Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այսօր էլ կան կեսարներ»

«Այսօր էլ  կան կեսարներ»
04.10.2016 | 00:47

Նկարիչների միությունում բացվել է ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑՈՒ (ՋԱՎՐՈՒՇՅԱՆ) «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցին այս անգամ ներկայանում է դեռևս չցուցադրված կոլաժների հավաքածուով, որը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ։ Արվեստագետը յուրովի ներկայացնում է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքի անցյալը, ներկան և ապագան: Կոլաժներն արտահայտում են հեղինակի հույզերը և մեր իրականության մեջ նրան հուզող խնդիրները, մարդ էակի ներաշխարհը՝ ողջ բազմազանությամբ:


Աթոռը առաջին հայացքից ասոցացվում է իշխանության հետ: Մեր հարցին` «Քաղաքական ենթատեքստ ունի՞ ցուցադրությունը», Գևորգ Մշեցին պատասխանեց. «Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյակին, նաև արտացոլում է իմ ապրած տարիները: Ո՞ր գործն է քաղաքականացված` «Ընտրարշա՞վը», «Կշե՞ռքը», «Էլեկտրական աթո՞ռը», «Բյուրոկրատի՞ աթոռը»: «Կեսար» աշխատանք ունեմ: Կեսարը 2000 տարի առաջ է ապրել, բայց այսօր էլ կան կեսարներ կամ դափնիների վրա նստած անձնավորություններ: Դափնի ասելով՝ նկատի ունեմ աթոռը»: Արվեստագետի բնորոշմամբ՝ իր գործերում հումորն է շատ, մի քիչ էլ ժպտում է, մի քիչ էլ՝ քմծիծաղում:


Հայաստանի երրորդ Հանրապետությունը 25 տարեկան է: Անցումային դժվարությունները քիչ թե շատ հաղթահարված են: Հետաքրքրվեցի` արվեստագետն ու իր արվեստը ի՞նչ ընդունելություն, արձագանք են գտնում այսօր: «Ցուցահանդեսը բացել եմ, որ հասկանամ արձագանքը»,- եղավ պատասխանը:


Գևորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նրա գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական և մի շարք խմբակային ցուցահանդեսներում։ Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան)։
«Ժամանակxժամանակxժամանակ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 9-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Գևորգ Մշեցու հետ հարցազրույցը՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ