Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղջկաբերդից դեպի Մանթաշաբերդ

Աղջկաբերդից դեպի Մանթաշաբերդ
04.10.2016 | 00:54

Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Եվ իրոք այդպես է, պետք չէ երկար փնտրել, բավական է մի զննող հայացք նետել, և Հայաստանի տարբեր անկյուններում կգտնես բազմադարյա փոշով ծածկված և մեր վարպետների աստվածատուր մտքի կատարելությունն ընդգծող պատմական հուշարձաններ։ Այդ կոթողները, որոնց մեծ մասն այսօր գտնվում է բարձիթողի և անմխիթար վիճակում, մեր պատմության մի մասնիկն են, նրա խոսուն և լուռ վկաները, որոնց ուսումնասիրությունը նոր մանրամասնություններ կբացահայտի թե՛ հայոց պատմության, թե՛ մշակույթի և թե՛ կենցաղի վերաբերյալ։


Նմանատիպ շինություններից են Աղջկաբերդն ու Մանթաշաբերդը, որոնց պատմության մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա։ Ինչպես նշվեց հրապարակման առաջին հատվածում, որոշ ուսումնասիրողներ դրանց պատմությունը կապում են միջնադարյան պատմիչներ Հովհաննես Դրասխանակերտցու և Կիրակոս Գանձակեցու հիշատակած նշանավոր Կայան և Կայծոն բերդերի պատմության հետ։ Պարզելու համար, թե որքանով է այդ տեսակետը համապատասխանում իրողությանը, նախ աչքի անցկացնենք պատմիչների հաղորդած որոշ տեղեկություններ, ապա փորձենք դրանց միջոցով բացել այդ բերդերն իրար կապող առեղծվածային կծիկը։


Այսպես, Հովհաննես Դրասխանակերտցին հաղորդում է, որ Բագրատունիների ժամանակ հայտնի դարձած Կայան բերդը գտնվել է ՈՒտիքի կողմերում՝ Ձորոփորում, որը համապատասխանում է Աղստև գետի միջին հոսանքի շրջանին, այն է՝ ներկայիս Իջևանի շրջանին։ Միևնույն ժամանակ նշում է, որ Սահակ Սևադան, Կայանից բացի, գրավում է նաև «զմիւս ամրոցն, որ էր մերձ ի նա (Կայանին)»։ Իսկ Գանձակեցին, մոնղոլների կողմից Կայանը պաշարվելու դեպքերը նկարագրելիս, գրում է. «Ամրացաւ եւ նա ի բերդն ամուր, որ կոչի Կայեանգեկին եւ ամենայն բնակիչք գաւառին, ամրացան եւ նոքա շուրջ զբերդովն»։ Ապա ավելացնում է. «Իսկ իբրեւ գիտացին զօրքն այլազգեաց, թէ անտ ամրացավ իշխանն, մի ոմն ի նոցունց գլխաւորացն որում անուն էր Իտուղատայ, առեալ զօրս բազումս, եկն պաշարեաց շուրջ զբերդովն։ Ածին շուրջ զստորոտով բերդին որմս յամենայն կողմանց, յղէին պատգամս առ Աւագն՝ գալ ի հնազանդութիւն ծառայութեան նոցա եւ մի երկնչիլ»։


Փաստորեն այս տեղեկություններից պարզ է դառնում մի քանի կարևոր հանգամանք. Կայանը գտնվում էր ներկայիս Իջևանի շրջանում, այն անառիկ էր, զբաղեցնում էր բավականին մեծ տարածք և ստորոտով մեկ շրջապատված էր մոնղոլների շարած պատերով (միջնադարում բերդի ստորոտով պատ դնելն այնտեղ պաշարված մարդկանց ծարավի մատնելու փորձված միջոց էր)։ Մյուս բերդը՝ Կայծոնը, գտնվում էր Կայանին կից։
Սկսենք նրանից, որ Իջևանի շրջանի մեծ բերդերը երեքն են՝ Աղջկաբերդը, Մանթաշը և Բերդաքարը (Մահկանաբերդը)։


Մահկանաբերդը գտնվում է Իջևանի շրջանի Գետաշեն գյուղից 15 կմ հարավ-արևմուտք, Ոսկեպարի վտակ Խնձորկուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում։ Այն պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։
Աղջկաբերդը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, Աղստևի ձախ ափին ձգվող Կայան (Իջևան) լեռնաշղթայի հարավային հատվածում, Հովք անունը կրող ճյուղի բազուկներից մեկի գագաթին։ Բազուկն իջնում է դեպի գետը, իսկ սեղանաձև կատարը, որի վրա կառուցված է բերդը, բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, ինչը ժամանակին ապահովել է բերդի կատարյալ անառիկությունը։ Բերդին հնարավոր է եղել մոտենալ միայն ոտքով, քանզի մեծ բարձրության և լանջերի թեքության պատճառով գրաստների, սայլերի ու առավել ևս պարսպաքանդ մեքենաների ելումուտը միջնաբերդ բացառված է եղել։ Բերդականները բերդին մոտեցել են արևմտյան կողմից, քարափի վրայով, որի եզրերով ոլորվող արահետը հանգչել է կառույցի հյուսիս-արևմտյան անկյունին։ Հասնելով հիմքից 4 մետր բարձրության վրա գտնվող այս կետը՝ նրանք շարժական կամրջակի միջոցով դիմացի պատի մեջ բացված դռնով մտել են բերդ, որից հետո շարժական կամրջակը հանվել է, իսկ անդունդի եզրին բացվող դուռը փակվել կաղնու հաստ դռներով։ Ի դեպ, Հայաստան աշխարհի անտառներում առատ ամուր բնափայտերի (կաղնի, կենի, գիհի և թխկի) շնորհիվ հայկական բերդերը, անառիկ լինելուց բացի, աչքի են ընկել նաև իրենց ամրությամբ։


Բերդը միաժամանակ պաշտպանված է եղել արհեստական, բրգավոր պարիսպներով, որոնք բոլոր կողմերից եզերել են լեռան գագաթի ժայռոտ բարձր ափերը (այսօր դրանք լավ պահպանվել են)։ Պարիսպների բարձրությունը հյուսիսային կողմից հասել է մինչև 6-7 մետրի։ Պարսպապատն ունեցել է 16 բուրգ և մեծ կամարաձև մուտք (վերջինը կիսավեր է), որի մոտ եղել է (այժմ էլ պահպանվել է) պահակասենյակ, իսկ հարավային կողմից՝ դիտարկման սենյակ։
Սա այն եզակի բերդերից է, որի ամբողջականությունը լավ պահպանվել է, ուստի պատմահնագիտական մեծ արժեք ունի։ Շուրջ կես հեկտար մակերես ունեցող կատարի սեղանաձև հարթությունում կառուցված բնակելի շինությունների, ջրամբարների, խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցու և պարիսպների մնացորդները մինչ օրս կանգուն են։ Բոլոր այդ շինությունները կառուցված են կապտավուն բազալտից՝ ամուր կրաշաղախով: Ջրամբարները երկուսն են։ Նրանցից մեկը շատ մեծ է, իսկ մյուսը՝ փոքր։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է փոքր ավազանի մեջ, ապա այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը: Թե՛ ջրատար խողովակները և թե՛ ծխնելույզի խողովակները կարմրավուն կամ դեղնավուն մակերես են ունեցել։ Կարելի է ասել, որ այս բերդում բոլոր անհրաժեշտ պայմանները եղել են՝ պաշարման դեպքում երկար ժամանակ ապահովաբար պաշտպանվելու համար, միայն թե միջնաբերդի մեծ ամբարում ժամանակին կուտակած լինեին ջուր և պահեստավորած՝ սննդամթերքի ու զենքի պաշարներ։


Իջևանի շրջանի մյուս խոշոր բերդը Աղջկաբերդին դեմ դիմաց, Աղստև գետի աջ ափին, Պայտապար լեռնաշղթայի անտառապատ ժայռերից մեկի գագաթին ծվարած Մանթաշաբերդն է, որը տեղացիներին հայտնի է նաև որպես Աշոտ Երկաթի բերդ։ Այն երեք կողմից անառիկ է, իսկ հյուսիսային լանջի կողմից պաշտպանված է ամուր պարսպով, որն ունի բրգաձև աշտարակներ, իսկ պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր: Պարսպապատերը սև քարից են՝ ամուր կրաշաղախով: Ի դեպ, սև գույնի պատճառով օտար նվաճողները ժամանակին այն անվանել են Սև բերդ։ Բերդը գրավում է 2 հեկտար տարածություն, որտեղ պահպանվել են միջնաբերդի, ջրավազանի, կացարանների հետքեր։ Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից: Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավ-արևմտյան անկյունից է՝ լեռնապարսպի արևելյան կողմից: Ամրոցը կրկնահարկ է. առաջին հարկը բավական ընդարձակ է։ Հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը` միջնաբերդը։ Այն ամրացված է պարսպապատերով և արևելյան կողմից ունի առանձին մուտք: Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն: Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատեր։


Այսպիսով՝ Աղջկաբերդն անկասկած անառիկ է, բայց այն բավականին փոքր է (կես հեկտար) գավառի՝ թշնամուց փախած մեծաքանակ բնակչությանը տեղավորելու համար։ Մանթաշն իհարկե կարող էր թշնամական հարձակումների ժամանակ ընդունել բազմաթիվ մարդկանց (զբաղեցնում էր 2 հեկտար տարածություն), սակայն հարավ-արևելքից խոցելի էր, և հակառակորդը կարող էր այդ կողմից պարսպակործան մեքենաներ մոտեցնել և գրավել այն։ Եվ հետո ո՛չ Աղջկաբերդի, ո՛չ էլ Մանթաշի ժայռերի ստորոտներում որմերի որևէ հետք չի նշմարվում։
Այս առեղծվածն ի վերջո բացահայտելու հստակ որոշմամբ կրկին ճանապարհ ընկանք։ Նախկինում մի քանի անգամ փորձել էինք ինչ-որ բան գտնել, բայց ապարդյուն։ Այս անգամ վստահ էինք, որ ձեռնունայն չենք վերադառնալու, քանզի ձեռքներիս տակ ունեինք վաստակաշատ լրագրող, գրող և հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի տրամադրած «ձեռագիր հատակագիծը», համաձայն որի՝ Աղջկաբերդի լեռնամատին արևելքից զուգահեռ, շուրջ մեկ կիլոմետր հեռավորությամբ, նույնպես Իջևանի լեռնաշղթայից սուր թերակղզու նման դեպի Աղստև գետը սլաքվող մի այլ լեռնաճյուղի ծայրամասին գտնվում է մեկ այլ ամրոց, որը, ըստ նրա, Կայանն է, որտեղ մոնղոլների արշավանքի ժամանակ ապաստան է գտել ժողովուրդը, իսկ Աղջկաբերդը՝ նրա միջնաբերդը, որտեղ պատսպարվել է Ավագը։


Անտառում ամեն ինչ նույնն էր. անտառահատների սղոցների նույն անդադար և վրդովեցուցիչ աղմուկը, դժվարին և երկար ճանապարհը, չարաբաստիկ մառախուղը, որին այս անգամ ընկերակցելու էր եկել անդուլ թափվող անձրևը։ Եվ չնայած բոլոր այս դժվարություններին՝ ի վերջո գտանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նախ հասանք մի բացատի, որը կարծես նախկինում բնակատեղի է եղել, քանզի պահպանվել են ուղղանկյուն հատակագծով քարից շարված բազմաթիվ շինությունների հետքեր (հետաքրքիրն այն է, որ այն գտնվում է Աղջկա բերդի ճիշտ ստորոտում, ուստի լիովին հնարավոր է, որ պատկանել է մոնղոլներին, ովքեր երկարատև պաշարումների ժամանակ դրանք կառուցել են որպես ժամանակավոր կացարաններ), ապա դրա դիմացի եռակատար բլուրն ի վեր բարձրանալով՝ գտանք հնավայրը։ Դրան հասնելը բավականին դժվար էր, քանզի բլուրը մեծ թեքություն և մոտ 100 մետր բարձրություն ունի, որին գումարվել էին մառախուղը և անձրևից թրջված կպչուն հողը։ Այնպես որ շատ հոգնած և հուսահատված էինք, երբ պատահաբար ծառերի արանքից նշմարեցինք բավականին բարձր մի շարվածք. ավելի ուշ հասկացանք, որ այն բերդը շրջապատող պարսպի մի մասն է։ Շարժվելով այդ ուղղությամբ՝ գտանք իրար մոտ-մոտ կառուցված մի քանի տասնյակ ուղղանկյուն հատակագծով կացարաններ, որոնց մնացորդներից կարելի է դատել, որ կառուցվել են բազալտե սյուները երկայնակի իրար վրա շարելով՝ առանց շաղախի։ Տարածքը բավականին մեծ էր, ուստի առաջին անգամ չհասցրինք ամբողջությամբ ուսումնասիրել այն։ Միայն մի քանի կացարանների դիրքից հասկացանք, որ բերդի լոկ վերին շերտն է երևում, քանզի կացարաններից մեկի դուռը, որի ծածկը մեկ ամբողջական քարից էր, ընդամենը կես մետր բարձրություն ուներ։


Ռուբեն Սիմոնյանը, այս հնավայրի մասին խոսելիս, գրում է, որ բերդը տեղակայված է եռակատար բլրի երկրորդ և երրորդ կատարների վրա, որոնք իրար են միացած 35-40 մետր իջվածքով։ Նրանց ողջ եզրով ձգվում է քարակուռ բերդապարիսպը։ Այն որոշ հատվածներում պահպանվել է 2,5-3 մետր բարձրությամբ, իսկ այլ տեղերում ընդհատվում է՝ հանգուցվելով ուղղաձիգ քարափների կատարներին, որոնց մոտենալը ժամանակին պարզապես անհնարին է եղել հարձակվողների համար։ Ըստ նրա՝ կերտվածքի եղանակով և մեծությամբ այս ամրոցը եզակի է Հայաստանի հյուսիս-արևելքում։ Այն զբաղեցնում է 4-4,5 հեկտար տարածք, որտեղ պահպանվել են մի քանի տասնյակ կացարաններ և երկրորդ գագաթի բարձրակետում կառուցված կլոր հատակագծով մի «իշխանական պալատ»։ Թե՛ բերդապարիսպը և թե՛ կացարանները կերտված են բյուրափող հսկա երգեհոնների նմանվող 3, 4 և 5 կողանի բազալտե սյունափնջերից անջատված քարերից, որոնց երկարությունը տեղ-տեղ հասնում է 2 մետրի։ Բերդապարսպի արտաքին ծայրերը կազմել են պարսպի ճակատը, իսկ սենյակների ներսում՝ պատերը։ Անշուշտ, սենյակներն ունեցել են փայտե ծածկ, որը մթերվել է շրջապատող անտառից։ Ի դեպ, երրորդ կատարի սենյակները, որոնք տեղադրված են հարավային, իսկ երկրորդ կատարինը՝ հարավ-արևելյան ուղղությամբ, կառուցված են «փոփոխական հարկերի» եղանակով՝ ներքևինի տանիքը բակ է ծառայել վերևինի համար։

Ամրոցի տարողությունը մեծացվել է պարսպից դուրս գտնվող կլոր և ուղղանկյուն հատակագծով կացարաններով, որոնք գուցե նախատեսված են եղել բերդապահ զինվորների համար։ Պաշարվածները խմելու ջուր վերցրել են մոտակա երկու ձորակների աղբյուրներից։ Ջրավազանի և հոգևոր շինության հետքեր չեն նշմարվում, գուցե գտնվում են քարակարկառների տակ։ Ի դեպ, հնավայրի պարիսպներից մի քանի տասնյակ մետր ներքև, բլրի ստորոտի ողջ երկայնքով, նշմարվում են քարե պատերի հետքեր, որոնք հաստատելու են գալիս Ռուբեն Սիմոնյանի տեսակետը, որն ի դեպ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ժամանակին արտահայտել է նաև «Կայան» հոդվածի հեղինակ Թ. Հակոբյանը։ Նա, Աղջկաբերդն ընդունելով որպես Կայան բերդ, միաժամանակ, առանց տեղը ստույգ նշելու, գրել է. «Բուն բերդի ավերակները գտնվում են մի առանձնացված ու զառիթափ լանջով լեռան վրա»։


Այսպիսով՝ լիովին հնարավոր է, որ Աղջկաբերդն ու այս հնավայրը մի ամբողջական համալիր են եղել և երկուսը միասին կազմել են Կայան բերդը, իսկ Աղջկաբերդի դեմ դիմաց գտնվող Մանթաշը հանդիսացել է Կայծոնը։ Ի դեպ, Ռաֆայել Մաթևոսյանը Կայծոնը (Մանթաշը) դիտել է ոչ թե առանձին բերդ, այլ Կայանին (Աղջկաբերդին) կից օժանդակ կառույց՝ դիտակետ-պահակակետ, քանզի թեև Աղջկաբերդն իր բնական և ռազմագիտական դիրքով գերիշխող է Աղստևի հովտի ողջ տարածքում, այնուամենայնիվ, ձախակողմյան հատվածն այնտեղից տեսանելի չէ (հարևանցող բազուկի պատճառով), ինչը հիանալի դիտվում է Մանթաշից, ուստի ժամանակին այդ հատվածը հսկողության տակ է պահվել Կայծոնից և վտանգի մասին ազդանշաններով հայտնել Կայան։ Գիշերները հենց այդ կրակով պարբերաբար ազդանշանների պատճառով էլ բերդը կոչվել է Կայծոն։


Բերդերի տեղադրության հարցը վերջնականապես լուծված համարելուց առաջ քննենք ևս մեկ հարց. ինչո՞ւ են Կայան և Կայծոն անվանումներին փոխարինելու եկել նոր՝ Աղջկաբերդ և Մանթաշաբերդ անվանումները։ Այս հարցի հետ կապված մի հետաքրքիր ավանդազրույց է պահպանվել, ըստ որի՝ մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել, որն ունեցել է իր զորքը: Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ նրա հետ, բայց աղջիկը մերժել է բոլորին։ Հմայված իշխանները, մերժումից մոլեգնած, փորձել են ուժով տիրել: Այդժամ իշխանուհին, հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցել է մի ամրոց և իր զորքով պատսպարվել այնտեղ: Աղջկա համառությունն ավելի է բոցավառել նրա երկրպագուներից իշխան Մանթաշի սերը, և նա Աղջկաբերդի դիմաց կառուցել է մեկ այլ բերդ՝ Մանթաշաբերդը և այնտեղից հաճախակի հարձակումներ գործել Աղջկաբերդի վրա, սակայն երբեք հաջողության չի հասել։ Այս հարձակումներից հոգնած՝ աղջիկը մի անգամ ինքն է զորք ուղարկել և լիակատար հաղթանակ տոնել։ Մանթաշը թեև պարտություն է կրել մարտում և հաշտություն խնդրել, բայց միաժամանակ կարողացել է գտնել աղջկա սիրտ տանող ճանապարհը, քանզի այս դեպքերից հետո նրանք համաձայնության են եկել մնալու իրենց բերդերում, բայց ի նշան բարեկամության՝ Աղստև գետի ափին կառուցել են մի բաղնիք, որը հանդիսացել է նրանց ժամադրության վայրը (մինչ օրս բաղնիքի մնացորդները կանգուն են): Ասում են՝ նրանք հանդիպակաց ժայռերի գագաթներին ծվարած բերդերից նշաններով հաճախ խոսել են միմյանց հետ։


Պարզվում է` ըստ պատմագրության՝ Ավագի, ապա նրա կնոջ՝ Գոնցայի մահից հետո «Ավագյան տան» ողջ տիրույթները, այդ թվում՝ Կայան ամրոցը, անցել են նրանց միակ դստերը՝ Խոշաքին, ով, հավանաբար, հանդիսացել է Կայանի՝ որպես պաշտպանական-հենակետային նշանակություն ունեցող ամրոցի վերջին տիրուհին, քանզի նրանից հետո ամրոցի այդօրինակ դերի վերաբերյալ հիշատակություններ չեն հանդիպում։ Լիովին հնարավոր է, որ ժողովրդի հիշողության մեջ հենց Խոշաքի կերպարն է պահպանվել, և այստեղից էլ Կայանը ստացել է «Աղջկաբերդ» անվանումը։


Ահա և վերջ. թվում է՝ գտնվեցին բոլոր հարցերի պատասխանները, սակայն սրանք լոկ ենթադրություններ են, քանի դեռ չեն պեղվել այս բերդերը և վերջնականապես լուսաբանել մեր պատմության գողտրիկ և խորհրդավոր էջերը։


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 17695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ