Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեր գործը չէ, թե աշխարհն ինչ է մտածելու. աշխարհը թող իր ճամփով ընթանա

Մեր գործը չէ, թե աշխարհն ինչ է մտածելու. աշխարհը թող իր ճամփով ընթանա
07.10.2016 | 08:10

(աշխարհի շորը որ հագնենք, աշխարհի կերպը որ ընդունենք, աշխարհի երեսից վերանալու ենք)

Չգիտեմ, զարմանալի է, թե ոչ, առաջին սպանությունը տեղի ունեցավ դրախտավայրում, Աստծո ներկայության մեջ. Կայենը, որ Աբելի եղբայրն էր, նախանձեց, զայրացավ և քարը շպրտեց։ Գուցե չէր էլ մտածում, որ սպանելու է։ Այդպիսով հիմք դրվեց սպանությանը։ Եվ այն խոսքը, որ Աստված ասում է Կայենին, թող հավիտյան լսելի լինի անմեղի արյուն թափող ամեն շնչավոր արարածի. «Քո եղբոր արյունը աղաղակում է…»։ Ժամանակի ընթացքում սպանության զանազան ձևեր առաջացան։ Մարդը հայտնաբերեց թույնը, մի բան, որ դրախտում չկար, դեռևս մարդու սրտի մեջ էր։ Իսկ հետո, երբ մարդը, ինչպես ասում են, քաղաքակրթվեց, շատ ավելի զարգացավ և բարվոք պայմաններ ստեղծեց, սպանելու խորամանկ ձևը գտավ, որի հիմքում եսասիրությունն է։ Խոսքը վերաբերում է «աբորտ» կոչվածին։ Բառ է, որի բովանդակածը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպանություն։ Երեխայից ազատվել չէ, երեխային սպանել է աբորտը։ Միայն մարմինը չէ, հոգին էլ է, որ սպանում են։ Օրինակ, եթե Վահան Տերյանի ծնողները «զարգացածության» նման աստիճանի հասած լինեին, չէր ծնվելու ազգի լուսավոր զավակը, որ ընտանիքի տասնմեկերորդն էր, նախավերջինը։ Տեսեք, աշխարհի հանճարները մեծ մասամբ հերթական երեխաներն են և ոչ, ասենք, անդրանիկները։ Կարծում եմ՝ հայոց ազգը շահելու է, եթե այստեղ, Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկվի աբորտ անող բժիշկ կոչվածը։ Դեռ չեմ լսել, որ բժիշկ գինեկոլոգներից մեկնումեկը, ի լուր ժողովրդի, դատապարտվի։ Մեր գործը չէ, թե աշխարհն ինչ է մտածելու։ Աշխարհը թող իր ճամփով ընթանա։ Աշխարհի շորը որ հագնենք, աշխարհի կերպը որ ընդունենք, աշխարհի երեսից վերանալու ենք։


Ասել եմ, ասում եմ, ասելու եմ, մենք աղբյուր ժողովուրդ ենք, ծովի օրենքներով ապրել չենք կարող։ Մեր ծովը, ինչպես նկատել են, մեր կարոտն է, մեր համառությունը, համբերությունը, հավատը, սերը։ Ի՞նչ իմանաս, ազգի անհատականությունը, ազգ ներկայացնող-պահողը զավակներից ո՞ր մեկն է լինելու։ Մի մեծ ցավ էլ ունի ազգը. նայում են, այսպես ասած, էխո անում, և եթե աղջիկ է, շտապում են վերջը տալ։ Բայց չէ՞ որ կին դարձող, մայրացողը նույն այդ աղջիկն է։ Երգ էլ կա. «Ո՜վ սուրբ մայրեր, ձեր վիշտն առնեմ տանեմ ո՜ւր»։ Աղջիկը աղջիկ լինելուց բացի, քույր է, կին է, մա՜յր։ Մեր և աշխարհի Մաշտոցին, Խորենացուն, Նարեկացուն, Սայաթ-Նովային, Աբովյանին, Կոմիտասին, Թումանյանին… ծնող մայրերը ժամանակին աղջիկ երեխաներ չէի՞ն իրենց մոր որովայնում։ Աշխարհում հողի կռիվ է, մի՞թե մայրը մարմին-հող չէ, ուր «բուսնում, աճում, զորանում է» թանկագինը, այն է՝ երեխան։ Հայոց, և ոչ միայն հայոց, մտքի հսկա Վիլյամ Սարոյանն ասել է. «Մարդու մի տեսակ գիտեմ՝ երեխա»։


Երեխան, ի դեպ, միշտ չէ, որ մարդու մեջ փոփոխություն կրելու է։ Կան մարդիկ, մասնավորապես մեծերը, շատերից տարբերվող, առանձնացողները, անհատականությունները, մինչև երկրային կյանքի վախճանը իրենց էության մեջ, հոգու ծածուկ գոտիներում պահում են մանկան մաքրությունը։ Արտահայտություն էլ կա. «Մեծ մանուկ, մեծ երեխա»։ Աստծո խոսքի մեջ ասված է. «Մինչև այս երեխաներից մեկի նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի»։
Ես իմ կարճ կյանքի երկար ճանապարհին հանդիպել եմ նման մեծ երեխաների, ոչ միայն հանդիպել, այլև առնչվել եմ հետները. լուսահոգիներ են այժմ, բայց շարունակում են իմ մեջ ապրել որպես մաքրամաքուրը կրող մեծ երեխա։ Ահա նրանք. Մարտիրոս Սարյան, Գեղամ Սարյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սևակ, Մուշեղ Գալշոյան, Մկրտիչ Սարգսյան… Երեխայի անմիջականությամբ ինձ հաղորդակից են եղել իմ դասատուներից Ախալցխայի դպրոցի տնօրեն Մխիթարյանը, գրականության մասնագետ Ալբերտյանը, համալսարանական դասախոսներից՝ Էդուարդ Աղայանը, Էդուարդ Ջրբաշյանը, Վազգեն Գևորգյանը, որ թարգմանիչն է Նարեկացու «Մատյանի»։ Երեխայի պարզ աչքով նայել են ինձ վրացի գրողներից Իոսեբ Նոնեշվիլին, Նոդար Դումբաձեն, Մորիս Փոցխիշվիլին…
Երեխան, ուրեմն, մարդկությանը ոչ միայն կյանք, այլև համբավ բերող, անուն պարգևողն է։ Ըստ Աստծո խոսքի, լավ է մարդ ջրաղացի քար կապի վզին և ընկնի ծովը, քան գայթակղի երեխաներից մեկին։ Հապա ինչպիսի՜ մեղք է երեխային սպանելը՝ աբորտի անվան տակ։

Որքա՞ն աղջիկներ չեն մայրացել, բայց իրենց մեջ կրելով աշխարհ չեկած երեխային, մայրությունը կրում են, մայր են, մոր զգացողություն ունեն։ Նրանց համար շատ ավելի մեծ վերք ու վիրավորանք, զայրույթ ու զարմանք է աբորտ կոչված տխրահռչակ երևույթը։
Այսքան կորուստներից, եղեռնից, երկրաշարժից, գաղթից, այն է՝ հայրենիք Հայաստանը լքելուց, Արցախի հայրենական սահմանին 2016-ի ապրիլի սկզբի չորսօրյա ողբերգական դեպքերից հետո կարելի՞ է ինքնակամ կորցնել երեխա։ Այն, որ Աստված ասում է աններելի մեղք, աբորտ կոչվածն է։


Չգիտեմ, տիեզերքի ո՞ր անկյունից, ո՞ր ծածուկից, ո՞ր աստղից, ո՞ր խորքից ու խորանից մի միտք էլ հասավ ինձ, ու ես մտա այդ մտքի մեջ. բառը, բանաստեղծությունը, մեղեդին, արվեստի ալեբախումները, հոգու պտուղ, մասունք-մաքուրները, որ ծնվում են, նույնպես երեխաներ են։ Աշխարհ են գալիս ժամանակի լցվելուն պես, երկունքով։ Եվ երբ արվեստագետի, այսինքն, բանաստեղծի, արձակագրի, երաժշտի, քանդակագործի, ճարտարապետի ճանապարհին քար են գցում, նույնն է, թե կանխում են նրա հոգևոր զավակների ծնունդը։ Օրինակները շատ են, մտիր արվեստի աշխարհը և տեսնելու ես, թե ինչպես, ինչ կերպ սպանել են թռիչքի մեջ գտնվող ստեղծագործողին։ Երբեմն չեն նկատում, երբեմն էլ, ինչպես Համո Սահյանը կասեր, խաղից դուրս են դնում մարդուն։ Գրող ընկերները, օրինակ, 1937-ին Եղիշե Չարենցին խաղից դուրս դրին, միությունից հեռացրին, մի կողմ քշեցին, որպեսզի հեշտ լինի կորստյան մատնելը։ Հիմա կասեն՝ ժամանակն այդպիսին էր։ Սա արդարացում չէ։ Ժամանակն այդպիսին էր ժամանակը որդեգրողի համար, ժամանակն այդպիսին էր պղտոր ջրում ձուկ որսացողի համար։ Ժամանակն այդպիսին էր ժամանակի կամակատարը դարձողի համար։ Ժամանակն այդպիսին չէր։ Դու էիր այդպիսին, քո սիրտն էր այդպիսին։ Ժամանակը քո սրտի մեջ էր՝ չարության, նախանձի, ընչաքաղցության, փառքի փափագի տեսքով։ Երբ Չարենցին հեռացնում էին, ո՜վ կրկնակի մեռած հոգի, դու, կոնկրետ դու, ձեռք բարձրացրե՞լ ես կամ էլ քո ստորագրությունը դրե՞լ ես նենգավոր նամակի տակ… Չասես՝ բոլորն էլ ձեռք բարձրացրին, բոլորն էլ ստորագրեցին։ Բոլորի հետ դու գործ չունես։

Ոչ ցույց տուր, ոչ էլ նմանվիր։ Ամեն մարդ Աստծո առաջ, անհատապես, պատասխան տալու է իր արածի և չարածի համար։
Գրող կոչվածները Չարենցին շատ ավելի առաջ էին ուզում մեկուսացնել, մերկացնել, կախաղանի սյանը գամել։ Չարենցը գիտեր և կախաղանի սյան տակ կանգնած էր, ասում էլ էր՝ թող ոչ ոք չմոտենա… Նա ինքը իրեն ինքնազոհության տանում էր։ Այնքան ծարավ էին արյան, որ չսպասեցին, արագացրին… Այլևս արգելք չկար։ Մեր հավիտենական հարևան Վրաստանի մայր քաղաք Թիֆլիսում Բերիա կոչված դահճի ձեռքով կամ էլ նրա նախաձեռնությամբ, սպանել էին հայոց առաջնորդ Աղասի Խանջյանին։ Պետական այրի սպանությունը չարագուշակ էր, Չարենց հոգին հասկանում էր՝ մոտենում է իր վախճանը։ Գրող է, բայց գրողների միությունից հեռացված է, ազգի զավակ է, բայց ազգից զատված է ֆիզիկապես, կյանք ունի, բայց իրենը չէ։ Աղասի Խանջյանը, որ պետական, կուսակցական գործիչ էր, հասկացել, տեսել էր Եղիշե Չարենց հանճարին, մինչդեռ գրող կոչվածների մի ողջ բանակ չհասկանալու, չտեսնելու էր տվել։ Իբր թե իրենք կապ չունեն, չգիտեն էլ, թե ինչ է կատարվում։ Շատ էլ լավ գիտեին, բայց գետնաքարշ էին, մորթապաշտ։ Մինչև այսօր էլ չգիտեն, չեն էլ ուզում իմանալ՝ ի՞նչ եղավ, ո՞ւր նետեցին Չարենցի մարմինը։ Չարենցի սպանությանը հաջորդեցին Բակունցի, Թոթովենցի, Պողոս Մակինցյանի, Հարություն Սուրխաթյանի, Դրաստամատ Տեր-Սիմոնյանի սպանությունները։ Ովքե՞ր սպանեցին, վերջացա՞ն։ Ոչ, նրանք հայրերն էին. որդիները, որդիների որդիները մեր մեջ են, շարունակում են ապրել ու գործել։ Այնպես որ, Տիգրան Մանսուրյանի բառերով ու բնութագրմամբ ասած, դահիճն ու զոհը դեռևս մեկտեղ են, կողք կողքի։


Հետո եկան տարիներ, չարի սերմը, որ արմատ էր գցել, դարձյալ պտուղներ տվեց։ Ես, օրինակ, Չանախչի գյուղում տեսել եմ Պարույր Սևակին, տեսել եմ խռով, լքված վիճակում։ Երբ գրողների միությունում էր, սպասարկող մեքենա ուներ, մի չնչին գումար էլ ստանում էր։ Չուզեցին, չթողին, պարզապես պայմաններ ստեղծեցին, որ թողնի հեռանա։ Սպանության ձև չէ՞։ Իհարկե, սպանության ձև է։ ՈՒրիշ ի՞նչ կերպ կարելի է մարդու կորուստը նախապատրաստել, եթե ոչ չեզոքացնելով։ Չգիտեմ ո՞վ և չգիտեմ ինչպե՞ս, բայց Պարույրին վիրավորել էին։ Չէր խոսում, միայն ասում էր. «Ծաղիկ ծախելով էլ կապրեմ»։ Վիրավորանքն արդյոք չի՞ սպանում մարդուն, այն էլ հոգի կրող մարդուն, իհարկե, սպանում է։ Նույն կերպ վարվեցին Մուշեղ Գալշոյանի հետ, մենակ թողին, առանց աշխատանքի։ Մեկը, մտավորականներից մեկը, որ պաշտոնյա էր, հարակից աշխատանքներ էլ ուներ, որոնց համար վարձատրվում էր, եղբայրաբար ողբաց Մուշեղի կորուստը։ Մտածում եմ, լավ չէ՞ր լինի Մուշեղի կենդանությանը պարզապես, դարձյալ եղբայրաբար ասեր. «Եկ և խմբագրիր այս ամսագիրը»։


Ինչ եղել է, այսօր էլ լինում է։ Ոչ անցյալն է մեզ համար դաս և ոչ էլ ապագան՝ հետաքրքիր։ Այս ամենը, կարծում եմ, դեռևս մեր հոգևոր կյանքի մեջ գործում է։ Չափազանց տխուր վիճակում է գրահրատարակչությունը։ Գիրքը, որպես գրողի հոգու աշխատանքի պտուղ, աչքից ընկած է։ Ի՞նչ պատահեց։ Պատահեց այն, որ արժեքավոր համարվեցին այն գործերը, որոնք ոչ միայն շեղված են հայ ժողովրդի աստվածաշնչյան բնությունից, այլև հիմքում թե՛ պիղծ են և թե կեղծ։ Ոչ ոք չասաց, գրեթե չասաց՝ այդ ի՞նչ սերմեր են, որ ցանում եք սերունդների սրտերում։ Ավելին, մրցանակներ էլ շնորհվեցին։ Ո՞Ւր մնաց հոգևոր ժառանգությունը, այն հավիտենականը, կենսաբերը, որ փոխանցել են մեզ մեր նախնիք։ Բարոյական այն նորմերը, այն առաքինությունները ո՞ւր մնացին։ Ո՞Ւր մնաց քրիստոնյա ժողովրդին վայել մեր վարքը։ Հայացքը երկինք հառած մեր հավիտենական կաթողիկոս Մաշտոցի հետ կապ ունե՞ն արդյոք մեր նորերը։

Գետը, որ գետ է, ակունք է ունենալու, այլապես ցամաքելու է։ Ծառը, որ ծառ է, առողջ արմատներ, մազարմատներ ունենալու է, այլապես չորանալու է։ Նույնը վերաբերելու է ստեղծագործությանը։ Վրացին, օրինակ, ռուսերեն խոսելիս էլ վրացի մնում է։ Գնչուն դեմքով էլ գնչու է։ Կա՞ մեկը, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը լսի ու չասի՝ հայ է։ ՈՒզում եմ ասել, ստեղծագործությունը ստեղծագործողի ներկայացրած ազգի հայելին լինելու, ազգի գույնը, բույրը կրելու է։ Աչքը որ աչք է, խոսում է ազգային պատկանելությունից։ Այս կերպ աշխարհը գեղեցկանալու է, մարդկությունը՝ հարստանալու։ Աստծո հրաման է. «Ձեզ նման ծնեք ձեր զավակներին»։ Ինչ է, գրքերը մեր ժողովրդի հոգևոր զավակները չե՞ն։ Մեր երգիչները, կանգնելով աշխարհի առաջ, Կոմիտաս են երգել։ Աշխարհը մեր հոգին ճանաչել է Նարեկացու «Մատյան ողբերգության» աստվածաշունչ հյուսվածքով։ Մեր մշակույթը մեզ հայ պահել է։ Մեր մշակույթով մենք ճանաչելի դարձել ենք։ Մեր մշակույթը՝ որպես հոգու հայելի, տվել է մեր դեմքի՝ Աստծո նմանության պատկերը։ Չէ՞ որ Աստված մարդուն ստեղծել է իր իսկ պատկերով։ Հիրավի, մեր մշակույթը՝ իր հավիտենական արժեքներով, Աստծո ժողովուրդ լինելու մեր լավագույն վկայությունն է։ Մեր լեզուն, որ մեր գոյության հիմքն է, ստեղծված է Աստծո շնչով, Աստծո խոսքի համաձայն։ Վահան Տերյանը հենց այնպես չէր ասում. «Եվ հնչում է որպես աղոթք արքայական քո լեզուն»։ Աղոթքն ի՞նչ է. հաղորդակցություն, երկխոսություն՝ մարդու և Աստծո միջև։ Տերյանն արքայական ասելով, ուզում է վկայած լինել մեր քրիստոնեից բնությունը, այն է՝ Քրիստոս արքայի, թագավորների թագավորի էությունը կրելը։ Այսօր ի՞նչ լեզվով է, որ լույս են տեսնում մեր թերթերը, ամսագրերը, մեր գրքերը՝ լինեն չափածո, լինեն արձակ։ Աղոթքի՞ լեզվով, թե՞ հայհոյանքի, օրհնանքի՞ լեզվով, թե՞ անեծքի, սիրո՞ լեզվով, թե՞ ատելության։ Դեպի ո՞ւր ենք նայում, ի՞նչ ենք տեսնում և ի՞նչ նպատակի ենք ծառայում։ Ծառայում ենք Տիրո՞ջը, թե՞ մամոնային։ Կենաց ծառի վրա՞ ենք, թե՞ պոկված ճյուղ ենք։ Կուզեի, շատ կուզեի, որ մտավորականը, գրիչ վերցնելուց առաջ, հայտնված լիներ լույսի մեջ, տեսներ իր իսկ սրտի ու խղճի սև բծերը, որ բարին սերմաներ։

Անշուշտ, ով աչք ունի տեսնող, կարդալու է իմ գիրը, իսկ ով ականջ ունի, լսելու է իմ ձայնը։ Վստահ եմ, աչք ու ականջ ունեցող մեկը մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն է, որին տեսել եմ տարիներ առաջ և որը, փառք տանք Աստծուն, էությամբ նույնը մնացել է։ Նման չի եղել մյուսներին, ասել է թե՝ շատերին։ Առաջարկելու եմ, խնդրելով եմ առաջարկելու, հավատալով եմ առաջարկելու, վերանայել նախորդ նախարարի վերջին շնչում, նախարարության վերջին նիստում սահմանած 2017-ին հրատարակվելիք գրքերի ցանկը։

Ո՞վ չգիտե, որ մարմնի շահով առաջնորդվողը հոգու շահն անտեսելու է։ Բացի այդ, հոգին, հոգու աշխատանքը, որ այս պարագայում գիրքն է, շնչավոր մարդու, ինչ-ինչ հանգամանքներում մշակույթի նախարարություն սողոսկած մարդու քննելու բանը չէ։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ