«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարաթոնն ավարտվեց՝ սկսվում է վազքը

Մարաթոնն ավարտվեց՝ սկսվում է վազքը
04.10.2016 | 00:45

Չկա տրամաբանական սխալ՝ արձանագրումն է իրականության: Կառավարության կազմավորման մարաթոնն ավարտվեց՝ վերջին երկուսն էլ տեղ հասան. մեկը՝ նույն, մեկը՝ անհայտ հասցեով: Սկսվում է ՀՀ 14-րդ վարչապետի կառավարության աշխատանքային վազքը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններն ու հանդիպումները վկայում են, որ 20 օրում ունեցանք 3 Կարեն Կարապետյան:
1. Նորանշանակ վարչապետ, որ դեռ ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստի տպավորության տակ վստահ էր, որ ինքը սիմվոլ ու ոգի լինելուց զատ՝ ծայրից ծայր ազատ է: Այդ փուլում նշանակվեցին առաջին նախարարները, Վաչե Գաբրիելյանի ու Դավիթ Հարությունյանի մնալն արդեն ազդանշան էր՝ նոր վարչապետը աշխատելու է հին ռելսերի վրա:
2. Վարչապետ, որ մի քանի հայտարարությամբ հույսեր ներշնչեց, թե եկել է փոփոխությունների համար, հենց ինքը նահանջեց իր դիրքերից՝ բախվելով քաղաքական էլիտայի անթափանց պատին: «Ոչ մեկից բիզնես չի խլվելու», «Չեմ հավատում», «Պրիմիտիվ գողությունը վերջացրեք»՝ կարող էին կարգախոսներ դառնալ, բայց բարեհաջող լուծվեցին քաղաքական պղտոր ջրերում: ՀՅԴ-ն էլ նրան «չհավատաց», ու պարզվեց, որ ճիշտը ՀՅԴ-ն է: Արդարադատության նախարարը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դա գողության մասին հաղորդում չէ: ԱԺ նախագահը բացատրեց, որ «գողություն չի նշանակում գողանալ»: Նախարարների երկրորդ խումբը Կարեն Կարապետյանի նահանջն էր՝ նա ձևավորեց ոչ իր թիմը՝ վազքի համար ստացավ մարզիկներ բոլոր մարզաձևերից, բայց ոչ վազորդներ: Նոր նախարարները ասպարեզը լցրին իրենց աֆորիզմներով՝ վերակենդանացման մասնագետից մինչև մի փունջ վարդերով դռան զանգը տվողն ու կնոջն ահաբեկողը:
3. ՀՀԿ ԳՄ նիստը նորից իր ուղղորդումները բերեց, պարզվեց, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն համագումար է հրավիրելու: «Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար, չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Չբացառվեց, որ անկուսակցական վարչապետն իր թիմով կհամալրի ՀՀԿ-ի շարքերը: Սա ազդանշան էր, որ Կարեն Կարապետյանը կարող է և ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարը լինել: Այսինքն՝ գոտկատեղից ներքև հարված կուսակցությանը: Ո՞վ կարող է իշխող կուսակցությունը ոչնչացնել, եթե ոչ կուսակցության նախագահը: Բայց դա կկոչվի ոչ թե ոչնչացում, այլ՝ նոր ոգի, նոր շունչ հաղորդել, քաղաքական էլիտայի անխուսափելի փոփոխություն, և այլն, և այլն: Նախագահականում միշտ կգտնվեն բոցաշունչ կամ լալահառաչ շեշտադրումների մասնագետներ, որ ոգևորեն կամ լացացնեն՝ ժամանակ առ ժամանակ ու միաժամանակ: Հասարակությունն անտարբեր կմնա հեղափոխությանը ՀՀԿ-ի ներսում, և նոր ՀՀԿ-ն հաղթական կգնա խորհրդարանական ընտրության, իսկ «պաշտոնաթողները» ստիպված կլինեն արալեզներ որոնել այլ ոլորտներում: Ցատկերը դեպի այլ կուսակցություններ անիմաստ են՝ դեռ Ռոբերտ Քոչարյանն է ավանդույթը սահմանել՝ ընտրացուցակները գրվում են նախագահականում՝ թե իշխանության, թե ոչիշխանության: Ցատկ դեպի ընդդիմություն նույնպես չի ստացվի՝ և ժամանակն է կարճ, և քայլն է վտանգավոր, և ընդդիմությունը չի ընդունի: Փաստացի՝ Կարեն Կարապետյանը ներքաշվելու է քաղաքականության մեջ, որքան էլ փորձում էր քաղաքականությունից վեր մնալ ու աշխատանքի դաշտ էր հայտարարել տնտեսությունը: Ընտրությունները անցնելու են նաև նրա վրայով, եթե պաշտոնավարի մինչև ընտրություններ և կարողանա իր խոստումներից գոնե մի քանիսը կատարել տեսանելի արդյունքով, ոչ թղթի վրա:
Առայժմ նա կտրուկ գնահատականներ է տալիս իրավիճակին, որ ժառանգել է, հիմնականում ռեպլիկներ, որ ՀՀԿ-ի մեկնաբանություններում մեղմացվում են ու պատասխանատվության մասով չեզոքացվում: Բայց գնահատականների մեջ չկա պատճառի բացահայտում, իսկ առանց պատճառն անվանելու ու վերացնելու՝ հետևանքների դեմ ապարդյուն պայքարի հետևից գնացել են թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանը:

Նրանց նվիրական ոտնահետքերով ընթացքը հանգեցնելու է նույն տեղապտույտին: Տրանսֆերտները դեռ երկար չեն վերականգնվելու: Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հատում է կարմիր գիծը՝ վարկերը դառնալու են կամ չափազանց բարձր տոկոսներով, կամ չեն տրվելու: Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ-ում արժանացավ քննադատության տարափի ու ընդունվեց: Եթե քննադատությունը տեղին է՝ ոչ թե նպաստելու, այլ սպառնալու է ձեռներեցությանը: Հարկային մուտքերի ավելացման փորձերը տապալվում են՝ հիշեք կենսաթոշակային կուտակային համակարգը: Տնտեսական գործունեության ակտիվացման ի՞նչ մեթոդներ ու միջոցներ է առաջարկելու մենեջեր վարչապետը թոշակառուների ու դպրոցականների երկրին, որի ակտիվ ու աշխատունակ բնակչությունը տարագնա աշխատանքի է մեկնել: Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը խուսափում գնահատականներ տալուց, որովհետև Էդուարդ Շարմազանովը արդեն հայտարարել է, որ նախորդ կառավարությունների պատասխանատվությունը ՀՀԿ-ի՞նն է, ինչպես նորինը: ՈՒրեմն՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը եկել, եթե ոչ հետ, ոչ առաջ գնալու ազատություն չունի՝ ուր գնա, դիմացը ՀՀԿ-ի պատն է: Փաստորեն անխուսափելի է Տիգրան Սարգսյանի փորձի կրկնությունը՝ նա ևս անկուսակցական էր, բարեփոխիչի իմիջով, գիտնական, որ դարձավ կուսակցական: Ի տարբերություն նրա՝ Կարեն Կարապետյանի կառավարության կազմում չկան օլիգարխներ (առողջապահության նախարարը ալիբի ունի, Դավիթ Հարությունյանը՝ նրա նախարարը չէ), և դա որակվում է մեծ ձեռքբերում: Բայց օլիգարխների հետ հարաբերվելու անհրաժեշտությունը կա, և «Մեծն ստվերը» կվերանա, թե կխորանա, կախված չէ տնտեսական բլոկի նախարարների կամքից ու նույնիսկ «երազից», որ քաղաքական կատեգորիա է դառնում: Ճիշտ կլիներ ոչ թե երազ պահանջել, այլ իդեալ, գաղափար, նպատակ: Համենայն դեպս, վիճակը նետված է՝ կառավարությունը հաստատել է 2017-ի պետական բյուջեի նախագիծը, վարչապետի բնորոշմամբ՝ «կոշտ բյուջե»՝ 70 միլիարդ դրամ եկամուտով, 100 միլիարդ ծախսերի նվազումով:


Վերջապես նշանակվեցին արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան ու վերանշանակվեց արտաքին գործերի նախարար: Գուցե և իր կամքին հակառակ: Ի վերջո՝ ի՞նչ երջանկություն կա ՀՀ ԱԳ նախարար լինելու մեջ: Ինչ էլ անես կամ չանես, ինչ էլ ասես կամ չասես, մեղադրելու են ՌԴ ԱԳՆ-ի մասնաճյուղ ու ՌԴ ԱԳ նախարարի «տեղակալ» լինելու մեջ: Անհիմն չեն մեղադրելու, բայց մեղադրանքի հասցեատերը որքանո՞վ է նախարարը: Նա՞ հրաժարվեց եվրաասոցացումից ու ընտրեց եվրասիականացումը: Նա՞ չի գտնում Իրանի ճանապարհը ու չի պատրաստում ՀՀ նախագահի այցը Թեհրան ու ԻԻՀ նախագահի այցը Երևան: Նա՞ չի կարողանում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափին զուգահեռ Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափ ձևավորել: Նա՞ է «Գազպրոմին» մոնոպոլ դիրքեր տվել Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյա՞նն է մեղավոր, որ քառօրյա պատերազմի օրերին Արցախը մենակ էր մնացել Ադրբեջանի ագրեսիայի առաջ: ԼՂՀ-ի ճանաչումը ի՞նքն է որոշում, թե՞ ինքը ԱԺ չի ներկայացնում ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի նախագիծը: Ինչու, ուրեմն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև վերջին պահը ձգեց ԱԳ նախարարի նշանակումը՝ առիթ տալով, որ միայն լեթարգիական քնի մեջ գտնվողները Նալբանդյանին, իմա՝ իրեն, մ.թ.ա.-ից մինչև հեռավոր ապագա գործած մեղքերի ցուցակը ներկայացնեն գրավոր ու բանավոր, մի քանի տարբերակով: Նյու Յորքում հարցե՞ր կային լուծելու, վերանշանակված նախարարը ավելի վստահ կլուծեր: Չգտնվե՞ց բանակցային գործընթացի համարժեք իմացությամբ, համանախագահների ու ադրբեջանական կողմի մենթալիտետի գիտակ մեկը, որ փոխարիներ, գուցե հենց նոր մարդը նոր մթնոլորտ կբերեր: Կամ՝ ավանդույթ է՝ նախագահի հետ գալն ու գնալը: Ավանդույթը խախտվեց պաշտպանության նախարարի դեպքում, խախտվեց կրկնակի՝ չգրված օրենք էր, որ նախարար դառնում են պատերազմի մասնակիցները, վերջին տարիներին՝ Ղարաբաղից: Վիգեն Սարգսյանի նշանակումը կոտրեց կարծրատիպը: Հայաստանի ազգային բանակը անկախության միակ երաշխիքն է մնացել և անվտանգության երաշխավորը: Կհերիքե՞ն Վիգեն Սարգսյանի կազմակերպական ունակություններն ու ռազմական գիտելիքները՝ լուծելու բանակի խնդիրները, որ բացահայտվեցին քառօրյա պատերազմում: Հաշվի առեք, որ նաև գլխավոր շտաբի պետն է բանակից հեռանում: Յուրի Խաչատուրովը ԱԽ քարտուղար նշանակվեց: Իսկ նրան փոխարինեց Մովսես Հակոբյանը: ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը փոխարինեց Վիգեն Սարգսյանին (նկատո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանի կադրերը հմտորեն հեռացվում են նրանից): Ահա այսպիսի կարուսել՝ կադրային փոխատեղումները կհամարվեն նոր նշանակումներ:

Պատերազմը չի ավարտվել: Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կարգավիճակը կհերիքի նաև Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին՝ «դատելով օգնության հասավ» ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց. «Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն»: Հայտարարությունը անսպասելի չէր, բայց բացահայտեց, որ ԱՄՆ-ը դեմ է Հարավային Կովկասում Մերձավոր Արևելք ստանալուն: Պաշտոնավարման վերջին ամիսներին Ջոն Քերին որոշեց արձանագրել փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում տեսակետները տարբեր են: Համանախագահները միշտ հայտարարել են, որ իրենց պետությունների միջև այլ հարցերում կան տարաձայնություններ, բայց Լեռնային Ղարաբաղի հարցում տեսակետները համընկնում են: Քառօրյա պատերազմը կազանյան տարբերակի բանակցային ավարտն էր, նաև՝ ռազմական: Պատերազմից առաջ ու քառօրյայի օրերին Մոսկվան խաղաց Ադրբեջանի կազմում, հետո որոշեց ստանձնել հաշտարար դատավորի դերը, երբ տեսավ, որ Բաքուն չի արդարացնում բարձր վստահությունը, ու իբրև արդյունք՝ Հայաստանին վաճառեց զենքեր, որով Երևանը կարող է ոչ միայն Բաքուն գրոհել, այլև շուրջբոլորը ավերածություն սփռել:

Ջոն Քերին տևակա՞ն ժամանակով զմռսեց իրավիճակը, թե՞ Ռուսաստանը կգտնի ելքը ու կշարունակի կարևորել իր ներկայությունը: Կամ՝ համանախագահների հերթական այցը տարածաշրջան նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ՝ առաջինը: Նավթային դարաշրջանի ավարտը Ադրբեջանում, սոցիալական բողոքի ալիքները, ընդդիմության ակտիվացումը, ռազմական բյուջեն հինգ միլիարդ դոլարից մեկ միլիարդ դարձնելը փաստեր են, որ օբյեկտիվորեն պիտի նվազեցնեն Իլհամ Ալիևի ռազմատենչությունը և նրա դեպի կանչող հեռուները թափառող հայացքը ուղղեն իր երկրի սահմաններից ներս: Ղարաբաղը՝ Ղարաբաղ, բայց կա իշխանությունը պահելու ու որդուն փոխանցելու շատ ավելի կարևոր խնդիր: Այս ամբողջ պատճառահետևանքային կապերը Վիգեն Սարգսյանի առաջ դրվելու են իբրև պաշտպանական դոկտրինը փոխելու անհրաժեշտություն, որ բխում է իրավիճակի փոփոխությունից: Իսկ Սեյրան Օհանյա՞նը: Գուցե վերադառնա Ղարաբաղ, թեպետ որպես կանոն, Հայաստանից Ղարաբաղ չեն վերադառնում՝ թե նախարար, թե նախագահ, թե վարչապետ: Սամվել Բաբայանի «վերադարձը»՝ ապացույց: Նրանք իրենց հայրենիքի շարքային քաղաքացի լինել չեն ուզում, իսկ պաշտոնները չեն հերիքում՝ ինչպես և Հայաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հիշո՞ւմ եք Օստապ Իբրահիմովիչ Մարիա Բենդեր բեյին: Նրան, որ ադամանդներ էր որոնում 12 աթոռներում: Համարյա կախարդական փայտիկ, որ իրեն պիտի տաներ Ռիո դե Ժանեյրո: Բայց իրականությունը տարավ դեպի Շեպետովկա, որին զարկվելիս փշրվում էին Ատլանտյան օվկիանոսի ալիքները: Մարաթոնը նպատակակետ ազդարարեց Ռիո դե Ժանեյրոն, բայց իրականությունը վազքը կարող է ավարտել Շեպետովկայում:

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ