Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բացատրություն տվեք, ամեն ինչ դրսի վրա գցելով հո չի՞»

«Բացատրություն տվեք, ամեն ինչ դրսի վրա գցելով հո չի՞»
11.10.2016 | 00:30

Այսօր դրական փոփոխությունների ակնկալիքն այնքան մեծ է, որ ցանկացած պաշտոնազրկում մարդկանց մեջ հույսեր է առաջացնում։ Նոր կառավարությունը, այս առումով, լավ սպասումների առիթ է տվել, թեև մասնագետներն այլ կարծիքի են։ Տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, օրինակ, կարծում է, որ Հայաստանում տնտեսական խնդիրների լուծումը պետք է փնտրել քաղաքական հարթությունում։

-Ի՞նչ բարեփոխումներ պետք է ձեռնարկի նոր կառավարությունը, որ Դուք, որպես տնտեսագետ, համարեք, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու հնարավորություն և ցանկություն կա։
-Հարցը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում է։ Պետք է քաղաքական որոշում լինի, որ խնդիրներն իրենց լուծումը ստանան։ Եթե որոշում կայացվի, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ զբաղվելը պատվերով չէ, այսինքն, ոչ հովանավորչությամբ, այլ օրենքներով, մրցակցային, հավասար պայմաններով, հաջողություններ կարելի է ակնկալել։ Այսօր մեր տնտեսության խնդիրները պայմանավորված են ոչ թե օրենքների անկատարությամբ, այլ դրանց շրջանցմամբ։ Հայաստանում մենաշնորհներ կան ոչ թե այն պատճառով, որ մեր տնտեսությունը փոքր է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ որ կա հովանավորչությամբ զբաղվող պետական մի ողջ համակարգ, որի խնդիրը քաղաքական հակառակորդների հնարավորություններն ի չիք դարձնելն է։ Այսօր, որքան էլ կառավարություն փոխեն, դա չի կարող ազդել տնտեսության վրա։
-Կոռումպացված, մենաշնորհային համակարգի հետ նույնացվող դեմքերի փոփոխությունը որևէ դերակատարություն չի՞ կարող ունենալ։ Ի վերջո, նոր մարդիկ են ընդգրկվել գործադիր իշխանությունում, նոր մտածողության կրողներ։
-Նոր մարդիկ և նոր մտածելակերպը ոչ մի դրական տեղաշարժ չեն խոստանում։ ՈՒզո՞ւմ եք 2008-ի, 2012-ի, 2014-ի նույնատիպ խոսակցությունները հիշեցնեմ։ Այդ ժամանակահատվածում էլ, ինչպես հիմա, միջոցառումների ժամանակ իշխանավորների շուրթերից վատ գրված տեքստ չէիր լսի, բայց դրանք իրականություն չդարձան։ Այս ավտորիտար կառավարվող համակարգում հարցերը կարգավորվում են ոչ թե օրենքների շրջանակում, այլ ինչ-ինչ մարդկանց քմահաճույքով։ Հետաքրքրություն են ներկայացնում ոչ թե պետական ինստիտուտների աշխատանքը՝ հանձինս կառավարության և ԱԺ-ի նիստերի, այլ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը։ Սա շատ նման է խորհրդային տարիների պոլիտբյուրոյի նիստերին, երբ անհամբեր սպասում էին, թե ԽՍՀՄ քաղաքացիների մասին ինչ բախտորոշ որոշումներ են ընդունվելու։ Հիմա էական հարց է՝ արդյոք այդ մարդիկ ի վիճակի՞ են համակարգային խնդիրներ լուծելու այն դեպքում, երբ մեզ մոտ պետական ինստիտուտները չեն գործում։ Մեզ մոտ գործում են «ախպերական» հարաբերությունները, ինչը նշանակում է, որ պետական ինստիտուտները սպասարկում են մի խումբ մարդկանց շահերը։ Այսօրվա կառավարությունն անցած օրերի ընթացքում հասարակությանը որևէ ազդակ չի տվել, որ պատրաստ է վերանայելու այսպիսի հարաբերությունները և դառնալու ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանող ինստիտուտ։
-Ազդակ չէ՞, օրինակ, վարչապետի այն հայտարարությունը, թե պետք է ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները կրճատել։
-Դա շատ վտանգավոր է։ Այդ քաղաքականությունն էլ է ինձ համար անհասկանալի։ Հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց ականջին հաճելի է լսել այդպիսի հայտարարություններ, բայց արդյո՞ք արդյունավետ է այդ կառույցների կրճատումը։ Սա հիշեցնում է նախորդ կառավարության ձեռնարկած ծառայողական մեքենաների կրճատումը։ Իսկ ո՞վ ասաց, որ դրանք պետք է կրճատել, ոչ թե ավելացնել։ Որևէ հիմնավորում, տնտեսագիտական հաշվարկ չներկայացվեց հասարակությանը, թե ինչու այս ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն, ի՞նչ վնաս են տվել։ Հիմա էլ եթե չկա ձևակերպված խնդիր, ի՞նչ ենք ուզում անել։ Հավանաբար առաջիկայում ներկայացվող կառավարության ծրագրում դա կլինի, սակայն այս առումով էլ մեծ հույսեր չունեմ։ Դեռ ծրագիրը չներկայացրած՝ մեզ հրամցնում են մի հարկային օրենսգիրք, որը, ըստ էության, պետք է ծրագիրը սպասարկող գործիքներից մեկը լինի։ Սրան գումարած՝ նման կրճատումներից են խոսում, որը, մեղմ ասած, լուրջ չէ։ Վերջի՞ց են գալիս։ Նախ պետք է խնդիրը հստակ ձևակերպել, թե ինչ են ուզում։
-ՈՒզում են կրճատել ուռճացված պետական ապարատը։
-Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, որոնք այդ մասին շատ են խոսել։ Իմ մոտեցումը հստակ հաշվարկներով է պայմանավորված, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարության անունը փոխել և ընդգրկել տարածքային կառավարման նախարարության մեջ։ Նախարարությունները կիսվում են, կամ նորերն են ստեղծվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ոչ թե՝ կա կոալիցիա, և պետք է որոշ մարդկանց պաշտոններ տալ։ Տնտեսական, քաղաքական արդյունավետության հարց անգամ չի քննարկվել նախարարությունների ստեղծման, բաժանման կամ փակման ժամանակ։
-Վերացվեց նաև քաղաքաշինության նախարարությունը։ Սա ճի՞շտ որոշում էր։
-Կրկին վերադառնում ենք հիմնական հարցին՝ ի՞նչ ենք ուզում։ Ինձ համար շատ կարևոր է, որ հստակ սահմանվի, թե ինչպես են պատկերացնում պետության դերը մեր կյանքում։ Ինձ համար էական է, որ իմ և բոլորիս ազատությունը չսահմանափակվի, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական ազատությունը։ Այս դեպքում պետության մասնակցությունը հասարակական կյանքում կլինի շատ փոքր։ Այս շրջանակներում պետական ինստիտուտների դերն արդեն կփոխվի, ու քաղաքաշինության նախարարության լինել-չլինելու հարցն արդեն էական չի լինի, հստակ կիմանանք, թե քաղաքաշինական հարցերն ով և ինչպես է լուծելու։ Բայց, նախարարություն ստեղծելով, անձնական խնդիրներ են լուծում, երբևիցե կառավարման, տնտեսության արդյունավետության տեսանկյունից այդ խնդրին լուծում չի տրվել։
-Որոշ նախարարություններ նո՞ւյն մոտեցմամբ պահպանվեցին։
-Ավելի շատ գործում է այդ սկզբունքը, քան արդյունավետ կառավարման հաշվարկը։ Էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվեց և որոշակի գործառույթներ ստանձնեց, իրականում դրա կարիքը չկար։ Ընդհանրապես, նման նախարարությունը պետք է, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում պետական կարևորագույն գործառույթները կոորդինացնող մարմնի պակաս կա, ինչը կարող է լրացնել էկոնոմիկայի նախարարությունը։ Այս շրջանակում էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարության, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի և այլ կառույցների անհրաժեշտությունը չէր լինի։ Էկոնոմիկայի նախարարությունը՝ ֆինանսների նախարարության հետ, պետք է նաև հակազդող գործառույթ իրականացներ, այս երկու կառույցները պետք է միշտ իրար հակառակ լինեն, որպեսզի կարողանան բյուջետային, ֆիսկալ քաղաքականության միջինը գտնել։ Սա բիզնեսի, տնտեսության աջակցության քաղաքականություն է, ինչը մեզանում չկա, այդ պատճառով էլ կառավարության նստերի ժամանակ առարկություններ չենք լսում, չեն հարցնում՝ ինչո՞ւ ենք այս մեկին արտոնություններ տալիս, իսկ մյուսին՝ ոչ։ Ոչ ոք չի առարկում, երբ, հարկային օրենսգրքի փոփոխությամբ, հարկային բեռը ծանրանում է միջին ու փոքր տնտեսությունների վրա։
-Ձեր տպավորությամբ՝ նոր վարչապետը ինչպե՞ս է անցկացնում նիստերը։
-Ես չեմ ցանկանում այդ դաշտ մտնել, քանի որ խնդիրների լուծման ընդհանուր մոտեցում, պատկերացում չկա։ Փոխանակ ունենան ծրագրեր, տեսլական, հետո դրանք իրագործեն, հակառակ ձևով են սկսել աշխատել, ինչ-որ գործողություններ են անում, բայց պարզ էլ չէ, թե ինչի համար։ Օրինակ, այս հարկային օրենսգիրքն ինչի՞ համար են ընդունել, ինչպիսի՞ տնտեսության է այն սպասարկում։ Բացի ծրագրից, ևս մեկ կարևոր բան չկա այս կառավարությունում՝ քաղաքական խնդիրները լուծելու կարողություն։ Կարողանալո՞ւ են մենաշնորհների հետ կապված խնդիրները լուծել, հավասար մրցակցային դաշտ ապահովել և այլն։
-Այսուհանդերձ, քաղաքական հաշվարկներից զերծ մնալով, եթե փորձենք այս կառավարության անելիքները զուտ տնտեսական հարթությունում դիտարկել. ի՞նչ եք կարծում, մինչև հաջորդ կառավարության ձևավորումը ի՞նչ բարեփոխումներ հնարավոր կլինի իրականացնել։
-Կարող են մարդկանց մեջ գոնե դրական սպասումներ առաջացնել։ Այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ մի դրական սպասելիք չկա։ Գոնե բիզնեսում բարեփոխումները հաստատ կզգացվեն, որովհետև մարդիկ, պետական ինստիտուտների հետ շփվելով, շատ արագ կզգան տարբերությունը. դա կարող է լինել մաքսազերծման ժամանակ, հարկային մարմինների հետ հարաբերություններում և այլ պետական կառույցների հետ շփումներում։ Այլ խոսքով, առնվազն դրական մթնոլորտ ստեղծել հնարավոր է։
-Վարչապետն առաջին իսկ օրը հայտարարեց, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է։ Ի՞նչը նրան ստիպեց ստանձնելու այդ պատասխանատու «բեռը»։ Քաղաքական նպատակներ տեսնո՞ւմ եք։
-Իհարկե, սա քաղաքական նշանակում է։ Անշուշտ, մթնոլորտ փոխելու խնդիր էլ է դրված, քանի որ իշխող մեծամասնությունը նպատակ ունի նոր կառավարությամբ ուշադրություն շեղելու և նոր սպասումներ արթնացնելու։ Կասեն՝ նոր են, ի՞նչ եք ուզում, սպասեք մի հարյուր օր։ Հետո կգա հունվարը, կսկսվեն տոները, որից հետո արդեն նախընտրական ժամանակաշրջանն է։ Իսկ մայիս-հունիս ամիսներին տնտեսական այլ իրավիճակ էր մատուցվում, խոսվում էր տնտեսական աճի, եկամուտների հավաքագրման մասին, այնինչ դա ընդամենը ներկայացում էր։ Իրենք էլ լավ գիտեին, որ վիճակը ծանր է։ Սրան նպաստեցին նաև օբյեկտիվ (ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր) և սուբյեկտիվ (տարիներ շարունակ վարվող ներքին քաղաքականություն) պատճառները: Այս արատավոր կառավարման հիմքերը դրվեցին 2003-ին, իշխանությունը վաղուց գիտեր, որ իրավիճակը չափազանց վատ է, սակայն թաքցնում էր։
-Ֆինանսների նորանշանակ նախարարը հայտարարել է, որ եկող տարի ունենալու ենք տնտեսական աճ։
-Եթե իրենք 1 կամ 2 տոկոս տնտեսական աճ ցույց տան, ավելի ցածր բազայի վրա 3 տոկոս կարող է լինել։ Դա առանձնապես մեծ ձեռքբերում չէ։ Մեր ՀՆԱ-ի առավելագույն չափը եղել է 2008-ին, որից հետո այն չի վերականգնվել։ Այսինքն, ութ տարվա ընթացքում մենք ահռելի պարտք ենք կուտակել՝ 1,5 միլիարդից այն հասել է 5,9 միլիարդ դոլարի։ Պետական պարտքը մեծանում է, տնտեսությունը չի զարգանում, անհասկանալի է, թե այդ գումարներն ուր են գնում, գործազրկությունը, աղքատությունն աճում են, որևէ մակրոտնտեսական հաջողություն չենք ունենում։ Սա հաշվի առնելով՝ կարելի է ասել, թե ինչու է կառավարություն փոխվում, որ ասեն՝ տեսեք, նախկինը չէր աշխատում, հիմա նոր դեմքեր ունենք, որոնք ուզում են փոխել ձեր կյանքը, բայց սպասեք մի քիչ, հո վաղը փոփոխություններ չե՞ն լինելու։
-Կարելի՞ է ենթադրել, որ այս փոփոխությունը նախընտրական հնարք է։
-Այո, միանշանակ, սա 2017-ի խորհրդարանական ընտրությունների շրջանակում է։ Ամեն դեպքում, այս կառավարությունը նախորդի շարունակությունն է, քաղաքական պատասխանատուները նույն մարդիկ են, որոնք պետք է պատասխան տան, թե ինչու է իրավիճակն այսպես։ Ընտրությունները հենց հաշվետություն ներկայացնելու համար են, բայց մեզանում քաղաքական պատասխանատվության համակարգը չի գործում, քանի որ իրական ընտրություն չի լինում։ Այդ ո՞նց եղավ, որ օգոստոսին ամեն ինչ լավ էր, իսկ հիմա՝ ծայրահեղ ծանր։ Բացատրություն տվեք, ամեն ինչ դրսի վրա գցելով հո չի՞։ Ամեն ինչ Ռուսաստանի լավ կամ վատ լինելով հո չի՞ պայմանավորված, մեր ներսի խնդիրներն են մեզ խանգարում։ Թաքցնում են իրականությունը, հետո փաստի առաջ ենք կանգնում։ Ինչքա՞ն կարելի է ժողովրդին խաբել։ Մենք ունենք ղեկավար դեր ստանձնած կուսակցություն, որն օգտվում է բոլոր բարիքներից, սակայն սեփական ժողովրդի հանդեպ պատասխանատվություն չի կրում։ Միակ ելքը արդար ընտրությունների անցկացումն է, երբ ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը։ Ինձ համար լավագույն օրինակը Վրաստանն է, որը 12 տարվա ընթացքում ժողովրդավարության և տնտեսության առումով մեծ առաջընթաց է ունեցել։ Ժողովրդի ամենամեծ առաքելությունը ընտրություններով իշխանության ձևավորումն է։ Եթե մեզ զրկում են այդ հնարավորությունից, ամենամեծ հանցանքն են գործում։

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ