Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայկական թեմաները չեն ծնվում, հայկական թեմաներն իմ մեջ ապրում են»

«Հայկական թեմաները չեն ծնվում,  հայկական թեմաներն իմ մեջ ապրում են»
04.10.2016 | 01:00

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր ՎԻԳ ԶԱՐԹՄԱՆԸ (Վիգեն Կզարտմյան) բնակվում է Ավստրիայում, ստեղծագործում է տարբեր ժանրերով, գրում ֆիլմերի մեղեդիներ, աշխատում եվրոպական հեռուստաընկերությունների հետ։ Նա այսօր «Իրատեսի» հյուրն է:


-Վիգ, սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախությանը նվիրված հոբելյանական համերգին, «Անկախության սերունդ» անվանումը կրող նախագծի շրջանակներում առաջին անգամ ներկայացվեց Ձեր «Աստված օրհնի Հայաստանը» ստեղծագործությունը։ Հանդիսատեսն այն սիրեց։ Ի՞նչ էիք զգում, երբ բեմում հնչում էր Ձեր գործը։
-Այո, ստեղծագործությունը ծնվեց շատ կարճ ժամանակում, հենց «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի համար, ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ։ Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ իրականում հնարավոր կլինի իրագործել այս ֆանտաստիկ նախագիծը։ Անկեղծ ասած, մինչև առաջին փորձին ներկա գտնվելը բավականին անհանգիստ էի, բայց երբ տեսա հարյուրավոր երիտասարդների ոգևորությունը, ջանքերն ու ուրախությունը ստեղծագործությունս կատարելու ժամանակ, շատ ավելի հանգիստ էի։ Գործը սիրվեց։ Կարող եմ ասել՝ իսկապես սիրվեց և՛ հանդիսատեսի, և՛ անկախության սերնդի կողմից։ Արդեն փորձերից սկսած՝ ստանում էի բազմաթիվ դրական և ամենակարևորը՝ անկեղծ խոսքեր ու նամակներ։ Ինչ վերաբերում է կատարման պահին կոնկրետ իմ զգացողություններին, կասեմ շատ կարճ՝ հանգիստ էի, վստահ և փորձում էի վայելել։
-Ձեր կարծիքը, խնդրում եմ, ավելի քան 1100 պատանիների և երիտասարդների համախմբող «Անկախության սերունդ» նախագծի մասին։ Երեխաներն ինչպե՞ս կատարեցին Ձեր գործը։
-Նախագծի մասին կարծիքս անկասկած մեկն է՝ փայլուն գաղափար, անհավանական բարդ կազմակերպչական աշխատանք, անլուծելի թվացող անթիվ խնդիրներ և շատ հաջողված իրականացում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, որոնք այս ամիսների ընթացքում իսկապես անհնարինը դարձրին հնարավոր։ Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուզում հղել կատարողներից յուրաքանչյուրին հրաշալի կատարման համար։ Այո, մենք կարող ենք, մենք ահռելի մեծ հարստություն ունենք, դա առաջին հերթին մեր անկախ, ուժեղ, հզոր, փայլուն և պայծառ երիտասարդությունն է։ Միասին մենք կարող ենք ամեն ինչ։ Ինքս՝ որպես ստեղծագործության հեղինակ, բավարարված եմ այնքանով, որ այն պայքարող ոգին, այն սերը հայրենիքի հանդեպ, այն ուժն ու առաջ գնալու և երբեք չհանձնվելու գաղափարն ու թեման, որ ես դրել էի այս ստեղծագործության մեջ, մեր շնորհալի և անկախ սերունդը կարողացավ ընկալել, զգալ և հենց այդպես էլ փոխանցել։ Արդյունքը, ինչպես տեսաք, ավելի քան տպավորիչ էր։
-Դրսում ապրելով՝ Հայաստանը, կարծես, միշտ Ձեր մեջ է։ Անցած տարի ներկայացրել էիք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործություն, այս տարի՝ Անկախության 25-ամյակին նվիրված գործը։ Հայկական թեմաներն ինչպե՞ս են ծնվում։
-Հայկական թեմաները չեն ծնվում, հայկական թեմաներն իմ մեջ ապրում են, կան, և ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։ Որքան էլ ինքս կոսմոպոլիտ մարդ եմ, արդեն ապրածս տարիների կեսը Եվրոպայում եմ անցկացրել, այնտեղ եմ ստեղծագործում, բայց ազգային ինքնության գիտակցումը ոչ մի վայրկյան չի թուլացել կամ զիջել ինչ-որ ուրիշ ազդեցության։ Հայկական թեմաների վերաբերյալ գաղափարները, համապատասխան առիթներով, ուղղակի ինչ-որ ձևաչափով ծնվում են։ Օրինակ, ինչպես հիշեցիք, 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, չէի կարող անտարբեր լինել և չստեղծել գործ՝ նվիրված մեր պատմության այդ ողբերգական էջին։ Եվ հպարտ եմ, որ ոչ միայն կարողացա ստանալ մեծ ֆինանսավորում հենց Ավստրիայի մշակույթի նախարարության և Վիեննայի քաղաքապետարանի կողմից՝ գրելու Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերածնվող արմատներ» (Roots of Revival) գործը նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար, այլև իրականացնել նախագծի կատարումը այնպիսի մեծանուն դահլիճներում, ինչպիսիք են Վիեննայի «Մյուզիքֆերեյնը» և Լինցի «Բրուքներհաուզը»։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է։ ՈՒրախ եմ նաև «Փրկության քարտեզ» ֆիլմի երաժշտությունը ստեղծելու համար։ Մեր մշակութային արժեքները և մեր պատմությունը մենք, կարծում եմ, լավ թե վատ գիտենք, բայց շատ ավելի բարձր գնահատանքի պետք է արժանանան արվեստում այն գործերը, որոնք լայն հանրության ուշադրությունն են գրավում և մեզ ու մեր մշակութային հարստությունը բարձրացնում միջազգային մակարդակի։
-Դուք գրում եք երգեր, ֆիլմերի երաժշտություն, զբաղվում եք պրոդյուսերությամբ, ո՞րն է ավելի հոգեհարազատ։
-Ինձ համար հոգեհարազատ է ստեղծագործելը, կապ չունի, թե որ ժանրով։ Ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Վիեննայի երաժշտության ակադեմիան, որպես դասական կոմպոզիտոր։ 2005-ին ճանաչվեցի Ավստրիայում լավագույն փոփ կոմպոզիտոր, մինչև 2013 թվականը աշխատել եմ բոլոր փոփ ժանրերում և բազմաթիվ արտիստների հետ՝ թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես պրոդյուսեր, ընդ որում՝ նույն հաճույքով և ոգևորությամբ, ինչպես հիմա աշխատում եմ եվրոպական տարբեր հեռուստաընկերությունների հետ։
-Մեր օրերում, համացանցի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ձայներիզները, տեսաերիզները, կարծես, արդիական չեն: Ինչ-որ ժամանակ անց ինտերնետը կարո՞ղ է սպառնալիք դառնալ երաժիշտների հետ կենդանի շփումների ճանապարհին:
-Իհարկե, վտանգը սկսվեց հենց այն պահից, երբ համացանցն ամեն ինչ հասանելի դարձրեց, մյուս կողմից, համացանցը նաև ինֆորմացիայի և ընտրության մեծ հնարավորություն է տալիս։ Չեմ կարծում, թե հետաքրքրությունը կենդանի երաժշտության հանդեպ երբևիցե կմեռնի։
-Ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, ասեմ միայն, որ դրանք շատ են։ Համենայն դեպս, այնքան ոգեշնչված եմ անկախության սերնդի արժանացրած՝ «Նոր սերնդի կոմպոզիտոր» բարձր կոչմամբ, որ ուղղակի ինձ պարտավորված եմ զգում ստեղծագործել ու շարունակել աշխատել մեր նորանկախ սերնդի հետ և նրանց համար։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ