Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախնիների աներկյուղ ոգին մեր օրերում նույնպես թևածում է Վարանդայի մելիքների նստավայրում

Նախնիների աներկյուղ ոգին մեր օրերում նույնպես թևածում է Վարանդայի մելիքների նստավայրում
07.10.2016 | 08:41

(հայի արարող, հայրենասեր տեսակը լեռների մեջ ծվարած այս փոքրիկ գյուղում է ապրում)

Որպես պատասխան «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստածին հավասարություն բորբոքողներին, կշարադրեմ արցախյան մի գյուղի պատմություն։ Ընդամենը։
Արցախի գեղատեսիլ բնության գրկում՝ Ասկերանի սաղարթախիտ անտառի լանջին է ծվարած մի պատմական գյուղ, որը եղել է Վարանդայի մելիքության նստավայրը և Վարանդա գավառի կենտրոնը: Ավետարանոց է կոչվում գյուղը, նախկինում՝ Չանախչի, Քիս լեռան ստորոտում՝ 1200 մետր բարձրության վրա։ Այստեղ են Մելիք-Շահնազարյանների կիսավեր, դեռևս կանգուն մնացած ապարանքները և տոհմական դամբարանները, այստեղ են ամփոփվում Վարանդայի մելիքների աճյունները։


Գյուղի արևմտյան մասում՝ հսկայական ժայռին կից, մելիք Հուսեյն I-ի ապարանքի ավերակներն են: Ժայռից հյուսիս՝ պարիսպների մոտ գտնվում է մելիք Շահնազար II-ի ապարանքը, որը, գլխավոր մուտքի վերևի արձանագրությունից ելնելով, թվագրվում է 1786 թ.: Գյուղի հարավ-արևմտյան մասում հին գերեզմանոցն է՝ մեր նախնյաց ուշագրավ տապանաքարերով: Միջնադարում այս բնակավայրը շրջապատված է եղել հզոր պարիսպներով, ու այսօր էլ որոշ հատվածներում պահպանվում են կառույցների մնացորդները:
Համաձայն Սարգիս Ջալալյանցի՝ V դարում Վաչե II արքան, նվիրելով իրեն Քրիստոսի Ավետարանին, գալիս է այստեղ և մեկուսանում ճգնավորական կյանքով: Այստեղից և գյուղը կոչվեց Ավետարանոց:


Ավետարանոցում մարդիկ քաջ են, սեգ՝ իրենց լեռների պես, արարող ու քարից հաց քամող հայի կերպարն է այստեղ։ Մենք հյուրընկալվեցինք քարափին գտնվող մի տնտեսությունում, որտեղ հաճելիորեն զարմացանք՝ տեսնելով ինչպես էին մեծ սարքերով աղում անտառից բերված կոտրված, քամուց ընկած ծառերի ճյուղերն ու ստանում խտացված, ջրազրկված փայտի զանգված՝ «բրեկետ», որն առավել երկար է վառվում ու առավել արդյունավետ տաքություն ապահովում՝ միաժամանակ մաքրելով անտառն ավելորդ ճյուղերից և ապահովելով բնակչության և շրջակա դպրոցների արդյունավետ ջեռուցումը: Ազգանվեր հայ մարդու գործունեություն:


Պատմական Չանախչիում մեզ հյուրասիրեցին գոճու խորոված, տնական հավի միս ու անմահական թթի (թոթի) օղի։ Մեր անսահման բարի հյուրընկալը վառարանի վրա եփում էր տնական հավը, այնուհետ հավի արգանակում բրինձ պատրաստում, գյուղում թխված թարմ հացի երեսին սխտոր ու աղ էր քսում ու վառարանի վրա տաքացնելով` մեզ հրամցնում: Նրա թորած թթի օղին անմահական էր լեռնային սառը օդում: Թթի կամ թոթի օղին այստեղ խմում էին ազդեցիկ թնդությամբ: Գետնափոր մառանում խաղողից պատրաստված կարմիր և սպիտակ գինիների տարաների վրա բժշկական ձեռնոցներ էին հագցրած։ Մեր հարցին՝ ինչո՞ւ են այդպես արել, պատասխանեցին, որ նոր պատրաստված գինու՝ մաճառի օդը այսպես դուրս է գալիս ձեռնոցի վրա արված աննշան անցքից, բայց գինին օդ չի քաշում իր մեջ։ Ամեն ինչ այստեղ արվում էր պապենական փորձված, արդյունավետ մեթոդներով: Անցյալ դարում կյանքը Վարանդայի ծմակուտներում, մելիքների հյուրընկալ գերդաստանների առօրյան լավագույնս նկարագրված են Լեոյի «Մելիքի աղջիկը» վեպում (1898 թ.):


Քաջ են և հյուրընկալ Վարանդայի մելիքության ներկայիս բնակիչները ևս: Եթե փորձես այստեղ որևէ մեկից մի վայր հասնելու ճամփան հարցնել, նա, նկատելով, որ տեղացի չես, չի զլանա կիսատ թողնել իր գործը և պատրաստակամորեն ուղեկցել անցորդին: Արցախ աշխարհում բոլորն էին այսպես հյուրասեր, և Ռոբերտ Ղահրամանյանի՝ սեգ քարափին բազմած հյուրընկալ հարկի տակ Ալյոշայի ձեռամբ պատրաստված հրաշալի ուտեստները և անմահական խմիչքները համտեսելով՝ մի պահ զգում ես պատմական Վարանդայի մելիքությունների հյուրընկալ օջախի շունչը 21-րդ դարում՝ Չանախչիում:


Լեոն՝ իր «Մելիքի աղջիկը» վեպում պատմում է նաև իր արիությամբ աչքի ընկած Վարանդայի մելիք Հուսեյնի դստեր՝ Գայանեի քաջագործությունների մասին: Մեզ հաջողվեց գյուղի հարավ-արևմուտքում` բլրի վրա գտնել Գայանեի վանքը: Կուսանոց անապատն է այստեղ՝ արևմուտքից պաշտպանված է պարսպով, որից մնացել են կիսավեր աշտարակները: Համաձայն մուտքի վերևի արձանագրության` այն կառուցվել է 1616-ին: Հնում այստեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ հին վանքի մնացորդները (V-VII դարեր): Այդ ավերակների տեղում հիմնվել է անապատ՝ Գայանեի վանք անունով, քաջ ու հայրենասեր Գայանեի վանքը:


Նախնիների աներկյուղ ոգին մեր օրերում նույնպես թևածում է Վարանդայի մելիքների նստավայրում: Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին Ավետարանոցում կազմավորվել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա ստեղծված վաշտը 1992-ին Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին՝ ունենալով 12 զոհ։
Հայի արարող, հայրենասեր տեսակը լեռների մեջ ծվարած այս փոքրիկ գյուղում է ապրում ու մեզ ուղեկցող ամրակազմ, թխամաշկ դպրոցահասակ հոխորտ պատանիների` հայրենիքի վաղվա պաշտպանների մեջ:


Հայրենիքիս սեգ ժայռերի քարափին ծվարած այս գյուղից, այս խրոխտ լեռներից, այստեղից բացվում է պատուհանը դեպի աշխարհ:


Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ