Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել

Իսկ դուք ասում եք`  չի կարող պատահել
11.10.2016 | 00:42

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ապրիլյան քառօրյայի և «հուլիսյան ՊՊԾ-ի» ուղղակի շարունակությունն է` հայելային արտացոլմամբ: Ընդ որում՝ այդ բոլոր գործընթացները ընդերքային շատ խոր կախվածության մեջ են միմյանցից: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ վերջին վեց ամսում:


ա) Ռուսաստանի թեթև «հրումով» ապրիլին Ադրբեջանը բլիցկրիգի դուրս եկավ` «լուծելու» ղարաբաղյան հարցը. հետ բերելու «գրավյալ տարածքների» մեծ մասը` իր համար, «զետեղելու» ռուսական «օրհնյալ ոտքը» ղարաբաղյան սահմանին` Ռուսաստանի համար: Չստացվեց: Հայ զինվորը չթողեց: Եթե փոքր-ինչ «օգտվենք» դավադրության տեսության ընձեռած հնարավորություններից, չի բացառվում նաև` ԱՄՆ-ի օգնությամբ դա չստացվեց. ոչ միայն արբանյակային, այլև հետախուզական հնարավորությունների մասով. չմոռանանք` ադրբեջանական առաջին ուղղաթիռն ընկավ Ղարաբաղում:


բ) Հաջորդը ՊՊԾ գրավումն էր: Բացառիկ մի օպերացիա, որը, թերևս, չէր եղել հիբրիդային հեղափոխությունների պատմության մեջ: Ձգենք դադարը` հավաստելու, որ, որքան էլ պարադոքսալ է, Հայաստանի` քաղաքակրթական երկխոսության բուֆեր լինելու գիտակցումը հայոց հանրության մեջ, այո, իսպառ բացակայում է, սակայն մեծ խաղը գծագրողների համար այն միշտ առկա է: Նրանք, ի տարբերություն միջին վիճակագրական հայի, շատ լավ գիտեն` երկրորդ շնչառությամբ հայի հետ գործ ունեն, էթնոս, որին առաջինն է տրվել քրիստոնեության բանալին: Եվ ուրեմն, նույնք, ելնելով այդ սուբստանցից, ևս մեկ մենթալ «պլան» իրականացրին` քանդելու Հայաստանում աշխարհաքաղաքական հանգույցը, թուլացնելու Ռուսաստանը հայոց մեջ` իրական շերտում:
Լինենք անկեղծ՝ եզրային վիճակից մի կերպ դուրս թռանք: Չենք կարծում, որ ՊՊԾ «օպերացիան» այնքան նրբորեն էր գծագրված, որ նրանում քաղաքացիական ընդհարումը ևս կանոնակարգված էր: Չնայած, «վերահսկելի քաոսի» այս դարում, դա ևս հնարավոր է, մանավանդ որ այդ նույն ՊՊԾ «խաղում» շատ դժվար էր հասկանալ` ո՞ւմ պոչն ո՞ւմ տակն է, և ո՞վ է հսկիչ փաթեթի իրական տերը: Բայց դրանից շահեցին բոլորը: Շահեց Սերժ Սարգսյանը, ում ձեռքերն արդեն ազատ էին նոր շախմատային պարտիա սկսելու` բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ (տե՛ս Կարեն Կարապետյանի նշանակումը և «հին գվարդիայի» դուրսհանումը նրա ձեռքերով): Շահեց Ռուսաստանը, որն իր «մատյան գունդը»` նույն Կարեն Կարապետյան-վարչապետին և Սամվել Կարապետյան-Ռուբեն Վարդանյան «ֆորբսահայ»-օլիգարխներին հանդիսավոր «ներս բերեց» Հայաստան` մեկընդմիշտ փակելու ամերիկյան «խցկումները»: Ընդ որում՝ սա խաղ էր, որը ձեռնտու էր անգամ հայ հանրությանը, զի, նույնքան հանդիսավոր, «դուրս է բերվում» հին գվարդիան` իր մենթալիտետով, որն արդեն խոչընդոտ էր ոչ միայն Սերժ Սարգսյանի և հայ հանրության, այլև Ռուսաստանի համար, որովհետև «նրանով» ոչ այնքան խաղացել է Սերժ Սարգսյանը, որքան Ռուսաստանը` առմիշտ, և տյունինգի անհրաժեշտությունը խեղդում էր նաև Ռուսաստանին: Հակառակ դեպքում, «ՊՊԾ-ացումը» երկրորդ Մայդանի տեսքով չոքելու էր նույն Ռուսաստանի կոկորդին` «այստեղ ու այս պահին» կորստի մատնելով նրա հարավային դարպասը, ինչը կորցնել Ռուսաստանը չի կարող` անգամ «սեփական կյանքի գնով»:


գ) Հաջորդ ամենակարևոր «դիպվածը», որ տեղի ունեցավ վերջին օրերին, ղարաբաղյան խնդիրն էր՝ մի քանի զուգահեռներով:

Ահա և Ադրբեջանին միլիարդների զենք վաճառող Ռուսաստանը Հայաստանին տվեց «Իսկանդեր»: Ոչ Հայաստանի սիրուն աչքերի համար, այլ, ինչպես ասացինք, «պարտիան» տարածաշրջանում տանուլ չտալու համար: Ընդ որում, նկատենք, ՊՊԾ-ի գրավման ժամանակ «հիբրիդի հայր» ԱՄՆ-ն այդ օրերին նույնպես խիստ պրագմատիկ գտնվեց, և ոչ ավելի, ոչ պակաս, մինչ Կասպրշիկը «կզինվեր» ԵԱՀԿ հետախուզական սարքերով, ԱՄՆ-ը Ղարաբաղին տվեց հետախուզական կարևորագույն սարքեր:

ՈՒ Ալիևը ոռնա՜ց՝ ԱՄՆ-ը հայապաշտ է, Քերին սառեցնում է գործընթացը. նրանք ստիպում են ինձ ճանաչե՜լ Ղարաբաղի անկախությունը: Սա, արձանագրենք, եզակի «միջադեպ» է ղարաբաղյան խնդրի կարգավորման պատմության մեջ, երբ, թեկուզ ներքին լսարանի համար, Ալիևը նման բան է ոռնում: Մի կողմից` ցուցանելու յուր «քաջությունը» յուր ազիկների «հանդեպ», սակայն իրականում մատնելով մեծ վախը` ոչ միայն ռուսական «Իսկանդերի» ու ամերիկյան հետախուզական սարքերի, այլև «այզերբայջանական» նորօծյալ սահմանադրության և Հեյդար Ալիևին սուլթանական աթոռին հավերժորեն ամրացնելու առնչությամբ, ինչը, անշուշտ, մեծ, շա՜տ մեծ գին ունի: ՈՒ Ալիև Հեյդարը պարտավոր կլինի դա վճարել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ