Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նախկին կառավարությունը, եթե անգամ «Մարշալի ծրագիրը» ներկայացներ, միևնույն է, նրան հավատացող չէր լինի»

«Նախկին կառավարությունը, եթե անգամ «Մարշալի ծրագիրը» ներկայացներ, միևնույն է, նրան հավատացող չէր լինի»
04.10.2016 | 00:39

Այսօր քաղաքական և հանրային օրակարգը զբաղված է մեկ հարցով՝ իրականություն կդառնա՞ն նոր կառավարության ղեկավարի հայտարարությունները, թե՞ դրանք ընդամենը խոստումներ են։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ նոր վարչապետին են ուղղված բոլորի հայացքներն ու ակնկալիքները։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ հաջողության հասնելու համար նոր կառավարությունը մի շարք կարևոր խնդիրներ պետք է լուծի։

-Նախ՝ նոր կառավարությունը հանրությանը պետք է ներկայանա «մարդկային դեմքով»,- շարունակեց քաղաքագետը։- Այսինքն, այնպիսի կադրերով, որ մարդիկ հավատան, թե նրանք ի զորու են ինչ-որ բան փոխելու։ Նախորդ կառավարության «դեմքերը» հստակ ասում էին, որ նրանք ոչ մի փոփոխություն չեն բերի, քանի որ հարստացել են հենց այդ պաշտոնների շնորհիվ։ Նախկին կառավարությունը, եթե անգամ «Մարշալի ծրագիրը» ներկայացներ, միևնույն է, նրան հավատացող չէր լինի։ Առավելագույնը, որ նախորդ կառավարությունը կարողանում էր անել, մի շարք հարցերին իրավիճակային լուծումներ տալն էր։ Այս կառավարությունը համալրվել է դեմքերով, ովքեր հանրային ակնհայտ հակակրանք, անվստահություն են առաջացնում, սկսած վարչապետից, ով այդ ակնկալիքների աղբյուրն է։ Բայց այս ամենը խիստ անբավարար է։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ ունեցել է տեխնոկրատ կառավարություն, հիշենք Արմեն Դարբինյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները, բայց նրանք չլուծեցին շատ կարևոր խնդիրներ։ Այս կառավարության իրականացրած լրջագույն փոփոխությունն այն կլինի, որ համակարգի վերափոխման խնդիրը լուծի, որը բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ տեխնոկրատների կառավարությունները չեն կարողացել լուծել, իսկ օլիգարխիայի նախկին կառավարությունն այդ հարցում անգամ շահագրգռվածություն չի ունեցել։ Սա նախ և առաջ խաղի կանոնների փոփոխություն է ենթադրում։ Եվ ապրիլյան զարգացումները, և ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը չի կարող այլևս այս մոդելով երկար գոյատևել, քանի որ այն այնքան նեխած է, որ համակարգը կարող է խորտակման տանել։ Չնայած այս վերանայումները իշխանությանն են նաև անհրաժեշտ, սակայն համակարգը պահելու համար իշխանության մեջ կա պահպանողական մի զանգված, որն այս խաղի կանոնների թիվ մեկ շահառուն է։
-Ամենամեծ ցանկության դեպքում նոր վարչապետը կարո՞ղ է փոփոխություններ իրականացնել, եթե նրա ձեռքերը «կապված» են «պահպանողական» շղթաներով։
-Նոր վարչապետը դեռ պիտի ապացուցի, որ այդպիսի ցանկություն ունի։ Այս առումով առանցքային է լինելու նոր կառավարության գործողությունների ծրագիրը, որը ներկայացվելու է ԱԺ-ում։ Առայժմ սպասում եմ դրան, որովհետև դրանով է պայմանավորված, թե այս կառավարությունն ինչ խնդիր է իր առջև դրել։ Եթե գործ ունենք կոսմետիկ փոփոխությունների հետ, որոնք, ինչպես Կարեն Կարապետյանն է ասում, կապահովեն որոշակի կարճաժամկետ էֆեկտ, դրանք բավարար չեն։ Ամենախոշոր խնդիրը, որ նա պետք է լուծի, արտաքին քաղաքականությունում Հայաստանի ինքնիշխանության, ազատության իրագործումն է։ Այս վարչապետի թեկնածության առաջադրումը «գալիս» է մեր բարեկամ երկրից, որն այնքան էլ շահագրգիռ չէ Հայաստանի ինքնիշխանությամբ, ուստի խիստ կասկածում եմ, թե Կարեն Կարապետյանին թույլատրվի նման նպատակ ունենալ։
-Լինելու է արտաքին լուրջ ճնշո՞ւմ։
-Այո, վաղ թե ուշ այս վարչապետը, ինչպես նախորդները, հանգելու է այն անհերքելի եզրակացությանը, որ արտաքին խոշոր ներդրումներ ներգրավելու, երկրի մոդելը վերանայելու համար Հայաստանը կարիք ունի բոլոր ուղղություններով համագործակցելու և պայմանագիր ստորագրելու ԵՄ-ի հետ։ Հենց սա նրան թույլ չի տրվելու Հյուսիսից։ ԵԱՏՄ-ին անդամակցության պարտադրանքի իրական նպատակը հենց մեր ինքնիշխանության սահմանափակումն է։ Կարեն Կարապետյանի կառավարությանը թույլ չի տրվի վերացնել Հայաստանի ինքնիշխանության խոչընդոտները։ Ոչ մի եվրոպացի գործարար չի գա Հայաստանում ներդրումներ անելու, երբ տեսնում է, որ Հայաստանն ու ԵՄ-ը չեն կարողանում անգամ սովորական պայմանագիր կնքել։ Այդ պայմանագիրը երաշխիք է լինելու, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը, բարեփոխումները տևական են։
-Նոր վարչապետի հույսը միայն Ռուսաստանից ակնկալվող ներդրումնե՞րն են։
-Գուցե նրա հույսը նաև այլ երկրներից ստացվող ներդրումներն են, սակայն իրականությունն այն է, որ եվրոպական կամ արևմտյան որևէ լուրջ ընկերություն Հայաստանում ոչ մի ծրագիր չի իրականացնի, գիտակցելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հարցականի տակ են։ Սա ազդանշան է ցանկացած ներդրողի համար։ Գուցե Կարեն Կարապետյանն այնքան էլ լավ չի պատկերացնում քաղաքականության բոլոր նրբերանգները և հույս ունի, որ լավ կառավարմամբ կարող է ներդրողներին հավատ ներշնչել, բայց սա այդ դեպքը չէ։ Խոշոր պրոյեկտներ իրականացվում են այնպիսի երկրներում, որտեղ դրանք ռազմավարական առումով հույս են ներշնչում։ Հայաստանն այդպիսի հույս չի ներշնչում ոչ մեկին։ Ինչ-որ անհատ ներդրողների Ռուսաստանից կամ այլ երկրից նոր վարչապետը գուցե կարողանա բերել, Հովիկ Աբրահամյանն էլ բերել էր իր որդու գործընկեր «Ֆրեդբուլերի» «ներդրումը», բայց, կներեք, սա ծիծաղելի է։ Կարեն Կարապետյանն էլ գուցե ռուսաստանցի մի քանի տղաների կարողանա համոզել, որ որոշ ներդրումներ անեն, ռեստորաններ, օբյեկտներ կառուցեն, բայց դրանով տնտեսական խնդիրներ չեն լուծվի։
-ՈՒրեմն, ինչի՞ վրա է նրա հույսը, ներքին կարգուկանոնի՞, որ երկրում եղած գումարները գոնե արդյունավետ ծախսվեն։
-Ներքին կարգուկանոնի առումով գուցե մի փոքր բարելավում լինի, համենայն դեպս, նա այդպես է սկսել, ու դժվար է այս առումով նրա հետ համամիտ չլինել։ Այո, ոչ էֆեկտիվ ծախսվող գումարներ, մսխումներ կան, կամ, ինչպես ինքն է ասում, «բարդ սխեմայով պրիմիտիվ գողություններ»։ Այս խնդիրների լուծումը գուցե ինչ-որ առումով մեղմի իրավիճակը, բայց տնտեսական կայուն զարգացման առումով դրանք քիչ բան են տալու։ Մեր հարևան Իրանը «բացվում» է ողջ աշխարհի առջև, բոլորը նրա հետ կնքում են տարաբնույթ պայմանագրեր, Հայաստանը որևէ պայմանագիր չի կարողանում կնքել։ Որպես ռուսական ընկերությունների մրցակից, Իրանի հետ կարող են կնքվել գազի, ապրանքների փոխադրման, ընդհանրապես, նավթամթերքների վերաբերյալ առավել նպաստավոր պայմանագրեր միայն այն պարզ պատճառով, որ մենք Իրանի անմիջական հարևանն ենք, սակայն Հայաստանը որոշող չէ այդ հարցերում։ Կարեն Կարապետյանի նշանակումը նաև այս առումով է էական, թեև «Գազպրոմն» այն «օրգանիզմը» չէ, որ նրա քաղաքականության վրա կարողանան ազդել, թեկուզ և այնտեղ բարձր պաշտոն զբաղեցրած անձը։ «Գազպրոմը» քաղաքական գործիք է, որն օգտագործում է Ռուսաստանը շատ կարևոր հարցեր լուծելու համար։ Ինչ-որ անհատների թույլ տալ այդ քաղաքականությունը փոխել, նշանակում է կատարյալ խառնաշփոթ ստեղծել այդ կառույցում։ Չեմ կարծում, թե Ռուսաստանն այն վիճակում է, որ Կարեն Կարապետյանին թույլ տան դեմ գնալ ռուսական քաղաքականության նպատակներին և համաձայնի իրանական նավթամթերքները մտցնելու Հայաստանի տարածք։ Այլ բան է, որ Հայաստանը տարիներ շարունակ խնդիրներ ունի «Գազպրոմի» հետ, որոնց մի մասը տեսնում ենք, մյուս մասը՝ ոչ։ Այս փաստն անընդհատ օգտագործվում է Հայաստանի իշխանությունների դեմ։ Գուցե այս առումով նոր վարչապետը կարողանա իրավիճակը շտկել։
-Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած կնճիռները հարթելու նպատա՞կ ունի։
-Թերևս այո։ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հարցը և խնդիր է դրվել բարելավելու հայ-ռուսական հարաբերությունները։ Կարեն Կարապետյանը հնարավոր է մեզանում փոխի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, բայց նրան կհաջողվի՞ դեմ դուրս գալ ռուսական քաղաքականությանը, որը շատ հարցերում հակադրվում է մեր շահերին, կկարողանա՞ Ռուսաստանին համոզել Ադրբեջանին զենք չվաճառել։ Հիշենք՝ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրականում Սերժ Սարգսյանին թիկունքից հարվածեց. երբ Դմիտրի Մեդվեդևը եկավ Հայաստան, Սերժ Սարգսյանը շատ հստակ դրեց Ադրբեջանին զենք չվաճառելու խնդիրը, իսկ Հովիկ Աբրահամյանը դրանից հետո կրկնեց Ռուսաստանի հիմնավորումը, որ եթե Ադրբեջանն իրենից զենք չգնի, կգնի այլ երկրից, ճիշտ է, ընդամենը մեկ օր անց ստիպված եղավ հերքել իր ասածը և կրկնել Սերժ Սարգսյանի խոսքը, սա արդեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, և եթե Կարեն Կարապետյանն ուզում է վստահություն հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, պետք է նպաստի այս խնդրի լուծմանը։
-Իսկ գուցե ամենևին էլ մեծ-մեծ խնդիրներո՞վ չի պայմանավորված նոր կառավարության ձևավորումը, պարզապես նախընտրական շրջան է, և հանրությանը դրական նոտաներ պետք է հղել։
-Իհարկե, նախընտրական շրջանը ևս իր դերակատարությունն ունի, սակայն տարածաշրջանային այն լուրջ խնդիրները, որ ծառացած են գործադիր նոր մարմնի առջև, հազիվ թե լուծում ստանան։ Այս առումով, չեմ կարծում, թե այս կառավարությունը երկար կյանք կունենա։
-Փաստորեն, սա «անցումայի՞ն» կառավարություն է, թե՞ ընտրություններից հետո էլ Կարեն Կարապետյանին կտեսնենք Հայաստանի քաղաքական կյանքում։
-Առաջիններից մեկն եմ եղել, որ հայտարարել եմ, թե Կարեն Կարապետյանի կառավարությունն անցումային է։ Միայն այն, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի համամասնությունը ստիպելու է կրկին կառավարություն փոխել, բավարար է եզրահանգելու, որ այս կառավարությունը գոյատևման կարճ ժամանակ ունի։ Եթե Կարեն Կարապետյանը դրանից հետո էլ մնա, այսօրվա կառավարության պատկերն այլևս չի լինելու։
-Ի՞նչ եք կարծում, պրագմատիկ մտածողության տեր Կարեն Կարապետյանը կհամաձայնե՞ր մտնել ծայրահեղ վատ տնտեսություն ունեցող երկրի քաղաքական կյանք ու ապահովել ընդամենը անցումային շրջանի կոսմետիկ փոփոխություններ։
-Կարեն Կարապետյանի Հայաստան գալու ցանկությունը վերին աստիճանի անորոշ է։ Նա եկել է ստանձնելու մի գործառույթ, որի տապալման հավանականությունը շատ մեծ է։ Համակարգում նա դիտարկվում է որպես «դրսի մարդ» և ներքին քաղաքական աջակցություն քիչ ունի։ Անգամ Տիգրան Սարգսյանը, որ անդամակցեց ՀՀԿ-ին իր թիմով, դարձյալ չունեցավ լայն աջակցություն։ Հետևաբար, որքան էլ այսօր ՀՀԿ-ականներից ոմանք նոր վարչապետին դիֆիրամբներ ձոնեն, իրականում քվեի խնդիր են լուծում։ Հարց է նաև՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանն ինքը չուներ Հայաստան գալու անհրաժեշտություն։ Սա բավականին մութ հարց է, որի պատասխանը ոչ ոք չգիտի։ ՈՒնենալ բարձր վճարվող աշխատանք, հեռու լինել հանրային քննադատությունից, վայելել մարդկանց հարգանքը և այդ ամենը փոխարինել հնարավոր տապալմամբ և քաղաքական ծանր պատասխանատվությամբ, մի տեսակ անհասկանալի է։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ ինքն է անհրաժեշտություն ունեցել Հայաստան գալու, կա՛մ նրան առաջարկ է եղել, որից չի կարողացել հրաժարվել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ