Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայքի գաղափարախոսությունը հայության համար է»

«Հայքի գաղափարախոսությունը հայության համար է»
11.10.2016 | 08:41

«Իրատեսի» զրուցակիցը «Տաք տան աուրա» ընկերության հիմնադիր տնօրեն, «Հանուն Հայքի» շարժում ՀԿ-ի հիմնադիր անդամ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:

«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ ԲԱՆԱՍԵՐ ԵՄ, ԱՆԳԱՄ ՍԱԼԻԿԸ ՊԱՏԻՆ ԵՄ ԽՓՈՒՄ ԲԱՆԱՍԻՐՈՐԵՆ,
ԱՅՍԻՆՔՆ՝ ՍԻՐԵԼՈՎ»


-Մասնագիտությամբ՝ բանասեր, նաև խմբագիր, բայց այլ «ռազմադաշտում» ես այսօր։
-1984-ին ընդունվել եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետ, աշնանը մեկնել եմ խորհրդային բանակ։ Զինվորական ծառայությունս ավարտելուց հետո գործերս տեղափոխեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Համալսարանն այդ տարիներին այլ հմայք ուներ, չէ՞ որ դասավանդում էին այն երևելիները, որոնց անունները թանկ ու սիրելի էին ինձ դեռևս դպրոցական տարիներից, վերջապես, այդ բաժնում էին սովորել ինձ շատ հարազատ մարդիկ։
-Դպրոցում պայքար չկա՞ր մասնագիտության ընտրության հարցում։
-Ավագ դասարաններում տարված էի ճշգրիտ գիտության նախահիմք առարկաներով, անչափ սիրում էի ֆիզիկան, մասնակցել եմ մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի, կարծես ամեն ինչ կանխորոշված էր, սակայն Սևակի պոեզիան և հրապարակագրությունը քայլերս ուղղեցին բանասիրության աշխարհ։ Այդ տարիներին բանաստեղծություններ էի գրում, մի քանի անգամ տպագրվեցի շջանային թերթում, ծանոթներիցս մեկը, որ գրահրատարակչությունում խմբագիր էր աշխատում, տարավ բանաստեղծություններիս տետրերը, որ հրապարակի, սակայն հետագայում հասկացա, որ Թումանյանից, Չարենցից ու Սևակից հետո դժվար թե նոր խոսք ասեմ հայ պոեզիայում, հետևաբար հրաժարվեցի բանաստեղծ դառնալու մտքից։
-Արա, այսօր հիմնադրածդ ընկերությունը հիմնարար աշխատանքներ է կատարում, տեղյակ եմ, որ ինքդ հաճախ թևքերդ քշտած աշխատում ես վարպետներին հավասար։ Բանասերը, որ ննջում է ներաշխարհիդ մեջ, չի՞ «ըմբոստանում»։
-Երբեք, ես էությամբ եմ բանասեր, և ընկերներս երբեմն կատակով ասում են, որ անգամ սալիկն եմ բանասիրորեն շարում։ Այսինքն՝ ԲԱՆԸ, որն ի սկզբանե էր, պետք է անել միայն սիրով, չէ՞ որ արարչության հիմքում սերն է ընկած։ Տարիներ առաջ, երբ «Սարդարապատ» ազգագրական թանգարանի փոխտնօրենն էի, դուրս էի եկել տարածքն ստուգելու, մի անուշիկ երգի ձայն մագնիսի պես իր մոտ տարավ։ Ծաղկաբույծներից մեկն էր երգում, իսկ մնացած վեցը, ընտանեկան հոգսերն ու խնդիրները մոռացած, երգի հնչյուններով գերված, մոլախոտերն էին քաղհանում։ Չնայած երգող տիկնոջից գործընկերները բողոքել էին, որ դանդաղ է աշխատում, բայց այդ պահին ինձ համար ամենաընտրյալ ծաղկաբույծը նա էր, որովհետև իր երգով գերել էր շրջապատի մարդկանց, վերջիններս էլ ինքնամոռաց աշխատում էին։
-Անցար գործարար աշխարհ. դարձյալ սե՞րն էր պատճառը։
-Կարիքն էր պատճառը։ Բուհն ավարտելուց հետո 1993-ին կարճ ժամանակ աշխատեցի ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայությունում, շփվեցի ՀՀ առաջին իրական օրենսդիր մարմնի շատ երևելի դեմքերի հետ։ ՀՀ առաջին գումարման խորհրդարանը մտքի և գաղափարի յուրօրինակ ասպարեզ էր, որտեղ շատ նվիրյալ գործիչներ կային, հիշեմ թեկուզ իմ սիրելի դասախոսին՝ Ռաֆայել Իշխանյանին, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին, Պարույր Հայրիկյանին, շատերին։ Առհասարակ, ինձ համար առաջնայինը գաղափարն է, կարծում եմ, որ եթե մարդը կարողանա փոխել իր մտածելակերպը, նրա համար կփոխվի նաև աշխարհը, մենք պետք է մաքրագործման սրբազան աշխատանքը մեզնից սկսենք, ոչ թե ձգտենք վերափոխել դիմացինին, դա անարդյունք է։ Այդ դեպքում կտեսնենք, թե ինչ հրաշք են աշխարհը, կյանքը, տիեզերքը, չէ՞ որ աշխարհը սկսվում է յուրաքանչյուրիս մտքում և հոգում։ Ես հեռացա կյանքի պարգևած այդ բարձունքից և հայտնվեցի կյանքի հատակում, ստորին մի մակարդակի վրա, ուր բոլորը խաբում էին, այդ ոլորտը մինչև հիմա էլ բանտ եմ համարել. դա նորաթուխ ջունգլիական շուկան էր։ Իմ մոտեցումներն այլ էին։ Ես կարողանում էի վստահությամբ համակել առևտրով զբաղվող շատ մարդկանց, նրանք ինձ էին վստահում, ես՝ նրանց։ Կարճ ժամանակահատվածում իմ արդար աշխատանքով կարողացա բարելավել նյութական վիճակս. ոչ միայն բնակարան գնեցի, այլև կարողացա օգնել հարազատներիս, ընկերներիս, ծանոթներիս։

«ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐՆ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ»


-Ղեկավարածդ ընկերությունը կարևոր գործով է զբաղվում, ապահովում է բնակարանների ջերմության բնականոն պահպանումը, չէ՞ որ մենք անտեղի շատ էներգիա ենք վատնում՝ առանց այդ մասին մտածելու։
-20-րդ դարավերջին ինձ հետաքրքրում էր ամերիկյան ռացիոնալիզմը։ Նրանք զուգարանակոնքի վրա դրված ջրամանում 3 լիտր ջուր էին լցնում, մենք՝ 13 լիտր։ Ջրի այդ քանակությունը նույն գործն էր կատարում։ Նրանց մոտ առհասարակ անպիտան ոչինչ չկա, չի վատնվում, չի թափվում, իսկ մենք մինչև հիմա ուզում ենք Նուբարաշենում կուտակված աղբը վերամշակել ու չենք կարողանում։ Այսպես էր բոլոր ասպարեզներում. ամերիկացիները խնայում, տնտեսում և հարստանում էին, խորհրդային երկրի քաղաքացիներն անզուսպ շռայլում և աղքատանում էին։ Խելամիտ խնայողությունը ԱՄՆ-ի տնտեսության բարգավաճման կարևոր նախապայմաններից էր։ Հիշենք, որ խորհրդային տարիներին մեր բնակարանների մի մասը ջերմությունից պայթում էր, մյուս բնակարաններում մարդիկ գրեթե սառչում էին։
-Մի՞թե ԽՍՀՄ փլուզման հիմնախնդիրների շարքում կարելի է մոռանալ անգութ անխնայողությունը և հանցավոր անտարբերությունը պետական, որ նույնն է, թե համաժողովրդական սեփականության նկատմամբ։
-Անկասկած։ ԽՍՀՄ-ը փլուզվեց բրեժնևյան զանգվածային անտնտեսվարության ժամանակաշրջանում, իսկ անտերության մատնված հսկա պետությունը չափազանց հարմար թիրախ էր գորբաչովյան արկածախնդրության համար։ ԽՍՀՄ-ի գիտական ահռելի ներուժը ևս, համոզված եմ, կանխամտածված չէր օգտագործվում ըստ նպատակի, մատնվում էր անտերության։ Աշխարհը դա գնահատում էր և խորհրդային գիտնականների գյուտերն ու հայտնագործություններն ամենատարբեր ուղիներով կորզում։ Ցավալի է, սակայն ազատ և անկախ մեր հանրապետությունում բրեժնևյան ժամանակների կարծրատիպերն են տնտեսության շարժիչ ուժը, միայն թե ավելի անզուսպ ամենաթողությամբ։ Այսօր մեր միտքն ու գիտելիքը, մեր հայտնագործած ցանկացած բան էժան գնում և թանկ վաճառում են մեզ։
-Այս ուղղությամբ այսօր քիչ թե շատ էական որևէ բան արվո՞ւմ է։
-«Իրատեսի» ընթերցողն եմ առաջին իսկ համարից, բնականաբար, ունեմ իմ նախընտրած հեղինակները, սակայն այստեղ տեղին է հիշել թերթի տնտեսական քաղաքականությունը, ուր Վահան Համազասպյանի, Գեղամ Քյուրումյանի և այլ հեղինակների նյութաշարերում ներկայացվում են ազգային տնտեսության կազմավորման և զարգացման բոլոր հիմնարար նախադրյալները։ Առայժմ այդ ամենը մնում է որպես «ձայն բարբառոյ հանապատի»։ Մեծ գիտնական և մեծ հայ Պարիս Հերունու արևի ներուժն օգտագործելու հրաշալի հայտնագործությունն աշխարհի շատ զարգացած երկրներ երեկ էլ, այսօր էլ ուրախությամբ կյանքի կկոչեն, մեզ մոտ այն անտերության է մատնվել, դժվար չէ կռահել՝ ոչ պատահաբար։ Այնպես որ, էականորեն առաջընթացը խափանվում է։
-Մեր զրույցը հետաքրքիր ընթացքի մեջ է, այնուամենայնիվ, չհեռանանք խորագրի բնույթից, ինչի համար էլ առաջարկում եմ երկու խոսքով ներկայացնել ընկերության գործունեությունը։
-Դիցուք, մեզ հրավիրում են ջեռուցման համակարգ տեղադրելու։ Մենք նախ բնակարանը, տունը կամ թեկուզ դղյակը տեղազննում ենք ամբողջությամբ և, ընդհանուր պատկերն աչքի առաջ ունենալով, մեր առաջարկություններն ենք ներկայացնում։ Օրինակ, ի՞նչ միտք ունի բնակարանում տեղադրել հզոր ջեռուցող կաթսա, եթե պատուհանների և դռների անտեսանելի, սակայն շատ վտանգավոր ճեղքերից ջերմությունն արտահոսելու է։ Բացի այդ, հաճախ տան պատերը բարակ են, տանիքը՝ նույնպես, որոնք իրենց հերթին ուղղակի անեծք են տանտիրոջ միջոցների և առողջության համար։ Այսինքն, եթե N բնակարանը բարվոք տաքացնելու համար ամսական ծախսվում էր, դիցուք, 100000 դրամի էներգիա, ապա, մեկ անգամ «Տաք տան աուրայի» հայեցակարգով բնակարանը հիմնանորոգելուց հետո, տարիներ շարունակ տանտերը կվճարի ընդամենը 50 հազար դրամ։ Այստեղ նրբությունները շատ են, բայց ես մի ցավալի խնդիր կշոշափեմ։ Տեսեք՝ ցանկացած բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր շքամուտքի գրեթե բոլոր պատուհանները ջարդված են։ Ձմեռ է, ցուրտն անարգել ներս է խուժում, սառեցնում է բնակարանների պատերի արտաքին շերտը, սառնությունը փոխանցվում է ներս, տունը ցրտում է, տանտերն ստիպված ավելի է ուժեղացնում գազի կամ էլեկտրաէներգիայի հոսքը և, բնականաբար, վճարում է աննպատակ գումարներ։ Բայց մի՞թե հնարավոր չէ ամենապարզ և էժան միջոցով շքամուտքը ապահովել անհարկի ցուրտ հոսանքներից, թեկուզ թաղանթապատելով պատուհանները, եթե գումարը չի հերիքում։

«ՄԵՆՔ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԿԵՂԾ ՈՒ ՊԻՂԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»


-Երբեմն ինձ թվում է, որ երկրում ամեն բան գլխիվայր վիճակում է։ Քեզ ի՞նչ է թվում։
-Այո, ինչ-որ բան իր բնականոն ընթացքից ի սկզբանե շեղվել է, բազում կենսական խնդիրներ ունեցող Հայաստանում հանկարծ քաղաքակրթական հայտնագործություն են կատարում՝ ձեռք բերելով և տեղադրելով բիոզուգարաններ։ Չգիտեմ ինչու և չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ, մեր իշխանությունները խառնել և խառնելու են թացն ու չորը, կարևորն ու երկրորդականը։
-Վերջերս «Հանուն Հայքի» շարժում հասարակական կազմակերպության փոխնախագահ, վերլուծաբան Էդգար Մակարյանը մեր թերթում հանդես եկավ ուշագրավ մի հրապարակմամբ։ Դու այս շարժման և համանուն ՀԿ-ի հիմնադիր անդամ ես, ի՞նչը քեզ` բազմազբաղ մարդուդ, ուղղորդեց դեպի այդ ոլորտը։
-Շարժման գաղափարահենքն ինձ ծանոթ և հարազատ է վաղուց։ «Հանուն Հայքի» գաղափարախոսությունը հայության համար է, դրան պետք է անդամագրվեն հայեցի ոգի և մտածողություն ունեցող բոլոր հայ քաղաքացիները անկախ բնակության վայրից, դավանանքից և հասարակական դիրքից։ Այսօր մենք քաղաքական պայքար չենք նախաձեռնել, ամենևին, մենք քաղաքակրթական համակարգային և ամբողջագիտական շարժում ենք սկսել, որին կարող են անդամագրվել չքավորներն ու օլիգարխները, քաղաքական գործիչներն ու մշակույթի մարդիկ, բոլորը, որոնց մեջ կենսունակ է հայի գենը։
-Բացենք «քաղաքակրթական պայքարի» փակագծերը։
-Մենք հայտնվել ենք կեղծ ու պիղծ արժեքների խաչմերուկում։ Այսքան աղանդ և այսքան քաղաքական կուսակցություն մի երկրում, որն իր առաքելությունն ունի ի վերուստ, չի կարող կործանարար հետևանքներ չունենալ։ Բնականաբար, քաղաքակրթական-համահայկական շարժման ժամանակն ավելի քան հասունացել է։
-Յուրաքանչյուր քաղաքակրթական և այլ բնույթի մտահղացում պետք է իր հենարանն ունենա, ո՞րն է Հայք երկիր կառուցելու ձեր գաղափարական հայեցակարգը։
-Հայքը հզոր երկիր էր, որտեղ արտադրությունն անթափոն էր, որտեղ հզոր արքան ենթարկվում էր սահմանադիր ժողովին, որտեղ արքունի գահն ու թագը ժառանգում էր ոչ թե առաջնեկ որդին, այլ նա, ով ունակ էր այդ բարձրագույն տիտղոսը պատվով կրելու։ Հիշենք՝ մի՞թե մենք չենք ունեցել բարեպաշտ արքաների ժամանակաշրջան, մի՞թե չի եղել Արտաշես Աշխարհակալ արքա, որի կառավարման տարիներին երկրում անգամ մի թիզ անմշակ հող չի եղել։ Եվ մի՞թե մեր Տեր Հիսուսը չի պատասխանել հայոց բարեպաշտ արքա Աբգարին։ Իսկ մենք, մեր պապերի արժեքավոր ու իրական հսկա ժառանգությունը թողած, փորձում ենք հարմարվել արևմտյան կեղծ արժեքներին, որոնք մեզ հոգեհարազատ չեն, ստիպում են կեղծել ու մոռանալ մեր ինքնությունը։ Մենք՝ «Հանուն Հայքի, հանուն հայրենիքի» շարժման հիմնադիրներս, նպատակ ունենք հայի մեջ արթնացնելու արժանավոր հայի գենը, վերադառնալու մեր արմատներին այս գաղջ իրականությունը Աստծո նախասահմանած լույսով ողողելու առաքելությամբ։ Մենք կարծում ենք, որ քաղաքական պայքարի բոլոր ձևերը վաղուց սպառել են իրենց, ժամանակն է նոր մոտեցում, նոր մտածելակերպ որդեգրելու։ Հայը բոլոր ժամանակներում աշխարհին քաղաքակրթություն է թելադրել, այսօր էլ դրա ժամանակը հասունացել է, որովհետև մարդկությունն այժմ փակուղու առաջ է կանգնած. ինչպե՞ս կբացատրեք այսքան պատերազմներն ու մարդկային վսեմ արժեքների այսչափ արժեզրկումը։ Ծառ կտրելու մասին խոսելու փոխարեն, մենք նախընտրում ենք տասը ծառ տնկել։ Մոսկովյան 3/2 հասցեում մենք բացել ենք նաև «Հայք» ամբողջագիտական համալսարան, որտեղ մեր պատանիներն ու աղջիկները կստանան զուտ հայեցի կրթություն՝ որպես ապագա «Հայք» երկրի արժանավոր քաղաքացիներ։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ