Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նրանք հավատում էին Աստծո նախախնամությանը և չսխալվեցին

Նրանք հավատում էին Աստծո նախախնամությանը և չսխալվեցին
07.10.2016 | 08:08

Առաջիկա շաբաթ օրը Օշականի եկեղեցին ծաղկելու է բազմաշատ այցելուներով, քանզի գրի հարգը գնահատողներն ու թարգմանիչներին մեծարող քրիստոնյաները չեն պակասել, եթե ոչ հակառակը։ Քրիստոնեության եկեղեցական պատմության մեջ թարգմանիչների սրբադասման հայոց օրինակը եզակի է, իսկ հիշատակությունն էլ՝ տարվա մեջ երկու անգամ, մեկը՝ սուրբ Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի, երկրորդը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների պատվին։

Այդքանը քիչ համարելով, Երևանում գիրքը մեծարող երկու արձան է կանգնեցվել. մեկը նվիրված է այն երկու հայուհի կանանց, որոնք եղեռնի ժամանակ, ամենաթանկագին բան համարելով ազգ ապրեցնող ձեռագիր շարակնոցը, իրենց կանացի վտիտ, բայց հոգով զորավոր ուսերին Հայաստան են հասցրել երկու մասի բաժանված հսկայածավալ գիրքը, որն այժմ գտնվում է Մատենադարանում (այդ արձանը կանգնեցված է մետրոյի «Երիտասարդական» կայարանին կից այգում, իսկ մյուսը՝ մանկական գրադարանի դիմաց՝ Կարապի լճի մոտ)։
Եկեղեցիներում սովորաբար սրբադասվում են հոգևոր ակնառու սխրանքներ գործած քրիստոնյաները, իսկ որ պարզապես թարգմանչական հմտության համար սրբադասվեն, դա չլսված բան է, բայց փաստ, որի կողքով պետք չէ անցնել, այլ քննել իրողության պատճառն ու նպատակը։ Սկսենք պատճառից։ Հայտնի է, որ մինչև հինգերորդ դարի առաջին կեսը հայոց ազգը չուներ իր սեփական գիրը, ու դա զարմանալի էր, քանի որ մեր ազգը, մերձակա ժողովուրդների հետ սերտ հարաբերություններ ունենալով, աշխատել է ամեն լավն ու օգտակարն ընդօրինակել։ Բայց այժմ պետք է փորձենք հասկանալ, թե այդ ինչպես է, որ մեր մերձակա ազգերը՝ հույները, ասորիները, պարսիկները, դարերով օգտվում էին իրենց սեփական գրերից, իսկ հարևան Հայաստանը զուրկ էր դրանից։ Չնայած կան կարծիքներ, որ մենք հեթանոսական ժամանակների գրեր ենք ունեցել, ու լուրջ լեզվաբանները հերքում են հայոց հեթանոսական գրերի մասին այդ պնդումները։ Ի՞նչ է, տարբեր լեզուների գիտակ Սահակ Պարթև կաթողիկոսն ու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը անտեղյա՞կ էին հայոց հին գրերի մասին, երբ առաջին Աստվածաշունչը թարգմանեցին ասորերենից, բայց հետո որոշեցին սեփական գիրը ունենալ, որ մինչև այսօր էլ կոչվում է Փեշիթա, քանզի եկել էր ժամը ազատագրվելու հոգևոր ու մշակութային ազդեցությունից։

Մեր մատենագիր իմաստունները, որոնք առավել սուր են զգացել սեփական գիր ունենալու անհրաժեշտությունը, երբևիցե չեն մտածել, որ բավարար է օգտվել մերձակա ազգերի խոսքից ու գրից, այլ ձգտել ու սպասել են, մինչև որ իրենց ժամանակն էլ գա։ Այո՛, հենց ժամանակը, որովհետև նրանք հավատում էին Աստծո նախախնամությանը. թեկուզ և դեռ աղոտ, բայց հաստատուն հավատով։ Եվ չսխալվեցին, որովհետև Հայոց աշխարհի աստեղային ժամն էլ եկավ. Հայաստան աշխարհի վրա ծագեց ճշմարտության արեգակի լույսը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն ու հավատարմությունը։ Այս երկու բառերը՝ հավատն ու հավատարմությունը, միևնույն արմատն ունեն, քանի որ մեկի հանդեպ հավատարմությունը հիմնվում է նրա հանդեպ ունեցած ճշմարիտ հավատի վրա։ Այդպես էլ Արարիչ Աստված ավետարանի փրկության լուրը Իր առաքյալների ու աշակերտների միջոցով սերմանեց ամբողջ աշխարհով մեկ, այդ թվում և` Հայաստանում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների միջոցով ու որպես հմուտ Այգեպան, սպասում էր, թե որ ազգն առավել կպտղաբերի և, ամենակարևորը, հավատարմորեն կկրի այդ թանկագին պտուղը։ Եվ ավետարանական անդաստանում Տերն ընտրեց մեր ազգը, որպես ամենահավատարիմը, որպեսզի արժանանա ազգովին առաջինն Իր Որդու՝ Քրիստոսի մեծ ու սքանչելի Անունը կրելուն։ Մի՛ զարմացեք, քանի որ մեզնից առաջ Աստծո խոսքը լսել են հռոմեացիները, հույները, ասորիները, պարսիկները, հնդիկները, բայց այդ խոսքին հավատարիմ գտնվեցին հայորդիները` Քրիստոսի անվան համար բազմաթիվ նահատակներ տալով, մինչև իսկ արքայադուստր Սանդուխտը, ով առաջին կույս նահատակն է համարվում, իսկ արդեն 451¬ին՝ Ավարայրում, պատրաստ էինք ազգովին նահատակվելու Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը փաստելու համար։ ՈՒ այն փրկարար Ավետարանը, որի համար պատրաստ էինք կյանք նվիրաբերելու, ժամանակը հասունացավ, որ այդ խոսքի հայագիրն ունենայինք։ Իսկ մշակներ Տերն Ինքն էր պատրաստել արդեն, սկսած Վռամշապուհ բարեպաշտ Արշակունի թագավորից (հայոց գրերի գյուտի մեծարման ժամանակ, Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի հետ հարկ է, որ այդ թագավորի անունն էլ հիշատակվի, քանզի հոգին առանց մարմնավորի անզոր է Աստծո ծրագրերը կատարելու)։ Եվ ունեցանք հայագիրը այդ ազգընտիր այրերի ջանքերով ու աղոթքներով, այն էլ` երկնատուր առաքմամբ, քանզի խոսքը, որին պիտի ծառայեր այդ գիրը, երկնառաք էր՝ Աստծո Բանի՝ Խոսքի, Լոգոսի կամքը նախ Հայաստանում, ապա մերձակա ազգերին հասցնելու համար։ Մատենագիտական տեղեկությունները փաստում են, որ թարգմանչական մի հսկա բանակ էր ստեղծվել։

ՈՒ մի՛ կարծեք, թե խոսքի ու թվաքանակի չափազանցություն եմ անում, այլ իսկապես այդպես էր, քանի որ Եղիշե վարդապետն ասում է, որ Սահակ Պարթևի աշակերտ-թարգմանիչների թիվը վաթսունի էր հասնում, իսկ Մեսրոպ Մաշտոցինը՝ քառասունի, չհաշված կրտսեր թարգմանիչների ստվար խումբը։ Սակայն այդ բազմաթիվ մշակներից պատմությանը հայտնի է միայն երեսունի անունը. Եղիշե վարդապետը, ենթադրաբար` Վարդան Մամիկոնյանի հետ Ավարայրի ճակատամարտի մասնակիցը, Մովսես Քերթողը, Դավիթ Անհաղթ կոչվող փիլիսոփան՝ Մովսեսի քրոջ որդին, Եզնիկ Կողբացին, Դավիթ Հարքացին և այլք։ Բայց սուրբ թարգմանիչների շարքին են դասվում նաև Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցի Շնորհալին, որոնք, չնայած նրանցից մի քանի դար հետո են աշխարհ եկել, բայց նույն նպատակին են ծառայել` Աստծո խոսքը հնարավորինս անաղարտ մարդկանց փոխանցելուն։ Մեր թարգմանիչներն իրենց առաքելությունն այնքան անթերի կատարեցին, որ դարեր անց օտարազգի լեզվաբանները մեր Աստվածաշունչը (ասենք, որ Սուրբ գիրքը միայն հայերեն է թարգմանվել «Աստվածաշունչ» բառով, ասել կուզի՝ Աստծո կենարար շնչով գրված) անվանել են «Թագուհի թարգմանության»։ Հարյուր ու ավելի մտավորական ընտրյալներ, լծված միևնույն գործին, պետք է աստվածային կամքը Սուրբ Հոգով թարգմանված ժողովրդին հասցնեին, այլապես անճշտությունները կա՛մ հերետիկոսներ կծնեին, կա՛մ էլ սատանայի դեմ պատերազմելիս՝ բազում պարտվողներ։ Մի՛ զարմացեք այս վերջին խոսքերի վրա, քանի որ Հիսուսն Ինքն անձամբ, քառասնօրյա ծոմապահությունից հետո, երբ սատանան անապատում փորձում էր Նրան, այն էլ երեք անգամ, բոլոր փորձությունների ժամանակ սատանայի դեմ կանգնեց` նախ ասելով. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։

Երկրորդ անգամ. «Գրված է՝ քո Տեր Աստծուն մի փորձիր», և երրորդ անգամ. «Գրված է, պիտի միայն քո Տեր Աստծուն երկրպագես ու Նրան պաշտես» (Մատթ. 4.4-10)։ Տեսա՞ք Աստծո խոսքի ու գրվածքի կարևորությունն ու ուժը. այն մինչև իսկ սատանային է հաղթում, միայն թե այդ խոսքի անաղարտն ունենալ էր պետք, որ թարգմանիչների քրտնակնդրուկ (Նարեկացու խոսքերի գանձարանից է) ջանքերի շնորհիվ ունեցանք։ Իսկ մեր ունեցածն էլ այնքան առատ էր ու երկնատուր, որ նաև մեր մերձակա ազգերին հերիքեց, ու Մեսրոպ Մաշտոցը նախ վրացիներին բաժին հանեց դրանից, ապա` աղվաններին։ Հետագայում աղվանները վերացան պատմության ասպարեզից, իսկ վրացիները դարեր անց ոչ միայն այդ մատենագրական իրողությունը հերքեցին, այլև իրենց հոգևոր արմատները ուրիշի հողի մեջ (իմա` բյուզանդական՝ ուղղափառների) տարածեցին։ Բյուզանդացիները դուրս մնացին պատմական իրադարձությունների ասպարեզից և մնացին որպես քարտեզագրական իրականություն։ Հետո վրացիները ստիպված առավել բերրի հող փնտրեցին ու գտան՝ Ռուսաստանը, բայց դարեր անց հետ քաշեցին իրենց արմատները` վախենալով հզորի հետ տարրալուծվելուց։ Հիմա էլ, գերժամանակակից փարիսեցիների նման, բոլորին աջ ու ձախ ստորադաս են համարում, հերքելով թե՛ մեր, թե՛ կաթոլիկների հավատի անաղարտությունը, նույնիսկ այն աստիճանի, որ նրանք այդ երկու եկեղեցիներում հրաժարվում են աղոթելուց, ինչպես որ արեցին Հայոց եղեռնի հիշատակման օրվա համար հրավիրված վրացի հոգևորականները։ Աստված իրենց հետ, քանզի ցավալի պատասխան են տալու այն Մեկին, ով ասաց. «Սիրեցեք միմյանց, և Դուք բոլորդ եղբայրներ եք»:


Տերը թող սուրբ բարեխոսությամբ մեզ էլ այս բարի պատերազմում հաղթող զավակներ դարձնի, ի փառս Հիսուս Քրիստոսի, ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ