Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ասես ինձ փոխանցվել է սերը այն ամենի նկատմամբ, որ սիրում էր Էդմոնդը»

«Ասես ինձ փոխանցվել է սերը այն ամենի նկատմամբ, որ սիրում էր Էդմոնդը»
07.10.2016 | 08:52

«Իրատեսի» հյուրը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԼԱՈՒՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է: Մեր զրույցը Քեոսայանների ՈՒշիի ամառանոցում ձգվեց սովորականից ավելի երկար: Հավանաբար բնությունն ու հատկապես պտուղներով ծանրաբեռ խնձորենին էին տրամադրում չկտրել խոսակցության ձգվող-երկարող թելը:

(սկիզբը` այստեղ)

«ԷԴԻԿԸ ՄԻՇՏ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ԳՆԱՑԵԼ ԵՎ ԱՅԴ ԲԵՌԸ ԴՐԵԼ Է ԻՐ ՏՂԱՆԵՐԻ ՎՐԱ»


-Տիկին Լաուրա, Ձեր որդիների՝ Դավթի, Տիգրանի կայացման ճանապարհին Էդմոնդ Քեոսայանի որդին լինելու հանգամանքը ինչ-որ բան նշանակե՞լ է, ինչ-որ պարարտ հող նախապատրաստե՞լ է:
-Վա՜յ, դա միայն խանգարել է: Երբ Տիգրանն առաջին տարին ընդունվում էր Կինոյի բարձրագույն դպրոց, մի խայտառակ ֆելիետոն տպագրվեց՝ «կՈտՈ Չվպ ՍՏվՍցՐրՈ» վերնագրով: Ես չեմ հիշում մեր մեծ կինեմատոգրաֆիստներից մեկին, որի որդին այդ բուհում չի սովորել: Բայց չգիտես ինչու, միայն տեսան Էդմոնդի տղային: Երբ երկրորդ տարին պիտի գնար ընդունելության, ես փորձում էի հետ պահել, նոր խայտառակ պատմության առիթ չդառնալ: Նա պնդեց, ասաց, որ պիտի ընդունվի: Եվ հիմա հասկանում եմ, որ ճիշտն ինքն էր: Քեոսայան ազգանունը միշտ խանգարում էր: Էդիկը միշտ հաղթահարելու ճանապարհով է գնացել: Ամբողջ կյանքում: Եվ այդ բեռը դրել է իր տղաների վրա:
-Իսկ հայ լինելու հանգամանքը չի՞ խանգարում Ձեր որդիներին՝ ռուսական միջավայրում իրենց գործունեությունը ծավալելիս:
-Տիգրանի դեպքում դա այնքան էլ չեմ զգում, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ խոչընդոտ կա: Այնտեղ դու իրենցից մի քանի գլուխ պիտի բարձր լինես, որ քեզ հետ հաշվի նստեն, թողնեն՝ մի բան անես:


«ԷԴԻԿԻՑ ՀԵՏՈ ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՆԿԱՐՎԵԼ ՖԻԼՄՈՒՄ, ԹԵԵՎ ՏԻԳՐԱՆՆ ԻՆՁ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է»


-Դուք հիմա էլ կարող եք նկարվել, դերեր ունենալ ֆիլմերում: Չե՞ք մտածում այդ մասին:
-Ո՛չ, Էդիկից հետո ես այլևս չէի կարող նկարվել ֆիլմում, թեև Տիգրանն ինձ մի քանի անգամ նման բան առաջարկել է: Ես շատ ծանր եմ տարել Էդիկի մահը: Շա՜տ դժվար մարդ էր, շա՜տ, անտանելի. կենցաղում, բնավորությամբ, ամեն հարցում: Բայց և հումորի այնպիսի՜ զգացողություն ուներ, որ նրա կողքին հնարավոր չէր տխրել: Այս իմաստով Տիգրանս նրան շատ նման է, բայց երբ հարցնում է. «Ես պապային նման չե՞մ, ինչ է»: Ասում եմ. «Նման ես, բայց պապային չես հասնում»: Նեղանում է: Իսկ ես առհասարակ խիստ եմ դատում:

«ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ԱՆՈՒՄ ԷՐ, ՈՒ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԷՐ ԳԱԼԻՍ, ՀԻՄԱ ԵՍ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ»


-Կարելի՞ է ասել, որ Ձեր գործնական շփումները կինեմատոգրաֆի հետ ավարտվել են Էդմոնդ Քեոսայանի հեռանալուց հետո:
-Ես ավարտված համարեցի: ՈՒ եկա գյուղ՝ ՈՒշի, որը տանել չէի կարողանում, երբ կար Էդիկը: Ասես ինձ փոխանցվել է սերը այն ամենի նկատմամբ, որ սիրում էր ինքը: Հիմա այնպես եմ կապվել, որ տարվա մեծ մասն ապրում եմ այստեղ, չեմ ուզում գնալ Երևանի իմ տունը: Մոսկվա գնալ ընդհանրապես չեմ ուզում: Նա մահացավ ապրիլին, և որովհետև նրան շատ էին սիրում գյուղացիները, ես ամռանը եկա այստեղ, որ գյուղացիներին Էդիկի հոգեհացը տամ: Մտածում էի, որ այդ արարողությունը կանեմ ու կգնամ: Բայց եկա ու մնացի, որովհետև այս ամբողջ այգին ինքն է տնկել, տունն ինքն է կառուցել, և այստեղ ամեն բան իրեն է հիշեցնում: Մնացի ու մնացի: Մտածում եմ՝ ինքը գնաց ու իր բոլոր ցանկությունները, բոլոր սովորությունները, անգամ հիվանդությունները թողեց ինձ: Այն, ինչ նա անում էր, ու ինձ դուր չէր գալիս, հիմա ես նույնությամբ կրկնում եմ:
-Դա էլ սիրո արտահայտության մի ձև է:
-Երևի՜, երևի՜: Ես այնքան էլ մեծ չէի, որ կորցրի նրան: Բայց ինձ համար այլևս ոչինչ հետաքրքիր չէր:


«ՀԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ ԱՅԴ ՔԱՂԱՔԸ»


-Մոսկվան Ձեզ համար դարձե՞լ է Ձեր քաղաքը, թե՞ խորթության զգացողությունն այժմ էլ շարունակվում է:
-Ես հիսուն տարի ապրում եմ Մոսկվայում, բայց այդպես էլ չեմ կարողանում ընդունել ու սիրել այդ քաղաքը՝ ի տարբերություն իմ տղաների: Նրանք չեն կարողանում հարմարվել փոքր քաղաքներին: Գալիս են այստեղ, սիրում են Հայաստանը, բայց երեք-չորս օր անց սկսում են ձանձրանալ, անելիք չեն գտնում: Նրանք մեգապոլիսի մարդիկ են: Իսկ ես միշտ սիրել եմ փոքր քաղաքներ: Երևանն էլ հիմա մեծացել է ու ինձ շատ չի գրավում, դրա համար էլ հիմնականում ՈՒշիում եմ լինում: Ինձ համար Երևանը փոքր կենտրոնն էր: Մենք ապրում էինք Բայրոնի փողոցում: Հիմա տունս Թումանյան փողոցում է: Իմ Երևանն այդ փոքրիկ տարածքն էր: Ես մինչև հիմա էլ Երևանի ծայրամասերին ծանոթ չեմ: Մի ֆիլմում էի նկարվում, կոչվում էր «Լեգենդ ծաղրածուի մասին»: Կոնդում էին արվում նկարահանումները: Կոնդը կենտրոն է, չէ՞: Բայց ես առաջին անգամ էի այնտեղ լինում ու զարմացած էի. դա մի մեծ գյուղի չափ էր, հսկայական մի տարածք, որը ես՝ Երևանում ապրած-մեծացած մարդս, երբեք չէի տեսել:
-Ի՞նչ տպավորություն ունեք Ռուսաստանում ապրող հայերից, նրանք հարմարվա՞ծ են օտար միջավայրին, թե՞ Ձեզ նման են, չհարմարված:
-Դե՜, ես շփվում եմ կայացած հայերի հետ, նրանք իրենց շատ լավ են զգում: Մեր նախկին կուսակցական աշխատողները խորհրդային կարգերից հետո թողեցին Հայաստանն ու անմիջապես տեղափոխվեցին Մոսկվա: Շատ արագ տեղավորվեցին լավագույն հիմնարկություններում, և հիմա նրանց բոլորի երեխաները լավ գործի են, բարեհաջող դասավորել են իրենց կյանքը, հրաշալի ապրում են: Իսկ ես այդպես էլ չեմ հարմարվում այդ քաղաքին: Երբեք չեմ սիրել Մոսկվայում ոտքով քայլել, զբոսնել: Հիշում եմ, երբ երեխաների համար պետք էր լինում ինչ-որ բաներ գնել, ու ես ստիպված գնում էի «Մանկական աշխարհ» հանրախանութ, դա ինձ համար իսկական աղետ էր: Սիրում եմ փոքրիկ քաղաքներ, որ կարողանամ ուզածս տեղը ոտքով գնալ:


«ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԷԴՄՈՆԴ ԳԱՐԵԳԻՆՈՎԻՉԻ ԿԻՆ. ՎԵ՛ՐՋ»


-Փոքրիկ տարածքում մեկ-երկու դերակատարումը բավական է ճանաչված լինելու համար: Վստահ եմ, որ Հայաստանում Ձեզ բոլորն են ճանաչում: Իսկ Մոսկվայում սովորական մարդիկ Ձեզ ճանաչո՞ւմ են:
-Չէ՜, չէ:
-Դա մեգապոլիսին բնորոշ չէ՞:
-Բնորոշ չէ: Ես քեզ մի էպիզոդ պատմեմ, որ հասկանաս: Էդիկը «նեվիեզդնոյ» էր, չգիտես ինչու: Եվ երբ նրա ֆիլմերը ցուցադրվում էին արտասահմանում, երբեմն նրա փոխարեն ինձ էին ուղարկում: «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի ցուցադրության առթիվ դեկտեմբերի վերջին գնացել էի Եմեն: Վերադարձա ու պիտի գայի Հայաստան՝ Նոր տարին այստեղ՝ ընտանիքիս հետ նշելու (Էդմոնդն ու երեխաներն արդեն այստեղ էին¤: Անսպասելի զանգահարեցին Պետկինոյից և ասացին, թե հունվարի 4-ին պիտի մեկնեմ Հնդկաստան՝ որպես պատվիրակության անդամ: Իմ մասնակցությամբ ֆիլմ չէր տարվում, հարցնում եմ. «Ինչո՞ւ եք ինձ ուղարկում, եթե իմ դերակատարումներից այնտեղ չեն ցուցադրվելու, ինձ այնտեղ ո՞վ է ճանաչում, ես համարյա ռուս դերասանուհի չեմ»: ԿԳԲ-ական այդ պաշտոնյան՝ զարմացած, որովհետև առաջին անգամ էր տեսնում արտասահմանյան ուղևորությունից հրաժարվող մեկին, ասում է. «Ի՞նչ է, կարծում եք մեր ռուս դերասանուհիների՞ն են Հնդկաստանում ճանաչում»: Այսինքն՝ այնտեղի դերասանուհիներին էլ առանձնապես չէին ճանաչում: Իհարկե, 60-70-ականներին դերասանուհիներն այնքան շատ չէին, և իսկապես խոշոր դերասանուհիներին ճանաչում էին: Բայց հետագայում այնքան շատացան, որ դժվար էր բոլորին ճանաչել: Ինձ ճանաչել են որպես Էդմոնդ Գարեգինովիչի կին: Վե՛րջ:

«ԹՈՌՆԵՐԻՑՍ ՄԵԿԸ՝ ԼԱՈՒՐԱ ՔԵՈՍԱՅԱՆԸ, ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ Է, ՄՅՈՒՍՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ»


-Խոսենք Քեոսայանների երրորդ սերնդի՝ Ձեր թոռների մասին:
-Թոռներիցս մեկը՝ Լաուրա Քեոսայանը, դերասանուհի է: Նա Դավթի դուստրն է: Մյուսները հանրային մարդիկ չեն: Լաուրան ավարտեց «МГИМО»-ն: Դիպլոմը բերեց տուն և ասաց, որ սովորել է միայն նրա համար, որ իր ընդունակությունների հարցում ոչ ոք կասկածներ չունենա: Իսկ նրա ցանկությունը դերասանուհի դառնալն է: Ընդունվեց Շչուկինի անվան թատերական ինստիտուտ: Հայրն ընդհանրապես տեղյակ չէր նրա այդ մտադրության մասին, ես դեմ էի, շատ խոսեցի, փորձեցի հետ պահել: Բայց դիմեց, ընդունվեց: Եվ նրա խաղը «Ջունա» սերիալում ինձ շատ դուր է գալիս: Իսկական Էդմոնդն է. ոչ այնքան իր հորը, որքան պապին ու հորեղբորն է նման: Ես իմ հոգևոր պահանջմունքները հիմա բավարարում եմ երեխաներիս ստեղծագործական ընթացքին հետևելով, նրանց հետ շփվելով, նրանց իրականությամբ ապրելով: Ես նրանց կյանքում ունեմ գործնական մասնակցություն:
-Որդիները բնավորությամբ նմա՞ն են Էդմոնդ Քեոսայանին:
-Դավիթը շատ ըմբոստ է: Այդպիսին էր դեռ դպրոցից և ինստիտուտից: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում սովորելիս հայտարարեց, թե դուրս է գալիս ինստիտուտից: «Ես հասկացա, որ ամբողջ կյանքում սուտ պիտի խոսեմ, չեմ ուզում սովորել էդ մասնագիտությունը»,- ասում էր վրդովված: Մի կերպ ենք համոզել-խնդրել, որ չընդհատի ուսումը: Շարունակեց, ավարտեց, անցավ աշխատանքի, բայց միշտ ինչ-որ մեկի հետ պիտի կոնֆլիկտի մեջ լինի, ինչ-որ բանի պիտի հակադրվի: Նրա ըմբոստությունն իրեն խանգարում է: Տիգրանն այդպիսին չէ, դիվանագետ է: Մենք Դավթին պատերազմի հրձիգ էինք կոչում: Էդիկի մեջ էլ կար այդ անհանդուրժողականությունը: Նա երեք կուսակցական նկատողություն ուներ, չորրորդի դեպքում արդեն հեռացնում էին կուսակցությունից, որը լուրջ խնդիր էր: Անվերջ վեճեր էր ունենում գեղխորհրդի հետ, երբեմն կոպտում-վիրավորում էր: Այնպես որ, նրա հանդուրժողականությունը միայն 37 թվի հետ կապված էր դրսևորվում, թե չէ ինքն էլ էր ինչ-որ տեղ պատերազմի հրձիգ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ