«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մենք համագործակցել ենք սրտանց, նվիրումով ու անկեղծ»

«Մենք համագործակցել ենք սրտանց, նվիրումով ու անկեղծ»
11.10.2016 | 00:35

«Օպերա Սուիթ» հյուրանոցի 12-րդ հարկից Երևանը երևում է ափիդ մեջ: Բարձրությունը ու տարածությունը օպտիկական խաբկանք են ստեղծում՝ ջնջելով հեռավորությունը: Հոկտեմբերի 7-ին «Սինատրա» սրահում «Հանրապետություն» կուսակցությունը իր հիմնադրման 15-ամյակին նվիրված ընդունելության էր հրավիրել: Օրն ուրբաթ էր՝ շաբաթավերջ, տաք ու տրամադրող:


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը իր հյուրերին երկար սպասել չտվեց և երկար էլ չխոսեց. «Փա՜ռք Աստծո, «Հանրապետություն» կուսակցությունը 15 տարեկան է: 15 տարին այդքան էլ երկար ժամանակ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է, բավականին լուրջ և հարգանքի արժանի տարիք է»,- ասաց նա և հիշեցրեց,- այս տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ և կորուստներ, այդ շղթայում ամենածանրը և անփոխարինելին` ընկերոջ ու համախոհի ֆիզիկական կորուստն է, որը չի լրացվում որևէ կերպ: Այսօր ես պարտավոր եմ հիշել մեր կուսակցության համակիր և իմ անփոխարինելի բարեկամ Այդին Մորիկյանին, Թալինի տարածքային կառույցի պատասխանատու, ուսուցչուհի և մեր համագումարներն ու հանրահավաքները իր ելույթներով գեղեցկացնող Գրետա Արեյանին, Սյունիքի տարածքային կառույցի նախագահ, կուսակցության, Գորիսի և համայն հայության պապիկ Համլետ Ծատրյանին, մեր կուսակցության հիմնադիրներից, նրա քաղաքական խորհրդի անդամ, երբեք հույսը չկտրող, միշտ ոգևորող և հուսադրող Սմբատ Այվազյանին: Թող Լույս իջնի նրանց շիրիմներին: Մենք անելիք ու պատասխանատվություն ունենք նաև նրանց հոգիների հանգստության, նրանց երազած Հայաստանը իրականություն դարձնելու համար»:


«Հանրապետության» նախագահը կուսակցության հոբելյանին հիշեց և շնորհակալություն հայտնեց առաջին քաղխորհրդին և առանձնապես նրա նախագահ Ալբերտ Բազեյանին՝ ընդգծելով նրա ներդրումը տարածքային կառույցների ստեղծման և կուսակցության ծրագրի ու կանոնադրության ձևավորման խնդրում, Գեղամ Հարությունյանին, որ կուսակցության գաղափարական և քաղաքական հենասյուներից էր, Վաղարշակ Հարությունյանին, որ մասսայական միջոցառումների արհեստավարժ մասնագետ էր, Արա Կետիկյանին, Ղուկաս ՈՒլիխանյանին, Արմեն Մկրտչյանին, քաղաքագետ և կուսակցության մամուլի պատասխանատու Սուրեն Սուրենյանցին: Ճակատագրի բերումով տարբեր տեղերում լինելը Արամ Սարգսյանը լավ բարեկամ մնալուն, անհրաժեշտության դեպքում իրար օգնության ձեռք մեկնելուն ու պարզապես միմյանց կարոտելուն խոչընդոտ չի համարում:


«Հանրապետությունը» միշտ կարողացել է մի կողմ թողնել իր հավակնությունները և որպես հետևանք՝ լայն համախմբման նախաձեռնող դառնալ: Մենք համագործակցել ենք սրտանց, նվիրումով ու անկեղծ և շատ շնորհակալ ենք մեզ հետ համագործակցած բոլոր ուժերին»,- ասաց «Հանրապետության» նախագահը՝ շնորհակալություն հայտնելով «Արդարություն» դաշինքին և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ՀԱԿ-ին և նրա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:


Հիշելով անցած ճանապարհը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ 15 տարիների բուռն գործունեության արդյունքում «Հանրապետությունն» ունեցել է Հայաստանի քաղաքական դաշտի համար ռեկորդային թվով ձերբակալվածներ ու կալանավորվածներ, և նրանց ճակատագիրը իրավական դաշտ բերելու ու ազատությունը վերադարձնելու հարցում օժանդակելու համար շնորհակալություն հայտնեց արևմտյան և եվրոպական իրավապաշտպան կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և դեսպանատներին:


Անդրադառնալով ներկային՝ կուսակցության նախագահն արձանագրեց, որ այսօր քաղաքական դաշտում ակտիվորեն գործող ցանկացած անհատ կվկայի, որ Հայաստանում չկա որևէ քաղաք, որևէ գյուղ, որտեղ ինքը հանդիպած չլինի «Հանրապետություն» կուսակցության գոնե մեկ շարքային անդամի: «Այո, մենք կանք, մենք ուժեղ ենք իրենցով, մենք հպարտ ենք իրենցով, իրենք մեր հավատարիմ զինակիցներն են: Նրանք մարդիկ են, ովքեր եղբորս` Վազգենի գլխավորությամբ անցել են պատերազմի և հաղթանակի միջով, նրանք երիտասարդ են, ովքեր այս 15 տարիներին մասնակցել են նստացույցերին, երթերին ու բազմիցս ենթարկվել բռնությունների: Բայց նաև այս վերջին՝ կուսակցական գործողությունների տեսանկյունից պասիվ տարիներին, մեզ են միացել գաղափարական, կարևորը երկրորդականից տարբերող ու քաղաքակիրթ աշխարհի փորձը և արժեքները գնահատող համախոհներ ու համակիրներ»: Կուսակցության քաղաքականությունը ևս նա սեղմ ձևակերպեց. «Հանրապետությունը» հիմա էլ, իր անցած ճանապարհին և կերպարին հավատարիմ, իրական ընդդիմադիր դաշտի համախմբման կողմնակից է։ Մենք պատրաստ ենք համագործակցել այդ դաշտում գործող ցանկացած ուժի հետ, իսկ միևնույն գաղափարական մոտեցումները ունեցող քաղաքական կուսակցությունների ու անհատների հետ անգամ ձևավորել դաշինքային հարաբերություններ՝ միասնական ցուցակով հանդես գալու լուրջ հանձնառությամբ և պատասխանատվությամբ: Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունում կան նման ուժեր, բայց այդ մասին կխոսենք առաջիկա համագումարում: Թող Աստված խաղաղություն, բարեկեցություն և հույս պարգևի մեր փոքրիկ երկրին»:


Այսքանը՝ պաշտոնական մասով: Ոչ պաշտոնական՝ տոնական, մասը բազում հյուրերն էին, շնորհավորանքները, վաղուց միմյանց չհանդիպած կամ ամեն օր հանդիպող մարդկանց զրույցներն ու հարցազրույցները: «Հանրապետության» հյուրերն էին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, «Հայազն» կուսակցության անդամներ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատամարտիկներ դաշինքի» անդամներ, Ալբերտ Բազեյանը, Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, դեսպաններ, խմբագիրներ ու լրագրողներ։ Հոբելյանի ու հետագա քայլերի մասին խոսակցությունները պարբերաբար փոխարկվում էին անցյալի իրադարձությունների հիշողությունների:


«Առավոտի» լրագրողի՝ ո՞րն է եղել կուսակցության 15 տարիների ձեռքբերումը հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք խնդիրներ չստեղծող կուսակցություն ենք եղել, մենք միշտ լուծել ենք խնդիրները: Պահել ենք մեր կերպարը, հակառակ չենք գնացել մեր խղճին, երբեք որևէ մեկին չենք դավաճանել, առավել ևս՝ ժողովրդին, ցանկացած գործընթացում ամենավերջինն ենք հեռացել, լինի ապրիլի 12-ը, թե մարտի 1-ը: Եկել է այն ժամանակը, որ պետք է երկրում իրական և արմատական փոփոխությունների հասնել: Իհարկե, դա շատ լուրջ խնդիր է և ներկա պայմաններում շատ բարդ, բայց դրա հնարավորությունը կա, եթե ամեն ինչ ճիշտ հաշվարկվի, ճիշտ ժամանակում և ճիշտ գործընկերների հետ»: Իսկ «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ընտրություններին մասնակցելու են ոչ թե մանդատներ ունենալու, այլ երկրում իրական փոփոխությունների հասնելու համար: Հայաստանում որևէ ընդդիմադիր կուսակցություն առանձին հնարավորություն չունի հասնելու այդ փոփոխություններին. «ՈՒստի հակված ենք գաղափարական նույն մոտեցում ունեցող ուժերի հետ հանդես գալու միասնական ճակատով»:


Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Ես այն մարդկանցից եմ, որ ամենասկզբից եղել է այս կուսակցության մեծագույն բարեկամներից մեկը: Տեսել եմ, թե ինչ փորձությունների միջով են անցել, ինչպես են սկսել, ինչպես առանց ամբիցիաների կանգնած եղել և սատարել են այլ քաղաքական հայտեր: Կուսակցություն, որ երբեք չշեղվեց իր խղճի և համոզմունքների թելադրանքից: Սա այն կուսակցությունն է, որի հետ, ինչպես ընդունված է ասել՝ ես մարտի կգնամ»:


Տիգրան Խզմալյանը համակարծիք էր Արամ Սարգսյանին, որ 2017-ի ընտրությունները բախտորոշ են, որովհետև խաղի կանոններ են փոխվել. «Նոր խաղի կանոնները ստիպում են վերանայել և մեր մոտեցումները, և ընդհանուր առմամբ հասկանալ ընտրությունների մեծ կարևորությունը»:


Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունը շատ բարդ ժամանակահատվածում է ստեղծվել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդած իրադարձությունների ժամանակ և մեծ դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարության համար պայքարում: Հույս ունեմ, որ նույն դերակատարումը կշարունակի: Մենք միշտ համակրանքով ենք վերաբերվել «Հանրապետություն» կուսակցությանը և շարունակելու ենք այդպես վերաբերվել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Հանրապետության» 15-ամյակի ընդունելությանը «ներկա էր» Վազգեն Սարգսյանը: Հատկապես «Հանրապետության» անդամների համար, որ հիշում ու պատմում էին նրա մասին՝ ինչպես միշտ, ներկա ժամանակով: «Ձեր կարծիքով՝ Վազգեն Սարգսյանը «Հանրապետության» անդամ կլինե՞ր»,- հարցրի Արամ Սարգսյանին:
-Վազգեն Սարգսյանի ներկայությամբ այսօր բոլորովին այլ կուսակցություն կլիներ ՀՀԿ-ն, այլ պետություն կլիներ Հայաստանը՝ տարածաշրջանում ու աշխարհում իր տեղով ու դերով: Այսօր բոլորովին այլ խնդիրներ կդնեինք ու կլուծեինք: Այդ կտրվածքով՝ հազիվ թե «Հանրապետություն» կուսակցության կարիքը լիներ, որ Վազգենը անդամ լիներ կամ չլիներ: Բայց քանի որ կա «Հանրապետություն» կուսակցությունը, և 1999-ի հոկտեմբերի 27 է եղել, մենք այլընտրանք չունենք՝ Հայաստանը փորձադաշտ չէ, պետությանն ու քաղաքացուն պետք է վերադարձնել իրեն արժանի կերպն ու կյանքը:

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ