«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
07.10.2016 | 00:10

(սկիզբը՝ այստեղ)

Բրեժնևյան տարիներին «Սպիտակ» կարի արտադրական միավորումում ամեն ինչ հրաշալի էր, մարդիկ իրենց լավ էին զգում, մարդիկ ապահով ու ապահովագրված էին զգում, մարդիկ իրենց պահանջված էին զգում, մարդիկ իրենց մեջ մարդ էին տեսնում, ունեին աշխատանք, օգտվում էին հանգստի սահմանադրական իրավունքից և այլն: Այդպես էր ոչ միայն Սպիտակում, այդպես էր ամենուր՝ Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում, ամեն տեղ բացվել էին գործարաններ, ֆաբրիկաներ՝ իրենց մասնաճյուղերով, որտեղ նույնիսկ աշխատող ձեռքերի զգալի պակաս կար: Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող, որովհետև կայուն տնտեսության փոխարեն ամենուր առավելապես զարգանում էր «ստվերայինը»՝ գողության ու կաշառակերության իր անբաժանելի ուղեկցով՝ մի կողմ դնելով բուն պետության տնտեսական շահերը:

«Մեզ համար լավ լինի, պետության հերն էլ անիծած». բրեժնևյան ժամանակների շարքային քաղաքացիների ու պետական այրերի մակարդակով սովորական դարձած խոսակցություն, որը ճիշտ զրույց չէր: Այս մոտեցումը մարդկության համար նորություն չէր, սկզբում այն նկատել էր Եզոպոսը, Եզոպոսի նկատածը նկարագրել էր Կռիլովը իր առակներից մեկում, բայց երևույթի լավագույն նկարագրությունը տվել է Խնկո Ապերը՝ «Խոզն ու կաղինը» իր հանճարեղ ստեղծագործությունում: Հայաստանում պետական թալանի, «պրիմիտիվ» գողության ու կաշառակերության դեմն առնելու համար, առաջարկում եմ ՀՀ կառավարության հաջորդ նիստերին, նաև ՀՀ ԱԺ-ում, մասնակցելու իրավունք տալ միայն ու միայն այն նախարարներին, Երևանի քաղաքապետին ու այլ պաշտոնյաների, ովքեր բերանացի սովորած կլինեն «Խոզն ու կաղինը» և կկարողանան պարզահնչյուն կերպով հանրությանը բացատրել, թե նրանք ինչպես են ըմբռնել առակի իմաստը, ինչ մտահանգումների են եկել ու ինչպես են այսուհետ պայքարելու իրենց ու իրենց ընկերների մեջ ձևավորված կաշառակերության վնասակար սովորությունների դեմ: Կարծում եմ՝ դա բարոյական մեծ աջակցություն կլինի ՀՀ 14-րդ վարչապետին՝ իր ծրագրած կարևոր գործերը հաջողությամբ առաջ մղելու համար, դրան հայ ժողովուրդը վաղուց է սպասում՝ 25 տարուց ավելի: Տարընթերցվածքներից խուսափելու համար իմաստ ունի մեկ անգամ ևս հրապարակել Խնկո Ապոր անմահ ստեղծագործությունը: Ախր այն շատ լավ է բնութագրում նորանկախ Հայաստանի չինովնիկության իրական կերպարը:

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
-Ի՞նչ ես անում, այ անգետ, -
Ագռավն ասաց վերևից: -
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
-Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
ՈՒտեմ, պառկեմ, գիրանամ:
- Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, -
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Եթե մարդը ցանկանում է բարգավաճ կյանքով ապրել, ապա պետք է ամեն ինչ անի, որպեսզի, առաջին հերթին, իրեն ծնող ու իրեն սնող երկիրը բարգավաճի: Մարդը կարող է բարգավաճ կյանքով ապրել միայն բարգավաճ երկրում, սա էլ է աքսիոմ: Քանդվող երկրներում կարող են ապրել ու բարգավաճել միայն եզոպոսյան մարդ-բորենիները, կռիլովյան խոզուկներն ու խնկոյանական կախ գլուխները:
1975 թվականին այսպիսի մի պատմություն տեղի ունեցավ Սառնաղբյուր գյուղում, որտեղ իմ ազգականների հյուրն էի: Այդ թվերին Սառնաղբյուրը մեծ ու բավականին բարգավաճ գյուղ էր, գործում էին Երևանի ժամացույցի գործարանի ու Լենինականի կարի ֆաբրիկայի մասնաճյուղերը, աշխարհից կտրված այդ գյուղում արտադրում էին ժամանակակից մեխանիկական զարթուցիչներ, գյուղի կանայք աշխատում էին կարի ֆաբրիկայում, տղամարդիկ՝ ժամացույցի գործարանում, որտեղ աշխատում էր նաև իմ ազգականը՝ զբաղեցնելով պահակի պաշտոնը: Որպես նվեր՝ նրանք ինձ երկու ձևի զարթուցիչ տվեցին:
-Երկուսը պետք չէ, շատ է, չեմ ուզում,- ներողամտաբար հրաժարվեցի ես:
-Վերցրու, ի՞նչ պիտի անենք, հենա գոմը լիքն է:- Իսկապես, գոմի մի անկյունում գողացած զարթուցիչների մի մեծ կույտ էր գոյացել:

-Ինչո՞ւ եք ձեր գործարանի արտադրանքը գողացել, այսքան որ գողանաք, գործարանը չի կարող աշխատել, չէ՞ որ դա ձեզ կերակրող գործարանն է,- նրանց նախատեցի ես:
-Բան չկա, բոլորն էլ գողանում են, բայց գործարանը աշխատում է, լավ աշխատավարձ ենք ստանում, կոլխոզում աշխատելու կարիք էլ չկա, այս տարի Մոսկվայից կարևոր պատվոգիր ենք ստացել:
-Հասկացիր, հոպար,- միջամտեց տանտիրոջ դպրոցահասակ որդին,- կյանքը դմակ է, մարդն էլ դանակ, կտրիր ու կեր, դա է ապրելու ճիշտ ձևը:
Երիտասարդ բարեկամիս բացատրեցի (հիմա նա Հայաստանի ճանաչված ու բավականին հարուստ բժիշկներից է), որ այսպես չի կարելի, այդ մտածողության պատճառով մի օր մեր երկիրը կքանդվի:
-Դու ճիշտ ես, երկիրը կքանդվի, բայց դա կլինի մի քանի սերունդ հետո, երբ մենք արդեն չենք լինի:


Այսօր հասկանում ենք, որ երկիրը քանդվեց ոչ թե մի քանի սերունդ հետո, այլ ավելի շուտ և քանդվեց խորհրդային այն սերնդի գլխին, որի հոգում դեռևս մանուկ հասակից սրսկվում էր գողանալու, հեռանկարում՝ գող, ավելի լավ կլիներ՝ պաշտոնյա-գող, դառնալու բնավորությունը: Եթե խորհրդային դպրոցներում ամենուր սովորեցնում էին ազնիվ լինել, աշխատել ու ապրել հանրօգուտ կյանքով, լինել սղոցի պես, «մին դեպի քեզ, մին դեպի մեզ» սկզբունքով, ապա որոշ ընտանիքներում հակառակն էր դաստիարակվում. լինել ուրագի պես ու ապրել «միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ սկզբունքով»:
Ընտանեկան այդ «շկոլաների» տված գումարային արդյունքը, ոչ ավելի, ոչ պակաս, բերեց ԽՍՀՄ կործանմանը: Այդ «տնական» դաստիարակության պատճառով էր նաև, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ այդքան շատ անմեղ մարդիկ զոհվեցին, զոհերի թիվը կարող էր առնվազն 80 տոկոսով պակաս լինել, եթե խորհրդային մեծ ու փոքր գողերին կերակրող «ստվերային» տնտեսությունները չլինեին: Դժվար չէ կռահել, որ բրեժնևյան ժամանակներում հեռավոր Սառնաղբյուրի ժամացույցի գործարանը ամբողջությամբ աշխատել է 100-տոկոսանոց «ստվերում». մասսայական չարիք-երևույթ խորհրդային գյուղերում, քաղաքներում, համամիութենական չարիք-խոլերա, որի դեմ ոչ ոք չփորձեց լրջորեն պայքարել: Եթե անգամ պայքարի փորձեր արվեին, ոչինչ չէր ստացվի, բարոյականությունից զուրկ, հանցավոր մարդկանց սինթեզած սոցիալական ծանր հիվանդություններից փրկություն չկա, նման դեպքերում հայտնի բան է՝ «горбатого могила исправит»: Մինչդեռ ոմանք դեռևս ասում են՝ Գորբաչովն էր մեղավոր, նա դավաճան էր: Խոսք չունեմ, առանց դավաճանության քանդելու գործը չէր ստացվի, այնուամենայնիվ, պնդում եմ՝ դավաճանությունը բարոյահոգեբանական հարթությունում էր: Պետք էր ժամանակին մտածել նորմալ, օրենքները հարգող, օրինապաշտ քաղաքացիներ դաստիարակելու մասին: Անհրաժեշտ էր խորհրդային քաղաքացիներին այդ աստիճանի չայլասերել, ինչը նախանձելի բծախնդրությամբ կատարեց ոչ միայն Գորբաչովը: Ժամանակին այդ «ուղին» արդեն հարթել էին Բրեժնևը, Խրուշչովը, Ստալինն ու Լենինը: Նրանք իրենց պարտքն են համարել մշտապես խախտել մարդկային բոլոր այն օրենքները, որոնք ձևավորվել էին հազարամյակների ընթացքում ու գրված էին Սուրբ գրքում, մարդկանց ներշնչելով («միամտաբա՞ր» արդյոք), թե օրենքն իրենք են:
Հիմա մենք կանգնած ենք նոր հետցնցումների ու հաջորդ փլուզումների վտանգի առաջ, իրադրությունն ավելի բարդ է. խնդիրն այս է՝ ինչպե՞ս ազատվել այդ նույն իշխանական հիվանդություններից, որ մետաստազներ են տվել ու մոլեգնում են հետխորհրդային բոլոր երկրներում: Հայաստանն էլ դրանց շարքում պետք է դուրս գա այդ վատաբարո ընկերակցությունից: ԽՍՀՄ փլուզումից շատ տասնամյակներ են անցել, բայց մեր քաղաքացիներից շատերը դեռևս ապրում են խորհրդային տարիների պայծառ հիշողություններով, երազում են, որ հրաշքներ կատարվեն, ու այդ քաղցր օրերը հետ դառնան: Դա կարոտախտ անունով հանրահայտ հիվանդության ախտանիշներից է: Այդ օրերն անցել-գնացել են, հետ չեն դառնալու: Պետք է միայն առաջ նայել՝ մտածել վատթարից փրկվելու, մնացածն էլ չկորցնելու մասին: Անասելի ծանր խնդիր, որից, մեր պարագայում թերևս միայն ՀՀ 14-րդ վարչապետը կարող է գլուխ հանել... եթե նրան թույլ տան:
Պետք է խոստովանել՝ «ստվերային» տնտեսության գաղափարը ինչ-որ տեղ ընդունելի էր հասարակության լայն զանգվածների, մարդկանց այն խմբերի համար, ովքեր այս կամ այն կերպ օգտվում էին «ստվերայինի» պտուղներից, լուծում իրենց լոկալ, անձնական կարևորության խնդիրները՝ ուշադրությունից դուրս թողնելով պետության ավելի կարևոր խնդիրները, որոնք չէին լուծվում հենց նույն «ստվերի» պատճառով:

«Ստվերն» ընդունելի չէ բուն պետության գոյատևման համար, ավելին, հակացուցված է ու, վկա ԽՍՀՄ ճակատագիրը, կարող է դառնալ կործանարար: «Ստվերային» բարիքներից օգտվելու ձգտումը բխում է կոմունիստական գաղափարախոսության երկրորդ կարևոր դրույթից՝ յուրաքանչյուրին՝ ըստ իր պահանջմունքի: Մարդկանց կենսական պահանջները բավարարելու, նրանց գոյատևման խնդիրները լուծելու տեսակետից սա ընդունելի է: Պետության գոյատևման խնդիրները լուծելու համար պահանջվում է իրականացնել կոմունիստական գաղափարախոսության առաջին կարևոր դրույթը. յուրաքանչյուրից՝ ըստ իր ընդունակությունների:
ԽՍՀՄ պատմությունը ցույց տվեց, որ հիշյալ երկու դրույթները գտնվել են մշտական հակասությունների մեջ: Պետությունը փորձել է մարդկանցից վերցնել ավելի շատ՝ վերադարձնելով աշխատածի միայն չնչին մասը՝ առանց մտածելու սոցիալական հետևանքների մասին: Պետության քաղաքացիներն աշխատել են նույն սխեմայով. ձգտել են վերցնել առավելագույնը՝ չտալով ոչինչ: Ստալինին հաջողվում էր այդ հակասությունները պահել կայուն վիճակում՝ մարդկանց կենսապահովման ստորին մակարդակում, Բրեժնևին հաջողվեց այդ նույն հակասությունները պահել կայուն վիճակում՝ մարդկանց կենսաապահովման վերին մակարդակում: Սա մոտ է թվային ինտեգրալ սխեմաների մեջ օգտագործվող ունիվերսալ էլեմենտների՝ տրիգերների աշխատանքային բնութագրին:
Տրիգերներն ունեն երկու կայուն վիճակ. բարձր պոտենցիալ ելքերից մեկում կամ վիճակ «1» (այս դեպքում մյուս ելքը, որը կոչվում է ինվերս, գտնվում է ցածր պոտենցիալի տակ կամ «0» վիճակում): Տրիգերի վիճակը փոխելու համար բավական է տալ փոքրիկ արտաքին ղեկավարող ազդանշան, որը փոխում է ելքերի մակարդակները՝ առաջին ելքի «1» վիճակը դարձնելով «0» վիճակ ու, ընդհակառակը՝ երկրորդ ելքի «0» վիճակը դարձնելով «1» վիճակ:

Սա շատ նման է այն ղեկավարող ազդանշաններին կամ ազդակներին, որոնք արտաքին ուժերի կողմից մշտապես տրվել են ԽՍՀՄ-ի ղեկավար կազմին դրսից ու շատ քողարկված ձևով կարգավորելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ներքին կյանքն ու քաղաքացի-պետություն հարաբերակցությունը պահելով «1» և «0» մակարդակների միջակայքում:
Կարելի է նկատել, որ ընտանիքի սահմաններում մարդկանց կյանքը կազմակերպված է այլ սկզբունքներով և ունի երկկայուն ռեժիմների միջակայքում տատանվելու հատուկ կայունություն: Ընտանիքը, հատկապես հայ ընտանիքը, ավելի կայուն սոցիալական միավոր է, որը կարող է պահպանել իր ինքնությունն ու աշխատել, թող զարմանալի չթվա, կոմունիզմին մոտ՝ ավտոնոմ ռեժիմում:


Հասարակական հարաբերությունների կազմակերպման կոմունիստական, համայնավարական ձևը մեր հիշողության մեջ կմնա որպես անիրատեսական, անիրականանալի, ուտոպիստական գաղափար: Այդ համոզմունքն ավելի ամրապնդվեց Գորբաչովի արկածներից հետո: Կոմունիզմի կամ հանրային (ընդհանուր) սեփականության վրա հիմնված իրական սոցիալիստական հասարակության գոյությանը մենք չենք հավատացել ու միշտ քննադատել ենք՝ առանձնակի ուշադրություն չդարձնելով նրա ծագումնաբանական հիմքերի վրա, որտեղի՞ց եկավ այդ գաղափարը, մի՞թե այդ գաղափարը այդքան ուտոպիստական էր: Կարծում եմ՝ դա այդքան էլ ուտոպիստական չէ, երբ վերաբերում է մեր ներընտանեկան հարաբերություններին: Դրանք ընդհանուր-ընտանեկան սեփականության վրա հիմնված հարաբերություններ են, որոնք ձևավորվում են բացառապես արյունակցական կապերով միավորված քաղաքացիների միջև: Դրանք եղել են, կան և գործում են մեր օրերում: Խնդիրը նման հարաբերությունների հատուկ մասշտաբային էֆեկտի մեջ է, ինչը միանգամից նկատելի է դառնում, երբ աճում է խաղի մասնակիցների թիվը: Որոշակի թվաքանակից հետո կոմունիզմի գաղափարը շատ արագ մարում ու անիրականանալի է դառնում: Կոմունիզմի սկզբունքներով են ապրել ու հիմա էլ ապրում են ավանդապաշտ հայ ընտանիքները, որտեղ սովորական երևույթ է համարվել կոմունիստական հասարակության կարևոր դրույթներից մեկը՝ յուրաքանչյուրին՝ ըստ իր հնարավորությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահանջմունքի (սոցիալիզմի համար յուրաքանչյուրին՝ ըստ իր տվածի): Հայկական ընտանիքների համար այս սկզբունքը ուտոպիստական համարել չի կարելի: Ավելին, հայերս այդ սկզբունքների տակ կարող ենք տեղավորվել՝ միմյանց օգնելու, անձնազոհության գնալու, շատերի համար անբացատրելի թվացող, մարդկային բարձր հատկանիշներով: Միմյանց նյութական օգնություն ցույց տալու, միմյանց հոգսերը հոգալու պատրաստակամության մասին խոսելն ավելորդ է: Մերժելով կոմունիզմի հնարավորությունը մարդկանց մեծ, արյունակցական կապեր չունեցող, հաճախ նաև թշնամական խմբերի պարագայում և ընդունելով փոքր, ընտանեկան խմբերով կոմունիստաբար ապրելու մարդկանց աստվածատուր շնորհը, անհրաժեշտ է պարզել կարևոր մի հանգամանք՝ որտեղի՞ց է վերցվել համայնավարության կամ կոմունիզմի գաղափարը: Հասարակագիտական շրջանակներում այն կապվում է Թոմաս Մորի (1478-1535) անվան հետ, որը համարվում է ուտոպիստական սոցիալիզմի հիմնադիրը:
Մորը պատմության մեջ է մտել որպես «Ոսկե գիրք. որքան օգտակար, նույնքան էլ զվարճալի պատմություն պետության կազմակերպման լավագույն ձևի և ՈՒտոպիա նոր կղզու մասին» ստեղծագործության հեղինակ, որը հրատարակվել է 1516 թվականին, Անգլիայում: «ՈՒտոպիա» բառը հիմա ընկալվում է որպես «ցնորք» և «երազանք» բառերի հոմանիշ, թեև տառացիորեն այն նշանակում է տեղ, որը չկա:

Հետաքրքիր է, թե Թոմաս Մորը որտեղից կարող էր վերցնել այդ գաղափարը: Այդ հարցին պատասխան է տալիս ամերիկացի հեղինակներից մեկը, որն ուսումնասիրել է Թոմաս Մորի կյանքի պատմությունն ու հանգել հետևյալ շշմեցուցիչ եզրակացությանը. ՈՒտոպիա նոր կղզու գաղափարը նրա մեջ կարող էր ծագել Պարսկաստան կատարած ճամփորդության ժամանակ: Պարսկաստանում Մորը հյուրընկալվել է մի բարգավաճ քաղաք-բնակավայրում, որի բնակիչները հայեր էին: Բնակիչներն ապրել են համայնքով, կանոնավոր ձևով վճարել են պարսից շահի սահմանած հարկերը, բայց մի պայման են համաձայնեցրել շահի հետ. դրսից ոչ ոք իրավունք չէր ունենալու խառնվելու համայնքի ներքին գործերին ու մարդկանց կյանքին: Հայկական քաղաքն ապրել էր սեփական կարգ ու կանոնով, ներքին օրենքներով, համերաշխ ու կազմակերպված աշխատանքով կարողացել է բարիքներ ստեղծել, բավարարել իր բոլոր կենսական պահանջները, եղել են արհեստավորներ, այգեգործներ, անասնապահներ և այլն:
Թոմաս Մորի վկայությամբ՝ ՈՒտոպիան, բարգավաճ կյանքը մի օազիս էր շրջակա բնակավայրերի համեմատ. մարդիկ ուրախ էին ու երջանիկ: Թոմաս Մորին է պատկանում «սկզբում ոչխարները, ապա մարդիկ» հայտնի արտահայտությունը, որով նա քննադատում էր այլասերվածության աստիճանի հասած կապիտալիստական հարաբերությունները, որոնք այդ թվերին Անգլիայում զարգացման բում էին ապրում:


Այլասերվածության աստիճանով նորանկախ Հայաստանում ձևավորված հասարակական հարաբերությունները ոչնչով չեն զիջում անգլիական այլասերվածությանը, որը 5 դար առաջ բնորոշ է եղել այդ երկրին: Այդ մտահանգմանն ես գալիս, օրինակ, երբ լսում ես, թե Արարատի մարզում խեղճ գյուղացիների ջրերն ինչպես են կտրում՝ նորաթուխ հայ օլիգարխների այգիները ջրելու, ձկնաբուծարանները սպասարկելու կամ ջերմոցների ապակիները լավ լվանալու համար: Հայաստանում ժողովրդից ոչինչ չես թաքցնի: Ասել է՝ իշխանավորների որդեգրած ջայլամի քաղաքականությունն անիմաստ է, մեծ-մեծ խոսելն էլ՝ ամոթ:
Անգլիայի թագավոր Հենրի 8-րդը Թոմաս Մորին մահապատժի ենթարկեց՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրա սոցիալիստական գաղափարները քննադատվել ու շարունակում են քննադատվել տարբեր կողմերից՝ աքսիոմատիկ ձևով ընդունելով, որ մարդկանց համար դրանք առհավետ մնալու են որպես արդարությանը հասնելու, հավասար հնարավորությունների պայմաններում ապրելու իրավունքի հաստատման բարի ցանկություններ՝ ուրիշ ոչինչ: Եթե ընդունենք, որ Մորի կենսագիր ամերիկացին ճիշտ է ու սոցիալիստական հասարակարգի հիմքում Մորը տեսել է հայկական համայնքի կյանքը, ապա մենք գոնե բարոյական իրավունք ունենք օգտվելու մեր նախնիների փորձից ու մի օգտակար բան սովորելու՝ փորձելով այն օգտագործել մեր առօրյա կյանքում: Թերևս դա վարչապետ Կարեն Կարապետյանին օգնի՝ Հայաստանի տնտեսական կյանքը ճիշտ հունի մեջ գցելու:
Ապրիորի կարող եմ ենթադրել, որ հայկական քաղաքի կամ հայկական համայնքի ներքին գործերին չմիջամտելու գաղափարը կարող էր պատկանել Պարսկաստանի շահերից մեկին, դժվար է հավատալ, որ պարսկահպատակ հայերը համարձակվեին շահի առաջ ինչ-ինչ պայմաններ դնել: Ընդունենք, որ դա շահի հաջողված տնտեսական էքսպերիմենտն է եղել, որը դրական, կոմունիստական արդյունքներ է տվել: Ո՞րն էր այդ տնտեսական էքսպերիմենտի ռացիոնալ հատիկը: Հաստատապես այն էր, որ համայնքը, քաղաքը կամ փակ տնտեսությունը, մեր լեզվով ասած, ձեռնարկությունը, պարտավորվում են կանոնավոր ձևով վճարել բոլոր հարկերը, բայց գործել ինքնուրույն՝ առանց դրսի միջամտության:

Ի՞նչ է սա, եթե ոչ հաստատագրված վճարների տեսքով իրականացվող պետական հարկերի ու տուրքերի գանձման ձև: Դա շատ լուրջ խթան է ցանկացած գործ առաջ տանելու համար: Մի պահ պատկերացնենք, որ պարսից շահի օրինակով հայ գործարարներին ազատում են ՀՀ հարկային մարմինների հետ գործ ունենալու ծանր բեռից, ավելի շուտ ծանր լծից: Հայաստանի գործարար աշխարհը միանգամից կսկսի լիաթոք շնչել ու գործի անցնել: Խնդիրն այն չէ, որ մեր հարկային ծառայողները շատ են ու այնքան էլ բարյացակամ կամ բարեհամբույր չեն հայկական բիզնեսի նկատմամբ: Գուցե իրականում նրանք շատ լավն են, բայց մարդկանց աչքը տեսածից է վախենում ու ամեն ինչ չափազանցված ձևով է ներկայացվում՝ իմանալով, որ ց րՑՐՈւՈ չսՈջՈ ՉպսՌՍՌ, կամ՝ երկու ահը մի մահ է:


Առաջարկում եմ մտածել հայկական բիզնես միջավայրը բարելավելու պարսկական ուտոպիական տարբերակի մասին: Այստեղ մտածելու բան էլ չկա. պետք է վերցնել 500 տարի առաջ Պարսկաստանում իրականացված էքսպերիմենտի արդյունքներն ու անմիջապես գործի դնել: Հիշեցման կարգով ասեմ, որ այդ փորձն այսօր հաջողությամբ իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ձեռնարկությունների նկատմամբ իրականացվում է հարկահավաքության հաստատագրված տարբերակը. հարկերը գանձվում են՝ ելնելով նրանից, թե արտադրական տարածքները հողի ինչ մակերես են զբաղեցնում, շինության հարկերի թիվը հաշվի չի առնվում, յուրաքանչյուր ոլորտ ունի հարկերը վճարելու իր առանձին ու խիստ որոշակի գործակիցը. մեքենաշինության մեջ մի թիվ է շրջանառվում, հացի արտադրության մեջ՝ մեկ այլ թիվ: Այնտեղ գործարարը ընտրության հնարավորություն ունի, թե ինչով զբաղվի՝ դատելով իր բիզնես նախասիրություններից՝ հաց թխի, թե հեռուստացույց արտադրի:

Հաստատագրված վճարների միջոցով պետական հարկերի ու տուրքերի հավաքման մեխանիզմը Պարսկաստանից անցել է Թուրքիա, բայց մի քիչ այլ տարբերակով: Ժամանակին Թուրքիայի վարչապետ Թուրղութ Օզալը մտցրել էր հարկերի հավաքման ավելի պարզեցված ձև. հարկերի չափը կախված էր ձեռնարկությունում աշխատող մարդկանց թվից, նախօրոք պետք էր հայտարարել, թե տվյալ բիզնեսի մեջ քանի մարդ է ընդգրկվելու, որից հետո որոշվում էր վճարների ծավալը՝ ելնելով ոլորտային գործակիցներից, դրանից հետո գործարարը անում էր այն, ինչ սիրտը կամենա, արտադրության ծավալները, գնային քաղաքականությունը, աշխատավարձերի չափը և այլն կախված էին միայն գործարարի կամքից: Ինչո՞ւ չօգտվել մեր թշնամի ու բարեկամ հարևանների փորձից, որոնք, կարելի է վստահաբար ասել, զուտ հայկական հիմքեր ունեն:


Թուրքիայի տնտեսական վերելքը սկսվեց Օզալի հարկային նորամուծություններից: Ասել է՝ թշնամիներից էլ կարելի է ու պետք է սովորել: Եթե մեր գործարարներին կարողանանք ազատել հարկային ու մաքսային ստվար բանակների արջի ծառայություններից, ապա, հնարավոր է, մեր երկրում էլ մի բան ստացվի, տնտեսությունը սկսի աշխատել ու արդյունքներ տալ: Թե չէ լավ չի ստացվում. մեր աշխատաոճի հիմքում պահում ենք քոչվոր ցեղերից մեզ հասած գողության ու թալանի տեխնոլոգիաները, որոնք հայկական չեն, ազգային չեն, քրիստոնեական չեն ու, ի վերջո, մեզ հարիր չեն, մեզ չեն սազում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ