Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թափառական ստատուս քվոն

Թափառական ստատուս քվոն
11.10.2016 | 00:45

Հոկտեմբերը դառնում է ապրիլի հայելին: Իրադարձությունները, որ նոր հարթության մեջ են, նոր զարգացումներ են անդրադարձնում: Տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս: Ճտերն աշնանն են հաշվում: Հաշվարկը դժվարացնում է զուգահեռ հարթությունների գոյությունը, որտեղ իրադարձությունները զարգանում են միմյանց հակառակ:

Ի՞նչ կատարվեց տարածաշրջանում:
1. Ադրբեջանը վայելեց իր «դարակազմիկ» հաղթանակը՝ մինչև հասկացավ, որ չոր հաշվարկում հաղթանակ չկայացավ: Իլհամ Ալիևը հայրենասիրական էյֆորիան օգտագործեց իր իշխանությունը ամրապնդելու համար: Հիմա Ղարաբաղը միջոց է կանխելու սոցիալական բողոքի ալիքը և իշխանության շուրջ համախմբելու ազգին: Սոցիալական բողոքը օբյեկտիվ է՝ նավթի գնանկումն ու մանաթի արժեզրկումը հարված էին, որ դինաստիան չէր հաշվարկել անձնիշխանության պահպանման ռազմավարության ու մարտավարության մեջ: Արտաքին թշնամին միայն կարող է կոնսոլիդացնել ազգին ու ստիպել համակերպվել՝ Հայաստանն ու Ղարաբաղը «փրկում» են Ալիևին: Ապրիլյան էյֆորիայի էներգիան Ադրբեջանի նախագահը որոշեց ծախսել հանրաքվեի վրա՝ ստանալու նոր Սահմանադրություն, որն ապահովում է իշխանության փոխանցումը որդուն: Սա դինաստիական կառավարումը ժողովրդավարական հանդերձներով քողարկելու ծրագիր էր, որ նա իրականացրեց ինչպես վայել է ադրբեջանական մենթալիտետին՝ բարձր տոկոսներով:


ՈՒզո՞ւմ է շարքային ադրբեջանցին կյանքում միայն Ալիև նախագահ տեսնել: Ադրբեջանում արգելված հարց է: Ներքին խնդիրը լուծելուց հետո միայն Իլհամ Ալիևը անցավ Ղարաբաղին:
Ապրիլից հետո Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը հունիսին հանդիպեցին Վիեննայում՝ ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարների միջնորդությամբ: Գործնականում խնդիր դրվեց նոր պատերազմի բացառումը: Հրապարակային քաղաքականության մակարդակում նույն շարքում էր Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միայն ՌԴ նախագահին ունեին միջնորդ, իսկ համանախագահներն ընդամենը հանդիպման վերջնամասին էին ներկա: Սանկտ Պետերբուրգը ոչ թե Վիեննայի շարունակությունը դարձավ, այլ փորձեց նոր ելակետ բերել՝ սուբստանտիվ բանակցություններով, որը քառօրյա պատերազմով բանակցություններից դուրս մղված կազանյան սկզբունքներին վերադարձ էր: Երրորդ հանդիպումը չկայացավ, թեպետ թե Ֆրանսիայի նախագահը, թե ՄԽ ֆրանսիացի համանախագահը պատրաստակամ են ընդունել բանակցությունների երրորդ փուլը: Բայց օրակարգը չի ձևավորվում, հանդիպումը, որ դառնալու է Վիեննայի բանակցությունների շարունակությունը, կանխում են Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կազմակերպած Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Որ ԵԱՀԿ ՄԽ-ում կոնֆլիկտի կարգավորման տեսակետները տարբեր են, տեսանելի դարձրեց ԱՄՆ պետքարտուղարը: Ջոն Քերին ասաց, որ չկան կոնֆլիկտի կարգավորման պայմաններ, և նախագահներն էլ պատրաստ չեն, դա վերադարձ էր ստատուս քվոյին և հրադադարի պահպանման միջոցներին: Իլհամ Ալիևը զարմացավ. «Ասել, որ երկու կողմն էլ մեղավոր են, կողմերը պատրաստ չեն, այս խնդիրն ավելի բարդ է, քան պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, նշանակում է աջակցություն հայտնել Հայաստանի քաղաքականությանը»: Նա պահանջեց խմբագրել տեսակետը, այլապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի առաքելությունը կասկածելի է: Քերին չխմբագրեց: Ալիևն արեց հաջորդ քայլը՝ հայտարարեց, որ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Տարիներ շարունակ նա պնդում էր, որ աշխարհը Ադրբեջանի հետ է, առիթներ էր գտնում կառավարության նիստերից մինչև մեծ ու փոքր շենքերի առաջ կարմիր ժապավենը կտրելիս՝ արձանագրելու, որ այս ու այն երկիրը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ոչ ոք ստատուս քվոն չի ընդունում, որ համարյա ամբողջ աշխարհը «ագրեսոր» Հայաստանից պահանջում է զինուժը դուրս բերել «օկուպացրած տարածքներից», ու հանկարծ արձանագրում է. «Հայաստանը, գործի դնելով կեղտոտ մարտավարությունը և հիմնվելով հայկական լոբբիի աջակցության վրա, նորից ցանկանում է, որ հարցը դուրս բերվի համաշխարհային օրակարգից: Մենք չպետք է թույլ տանք, հարցը մոտ ժամանակներում պետք է լուծվի: Սակայն և դուք, և ադրբեջանական հասարակությունը լավ գիտեք, որ հարցը ոչ միայն Հայաստանի պատճառով չի լուծվում: Հայաստանը մեծ հովանավորներ ունի, մեկը փող է տալիս, մյուսը՝ զենք, մեկը լոբբի է ստեղծում, մյուսը քարոզում է: Սա էլ հակամարտության չլուծված լինելու պատճառն է»: Իհարկե, հիշատակվել են և ՄԱԿ-ի անցյալ դարում ընդունված ու չկատարվող 4 բանաձևերը, հարցն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը՝ ԻՀԿ, Չմիացած երկրների շարժում, իսկ Քերիի հայտարարությունը աջակցություն է «Հայաստանի նվաճողական քաղաքականությանը»: Նշանակում է նոր պատերա՞զմ: Եթե ապրիլին նրան թույլ տվեցին Կազանի պլանը իրականացնել ու բանակցությունների նոր պայմաններ ստեղծել, եթե հասնի մինչև Ստեփանակերտ, երկրորդ անպատիժ շանս Ալիևին չի տրվի, ու նա դա գիտի՝ Արևմուտքը և Իրանը ռազմական ճանապարհը բացառում են: Եվս մեկ հարձակման փորձ՝ ԼՂՀ ճանաչումը սկսվելու է: Հիմա դեռ Ադրբեջանի նախագահն ասում է, որ երբեք չի ճանաչի ԼՂՀ-ն՝ «Քանի դեռ մենք իշխանության ենք, իսկ հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ, ալլահը տա, երկար ենք մնալու իշխանության, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրան», բայց նա հայտնվել է փակուղում, առավելագույնը, որ կարող է անել՝ Ռուսաստանի գործուն աջակցությամբ դիմադրությունն է Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը՝ շփման գծում հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը և երրորդ հանդիպումը հնարավորինս հետաձգելուն: Իսկ դա հենց ստատուս քվոյի պահպանում է դառնում: Երեկ ու այսօր Ստամբուլի էներգետիկ համաժողովում ԼՂ հարցը չբարձրաձայնվելով կքննարկվի՝ այնտեղ են Պուտինը և Ալիևը: Էրդողանի հետ տեսակետները նույն հայտարարի չբերելը «աններելի» է: Երեկ ու այսօր Նյու Յորքում Սերժ Սարգսյանը մասնակցում է «Հայաստան» ներդրումային համաժողովին, նախատեսված են նաև հանդիպումներ:


2. Ի՞նչ կատարվեց ապրիլից հետո Հայաստանում: Վարչապետ և կառավարություն փոխվեցին, որ ամբողջությամբ հետապրիլյան առանցքում չէ միայն: 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխությունները կառավարման համակարգում օրինաչափ ու անհրաժեշտ են երկրում, որտեղ բողոքական զանգվածը հասարակության մեծամասնությունն է, եթե պաշտոնական վիճակագրության աղքատության ցուցանիշները և արտագաղթի չնվազող տեմպերը համարենք չափանիշ:
Հուլիսի 16-31-ը երկիրն ապրեց «Սասնա ծռերի» թելադրած արտակարգ իրավիճակի պայմաններում: Ինչո՞ւ գրավվեց ՊՊԾ գունդը, ովքե՞ր էին քաղաքական հարցերը զենքով լուծել ցանկացողները, բնորոշում չգտնվեց՝ հայրենասերնե՞ր, ահաբեկիչնե՞ր, քաղաքակա՞ն, թե՞ քրեական դաշտում էին գործում: Իշխանությունը կանխեց «մեծ արյունը», բայց իր անկազմակերպ գործողություններով նպաստեց, որ շարժումը ուժ հավաքի՝ սկզբում ներառելով Սարի թաղի բնակչությանը, որ ջուր, գազ ու լույս էին ուզում իրենց տներում, հետո քաղաքական գործիչներին ու մարդկանց՝ մշտապես պայքարի պատրաստ մասին: Շարժումը չստացավ համաժողովրդականի կարգավիճակ:


Նախընտրական տարում իշխանությունը փառահեղ լուծում է հասարակությանը զբաղեցնելու խնդիրը, առայժմ ստացվում է «զվարճանքի» մասով, «հացի» մասով վիճակը ավելի է վատանում: Պարբերաբար քննարկման առանցք են դառնում իրավիճակային խնդիրները, որոնք համահայկականի վերաճելու լիցք չունեն, աշխատանք են լրատվամիջոցների համար ու հասարակության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու միջոց: Նախ նոր վարչապետը և մինչև ժամկետի վերջին օրը նշանակվող նախարարները, հետո ՏԻՄ ընտրությունները՝ իրենց սպասելի ու անսպասելի արդյունքներով, հընթացս տոնական շքերթն ու «Իսկանդերները», զուգահեռ՝ քաղաքական դաշտի վերադասավորումները, որ խոհանոցից իշխանական կուլիսներ գլխավոր թեմա են, հրաշալի միջոց՝ մարդկանց զբաղեցնելու համար: Բոլոր այս թեմաները անցողիկ են, առավելագույնը ենթաթեմաներ են հիմնական թեմայի համար՝ ԱԺ ընտրությունների, որ գլխավոր քաղաքական, տնտեսական ու գաղափարական իրադարձությունն են:


Այդ շրջագծում նորից ուշադրությունը շեղվում է դեպի հետ. արդեն մի ամիս է՝ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձը: Տարբերակներ են ներկայացվում՝ իրականում վերադառնում է Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանի տեսքով, առավել ևս, որ իշխանական կաբինետներ են ստանում երկրորդ նախագահի օրոք պաշտոնավարած անձինք, Սերժ Սարգսյանը նրան վերադարձնում է, որ ԲՀԿ-ն նորից հակակշիռ դառնա ՀՀԿ-ին՝ կառավարության համար ազատ գործունեության դաշտ ապահովելու նպատակով:
Ավելի պրագմատիկ վարկածներ էլ կան՝ Գագիկ Ծառուկյանի կարիքը չկա, նրա ֆինանսներն են պետք: ԱԺ ընտրություններում ժողովուրդն ունի միայն մեկ հարց՝ շարունակե՞լ եվրասիականությունը, թե՞ վերադառնալ քաղաքակրթությանը: Շարքային ընտրողը կարող է գերադասել իր 5-10000-ը, համոզված, որ իր ձայնը ոչինչ չի որոշում: Սա ամենաձեռնտու մտայնությունն է իշխանության համար: Բողոքական զանգվածը գերակշիռ մասով նորից ակնկալում է, որ ընդդիմություն ասվածը պիտի միավորվի, ու կարևոր չէ՝ ով ով է, ով ինչ է ուզում, պիտի միավորվի, ու՝ վերջ, ավելին՝ պատրաստ է ընդդիմադիր համարել ում ասես, ընդհանրական հիշողությունից ջնջելով ստեպ-ստեպ հակադիր հարթություններում հայտնվող քաղաքական ուժերի իրական շահերն ու պատմությունը: Դա նշանակում է, որ ոչ միայն քաղաքական ուժերը, հասարակությունը չի կատարում «տնային աշխատանքը» և սովորույթի ուժով անպատրաստ է ներկայանում քննությանը՝ «ՈՒմ բախտը կբերի՝ կբերի» կարգախոսով, որ քաղաքական ուժերի ստատուս քվոն պահպանելու հիմքն է:


3. Ընտրական ալիք է անցնում տարածաշրջանով: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նախնական արդյունքներով անսպասելի էին նախ և առաջ վրացիների համար՝ խորհրդարան են մտնում միայն իշխող ուժը՝ «Վրացական երազանքը» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»: Երրորդը մտավ «Հայրենասերների ալյանսը»: Երեքուկես միլիոն ընտրողներից նրանք, ովքեր մասնակցել են ընտրություններին, բավարար ձայներ չեն տվել մյուս կուսակցություններին՝ 150 պատգամավորներից մեկը դառնալու համար: Ընտրություններին մասնակցում էին 16 կուսակցություն և 6 դաշինք: 2017-ին նախագահական ընտրություններ են Իրանում, որ պատժամիջոցներից դուրս գալով՝ վերականգնում է տարածաշրջանային ու համաշխարհային տերության վարկը, բայց դա չի նշանակում, որ Հասան Ռոհանին հեշտությամբ վերընտրվելու է նախագահ: Թուրքիան շարունակում է բնակչության հավատաքննությունը՝ «Գյուլենակա՞ն ես դու, թե՞ ոչ» սկզբունքով, հիմնական խնդիր ունենալով նվազագույն դիմադրությամբ անցումը նախագահական կառավարման: Սիրիայում ձախողվեց սեպտեմբերի 6-ին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հրադադարի համաձայնագիրը, Հալեպը դառնում է նրանց միջև նոր կոնֆլիկտի պատճառ: Հալեպահայության խնդիրներն էլ՝ ի հավելումն: Ստատուս քվո այնտեղ էլ չի գտնվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ապրիլն ու հոկտեմբերը՝ գարնան ու աշնան երկրորդ ամիսները, զուգահեռներ են, որ պիտի պատասխանեն մեկ հարցի՝ ի՞նչ պետություն ու կյանք ենք ուզում ունենալ՝ շարունակե՞լ, թե՞ սկսել: Շարունակե՞լ նվնվալն ու հեռանալը, թե՞ ընտրություններում փակել նշանակումների ճանապարհը ու վերադառնալու ելք տալ հայերին, որ աշխարհում Հայաստանից շատ են:

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ