Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բոլորն արդեն ակնկալում են քայլեր «բլից» ռեժիմով

Բոլորն արդեն ակնկալում են քայլեր «բլից» ռեժիմով
07.10.2016 | 00:43

Նոր կառավարության հետ կապված ամենագլխավոր ինտրիգները վերջին օրերին ստացան իրենց հանգուցալուծումը։ Հասարակության և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, բնականաբար, կառավարության թափուր մնացած երկու պաշտոններն էին՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների։ Բոլորն էլ հասկանում էին, որ վերջին շաբաթների ընթացքում նշանակումների առումով հիմնական ուշադրությունը սևեռված էր նոր վարչապետի վրա, և համարվում էր, որ նա, մեծ քարտ բլանշ ստանալով ներսից և ինչ-որ չափով դրսից, ձևավորում է նոր կառավարություն իր ճաշակով և իր պատկերացումներով։


Ինչ վերաբերում է վերջին նշանակումներին, ապա պարզ էր, որ այդ պորտֆելները նախագահի վերահսկողության ներքո են։ Եվ եթե երկրի ղեկավարը մոտ 2-3 շաբաթ հայտնվել էր Կարեն Կարապետյանի ստվերում, ապա կադրային այս նշանակումների ֆոնին հայտնվեց առաջին պլանում։
Նախագահի վերջին նշանակումները մինչև վերջնաժամկետ ձգձգելը պատահական չէ։ Հասկանալի է, որ հարցը բավականին նուրբ է թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ միջանձնային հարաբերությունների առումով, քանի որ կապված էր նախագահի անմիջական շրջապատի մարդկանց՝ Էդվարդ Նալբանդյանի, Սեյրան Օհանյանի հետ, և ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ վերջնական որոշման չէր հանգում։ Պատահական չէր, որ անընդհատ տարբեր լրատվական արտահոսքեր էին լինում, թե երկրի բարձրագույն ղեկավարությունը բանակցությունների մեջ է Սեյրան Օհանյանի հետ։ Մյուս կողմից՝ պարզ էր, որ հարցը պարունակում էր նաև աշխարհաքաղաքական տարրեր, և պետք էր ինչ-որ չափով հաշվի նստել տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողների ցանկությունների հետ, քանի որ նշված առանցքային պաշտոններում պետք է այնպիսի մարդիկ նշանակվեն, որոնք կկարողանան այդ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատել։ Եթե այդ կենտրոնները ցանկություն չունենան կամ անվստահություն ցուցաբերեն կոնկրետ անձի նկատմամբ, ապա արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարներին, որոնք ելնելով մեր ռազմաքաղաքական դաշինքից, շփվում են համապատասխան օղակների հետ, շատ դժվար կլինի արդյունավետ աշխատել։

Այնպես որ, բավական երկար սպասեցրած այս նշանակումները համաձայնեցվում էին համապատասխան կենտրոնների հետ։ Եվ պատահական չէր, որ փորձագետներից ոմանք նշում էին, որ այդ երկու պաշտոնների նշանակումը լինելու է փաթեթային, կոմպրոմիսային՝ հաշվի առնելով տարբեր կողմերի նախասիրությունները, կարծիքները և այլն։ Պարզ է, որ վերջնական որոշումը ՀՀ նախագահինն է, սակայն, այնուամենայնիվ, ոչ ոք չէր էլ կասկածում, որ երկրի ղեկավարը դեմ չի գնա աշխարհաքաղաքական որոշ խաղացողների ցանկություններին և վտանգի տակ չի դնի կոնկրետ ուղղություններ։


Կա ևս մեկ՝ տակտիկական պատճառ. Սահմանադրությամբ կառավարության վերջնական ձևավորումից 20 օր անց է վարչապետն Ազգային ժողով ներկայացնում տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրը։ Չի բացառվում, որ նոր կառավարությանը հնարավորություն է տրվել մինչև վերջ օգտագործելու սահմանադրության ընձեռած հնարավորությունները ժամկետների առումով՝ ժամանակ շահելու համար։ Այս պահին կառավարությունը բավական ժամանակ ունի իր ծրագիրը մշակելու, ամբողջացնելու համար։ Ընդ որում, այդ ծրագիրը համընկել է նաև 2017 թ. պետական բյուջեի նախապատրաստման աշխատանքի, այն ԱԺ-ում ընդունելու հետ, և փաստորեն, հաջորդ տարվա բյուջեն պետք է համապատասխանեցվի տնտեսական նոր քաղաքականությանը, եթե, իհարկե, այդ քաղաքականությունն իրոք նոր է լինելու։


Նախագահի կողմից արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նշանակումը հանգեցրեց մի շարք այլ պաշտոններում հրաժարականների և նոր նշանակումների։ Նույն պաշտպանության նախարարությունում նույնպես փաթեթով փոփոխություններ եղան։ Մասնավորապես, փոխվեց նաև գլխավոր շտաբի պետը։ Բացի այդ, տեղաշարժեր գրանցվեցին նաև նախագահի աշխատակազմում։
Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում։ Հասարակության լայն խավերի մեջ կասկած է առաջանում. զինվորական չլինելով՝ հնարավոր է լավ գլուխ չհանի ոլորտից։ Սակայն Սերժ Սարգսյանը միանգամից հակադարձեց բոլոր նման կասկածներին՝ տարանջատելով պաշտպանության նախարարի և շտաբի պետի գործառույթները։ Նա հասկացրեց, որ գլխավոր զինվորականը, ըստ սահմանադրության, գլխավոր շտաբի պետն է, իսկ Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի ռազմադիվանագիտական, տնտեսական, սոցիալական, գնումների հարցերով։

Այսինքն՝ պետք է կարգի բերի հենց այն ոլորտը, որի շուրջ ապրիլյան պատերազմից հետո մեծ աղմուկ բարձրացավ, լուրջ բացահայտումներ եղան։ Ասել է թե՝ Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի պաշտպանության համակարգի հետ կապված բոլոր ռազմավարական և մարտավարական հարցերով՝ չխրվելով առօրյա զինվորական կյանքի մեջ։ Սա նշանակում է, որ գլխավոր շտաբը և գեներալիտետը կտրվում են ֆինանսական հոսքերից, գնումներից և կոռուպցիոն այլ ռիսկեր պարունակող ոլորտների վրա ազդեցությունից։
Մյուս կողմից՝ ակնհայտ է դարձել, որ նախագահն ապրիլյան պատերազմից հետո ուղղակիորեն և ամենօրյա ռեժիմով անմիջականորեն սկսել էր զբաղվել բանակով, քանի որ դժգոհ էր համակարգում առկա վիճակից։ Այժմ արդեն իր ամենավստահելի անձերից մեկին նշանակում է պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնում։ Հետաքրքրական է, որ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարի կարգավիճակում առաջին իսկ խորհրդարանական ելույթում ուղղակիորեն հայտարարեց հետևյալը. «Իրականում ՊՆ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն»:

Սա, ըստ էության, արևմտյան շատ երկրների մոդելն է, ինչը երբեմն հանգեցնում է հակասությունների, սակայն ինչպես ցույց է տվել փորձը, հակասությունների վրա խաղալը Սերժ Սարգսյանի սիրած գործելաոճն է։ Հակասությունների միջոցով հակակշիռներ է ստեղծում, որոշ դեպքերում ինքը դառնալով գլխավոր արբիտրը։ Փորձագետները համարում են, որ նույն հակասությունների սցենարը նախագծված է նաև նախագահի նստավայրում, որտեղ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց Արմեն Գևորգյանը, իսկ նրա տեղակալ՝ Ալեքսան Հարությունյանը, ում ապարատային հարաբերությունները, ըստ որոշ աղբյուրների, ոչ միշտ են հարթ եղել։


Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին, ապա շատերը համարում են, որ խորհրդային դպրոցի կադրային դիվանագետ արտգործնախարարի վերանշանակման հարցում մեծ ազդեցություն է ունեցել ռուսական կողմը։ Խոսակցություններ կան, որ նրա թեկնածությունը պնդել է անձամբ ՌԴ արտգործնախարար Լավրովը, ում հետ Նալբանդյանն ուսանել է МГИМО-ում։ Բնականաբար, ռուսական ազդեցությունն առկա է, սակայն եթե ամեն ինչ ռուսների ցանկությամբ լիներ, Վիգեն Սարգսյանը գուցե չդառնար պաշտպանության նախարար, ում ՌԴ որոշ շրջանակներ, այդ թվում՝ ռազմական և հատուկ ծառայություններ, լրատվական և փորձագիտական որոշ աղբյուրների պնդմամբ, համարում են արևմտյան կողմնորոշման գործիչ։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը գոնե մինչև ապրիլյան ընտրություններ աշխարհաքաղաքական կողմնորոշումներում, մասնավորապես, ղարաբաղյան հարցում վեկտորներ փոխելու մտադրություն չունի։ Թեև չի բացառվում, որ ապրիլին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, արտգործնախարարի փոփոխություն կատարվի, և հետաքրքիր է, որ նման փոփոխության պարագայում շատ հնարավոր է՝ արտգործնախարար նշանակվի նույն Վիգեն Սարգսյանը, ով այս ամիսների ընթացքում կփորձի իրեն դրսևորել առաջին հերթին ռազմադիվանագիտության ասպարեզում, որոշ դեպքերում նույնիսկ կրկնօրինակելով արտգործնախարարությանը։


Վերջին կադրային նշանակումներում ամենադժվարը, թերևս, Յուրի Խաչատուրովին գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելն էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ուղղակի աջակցություն է ստանում ռուսաստանյան զինվորական բարձրաստիճան շրջանակներից, մասնավորապես, ռուսական գենշտաբից։ Այս ֆոնին սա Սերժ Սարգսյանի ամենադժվար ապարատային հաջողություններից մեկն է։ Յ. Խաչատուրովը, փաստորեն, նշանակվել է Ազգային անվտանգության քարտուղարի՝ բավականին ամորֆ, անհասկանալի կառույցի ղեկավար, որն առայժմ չի կարողանում կայանալ, լուրջ դերակատարում ունենալ երկրում։ Տպավորություն է, թե նոր պաշտոնում Խաչատուրովին պատվավոր հանգստի են ուղարկել։
Եթե Վիգեն Սարգսյանի պարագայում նախագահի սահմանած պարտականությունների շրջանակներում հասկանալի է նրա գործառույթը, և ոչ ոք չի կասկածում, որ պաշտպանության նորանշանակ նախարարը կկարողանա իրականացնել այդ գործառույթները, և բանակը նրա միջոցով լինելու է նախագահի ուղղակի հսկողության ներքո, ապա ոչ միանշանակ է Մովսես Հակոբյանի նշանակումը։

Նրա գործունեությունը ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում այնքան էլ հարթ չի ընկալվել։ Համարվում է, որ Արցախի զինված ուժերում առկա թերությունները հենց նրանից են գալիս, և ԼՂՀ ներկա նախարարը փորձում է մաքրել նրա թերացումները։
Եվ վերջին օրերի ևս մեկ առանցքային սպասվող փոփոխության մասին. Կարեն Կարապետյանը գուցե կարողանա իր ամենադժվար պահանջը կյանքի կոչել։ Առաջիկա օրերին գուցե վերջապես կփոխվի նաև պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը։ Քիչ արդյունավետ Հովհաննես Հովսեփյանին, որն իր պաշտոնավարման ամիսներին էական ոչնչի չհասավ, ըստ մամուլի հրապարակումների, փոխարինելու է գալու «Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը։ Եթե դա իրոք տեղի ունենա, ապա այդպիսով վարչապետը կկարողանա իր հսկողության ներքո վերցնել ամբողջ ֆինանսատնտեսական բլոկը։ Իհարկե, Կարեն Կարապետյանին բավականին դժվար է լինելու հասնել այս փոփոխությանը, քանի որ խոսակցություններ կան, թե Հովհաննես Հովսեփյանին պահելու համար բավականին լուրջ ռեսուրսներ են միացել, այդ թվում՝ ֆինանսատնտեսական, քաղաքական և այլն։


Խոշոր PR քայլ է նաև Սյունիքի մարզպետին պաշտոնից ազատելը, քանի որ վարչապետը ձեռք տվեց հերթական անձեռնմխելիին։ Սա վաղուց հասարակական պահանջ ունեցող փոփոխություն է։


Ինչևէ, բոլորն այս պահին, թերևս, սպասում են, թե Կարեն Կարապետյանն ինչ տնտեսական քաղաքականություն է առաջարկելու։ Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ արվում է համակարգային փոփոխություն (դրա մասին վարչապետն արդեն ասել է), ինչը ենթադրում է պայքար ստվերի, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, որն էլ կպահպանի վարչապետի անձի շուրջ ձևավորված լավատեսական սպասումները, առավել ևս, որ հանրությունն արդեն կոնկրետ քայլեր է ակնկալում, կա՛մ էլ կառավարության ղեկավարը փորձելու է գործող համակարգն ավելի արդյունավետ դարձնել։ Բայց պետք է նկատել, որ այս երկրորդ ճանապարհը փորձում էր կյանքի կոչել նաև նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Եթե Կարեն Կարապետյանը փորձելու է երկրորդ տարբերակը որդեգրել, ապա կարելի է հավանականության մեծ տոկոսով կանխատեսել, որ անհաջողության է հասնելու, քանի որ դժվար թե ինքն ավելի արդյունավետ լինի, քան Հովիկ Աբրահամյանը, որն ամենագլխավոր օլիգարխիկ կլաններից մեկի ներկայացուցիչն էր, ով, թերևս, բոլորից լավ գիտեր ամբողջ գործող համակարգի ուղնուծուծը, և ում խոսքն ավելի հեշտ էր տեղ հասնում։


Թե որ ճանապարհը կընտրի Կարեն Կարապետյանը, կերևա արդեն առաջիկա օրերին, իսկ այդ ամենի լակմուսի թուղթը լինելու է կառավարության ներկայացրած տնտեսական քաղաքականության ծրագիրը։ Ամեն դեպքում գրեթե բոլոր առանցքային «ֆիգուրները» արդեն խաղատախտակի վրա են, և բոլորն արդեն ակնկալում են քայլեր «բլից» ռեժիմով:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Մեկնաբանություններ