Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Բալա ջան, էդ աշուղն իր լարը գտել է, ես մինչև հիմա փնտրում եմ»

«Բալա ջան, էդ աշուղն իր լարը գտել է, ես մինչև հիմա փնտրում եմ»
04.10.2016 | 00:34

2016-ը հոբելյանական է Ջավախքից սերված և՛ մեծանուն աշուղ Ջիվանու (ծննդյան 170-ամյակ), և՛ աշուղ Հավասու համար. լրանում է սիրելի աշուղի ծննդյան 120-ամյակը (1896-1978): Հավասին 1929 թ., երբ արդեն ընտանիք էր կազմել և երկու երեխայի հայր էր, ծննդավայր Ծալկայի շրջանի Այազմա գյուղից տեղափոխվում և մշտական բնակություն է հաստատում Ախալքալաքում, իսկ 1944 թ. հաստատվում է Երևանում: Մոտավոր հաշվումներով Հավասին գրել է 2000 երգ և 1500 քառյակ, 130-ի չափ էլ հորինել է մեղեդիներ։ Նրա գրչին են պատկանում նաև մի շարք հեքիաթներ։ Այդուհանդերձ, քչերին է հայտնի, թե ով է եղել Հավասու ուսուցիչը, ում ջանքերն ու նվիրումը մեծ դերակատարում են ունեցել Վարպետի` ՈՒստա Արմենակի (Հավասու) կյանքում. աշուղ Թիֆիլի (Եղո Մանուկյան, 1845, Ջավախք, գ. Սուլդա - 1923, Աջարական ԻՍՀ, Բաթում), աշուղ Ջիվանու ժամանակակիցն ու մտերիմ ընկերը, ում հետ աշակերտել է աշուղ Սիայուն, աշուղ Հավասու նվիրյալ ուսուցիչը, ում ամբողջ կյանքում պաշտել է Վարպետը: Հավասու երգերն ուշադիր ընթերցելիս վառ կերպով զգացվում է Թիֆիլու շունչը:


Կարնո բարբառային հենքի վրա Ջավախքում տարածված է «հավաս» բառը, որ նշանակում է տրամադրություն, ցանկություն, սեր: Ահա երիտասարդ Արմենակը, այդպիսի հավասով մանչ լինելով և հավասով երգեր հորինելով, շատ շուտով իր ուսուցչից՝ աշուղ Թիֆիլուց, օրհնանքի հետ ստանում է նաև իր ապագա աշուղական անվանումը՝ Հավասի: Երախտապարտ Հավասին ունի իր վարպետին նվիրված մի շարք ձոներգեր:


Հավասին կամ, ինչպես իր հարազատ Ջավախքում էին նրան դիմում, ՈՒստա Արմենակը կամ Արմենակ տացուն, և՛ Ջավախքում, և՛ Երևանում ապրած տարիներին յուրաքանչյուր ջավախքցու ամենացանկալի հյուրն էր: Յուրաքանչյուր այցի ժամանակ, լիներ դա համերգային շրջագայություն կամ մասնավոր հյուրընկալություն, հավաքվում էր ոչ միայն տվյալ գյուղի կամ քաղաքի, այլև մոտակա բնակավայրերի ողջ հասարակությունը: Եվ ահա Վարպետի արվեստի երկրպագուների վառվող հայացքների կիզակետում հայտնված ՈՒստա Արմենակը սկսում էր իր հետաքրքիր պատմությունները, հարցուփորձը, որի միջոցով պատմական այդ զրույցներին մասնակից էր դառնում յուրաքանչյուր ոք՝ մեծից մինչև մանկահասակ: Վարպետի ջավախքյան այդ հանդիպումները հիշվում են սերնդեսերունդ, իսկ սիրելի աշուղի պատմած կամ հայրենակիցների տարաբնույթ հարցերին տված սրամիտ պատասխանները վաղուց արդեն դարձել են թևավոր մտքեր, խրատանի և համալրել ջավախահայոց բանահյուսության հարուստ գանձարանը:


Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի քանի պատմություններ, որոնք լավագույնս են բնորոշում Վարպետի հուզաշխարհը, նրա սահման չունեցող սերը առ հայրենի ծննդավայր և հարազատ ժողովուրդ:


Վարպետին առնչվող հիշարժան պատմությունների ծանրակշիռ մասը սերտորեն աղերսվում է նրա կույր լինելու հանգամանքի հետ, և շատերի զարմացական, հաճախ ոչ այնքան տեղին տրված հարցերն առնչվել են դրան: Այսպես՝ Ախալքալաքի շրջանի Ղադո գյուղում մի հյուրընկալության ժամանակ, երբ հերթական համերգից հետո գյուղացիները հավաքվում և համակ ուշադրությամբ լսում են Վարպետին, ղադոցի կլառնետահար Աշոտ Հարությունյանը հարցնում է. «ՈՒստա Արմենակ, ախր դու կյանքում եղնիկ չես տեսել (նկատի ուներ Հավասու կույր լինելը), որտեղի՞ց գիտես, թե եղնիկը ծուռ կաշե, որ գրել ես քո հայտնի «Եղնիկի պես ծուռ մի աշե» երգը»: Ցավոք, հուշերում չի պահպանվել Վարպետի պատասխանը, բայց որ այն նույնքան սրամիտ է եղել, կասկածից վեր է, քանի որ բոլորին էին հայտնի ՈՒստա Արմենակի սրամիտ խոսքերը:


Ջավախքում առանձնահատուկ գույներով են ներկայացվում Վարպետի հատկապես հումորային, դիպուկ և սրամիտ խոսքերը: Այդպիսի մի պատմություն է թևածում նաև Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղում: Էլի հերթական համերգ, գյուղի հասարակության խուռն բազմություն, վառվող հայացքներ, ու հանկարծ Վարպետին է մոտենում մի պատանի և ամենայն լրջությամբ հարցնում. «Վարպետ, մեր գյուղը մի աշուղ էր գալիս, որը մատը միշտ պահում էր սազի մի լարի վրա: Դուք շատ հետաքրքիր եք նվագում, Ձեր մատները լարերի վրա անընդհատ շարժման մեջ են»: Վարպետը պատասխանում է. «Բալա ջան, էդ աշուղն իր լարը գտել է, ես մինչև հիմա փնտրում եմ»:


Հավասու մասին թևածող պատմությունների բույլի մեջ մեծաթիվ են նաև այն պատմությունները, որոնցում, հաշվի առնելով Վարպետի կույր լինելու հանգամանքը, ներկայացվում են նրա կողմից շրջապատը ճանաչելու, բոլորին ձայներով ճանաչելու անսահման խոր ունակությունները: Վարպետի հայրենի Ծալկայում և Այազմա գյուղում ապրող մարդիկ միաբերան վկայում են, որ Արմենակ տացուն իրեն շրջապատող փոքրիկների բարևները լսելով մեկ առ մեկ գուշակել է, թե ով ում երեխան է: «Բարև, աղջիկս, դու Արշակին ի՞նչն ես, ձայնդ նման է»: «Եղբոր աղջիկն եմ»,- լինում է պատասխանը: «Դու Մեսրոպին մա՞նչն ես, ձայնդ հորդ ձայնն է»,- հարցն ուղղված էր մոտեցող մյուս դպրոցականին:


Ջավախքի Փարվանա (Ռոդիոնովկա) գյուղում ապրում էր Հավասու բազմաթիվ քույրերից մեկը՝ Տրափինին: Մի օր, երբ Վարպետը հյուր էր գնացել Փարվանա, քրոջ տանը առավոտյան մատուցած կաթը չի խմում, իսկ քրոջ հարցական հայացքին պատասխանում է. «Ախր տաքացնելիս մատդ մեջը մտցրիր»:


Վարպետի զարմիկ Վ. Ծառուկյանի վկայությամբ՝ ճաշելիս Հավասին քրոջը՝ Սաթենիկ Մարկոսյան-Ծառուկյանին, մշտապես նստեցրել է իր կողքին, որպեսզի քույրը զգոն լինի և չթողնի, որ կերակրի մեջ ճանճ ընկնի: Մի անգամ էլ, երբ ՈՒստա Արմենակն իր մշտական ուղեկցորդուհի, երգչուհի Վարդուշի հետ (Հավասու օրինավոր կինը եղել է Ջավախքի Գանձա գյուղից, անունը՝ Փառանձեմ, որից ունեցել է 4 զավակ՝ Վաչագան, Շավարշ, Գուրգեն, Ռոզա, իսկ Վարդուշի հետ մտերմական կապերից ծնվել է Հավասու վերջին ժառանգը, որին իր անունով կոչել են Արմենակ) անցնելիս է լինում Ջավախքի գյուղերից մեկի տան կողքով, ջուր է խնդրում: Երբ ջուր բերող պառավը մոտենում է, Վարդուշը կամացուկ շշնջում է Վարպետի ականջին, որ պառավի դեմքը վերքոտ է: Հավասին այս լսելով՝ բաժակը շուրթերին է մոտեցնում հենց բռնակի մասից: Պառավն այս տեսնելով՝ ասում է. «Արմենակ տացունա ինձի պես կխմե»:
Մի անգամ Ավ. Իսահակյանը և աշուղ Հավասին նստած են լինում աշուղի տան դռան առջև (աշուղի տունը գտնվել է Կիևյան կամրջին հարակից տարածքում): Իսահակյանը գլուխը տարուբերում և մտախոհ վրա է բերում. «Էհ... Վարպետ, երանի քեզ, որ չես տեսնում»: Աշուղի զարմացական հայացքին Իսահակյանը պատասխանում է. «Երանի քեզ, որ դռնովդ անցնող գեղեցկուհիներին չես տեսնում և տանջվում…»:


1956 թ. Հավասին իր մորական գյուղում՝ Ծալկայի շրջանի Խաչգյուղում (այս գյուղում է ամուսնացած եղել նաև Հավասու մյուս քույրը), հանդես է գալիս համերգով, ավարտին գյուղապետը տուն է հրավիրում ճաշի: Եվ ահա ճանապարհին Վարպետը քայլում է ու խոսում. «Սա Փիլթոյանների ջրաղացն է, սրանք Բուլուզյանների տներն են, իսկ երբ հասնում են գյուղապետի տան մոտ՝ Վարպետը զարմացած գոչում է. «Էս Չիդիլյանները տան երկրորդ հարկն էլ են կառուցե՞լ»:


Նույն Խաչգյուղի մշակույթի տան հանդիսավոր բացման (1958 թ.) առաջին համերգը տալու պատվին արժանանում է աշուղ Հավասին: Համերգի ավարտին, ինչպես միշտ, Վարպետի և հանդիսատեսի միջև տեղի է ունենում երկխոսություն, որի ընթացքում ոչ միայն Խաչգյուղի, այլև Ծալկայի շրջանի բազմաթիվ գյուղերից ժամանած մասնակիցների ձայները լսելով՝ աշուղը մեկ առ մեկ տալիս է ոչ միայն այդ մարդկանց անունները, այլև հավելյալ բնորոշիչներ՝ մականուններ, մասնագիտություններ, հայրանուն-տոհմանուններ և այլն: Հիրավի, աշուղի սերը առ ծննդավայր ու հարազատ ժողովուրդ անսահման էր:


Խոսելով Հավասու սիրելի ստեղծագործություններից մեկի՝ «Յայլավոր յարս» երգի մասին՝ նշենք, որ այս երգը ջավախահայության յուրաքանչյուր տարիքային-գիտակցական շերտի մոտ ունի յուրահատուկ ընկալումներ: Մի քիչ երիտասարդ հասակում մարդիկ դժգոհում են, թե ինչու են շատ կատարողներ փոխում երգի բառերը և երգում «Հայաստանի սեգ սարերեն», չէ՞ որ Վարպետը ի սկզբանե գրել և երգել է «Մեր Ջավախքի սեգ սարերեն» տարբերակով: Բայց երբ մարդիկ ավելի շատ են մտորում այս երևույթի շուրջ արդեն մի քիչ ավելի բարձր տարիքում, գիտակցում են, որ Հավասու երգերը վաղուց արդեն վայելում են ոչ թե լոկալ, տեղային, այլ համահայկական սեր, որ Հավասին արդեն համահայկական երևույթ է, և Հավասու երգերն էլ վաղուց դուրս են եկել ծննդավայր Ջավախքի սահմաններից ու դարձել համահայկական արժեք: Այսինքն՝ երգի մեջ կատարվել է ոչ թե սոսկ բառերի կամ աշխարհագրական անունների ֆիզիկական փոփոխություն, այլ այստեղ արտացոլված է Հավասու աշուղական արվեստի էվոլյուցիան: Այսպիսով՝ «Յայլավոր յարս» երգը պետք է համարել Վարպետի ստեղծած հոգևոր արժեքների՝ տեղայինից համահայկականի վերածվելու ապացույցը և խորհրդանիշը:
1992 թվականից սկսած յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի առաջին կիրակի օրը Հավասու հայրենի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում հանդիսավոր կերպով նշվում է ավանդական դարձած «Հավասիական օրը», և Վարպետի պաշտելի հայրենիքում վերստին թնդում է հավասիական երգը՝ պարզ ու նվիրական, հուզառատ ու թովիչ, հոգեզմայլ, ինչպես Ջավախքի «եղնիկի պես ծուռ աշող» աղջիկները…


Աշուղ Հավասուն առնչվող պատմությունների գրառման հարցում մեզ սիրահոժար աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում երգիչ Մասիս Հունանյանին (Ջավախքի Արագովա գյուղ), Հավասու քրոջ որդուն՝ Ջավախքի Փոքր Արագյալ գյուղի բնակիչ Վանիկ Ծառուկյանին, Ծալկայի Ղուշչի գյուղի բնակիչ Սամվել Խումարյանին, Հավասու ազգական, ՀԱԵ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանին (Ծալկայի Խաչգյուղ գյուղ), ինչպես նաև Վարպետի հայրենի Այազմա գյուղի բնակիչներ Մերուժան Առաքելյանին և Վալերի Ծառուկյանին (Հավասու ազգական):

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Պ. գ. թ.

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ