Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ազգային պարարվեստից վերցրել ենք հատկապես ցատկը, ինչը խորհրդանշում է կյանք, աշխուժություն»

«Ազգային պարարվեստից վերցրել ենք հատկապես ցատկը, ինչը խորհրդանշում է կյանք, աշխուժություն»
07.10.2016 | 09:24

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի «Իգոր և Մորենո» ընկերության «Հիմար-սինկրազիա» կատակերգությունը:


Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Իգոր ՈՒրցելայը և Մորենո Սոլինասը իրենց պարային ներկայացումներով շրջել են Եվրոպայում և ԱՄՆ-ում, արժանացել մեծ թվով մրցանակների: Հայաստանն ամենահեռավոր վայրն է, ուր հասել են նրանք այս ներկայացումով:


«Իգոր և Մորենո» աշխատանքները մարդկանց մասին են, այն մասին, թե ինչն է մարդուն դարձնում առանձնահատուկ: «Հիմար-սինկրազիա» կատակերգությունը նրանց առաջին պարային բեմադրությունն է որպես դուետ: Այս բեմադրությունը ներկայացնում է պարը որպես փոփոխության գործիք` մարդու հույզերը, ապրումներն ու երազանքները ներկայացնելով պարի ու շարժումների միջոցով: «Հիմար-սինկրազիան» ջերմ, հրաշալի և ծիծաղելի ներկայացում է, որը նաև ստիպում է մեզ գիտակցել այն տագնապներն ու դժվարությունները, որոնց միջով անցնում են պարողները ներկայացման ընթացքում»,- գրում է «The Guardian» թերթը:


Մորենո Սոլինասն իր խոսքում նշեց, որ ամենակարևորն իրենց համար հանդիսատեսի հետ հանդիպումն է: Նրանք պարում են ոչ միայն իրար հետ, այլև բեմադրության մեջ ներգրավում են հանդիսատեսին. «Մեր բեմադրության հիմքում բասկյան, սարդինյան ազգային պարերն են: Ազգային պարի ու երաժշտության առանձնահատկությունն այն է, որ, օգտագործելով մարմինն ու շարժումը, միավորում են շրջապատը: Ազգային պարարվեստից վերցրել ենք հատկապես ցատկը, ինչը խորհրդանշում է կյանք, աշխուժություն»:


«Ո՞ր երկրում եք ավելի մեծ հաջողություն ունեցել» հարցին անդրադառնալով` Մորենոն ասաց, որ վերջերս Լեհաստանում են եղել, 100-ից ավելի հանդիսական վեր են կացել, պարել, ցատկոտել. «Մենք փորձում ենք աշխուժացնել հանդիսատեսին, բայց այս դեպքում փորձում էինք նրանց հանգստացնել: Իսկ առհասարակ արձագանքը տարբեր է, փորձում ենք մեր աշխատանքը հարմարեցնել տվյալ միջավայրին»:


Իգորը և Մորենոն առաջին անգամ են Հայաստանում: «Իրատեսը» հետաքրքրվեց` ինչպիսին է տպավորությունն իրենց առաջին այցելությունից: Մեր հյուրերը նոր-նոր էին ժամանել, ասացին, որ դեռ չեն հասցրել անգամ շրջել, ծանոթանալ Երևանին, որոշ տեղեկություններ փնտրել-գտել են համացանցի միջոցով: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ հանդարտ է ու ջերմ»,- Իգոր ՈՒրցելայը այսպես բնութագրեց իր առաջին տպավորությունը: Նշեց նաև, որ չեն եկել միայն բեմադրություն ցուցադրելու, նաև վերցնելու են, սովորելու: Մշակութային փոխառություն ասվածը շատ հետաքրքիր է ու կարևոր նրանց համար:


«Հիմար-սինկրազիան» «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին կներկայացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կներկայացնի նաև Սառա Ֆրենքոմի «Համլետ» բեմադրության էկրանավորումը: Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել Մանչեսթերի Royal Exchange 2014-ին: Ֆիլմը կներկայացվի Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում:


«Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը: Այս տարի փառատոնը հյուրընկալել է 250 մասնակցի՝ 20 երկրից: Թատերասեր հանրության դատին են ներկայացվել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ