Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Արամ Խաչատրյանի փառատոնի բացման համերգին»

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ  Արամ Խաչատրյանի փառատոնի բացման համերգին»
07.10.2016 | 09:15

Մեր զրուցակիցն է գերմանաբնակ սաքսոֆոնահար ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, ով Հայաստանում էր Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնին մասնակցելու համար։ Նա սաքսոֆոնահարների միջազգային բազում մրցույթների առաջին մրցանակակիր է: 2010 թ. Վիեննայում Հայրապետ Առաքելյանը ներկայացրել է Գերմանիան երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթում: Որպես մենակատար՝ նա ներկայացել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի պետական կամերային նվագախումբը, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆոլկվանգի կամերային, Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցի նվագախմբերը և այլն:

-Հայրապետ, բնակվում եք Գերմանիայում, բայց, հավանաբար, հետևում եք Հայաստանի մշակութային կյանքին։ Ձեր տպավորությամբ՝ ինչպիսի՞ն է այն։
-Այո, հետևում եմ սոցիալական ցանցերի, մամուլի օգնությամբ։ Շատ ուրախ եմ, որ վերջին տասը տարիներին Հայաստանում ծնվել են բազմաթիվ փառատոներ, նոր գաղափարներ, հրավիրվում են բարձրակարգ մենակատարներ, նվագախմբեր ու դիրիժորներ։ Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, ավելանում է ոչ միայն համերգների, միջոցառումների թիվը, այլև զարգանում են ուղղությունները։ Մարդիկ ավելի բաց են դառնում նոր երաժշտության համար։ Օրինակ, Գերմանիայում մեծ խնդիր կա ժամանակակից երաժշտության հետ, քանակը շատ սահմանափակ է։ Մինչդեռ Հայաստանում մարդիկ պատրաստ են նորարարությունների, էքսպերիմենտների։ Եվ ինչպես տեսնում ենք, դրանք բավականին լավ են ընդունվում։
-Ի՞նչն է պատճառը, որ Գերմանիայում հանդիսատեսը դժվար է ընդունում նորարարությունները։
-Գերմանիայում, ցավոք, դասական համերգների հանդիսատեսը 60 և ավելի տարիքի է, իսկ Հայաստանում, հակառակը, երիտասարդներն ավելի շատ են հաճախում դասական համերգների։ Ես աշխատում եմ իմ մենահամերգների ընթացքում ընդգրկել մեկ ժամանակակից գործ, ինչը բավականին լավ է ընդունվում։ Բայց մեկից ավելին արդեն կարող է չընդունվել Գերմանիայում։
-Դուք Հայաստանում եք՝ մասնակցելու Խաչատրյանի միջազգային փառատոնին:
-Խաչատրյանական փառատոնի մասին շատ եմ լսել, դա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախագծերից մեկն է։ Երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ հանդես եմ եկել 5 տարի առաջ և այդ ժամանակից սկսած՝ հետևում եմ նվագախմբի և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հաջողություններին։ Շատ մեծ ներդրում են ունենում հայ մշակույթի մեջ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ստացել ելույթ ունենալու Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման համերգին։ Կատարելու եմ համաշխարհային պրեմիերա՝ Դևիդ դե Բուր Քենֆիլդի Կոնցերտը Արամ Խաչատրյանի թեմաներով՝ սաքսոֆոնի և նվագախմբի համար: Կոնցերտի մեջ Խաչատրյանից կան մի քանի թեմաներ, խաչատրյանական ռիթմիկ ստրուկտուրաներ, և ինձ թվում է՝ շատ հետաքրքիր գործ է։
-Սաքսոֆոնն ասոցացվում է ջազի հետ, շատերը նույնիսկ ասում են, որ այն ավելի շատ ջազային գործիք է։ Համամի՞տ եք։
-Ընդհանուր առմամբ, սաքսոֆոնը ասոցացվում է Նյու Յորքի, Ամերիկայի, գիշերային ակումբների հետ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սաքսոֆոնը միայն Ամերիկայում կարողացավ համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Մինչ այդ Ֆրանսիայում, որտեղ այս գործիքը ստեղծվել է, այնքան էլ չի ընդգրկվել կոմպոզիտորների գործերում։ Բայց իմ նպատակներից մեկն է ապացուցել, որ դասական սաքսոֆոնը շատ գեղեցիկ գործիք է։
-Սաքսոֆոնի համար գրված ստեղծագործություններն էլ, թերևս, շատ չեն։
-Քանի որ սաքսոֆոնը մոտ 170 տարեկան է, բնականաբար, այնպիսի աշխարհահռչակ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Մոցարտը, Բեթհովենը, Բախը, հնարավորություն չեն ունեցել ստեղծագործություններ գրելու այդ գործիքի համար։ Սաքսոֆոնն իր ստեղծման փուլում նախատեսված էր որպես նվագախմբի գործիք, որպես մի գործիք, որն իր ձայնով պետք է մոտեցներ լարային և փողային գործիքները, որպեսզի ձայնի երանգն ավելի ջերմ լինի։ Բեռլիոզը, օրինակ, սաքսոֆոնի մասին ասել է՝ սա մի գործիք է, որն ամենամոտն է հնչում մարդու ձայնին, սակայն ոչ մի ստեղծագործություն չի գրել սաքսոֆոնի համար։ Եվ այնպես ստացվեց, որ միայն 20-րդ դարի սկզբներին ու կեսերին ֆրանսիացի կոմպոզիտորներն ակտիվորեն սկսեցին գործեր գրել սաքսոֆոնի համար։ Այսօր արդեն կա երկու ուղղություն՝ սաքսոֆոնի հետ կապված. մեկը ժամանակակից ուղղությունն է, որտեղ սաքսոֆոնը շատ է օգտագործվում, մյուսը՝ դասական ուղղությունն է, ժամանակակից կոմպոզիտորները գրում են դասական գործեր՝ սաքսոֆոնի համար։
-Ամեն երաժիշտ ունի իր կոմպոզիտորը։ Ձեզ ամենահոգեհարազատ կոմպոզիտորն ո՞վ է։
-Դժվար հարց է։ Միանշանակ ասել անհնար է։ Իմ սիրած կոմպոզիտորները չեն փոխվում արդեն տասը տարի։ Եթե ինձ հարցնեին՝ ում հետ կուզենայի հանդիպել, կպատասխանեի՝ Բեթհովենի և Շոստակովիչի։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ