Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ինչպե՞ս բարեփոխել Հայաստանը

Ինչպե՞ս բարեփոխել  Հայաստանը
11.10.2016 | 08:33

«Բարեփոխել» բառը, ըստ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հրատարակած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի, ունի հետևյալ իմաստները՝ լավացնել, բարելավել, բարենորոգել, բարեկարգել: Հարցը, արդյո՞ք Հայաստանը, որի միջուկը մերօրյա Հայաստանի Հանրապետությունն է, կարիք ունի այդ բացատրություններից որևէ մեկի կիրառման: Հայ հանրության որոշակի հատվածներ, ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի, մշտապես են բարձրաձայնում բարեփոխելու հանգամանքը, քանզի այդկերպ է հանրությունը միավորվում իր հիմնական խնդիրների շուրջ, դիմագրավում ժամանակի մարտահրավերներին, կուռ միասնություն դառնում: Թե որոնք են այդ հատկությունները կազմավորող գործոնները, որոնց շնորհիվ ազգը ժողովուրդ է դառնում, երկիրն էլ՝ պետություն, մերօրյա Հայաստանում կարծիքների բազմազանություն կա, սկսած ազատական գաղափարախոսության հաստատումից մինչև համայնավարական մտածողության վերականգնումը: Թեև կան նաև այլ պատկերացումներ, երբ ասպարեզում հայտնվում են աշխարհին մշակույթով, պատմական արժեքներով, անգամ առանձին ոլորտներով ներկայանալու վերաբերյալ մոտեցումներ:

Ավաղ, իրականությունը հակված է առավելապես նյութականի կողմը, քանզի այստեղ է մարդ-արարածը տեսնում իր հիմնական պահանջի իրականացումը, իր հաստատվելու իմաստն ու նշանակությունը, ուրիշներից ինչ-որ ձևով ու միջոցով առանձնանալու նպատակը: Ֆրանսիա ու Հոլանդիա, Գերմանիա ու Իսրայել, Շվեյցարիա ու Ավստրիա ասելիս հայ հանրության զգալի հատվածը, վստահ եմ, առաջին հերթին կարտոֆիլն ու պանիրը, խոզի ու հավի միսն է հիշում, ալպյան մարգագետիններում պահվող կովերից ստացվող կաթ-կաթնամթերքը, հետո թերևս՝ դրանց զբոսաշրջային վայրերը: Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում ու Ճապոնիայում, կայացած տնտեսություն ունեցող գրեթե բոլոր երկրներում կյանքի ու կենցաղի չառանձնացվող չափորոշիչներ են առավոտյան 1 բաժակ կաթի, հավկիթի, պանրի ու որևէ մսատեսակի օգտագործումը, օրվա ընթացքում 200-300 գրամ մսամթերքի սպառումը, որոնց շնորհիվ ու արդյունքում է հաստատվում հանրային առողջ տրամադրությունը, իշխանություն-հանրություն բարերար միջավայրը: Առանց երկմտելու կարելի է նշել, որ հայ հանրության բացարձակ մեծամասնությունը, իշխանության իսկ աղքատության մասին հրապարակած թվերով, զրկված է իր աշխատանքով նշված տարրական պահանջմունքների բավարարումից, որն էլ իշխանություն-հանրություն անջրպետի պատճառն է: Հիմնականում դրսից ստացված ֆինանսական միջոցներով և դրսից բերված պարենամթերքներով մեր կենցաղի համեստ կազմակերպումն էլ պատճառ է դառնում, որ պատերազմում հաղթանակած մարդու հայի տեսակը խռովում է իր ապրած միջավայրից, երբեմնի դրախտավայր համարված երկիրը սրանց ու էս երկիր անվանում, տուն-տեղը թողնում ու օտարության ճամփան բռնում:

Անպատվաբեր ու ամոթալի մի վիճակ, որի վերջը չի նշմարվում, իսկ պատճառը պարզ է ու հասարակ՝ մեր կյանքի ու կենցաղի պարզունակությունը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր տարիների պատմություն ունեցողներս որոշակի ակնածանքով ենք խոսում հազիվ 40-60 տարիների կենսագրություն ունեցող պետությունների մասին, փորձում նրանց միջոցներով ու խորհրդով առաջնորդվելով բարեփոխել մեր կյանքն ու կենցաղը: Տարօրինակորեն չի ստացվում. իսկ գուցե՝ բնականաբար կանխորոշված չի ստացվելու, քանզի տարբերությունները, որոնք կարող են մեծ թե փոքր լինել, կարող են և փոքր թե մեծ ազդեցություն ունենալ ու թողնել ակնկալվող արդյունքների վրա: Ավետարանն է վկայում՝ առաջինները վերջին, վերջինները՝ առաջին:


Վերջիններից մեկը, խնդրում եմ բառն ուղղակի իմաստով չհասկանալ, Սինգապուրն է, 1965 թվականին կազմավորված մի պետություն: Բազմազգ ու բազմակրոն հանրություն, նվազագույն՝ հազիվ 3 երևանաչափ հողային տարածք ունեցող, գոյատևելու տարօրինակ վայր: 2000-ականների սկզբին 700 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այսօրինակ երկրում ապրում էր 4,3 մլն մարդ, միջին 1 քկմ-ի վրա՝ մոտ 6000 մարդ, 15 տարի անց բնակչությունը 5,8 մլն է, 1 քկմ-ի վրա ապրողների միջին թիվը՝ 8300: Այս տարիներին 1 բնակչի հաշվով համախառն ներքին արդյունքը 28 հազար դոլարից հասել է 83 հազար դոլարի (հիշյալ և հետագա թվերը վերցրել ենք ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուից): Սինգապուրյան այս առեղծվածը պարզելու նպատակով ՀՀ վարչապետերից մեկը Հայաստան հրավիրեց այդ երկրի հիմնադիր նախագահին, հույս տածելով, թե նա կբացահայտի կառավարման իր առանձնահատկություններն ու գաղտնիքները: Ավաղ, մոռացվեց մի պարզ հանգամանք. տնտեսական մրցակցություն, իսկ դա պետությունների կայացման ու կայունության հիմնամիջոցն է, ոչ մեկը մայրթերեզայական հատկանիշների կրող չէ: Ձեզ կարող են այծի կաթից պատրաստված պանիր արտադրելու խորհուրդ տալ, սովորեցնել լոբին գերարագ աճեցնելու գաղտնիքները, «Վայելիր Ամերիկայի ոգին» ջերմ խոսքեր հղել, որն ընդամենը «Մարլբորո» ծխախոտից օգտվելու առաջարկ է, իսկ երբ հերթը գալիս է ասենք, եգիպտացորենի սերմ վաճառելուն, որպիսի առաջարկ ԱՄՆ կատարած այցի ընթացքում արել է ԽՍՀՄ երբեմնի ղեկավար Ն. Խրուշչովը ֆերմեր Ռոսուել Հարստին, պատասխանը հետևյալն է. «Կներեք, չենք կարող, դա մեր ֆիրմայի գաղտնիքն է»:


Բնական է, որ Սինգապուրը 30 տարի ղեկավարած փորձառու վագրը հիմնականում խոսելու էր մոնոպոլիաներից ու օլիգարխներից, դրանց հանդեպ իշխանության մոտեցումից, շահերի տեղադրումից, ինչ-ինչ կտրուկ մոտեցումներից, հաստատ տեղյակ լինելով, որ համայնավարության յոթ տասնամյակ ապրած, աշխատանքն ու աշխատավայր ներկայանալը նույնացրած հանրության համար դյուրին խնդիր չէ դրանք հաղթահարելը: Թերևս առավել նպատակահարմար էր այդօրինակ ինչ-որ բան անելու երևութականության փոխարեն առավել մոտ ու մատչելի գործընթացներից օրինակ վերցնել: Ասենք, պարզ ու հասարակ քայլեր ձեռնարկել մերձբալթյան հանրապետությունների պես, ՀՀ-ում էլ մանր եղջերավորի գլխաքանակը կրճատելով նախապատվությունը տալ խոզի ու հավի մսի արտադրության ծավալմանը, սեփական կարիքների բավարարմանը: Առաջին հայացքից տարօրինակ թվացող մտորումներս մեկ հիմնական նպատակի են ուղղված. համեմատաբար փոքր տարածքով Սինգապուրի իշխանությունները, հետևելով նույնպես փոքր տարածքով Իսրայելի օրինակին, տնտեսությունում հիմնախնդիր համարեցին բնակչության պարենապահովությունն ու պարենանվտանգությունը, այդ նպատակով ծավալելով թռչնի մսի արտադրության աննախադեպ քանակներ՝ Սինգապուրում մինչև 100 հազար տոննա, Իսրայելում 550 հազար տոննա: Փոխարենը ՀՀ-ի բոլոր գյուղատնտեսական ռազմավարական ծրագրերում խնդիր է հռչակվում մանր եղջերավորի ներկայիս 500 հազար գլխաքանակը հասցնել 1,5 մլն-ի, երբևէ չհիմնավորելով դրա անհրաժեշտությունը: Նկատենք, որ մեր հարավային հարևանը մոտ 30 տարիների հետևողական գյուղքաղաքականության արդյունքում 65 մլն մանր եղջերավորից հիմա թողել է 30 մլն-ը:


Ինչո՞ւ, պարոնայք հայ տնտեսագետներ ու տնտեսվարներ, չէ՞ որ մեզանում ընդունված է հարավային հարևանին մանր եղջերավոր անասնատեսակների մսին նախապատվություն տվողներ համարել, օրինակ բերելով մյուս հարևան երկիր ոչխարի մեր արտահանումները: Մի՞թե պարզ չէ, որ այս անասնատեսակը ցանկալի արդյունավետություն չի երաշխավորում, պահանջվող կաթնատվություն ու մսաճ չի ապահովում: Այն հարկ է փոխարինել մի այլ մսատեսակով, որն իրենց պարագայում խոզը չէ: Եվ լուծումը գտնվում է թռչնի մսի արտադրությունում: Ընդամենը 35 օրում ձվից 1 կգ թռչնի մսի ստացումը ամենուր պարզապես ձեռքի հետ իրականացվող գործընթաց է, միայն ոչ Հայաստանում: Թուրքիայում և Իրանում վերջին 15 տարիներին հավի մսի տարեկան արտադրությունը երբեմնի 700-800 հազար տոննայից հասել է 2-ական մլն տոննայի, ՀՀ-ում՝ 5 հազար տոննայից 8 հազար տոննայի, 1 բնակչի հաշվով հարևանների մոտ 25 կգ, ՀՀ-ում` 2,5 կգ: Կասեք՝ տաք երկրներ են, հողային ու ջրային առավել նախընտրելի պայմաններ ունեն, որպիսի արդարացումները մեզանում ընդունված չէ քննարկել ու վիճարկել: Այս պարագայում բարի եղեք բացատրել, թե ինչպես է հաջողվում, ասենք, հյուսիսային երկրներ Ֆինլանդիային ու Շվեդիային հավի մսի արտադրության 1 տոննայի ինքնարժեքը 700-800 դոլարի սահմաններում կազմակերպել: Մեր երբեմնի բախտակից Էստոնիայում այն 600 դոլարի է մոտենում, Իսրայելում այս թվից էլ ցածր է՝ 570 դոլար: Իսկ գիտե՞ք ինչքան է Հայաստանում 1 տոննա հավի մսի ինքնարժեքը՝ մոտ 1400 դոլար, ՀՀ դրամի վերածած 1 կգ-ը ստացվում է 700 դրամ, երբ իսրայելականը 300 դրամ էլ չի կազմում, մերոնց պես լիովին ներմուծվող կերի պարագայում: Իսրայելում հավի մսի սպառումը, բնական է՝ միայն թարմ վիճակում, 1 բնակչի հաշվով տարեկան կազմում է 70 կգ, տավարինը՝ 30 կգ: Նման հոգածությունը դեպի իրեն է ձգում ոչ միայն հրեաներին, այլև այլ ազգերի ներկայացուցիչների, նաև հայերի: Եվ սա հավերժ պատերազմող երկրի պարագայում, մշտապես ռմբակոծությունների ենթարկվելու պայմաններում: Գրեթե համանման վիճակ է նաև մեզանում, մեր Արցախ աշխարհում, միայն այն տարբերությամբ, որ հայերիս մշտապես առաջարկվում է աշխարհի 4 կողմերից ներկրված, խոր սառեցման ենթարկված մսատեսակներից օգտվել, կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքներ օգտագործել:

Պարզ է, չէ՞, որ այս գործընթացները քիմիական միջամտության հետևանք են, իսկ պարզից էլ պարզ է, որ քիմիան ու սնունդը անհամատեղելի են, եթե վտանգավոր չորակենք: Դեռ լավ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է մանկական հաստատություններում մսամթերքների օգտագործումը: Թերևս պատկերացնել հնարավոր չէ այն վիճակը, եթե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը աննպատակահարմար գտնի արդեն նշված խոր սառեցված մսատեսակների ու կաթի փոշու ներմուծումը երկիր: Դժվար է նաև պարզել, թե ինչ հումքից են պատրաստվում երկիր ներկրվող բուսական ու կենդանական յուղերը, բազմաթիվ այլ սննդատեսակները, որ չգիտես ինչու չի արտադրում մեր տնտեսությունը: Հարյուր հազարավոր հեկտարներ ջրովի հողերն անմշակ են մնում, հարյուր հազարավոր գյուղաբնակները՝ անգործ, իսկ սահմանափակ թվով խոշոր առևտրականները՝ հարստացող ու բարգավաճող: Ահա այսօրինակ միջավայրում է ապրում ՀՀ շարքային քաղաքացին, Աստծո մի օր էլ ինքն իրեն հարցնում է. մինչև ե՞րբ է իրեն տրված մեն-միակ կյանքն այս պայմաններում անցկացնելու:


Վերջին տարիներին ընտանեկան հանգամանքներով հաճախ գտնվելով արտերկրներում, պարբերաբար եմ ունկնդրել թե՛ երբեմնի հայաստանցիներից, թե՛ սփյուռքահայերից, որ Հայաստանում ապրելու հիմնական խոչընդոտը պարզ ու հասարակ կենցաղի բացակայությունն է: Պարզորոշ ուրվագծվում է, որ մարդիկ Հայաստանից հիմնականում հեռացել են ոչ թե պաշտոնյայի կամ ոստիկանի կամայականության, բուժաշխատողի անփութության կամ ինչ-որ մեկի ամբարտավանության պատճառով, որպիսի դրսևորումների հանդիպում ենք յուրաքանչյուր պահի, մեզնից հեռու վանելով այն, այլ կենցաղում առաջնահերթ նվազագույն սննդակարգի բացակայության արդյունքում, սկսած նախաճաշին արդեն նշված 1 բաժակ կաթ ու հավկիթ, ջեմ ու կարագ, մի կտոր էլ պանիր ունենալուց: Վստահեցնում եմ, որ նվազագույն այս պահանջը վաղուց հաղթահարած հանրությունները որևէ գերմարդկային հատկանիշների կրողներ չեն, արտակարգ ունակություններ էլ չունեն, և նախնիների ժառանգությունը չէ, որ շարունակում են: Նրանք ընդամենը մոտ 5-6 տասնամյակ առաջ սովորել են արդյունավետ գյուղգործունեություն ծավալել, լուծել իրենց առջև ծառացած հիմնախնդիրը, այդտեղ ցանկալի արդյունքներ հաստատել և այդկերպ բարեփոխել իրենց կյանքն ու կենցաղը: Հիմնախնդիր ասվածն էլ ընդամենը առաջնահերթություն համարվող կենդանական ծագման սնունդն է, այն երաշխավորողը՝ լիարժեք անասնակերը, որպիսին եգիպտացորենի հատիկն է, որի համաշխարհային արտադրությունը 2000-ականներից սկսած անցել է 1 մլրդ տոննան, երբ հանրահայտ ցորենը 700-750 մլն տոննան չի գերազանցում: Ընդամենը այս հատիկը անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործելու արդյունքում է, որ անասնապահության ոլորտում ցանկալի ցուցանիշներ են ապահովվում՝ ՀՀ արդյունքների 4-5-ապատիկ գերազանցում: Մեզանում այն փոխարինվում է բանջարաբոստանային ոլորտի խթանումով, այդկերպ դառնալով այլոց պարզունակ կցորդը:


Ցավոք, լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ կարելի է երկրի կայացման առումով լիարժեք զրույց ծավալել: Առաջնորդվելով այս մոտեցմամբ, հույս տածենք, որ ՀՀ նորոգված կառավարությունը հանդես կբերի համաշխարհային գործընթացներով շարժվելու իրական ցանկություն և կբարեփոխի ՀՀ գյուղոլորտը, որն էլ ողջ տնտեսության կայացման հուսալի երաշխիքն է:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ