Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Վանաձորում և Գյումրիում ընդդիմադիրները ոչ մի ծրագիր չունեին»

«Վանաձորում և Գյումրիում ընդդիմադիրները ոչ մի ծրագիր չունեին»
07.10.2016 | 00:51

Փոփոխված Ընտրական օրենսգիրքը Վանաձորում և Գյումրիում անցավ առաջին փորձությունը։ Եթե այլ բացթողումներ չդիտարկենք, միայն այն, որ արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքապետ ընտրելու հարցում բավականին խնդիրներ են առաջացել, ցույց է տալիս, որ նոր-նոր բարեփոխված ԸՕ-ում ամեն բան այնքան էլ հստակ չէ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց.


-Ի՞նչ եք կարծում, ԸՕ-ն իր առաջին փորձությունն անցա՞վ։
-Նախ՝ խոր վերլուծություն պետք է անել, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Առաջին փուլը հաղթահարեցինք։ Եթե համեմատենք մյուս համայնքների հետ, որտեղ կուսակցական ցուցակով չի եղել ընտրությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել։ Օրինակ, ՀԱԿ-ը երկու համայնքում վերջից առաջին տեղն է գրավել, ութ համայնքներում ավագանու ոչ մի մանդատ չի ստացել, իսկ «Լուսավոր Հայաստանը», որ Վանաձորում երկրորդ տեղն է զբաղեցրել, մի շարք համայնքներում զբաղեցրել է վերջին տեղը։ Սա նշանակում է, որ երբ թիմով են ներկայանում, նոր ընտրակարգով ու ազնիվ ձևով, կարողանում են որոշակի հաջողության հասնել։ Քաղաքական ուժերն այս ընտրություններից պետք է որոշակի եզրահանգումներ անեն ու շտկեն իրենց բացթողումները։ 2017-ի ապրիլին նոր ընտրակարգով համապետական ընտրություններն ընդդիմադիրներին կրկին հնարավորություն են տալիս միավորվելու և ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ԱԺ-ում ավելի ծանրակշիռ ներկայություն ապահովելու։ Նոր ընտրակարգով ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից այսպիսի տպավորություն են թողնում, բայց դեռ որոշ հարցեր պետք է քննարկվեն, մասնավորապես, Վանաձորում ձայների բաշխումն ինչու այս կերպ եղավ և այլն։
-Բավականին իրարամերժ կարծիքներ եղան Գյումրու ընտրությունների հարցում։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեղադրանք հնչեցրեց ՀՀԿ-ի հասցեին, որ, չնայած մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա, բայց ՀՀԿ-ականները հավակնում են դրան, քանի որ փորձում են ամեն կերպ հիմնավորել, թե Սամվել Բալասանյանի դաշինքն ունի 17 մանդատ, մինչդեռ, իրենց հաշվարկներով, պետք է լինի 15-ը։ Ինչո՞ւ է ԸՕ-ն նման տարընթերցում առաջացրել։
-Ոչ թե տարընթերցում է, այլ շտապողականություն։ Չեմ ցանկանում այս առումով բովանդակային քննարկման դաշտ մտնել, քանի որ դեռ որոշում չի կայացվել, ձայների վերջնահաշվարկ չի իրականացվել։ Հիմա ընդամենը մոտավոր հաշվարկներ են անում ու ասում՝ այս ուժին այսքան մանդատ «տվեցին», մյուսին՝ այնքան։
-Այսինքն, հրապարակված թվերը մոտավո՞ր են։
-ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ դրանք ընդամենը նախնական հաշվարկներ են, որևէ մեկին մանդատ չեն տվել, որ հետո վերցնեն։ Այդ փուլը դեռ չի եղել, դա արդյունքների վերջնական ամփոփումից հետո է լինելու։ Այս առումով չեմ կարծում, որ ԸՕ-ում խնդիրներ կան, ավելին, հստակ կանոնակարգում կա այս առնչությամբ։ ԸՕ-ն սահմանում է՝ այն ուժը, որը հավաքել է 40 տոկոս, ստանում է 50 տոկոս բոնուս, այսինքն, ձայների մեծամասնություն, ինչն էլ հավասարազոր է 17-18 մանդատի։ Մնացած տոկոսներն էլ բաժանվում են մյուս քաղաքական ուժերի միջև՝ ըստ ստացած քվեների քանակի։
-Նոր ընտրակարգով ընտրությունները համարում են քաղաքական։ Հաջողվե՞ց քաղաքական ուժերի, գաղափարների ընտրություն անել, ոչ թե անձերի։
-Որոշակիորեն՝ այո, իսկ գաղափարական առումով դեռ ճանապարհ պետք է անցնենք, որ ընտրողը ծրագրերի, գաղափարների միջև ընտրություն կատարի։ Ավելին ասեմ. ընդդիմադիր առավելագույն ձայներ հավաքած ուժերը ոչ մի ծրագիր չէին ներկայացրել, ընդամենն ասում էին, որ պայքարում են ՀՀԿ-ի դեմ, և, որոշակի դժգոհության ալիքն ուղղորդելով, ստացան իրենց ձայները։ Ընդդիմադիրներից ոչ մեկը ծրագրային որևէ բան չի ներկայացրել։ Օրինակ, Վանաձորում, եթե որևէ բան իրականացվել է, դա եղել է պետբյուջեի միջոցներով։ Մեր գործընկեր Էդմոն Մարուքյանն առաջարկ է ներկայացրել, և կառավարությունը ֆինանսավորել է այն։ Եթե բացենք միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկությունները, կպարզվի, որ նրանցից ոչ բոլորն են ֆինանսավորվում։ Գյումրիում էլ նույն ծրագիրն էր՝ «Մենք պայքարում ենք ՀՀԿ-ի դեմ», բայց երբ փորձում ես հասկանալ՝ ինչու և ինչի համար են պայքարում, պարզվում է՝ «տակը» ոչինչ չկա։ Ի դեպ, Գյումրիում հատկանշականը նաև այն էր, որ իրենց «սուպերընդդիմություն» համարողներն ամենավերջին տեղերն զբաղեցրին։ Պարզ դարձավ նաև, որ բոլորին փնովելն այլևս չի գործում, անհրաժեշտ են իրական ծրագրեր ու պատկերացումներ, տեսլական։ 2017-ին հենց այս ձևաչափով պետք է գնալ խորհրդարանական ընտրությունների։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ