիայի և Իրանի հրաժարման պատճառները հասկանալի են, այն է՝ հոգատարություն սեփական անվտանգության և իրենց երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ, և դրա շնորհիվ՝ ածխաջրածինների իրենց ընդերքի վերահսկողության պահպանում: Հատկապես ածխաջրածնային գործոնը էական է Իրաքի և Սիրիայի համար. այդ երկրներում նավթի ու գազի նշանակալի պաշարները գտնվում են հենց քրդաբնակ շրջաններում կամ դրանց մերձակայքում (Մոսուլ, Սուլեյմանիա, Քիրկուկ, Ռաքքա և այլն): Մնում է պարզել, թե ինչու Թուրքիայի հասցեին Իրանի և Ռուսաստանի, կարծես, բարեկամական դրսևորումներին զուգընթաց (օրինակ, 2016 թ. հուլիսին նախապատրաստվող զինվորական խռովության մասին իրանական և ռուսական հատուկ ծառայությունների նախազգուշացումները), այդուամենայնիվ, Թեհրանն ու Մոսկվան ծուղակներ են պատրաստում Անկարայի համար: Գաղտնիքն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը սերտագույնս համագործակցում են Անդրկովկասում, Իրաքում ու Սիրիայում:

Իրանի հետ ռազմավարական դաշնության գործոնը ռուսական ղեկավարությանն ստիպում է անել էլի բաներ, որ ուզում են Իրանի ղեկավարները: Ավելի ճիշտ պատկերացնելու համար, թե, չնայած հուլիսյան խռովության մասին թուրքերին նախազգուշացմանը, ինչու է Իրանին պետք Թուրքիայի թուլացումը կամ նույնիսկ խարխլումը որպես պետություն, պետք է մի կողմ թողնել օգոստոսը և տեսնել այն սպառնալիքներն ու վտանգները, որոնց բախվել է Իրանը՝ սկսած հուլիսի 14-ից: Իրանը չկարողացավ խույս տալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ իրանական սահմանի երկայնքով տեղի ունեցած «ցնցումների ալիքից». 1) մերկացվեց և ձերբակալվեց Թեհրանում ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրության մեջ մեղադրվող անձանց բավական ստվարաթիվ մի խումբ, 2) ոչնչացվեց մոտ 30 հոգուց բաղկացած մի ավազակախումբ, որը ձգտում էր ներխուժել Բելուջիստանի և Սիստանի օստան՝ բացահայտ նպատակ ունենալով ներգործել իրանցի բելուջների վրա, 3) Խուզիստանի օստանում ձերբակալվեցին սուննիադավան արաբ վահաբականներ, որոնց մոտ զենք ու պայթուցիկ նյութեր էին հայտնաբերվել, 4) Իրաքին սահմանակից իրանական մի շարք օստաններում ոչնչացվեց մոտ 25 քուրդ զինյալ, 5) հուլիսի 25-ին կանխվեց Թուրքիայից Արևմտյան Ադրբեջանի օստան ներխուժելու դիվերսանտների փորձը (մեկն սպանվել է, մեկը՝ վիրավորվել, մնացածները փախել են):


Սակայն ֆոնային իրադարձություններն ավարտվեցին միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, հասկանալով Իրանի ու Ռուսաստանի «խաղը», օգոստոսի 30-ին «ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային» («ամերիկյան կոալիցիա»-ծանոթ.) առընթեր ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Բրետ Մաքգերկի մակարդակով հայտարարեց, թե Վաշինգտոնը «անընդունելի» է համարում այն ռազմական գործողությունը, որ Թուրքիան սկսել է Սիրիայում ԻՊ զինյալների դեմ, և պահանջում է դադարեցնել այն: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքերով՝ ընդհարումները տեղի են ունենում այն տարածքում, ուր ջիհադականներ չկան, և դա լուրջ անհանգստություն է պատճառում ԱՄՆ-ին: Այդ հայտարարությունից հետո Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերը Թուրքիային կոչ արեց «կենտրոնանալ ԴԱԻՇ-ի (այսինքն՝ «Իսլամական պետության», ԻՊ-ի- ծանոթ.) զինյալների դեմ մարտերի վրա և ոչ թե քրդերի»:

Թուրքիան ի պատասխան հակադարձեց, թե կռվում է այն քրդերի դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում, և ոչ ոք իրավունք չունի Անկարային ցուցում տալու՝ որ ծայրահեղական խմբավորման դեմ արժե պայքարել և որին անտեսել: Սակայն դա, թերևս, սոսկ Թուրքիայի ակնարկն էր ամերիկացիներին այն մասին, որ Անկարան «պատրաստ է սակարկության», որովհետև նույն օրը՝ օգոստոսի 30-ի երեկոյան «France Press» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Պենտագոնին, հաղորդեց. «Սիրիայի քրդերի կազմավորումներն ու Թուրքիայի բանակի ստորաբաժանումները այսօր՝ օգոստոսի 30-ին, պայմանավորվածության եկան ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ: ...Մենք օրերս հավաստիացում ենք ստացել, որ հակամարտության բոլոր կողմերը կդադարեցնեն կրակը և կկենտրոնանան ԴԱԻՇ խմբավորումից բխող սպառնալիքի վրա»: Հալեպի արվարձաններում սեպտեմբերի 21-ի իրադարձություններն արդեն ապացույցն են այն բանի, որ ԱՄՆ-ն սկսել է լիովին «ճաշակել» դառը արցունքների «լափը», հաշվի առնելով նաև Էրդողանի այն մեղադրանքները, թե Վաշինգտոնը «զինում է քուրդ ահաբեկիչներին» (այս թեմային կանդրադառնանք հետո):

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ