«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Անարատ հոգիների պատիվը

Անարատ հոգիների պատիվը
11.10.2016 | 08:02

Երբ մենք անհնազանդ ենք Աստծուն, մենք ազատ ենք մեր գործողություններում, բայց գերի ենք մեղքին:
Յուրաքանչյուր ծնողական զույգ իր երեխայի համար Ադամ և Եվա է, և ադամական մեղքը երեխայի համար իր ծնողների գործած կոնկրետ մեղքերն են, որոնց ազդեցությունը երեխայի համար նրա կյանքում վերանում է Սուրբ մկրտության խորհրդով։ Եթե մկրտությունը չկա, ապա «երեխան անմեղ է» արտահայտությունը անտեղի է, քանզի նա անպայմանորեն հատուցում է իր ծնողների գործած և որպես սեփականություն ժառանգած մեղավոր գեներից ծնված մեղքերի համար: Մարդը դատապարտված չէ փրկության, և Աստված չի բռնադատում նրան և չի պարտադրում Իր սուրբ կամքը:

Ինչպես կույրը ընկնում է փոսը, այնպես էլ մարդն է ընկնում մեղքի մեջ, եթե չունի հոգևոր տեսողություն կամ էլ՝ երբ ինքնակամ փակում է աչքերը և լույսին դիմադարձ կանգնում: Լույսը մեղքը սիրող մարդու համար հանդիմանություն է:
Մարդու նախասկզբնական մաքուր էության և մեղսահակ բնության բախումից ծնվում են ողբերգություններ և սխրանքներ, սակայն ամեն մարդու համար կյանքի իր կարճ ժամանակն ու հավիտենության ուռկան-հնարավորությունն են սահմանված: Քանի դեռ մարդու համար Աստված իր գահին նստած հրաշագործ, բարի պապիկ է կամ դաժան ու ոխակալ ինքնակալ, մարդը կփորձի նրան «շահագործել» կամ նրանից խուսափել: Բայց չէ՞ որ Աստված է արարել մարդուն ու նրա սիրտը, նախապես գիտի բոլորի ճանապարհները և արժանին է հատուցելու յուրաքանչյուրին:


Մարդու սրտում տիեզերքներ են ստեղծվում և կործանվում, այնտեղ ելումուտ են անում արատներ ու առաքինություններ, այնտեղ պատերազմում են մեղքն ու արդարությունը, այնտեղ բնակվում է կամ Աստված, կամ սատանան: Գիտությունը այդ մասին ոչինչ չի ասում, այն միայն խոսում է սրտի մասին՝ որպես մի արյունամուղ պոմպի, որ մարմնին կենսական հեղուկ է մատակարարում: Մարդը Աստծո գաղափարն իր մեջ ունի ի սկզբանե, այդ գիտակցությունն է մարդու մեջ պահում մարդկայինը: Բայց այդ գիտակցությունը Աստծո պատկերի կնիքն է մարդու մեջ, որ հաստատում է մարդու աստվածային ծագումը: Այդ կնիքը քանդվում է, երբ մարդն ինքնակամ հրաժարվում է Աստծուն պատկերակից լինելուց, երբ մարդն անօրեն աշխարհի հանդեպ սերը գերադասում է իրեն անսահմանորեն սիրող Աստծո հանդեպ փոխադարձ սիրուց:


«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. 2;15-17): «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և՝ սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում: Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4;1-4): «Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ, և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, դրա մեջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը» (Ա Պետրոս 2;11-12):


«Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց:
Վերածնվե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ անապականից՝ Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով. քանզի ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետր. 1;22-24):


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ