ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Կառավարելի քաոսի առաջին փորձը

Կառավարելի քաոսի առաջին փորձը
04.10.2016 | 00:48

Կիրակի օրը Հայաստանի վեց մարզերում ՏԻՄ ընտրություններ էին: Նախկինում քաղաքական անտարբերության մատնված ընտրություններ, որտեղ անխախտ հաղթում էր ՀՀԿ-ն ու հետո մեղադրում էր քաղաքական մյուս ուժերին, որ չեն մասնակցում ՏԻՄ-երի ձևավորմանը, բայց հաղթանակ են ուզում համապետական ընտրություններում: Այս տարի ընտրության տրամաբանությունը փոխեցին նոր ընդունված Սահմանադրությունը, որ փոխում էր ընտրակարգը, և 2017-ի ԱԺ ընտրությունները. ինքնաբերաբար ՏԻՄ ընտրությունները դառնում էին խորհրդարանականի գլխավոր փորձ: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը: Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով էին, երկու քաղաքներում էլ հաղթել են իշխող ՀՀԿ-ն կամ նրան սատարած ուժը, բայց քաղաքապետ ունենալու համար ՀՀԿ-ն ունենալու է կոալիցիայի կարիք. անցողիկ շեմը հաղթահարել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» և «Գալան»: Իշխանություն և ընդդիմություն պատկերն ապահովելու համար «Գալան» կդառնան ընդդիմություն, իսկ իշխանությունը կանցնի կոալիցիային՝ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից ու «Հայկական վերածննդից» կազմված: Ինչպե՞ս են կոալիցվելու նրանք, որ պատրաստ էին համագործակցել սատանայի, բայց ոչ ՀՀԿ-ի հետ: Նախընտրական պայքարն ունի իր տրամաբանությունը, հետընտրական գործընթացները՝ իրենց:


Որո՞նք էին հոկտեմբերի 2-ի ընդհանրական դասերը:


1. ՀՀԿ-ն անփոփոխ է պահել ռազմավարությունը՝ հաղթել, փոխել է մարտավարությունը՝ հաղթելու ձևերը, ընտրվել է կառավարելի քաոսի տարբերակը, որի արդյունքները հստակ հաշվարկված են: Այս մարտավարությունը լիովին արդարացնում է իրեն՝ ապահովում է ժողովրդավարական ընտրությունների իմիջ, և անվտանգ է՝ կոալիցիոն դաշնակիցները հուսալի են, պայքարում փորձարկված, նրանց վրա լծակներ միշտ կան:
2. Ոչիշխանական ուժերը պայքարում էին ոչ այնքան իշխանության, որքան միմյանց դեմ: Նրանք այդպես էլ չգտան ընդհանուր հայտարար, որ թեթևացրեց իշխանության հաղթանակը՝ մի կողմից, մյուս կողմից՝ հանգեցրեց կոալիցիոն տարբերակին: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունը փորձի ստեղծել արտաքուստ ընդդիմադիր, ներքուստ իշխանական ևս մեկ ուժ՝ ամրացնելու իր դիրքերը:
3. ՏԻՄ ընտրությունները ունեն իրենց առանձնահատկությունները, բայց չի բացառվում, որ ԱԺ ընտրություններում ևս խնդիր դառնա ընտրողների մասնակցության հարցը՝ ՏԻՄ ընտրություններին 50 % մասնակցությունը տագնապի ազդանշան է, որ մտածելու տեղիք է տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Նորահայտ կուսակցությունների հաջողությունը ընտրություններում վկայեց նաև ընդդիմության կազմափոխությունը: ԿԸՀ նախնական տվյալներով՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է 36,59 տոկոսը։ Բալասանյան դաշինքը ստացել է 34,7 %, ԲՀԿ-ն՝ 21,6 %, ՀՎԿ-ն՝ 10, 6%, ԳԱԼԱ-ն՝ 10,5 %, ՀԿ-ն՝ 5,7 %, ՀՅԴԿ-ն՝ 5,4 %, ԳՈԿ-ը՝ 5,7 %, ՀԱԿԿ-ը՝ 1,1 %, ՔՊԿ-ն՝ 1,5 %: Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 42,66 %-ը՝ ՀՀԿ՝ 37,54 %, ԼՀԿ՝ 27,48 %, ՀՎԿ՝ 13,33 %, ԲՀԿ՝ 7,24 %, ՀՅԴԿ՝ 6,36 %: ՀԱԿ-ն ու ՔՊԿ-ն լավ ու երկար մտածելու տեղիք ունեն, իսկ ընդհանրապես ավելի ճիշտ էին այն կուսակցությունները, որ ՏԻՄ ընտրությանը չմասնակցեցին՝ վերևից ներքև փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ են, քան ներքևից վերև, առավել ևս, որ ներքևը այս դեպքում խիստ պայմանական է:

Դիտվել է՝ 1992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ