«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աստված կամենում է մարդկանց պարգևել ուխտի զավակներ

Աստված կամենում է մարդկանց պարգևել  ուխտի զավակներ
04.10.2016 | 00:11

Քե՛զ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած: Դո՛ւ ես Աստվածն իմ (Սաղմ. 21;10-11):
Աստված, ստեղծելով առաջին մարդկանց, օրհնեց նրանց՝ որպես ընտանիք, և պատվիրեց. «Աճեցե՛ք և բազմացե՛ք և լցրե՛ք Երկիրը և տիրեցե՛ք դրան»:


Այս խոսքերն ուղղված էին դեռևս անմեղ մարդկանց, սակայն նրանց անկումից հետո մարդկությունը հեռացավ Աստծո նախանշած ուղուց, արժեզրկվեցին հենց մարդը և մարդկային կյանքը: Արդեն իսկ առաջին մարդկանց սերունդները դարձան եղբայրասպան և զոհ: Սպանության մեղքը դարձավ սովորական երևույթ և Աստծուց հեռացած մարդկային ցեղի մեջ արմատացած կռապաշտության բաղկացուցիչ մաս: Սպանության տարածված ձև էր նաև անցանկալի երեխաներից ազատվելը, որոնց զոհում էին կուռքին, որն ուներ լայն բացված բոցակեզ բերան և առաջ պարզած ձեռքեր:


Հակաբեղմնավորիչների և ընտանիքի պլանավորման 21-րդ դարում, թվում է, պետք է այդ խնդիրն առկա լիներ մեր ժամանակների հեթանոս ցեղերի մեջ միայն, սակայն այսօր քաղաքակիրթ աշխարհում կատարելագործվել են կռապաշտության այդ տեսակի դրսևորման կերպերը և մեթոդները: Ինչպես նշվեց, այդ մեղքը հետևանք էր ընտանեկան արժեքների և սրբությունների ոտնահարման, բարոյական տարրական նորմերի անտեսման, ինչին ականատես և ականջալուր ենք լինում ամեն օր: Մի շարք թվեր փաստում են վերը ասվածը: Աշխարհում մեկ տարվա ընթացքում ոչնչացվում է 53 միլիոն պտուղ: Հղիության արհեստական ընդհատումը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում: Հայաստանում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքն առաջին անգամ ընդունվել է 1955 թվականին:

Ըստ այդ օրենքի, կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը մինչև 12 (այժմ` 15) շաբաթական ժամկետը: Որպես կանոն, տարբեր են աբորտի դիմող կանանց տարիքը, սոցիալական դիրքը, կրթական մակարդակը, դրդապատճառները: Այդ քայլին դիմում են թե՛ իրենց ամուսիններին հավատարիմ և անհավատարիմ ամուսնացած կանայք, թե՛ դեռահասներ, թե՛ մարմնավաճառներ, թե՛ դժբախտ կանայք և աղջիկներ, որոնք հղիացել են սեռական բռնության արդյունքում: Շատերն այդ քայլին են դիմում, չկասկածելով անգամ, որ մարդասպանության են գնում, որովհետև կարծում են, թե իրենց ներսում աճող պտուղը կատարյալ մարդ չէ մինչև ծնունդը: Շատերն էլ մտածում են, թե չեն կարողանա երեխայի համար պայմաններ ապահովել, սակայն դրանք կեղծ տագնապներ են, քանզի եթե Աստված հոգում է մյուս բոլորի համար, չի անտեսի և այս մեկին:


«Ինչպես որ չգիտես, թե ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպես էլ չես կարող իմանալ Աստծո բոլոր գործերը»: Սողոմոնից մինչ այսօր դա անհայտ է գիտությանը, այնուամենայնիվ, հղիության ընթացիկ փուլերի ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել, որ 12-շաբաթական պտուղը գրեթե ամբողջությամբ կազմավորված մարդ է: Պտղի սիրտը սկսում է բաբախել արդեն 20 օրականում: Մինչև 12 շաբաթը ձևավորվում են պտղի արյունատար, նյարդային, մարսողական և այլ օրգան-համակարգերը, նա զգում է իր մորը, նրա մտքերը, տրամադրությունը, արտաքին աշխարհի ազդակները: Նույնիսկ աբորտի ժամանակ նա իր փոքրիկ՝ մինչև ութսանտիմետրանոց մարմնով խույս է տալիս բժշկի ձեռքի գործիքից և ծվարում իր կյանքի առաջին հանգրվանի մի անկյունում՝ ամեն ճիգ գործադրելով՝ պահպանելու համար իր՝ որևէ մեկին չհուզող գոյությունը:


Քրիստոնեական եկեղեցին հղիության արհեստական ընդհատումը, առանց արդարացնելու, թույլատրում է մի շարք դեպքերում՝ եթե մոր կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, արտարգանդային և թունավոր հղիության դեպքում, եթե հայտնի է, որ երեխան լուրջ արատներ ունի: Այսօր աբորտի շատ տարածված պատճառ է ապագա երեխայի սեռը: Ի՞նչ կա որ, մարդիկ տղա են ուզում, իսկ Աստված այդ պարզ ճշմարտությունը չի «հասկանում»: Սա կատարյալ անաստվածության ուղղակի դրսևորում է: Թուրքերը Եղեռնի ժամանակ առավել «խնամքով» էին տանջում հղի հայուհիներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը թուրքի համար մի ծաղկուն Հայաստան էր: Մենք եղեռնագործում ենք ու բղավում. «Հիշում ենք և պահանջում»: Սպանելով ապագա հայ մայրերին՝ մենք սպանում ենք հայի ապագան: Երևույթի հակառակ կողմում են ծնողական բերկրանք փափագող, բայց դրանից զրկված զույգերը, որոնցից ոմանք բաժանվում են, ոմանք՝ երեխա որդեգրում, ոմանք դիմում են արդիական մեթոդների: Երկու դեպքում էլ լուծումը մեկն է՝ ապագա ծնողը պետք է գիտակցի և ընդունի, որ իր երեխան միայն իրենը չէ, նախ և առաջ Աստծունն է, Որի արարչակիցն է ինքը: Աստված կամենում է մարդկանց պարգևել ուխտի զավակներ, որպեսզի մարդկությունը աճի սիրո ու հնազանդության մեջ և առաջանա դեպի կատարելություն: Անկախ աբորտի դիմող կանանց գիտակցության մակարդակից, դրդապատճառներից, հոգեկան ապրումների առկայությունից կամ բացակայությունից, այն կա և մնում է որպես մեղք, որի համար պետք է զղջալ և ապաշխարել: Այն իր հերթին հանգեցնում է անպտղության, հանդիսանում է կանացի մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ:


Սիրելի՛ կանայք, թող ձեր ողջախոհությունը ձեզ մայրական բերկրանք պարգևի ձեր յուրաքանչյուր զավակի ծնունդով։


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ