Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»

«Հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»
04.10.2016 | 00:19

Ինչո՞ւ չսթափվեցինք 25 տարում, 17 տարում, 8 տարում. սթափվեցինք, երբ քառասուներորդ ավազակը` դիվահար Իլհամ Ալիևը, ուխտադրժորեն ապրիլին նախահարձակ եղավ. ինչո՞ւ... Որովհետև «հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»:
Բայց իրոք սթափվե՞լ ենք «քառասուներորդ ավազակի մոտեցումից հետո էլ»` ինչպես ժամանակին ակնարկել է լուսահոգի Մանուկ Մնացականյանը արևելյան իր պատմություն-առակում: Թերևս` ոչ:


Անկախ պետություն ենք ստեղծել, բայց պետական տարրական արարողակարգը, մշակույթն անգամ չենք հարգում. հանրապետության նոր վարչապետ է նշանակվել, բայց նրան պաշտոնապես, ինչպես արարողակարգն է պահանջում, չեն ներկայացրել կառավարությանը և շնորհավորական խոսք չեն ասել. ինչո՞ւ...


Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստին ներկայացած նորանշանակ վարչապետին խորհրդարանի նախագահն ուղեկցել է դահլիճ, ընդամենը մատնացույց արել համապատասխան բազկաթոռը, բայց, ինչպես արարողակարգն է պահանջում, ի լուր խորհրդարանի և ամենքի չներկայացնելով նորանշանակ վարչապետին, նույնիսկ չշնորհավորելով (նման դեպքում թերևս համընդհանուր ծափահարություններով) պաշտոնակալման առթիվ. ինչո՞ւ...

Գուցե խորհրդարանական կուսակցությունների և համապատասխան նախարարների սրտով չէ նոր նշանակումը, ինչ-որ անհանգստություննե՞ր կան. թերևս հարկ է հաշտվել, քանզի հայրենիքի ճակատագիրը, քաղաքական, տնտեսական անվտանգությունն առավել քան կարևոր են:


Բայց կարծես թե բոլորովին էլ չենք սթափվել, քանզի արժանի գնահատական չենք տվել անցած 25 տարվա, 17 տարվա, 8 տարվա բազմաթիվ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական շատ հաճախ կոպտագույն սխալներին, բացթողումներին, վրիպումներին:


Թերևս չենք սթափվել, քանզի հարկ եղած գնահատական չտրվեց տնտեսագետ վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական ձախողումներին, վերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ի սկզբանե խրոխտաբար ներկայացրած «հավակնոտ» ծրագրերի ձախողմանը` երկու դեպքում էլ շնորհակալություններով ու գովասանքներով ճանապարհ դնելով, երբեք քննադատական խոսք չասելով` որպես սթափեցնող դաս հաջորդող ղեկավարներին. ինչո՞ւ... Ինչո՞ւ է այսօր Աղավնաձոր գյուղը աննախադեպ բողոքի ելել. մեկ տարի անց էլ մթերված խաղողի չվճարված 140 մլն դրամի համար. ինչո՞ւ... Հովիկ Աբրահամյանը, գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Վեդի Ալկոյի» տնօրեն, հանրապետական Մանվել Ղազարյանը պատասխանատվություն չե՞ն կրում դրա համար: Պարոնայք, ինչո՞ւ եք հուսահատեցնում, զզվեցնում աշխատավոր գյուղացուն, մինչև որ ստիպված ընտանիքներով լքե՞ն հայրենիքը. ինչպես Վրեժ Իսրայելյանի սասունցի Տոնապետն է ասում. «Մի՛ խաբիք սասունցիք. համ դուք իք մեղք, հա՛մ ուրանք»:
Այո՛, այսօր էլ չենք սթափվել. զարմանք են հարուցում օլիմպիական խաղերից հաղթանակով վերադարձած մարզիկների շռայլագույն պարգևատրումները` հանրապետության նախագահի և օլիմպիական կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ. թերևս հարկ է հասարակությանը, ժողովրդին իրատեսորեն, խղճի մտոք ուղղորդել: Իսկ ի՞նչ է ստացվում. երկու մարզիկների հանձնվում է մեկական մլն դոլար արժողությամբ 300 քմ տարածքով բնակարան: Պարոնայք, ոչ ոք դեմ չէ մեր հերոս մարզիկներին ինչպես հարկն է խրախուսելուն. բայց մի՞թե հերոս մարզիկները կդժգոհեին, եթե նրանց ասենք 200 հազար դոլարանոց բնակարան հատկացվեր. կարծում եմ` ոչ, քանզի նրանք հայրենասեր երիտասարդներ են:


Իսկ չէ՞ որ այդ 2 միլիոնից 1 մլն 600 հազարը կարելի էր ծախսել 28 տարի էլ անց, համոթ մեզ բոլորիս, անհարմարավետ տնակներում տառապող մեր հայրենակիցների համար, ծառայեցնել 40 վթարային դպրոցների ինչ-որ չափով վերանորոգմանը, գյուղերի խմելու ջրի մատակարարման ապահովմանը, որ հայ մայրը մեկ կիլոմետր ճանապարհ չանցնի` 21-րդ դարում դույլերով ջուր կրելու համար: Այդ գումարները կարելի էր ներդնել սահմանամերձ և լեռնային գյուղերը զարգացնելու, արտագաղթող բնակչությանը տեղում պահելու, Արցախի անվտանգությունը ապահովելու և բազում հրատապ լուծում պահանջող, հայրենիքը հզորացնող խնդիրների համար:


Այո՛, չենք սթափվել, քանզի անհասկանալի է, երբ Ազգային ժողովի նախագահը, ի պատասխան նորանշանակ վարչապետի հայտարարությանը, թե «երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է», արձագանքում է` Հայաստանի տնտեսությունը միշտ էլ վատ վիճակում է եղել, կարծես ասելով` պարոն վարչապետ, նոր բան չեք ասում: Բայց չէ՞ որ կարելի է նաև հարցնել` իսկ այս 25 տարին, այս 17 տարին, այս 8 տարին ինչո՞ւ լուրջ զարգացում չապահովեցին, այն դեպքում, երբ հայ մարդը զարմանալիորեն աշխատասեր է, ձեռներեց, հնարամիտ. ինչո՞ւ... Որովհետև դատաիրավական համակարգը խեղված է կոռուպցիայով, չինովնիկները զբաղված են թալանով, օլիգարխները միլիարդավոր դոլարներ դիզելով` զբաղված են միայն ցուցամոլական բարեգործություններով, ոչ թե հայրենիքի հզորացման խնդիրներով:


Այո՛, երբեք չսթափվեցինք: Շատ զարմանալի ու տարօրինակ է այն փաստը, որ երբ ընդդիմադիր կուսակցությունները իշխող կուսակցությունից պահանջում են վերահսկող օղակ վստահել իրենց, արժանանում են կտրուկ մերժման. ինչո՞ւ... Թերևս պատճառը մեկն է` խուսափելու դատաիրավական, նախարարական և զանազան ոլորտներում ֆինանսատնտեսական թալանի, կողոպուտի, անարդարությունների, կոռուպցիայի, անարդար վաստակած վիթխարի եկամուտների, պետական բյուջե չմուծած հարկերի, ստվերների բացահայտումից. հակառակ պարագայում իշխանությունները անհանգստանալու, տագնապելու ի՞նչ պատճառներ ունեն, եթե ամեն ինչ հստակ է, արդարացի, հայրենանվեր դատաիրավական, տնտեսական դաշտում:


Պարզ է, իշխանությունները չեն ցանկանում գործողության մեջ դնել վերահսկողության իրատեսական գործոնը` հետադարձ կապի գաղափարը: Ի դեպ, այդ գաղափարը կիրառվել է դեռևս մեր թվարկությունից առաջ` Հուլիոս Կեսարի ժամանակներում: Կեսարը ինքն իրեն, իր գործողությունները վերահսկելու համար նախատեսել էր յուրօրինակ պայման. երբ նա Հռոմ էր վերադառնում հաղթական արշավանքներից, երկու հոգի` մեկը նրա երկանիվ կառքի մի կողմից, երկրորդը՝ մյուս կողմից, արագ քայլքով կամ վազքով ընթանում էին նրան համընթաց և բացականչում. «Կեսա՛ր, չմոռանաս, որ այդ հաղթանակները դու միայնակ չես շահել, դու ունես զորավարներ, հիշիր, հազարավոր զինվորներ զոհվեցին քո հաղթանակի համար»: Սա հետադարձ մի կապ էր, որ վերահսկում էր Կեսարի մտքին, սրտին, հոգուն, որ նա չմեծամտանա, ամեն ինչ իրեն չվերագրի:


Երբ Հռոմի սենատը Ցիցերոնին դիկտատոր էր հռչակում, Կեսարը սենատորներին հարցնում է. «Իսկ ո՞վ կհսկի Ցիցերոնին, որ նա անմեղներին մեղավորների փոխարեն չպատժի»: Այսինքն` Կեսարը դարձյալ հետադարձ կապի` վերահսկողության գաղափարն է կարևորում:
Տարիներ առաջ լուսահոգի Ռոբերտ Մավիսակալյանը ռադիոհարցազրույց էր վարում ՀՀՇ-ի մի հայտնի գործչի հետ. այն հարցին, թե դուք` ՀՀՇ-ականներդ, զբաղվե՞լ եք թալանով, Գերագույն խորհրդի նախկին հայտնի գործիչը ամեն կերպ փորձում էր խուսափել պատասխանից. բայց Մավիսակալյանի համառ պնդումներից հետո ահա թե ինչ ասաց նա. «Ով լիներ որ չթալաներ, ո՞վ բռնեց մեր ձեռքերը, որ չթալանեինք. այսօրվա մեղադրողները թող բռնեին մեր ձեռքերը»: Այսինքն` ձեռք բռնող հետադարձ կապը չկար:


Պարոնայք, իսկ ինչո՞ւ, ասենք, Ազգային ժողովի կողմից ընտրվող Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը չվստահել աչքի ընկնող ընդդիմադիր կուսակցությանը, որն էլ կվերահսկի իշխող կուսակցության գրեթե դիկտատուրայի մոտեցող գործունեությունը, կբացահայտի տնտեսության ստվերը, դատաիրավական, տնտեսական, քաղաքական կոռուպցիան, զանազան խաբեություններ ու կեղծիքներ: Այսինքն` այդ ընդդիմադիր ուժը կդառնա յուրօրինակ հետադարձ կապ, ձեռք բռնող մեխանիզմ: Թե չէ ինչի՞ նման էր, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչը` վերահսկող պալատի նախագահը, ժամանակին Ազգային ժողով ներկայացրեց տնտեսությունում, դատաիրավական համակարգում առկա աղաղակող փաստեր, իշխող կուսակցության կողմից արժանացավ խիստ հակազդեցության. ներկայացվող փաստերը հայտարարվեցին անհիմն, ոչ անաչառ:


Եթե երկրի դատաիրավական, տնտեսական ոլորտներում գործեր արժանի հետադարձ կապ, ապա թերևս կբացահայտվեին 1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր հանցագործության կազմակերպիչները կամ գոնե արժանի քաղաքական գնահատական կտրվեր ժամանակի իշխանությունների գործունեությանը, իշխանություն, որի ղեկավար գործիչները ոչ մի պատասխանատվություն չկրեցին և, որպես սրբեր, շարունակեցին ղեկավարել գլխատված երկիրը: Նույնը կատարվեց 2008 թ. մարտի արյունոտ օրերին: Ինչո՞ւ... Որովհետև չկար երկրի քաղաքական-տնտեսական կյանքը խարխլողի ձեռքը բռնող մեխանիզմը` հետադարձ կապը:
Ի սթափություն ամենքիս, հարկ է դարձյալ ընդգծել և հիշեցնել. «Հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»: Իսկ ամեն ինչ անելու համար, թերևս, յուրաքանչյուր պետական-քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անհատ պետք է ազնվորեն գնահատական տան իրենց գործունեությանը, ապրելակերպին, ժողովրդի հանդեպ ունեցած իրենց նվիրվածությանը, այն է` «ինչ ես արել, որ չպետք է անեիր, ինչ չես արել, որ պարտավոր էիր անելու, իսկ այն ամեն լավը, որ արել ես, պարտավոր էիր անելու, քանզի յուրաքանչյուր ոք աշխարհ է գալիս ծառայելու հայրենիքին, ժողովրդին, հակառակ պարագայում անիմաստ է աշխարհ գալը»:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ