Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ոչ ոքից չենք ակնկալում Հայաստանում բիզնես տեղադրել զգացմունքային հիմքերի վրա»

«Ոչ ոքից չենք ակնկալում Հայաստանում բիզնես տեղադրել զգացմունքային հիմքերի վրա»
11.10.2016 | 08:58

Հոկտեմբերի 15-ին Փարիզում կմեկնարկի հայ-միջազգային գործարար համաժողովը, որի շրջանակում կներկայացվեն 15 բիզնես նախագծեր։ Միջազգային գործարար համաժողովը ստեղծում է միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության միջավայր ներդրողների և ձեռնարկությունների միջև։ «Հայկական բիզնես» գործակալության նախագահ, համաժողովի կազմակերպիչ ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ո՞րն է «Հայկական բիզնես» գործակալության հիմնական գործառույթը, ի՞նչ հնարավորություններ է ընձեռելու Փարիզում անցկացվելիք համաժողովը:

-Սա սկիզբն է ամեն ինչի: Ես, իմ գործընկերները մշտապես Հայաստանին օժանդակելու ուղիներ ենք փնտրել: Խոսքը տնտեսական միջոցառումների, ներդրումային ծրագրերի մասին է: Շատերն են ուզում միջոցառումներով, ընկերությունների հետ բանակցելով ինչ-որ բան շարժել Հայաստանում, բայց չի հաջողվում այն չափով, ինչ չափով դա անհրաժեշտ է:
Մեզ պետք է առաջին հերթին Հայաստանի տնտեսական անվտանգությունը ապահովել, այսինքն` Հայաստանը դուրս հանել ճգնաժամային վիճակից: Բայց ի՞նչ կարող ենք անել մենք տնտեսական խնդիրների դեմ` կոռուպցիայի, փակ սահմանների: Իրականում չունենք ազդեցություն: Տարիների փորձը հանգեցրեց այն եզրակացության, որ մենք պետք է այլ կերպ մտածենք, նոր ուղիներ փնտրենք: Սկսեցինք պեղել, թե ինչ բիզնեսներ կան Հայաստանում: Հասկացանք, որ Հայաստանի գործարարները պետք է հնարավորություն ունենան իրենց բիզնես-ծրագիրը արհեստավարժ կերպով ցույց տալու ներդրողներին: Մենք նաև գործնական պարտականություն ունենք օգնելու, հասկանալու այդ ծրագրերը, ինչպես նաև դրանք հնարավորինս լուրջ, ներկայանալի և հրապուրիչ ձևակերպելու: Միայն Հայաստանի քարոզչությունը, դեպի Հայաստան ներդրողների այցելություններ կազմակերպելը բավարար չեն, որովհետև դեռ չկա համապատասխան տնտեսական գրավչություն, որը կարող է ներդրումների զանգվածային հոսք ստեղծել:
Հարց տվեցինք ինքներս մեզ, թե ովքեր են Հայաստանում առաջին ներդրում անողները: Առաջին հերթին` հայերը: Ո՞Ւր են այդ հայերը, ովքե՞ր են, ի՞նչ բնագավառներում և ի՞նչ հնարավորություններ ունեն: Այդտեղից սկսվեց մեր ցանցի ստեղծումը, կազմակերպումը: Նրանք Կանադայում են, Եգիպտոսում, Չեխիայում, Հունաստանում, Ռուսաստանում, ներկայումս շուրջ հազարն են: Չեմ կարող ասել, որ ամբողջ շրջապտույտն արել ենք, մենք դեռ ճանապարհի սկզբին ենք:
-Ցանցում ներգրավված են հաջողա՞կ գործարարները:
-Տարբեր մակարդակի գործարարներ, ներդրում կատարողներ և թոփ մենեջերներ` մեծ ընկերությունների ղեկավարներ: Ինչո՞ւ ենք այս երեք կատեգորիաներն ընտրել: Որովհետև մեկն ունի գումար, ուզում է այդ գումարը շատացնել, երկրորդն ունի բիզնես, ուզում է բիզնեսը զարգացնել, երրորդն ունի աշխատանքային և մասնագիտական փորձ, ծանոթություններ, ինչը նույնպես կապիտալ է: Մենք այդ ամբողջ ցանցը սկսել ենք հավաքագրել:
-Հայ գործարարների համագործակցության հիմքում բիզնես ծրագրե՞րն են լինելու, թե՞ ազգային շահը, հայրենիքին այս կամ այն կերպ օգնելու մղումը:
-Եթե ուզում ենք հայկական աշխարհի մեջ զարգացնել համագործակցության հոգին, բիզնես հնարավորությունները, ոչ ոքից չենք ակնկալում Հայաստանում բիզնես տեղադրել զգացմունքային հիմքերի վրա: Չենք ակնկալում` իրար օգնել, որովհետև հայ են: Իհարկե, դա կա, բայց զգացականությունը լուրջ ապագա, հեռանկար կերտելու պատվանդան չի կարող լինել: Համագործակցության հիմքում բիզնես առաջընթացը պետք է լինի: Աշխարհի հայերը կարող են որպես գործարարներ, որպես ամբողջացնող ուժեր աշխատել իրար հետ: Ավելացնեմ, որ հայերը աշխատելու են և՛ հայերի հետ, և՛ ուրիշների: Սահմանափակում չկա: Հայ գործարարները հնարավոր է իրենց ծրագրերն իրականացնեն Հայաստանից դուրս, բայց քննարկումներն ու հայացքները աստիճանաբար կարող են ուղղվել դեպի Հայաստան: Այսպիսով, մենք այդ ամբողջ համահայկական բիզնես ցանցը մոտեցնում ենք, կամ ուզում ենք մոտեցնել Հայաստանին ոչ թե ուղղակի քարոզչությամբ, այլ հասցնելով այն մակարդակին, որ հասկանան` Հայաստանում ևս կարելի է գումար աշխատել, բիզնես զարգացնել: Ինչի համար իրենց պետք են նաև խորհրդատվական ծառայություն, հնարավորություններ և վստահություն:
-Ինչպե՞ս է կատարվել ընտրությունը համաժողովում ներկայացվող 15 նախագծերի: Եվ ո՞ր բնագավառներին է առավելություն տրվել:
-Ստացել ենք 60-ից ավելի նախագիծ: Յուրաքանչյուր բիզնես ծրագրի հեղինակի հետ առանձին քննարկել ենք հնարավորությունները, տվյալների ճշգրտությունը, շատ հաճախ ուղղորդել ենք, օգնել, որ ավելի հավաստի ու ստույգ լինեն դրանք: Եվ, ի վերջո, ընտրել ենք այն ծրագրերը, որ բարձր արժեք ունեն, որտեղ ռիսկայնությունը շատ ցածր է, շահավետությունը` բարձր, որոշ դեպքերում` շատ բարձր: Այդ ծրագրերն ինքնըստինքյան հետաքրքրելու են ներդրում կատարողներին: Ոլորտները տարբեր են` դեղագործական, տեղեկատվական, շինարարական, արդյունաբերական, նորարարությունների, ունենք ոսկեհանքի ծրագիր Աֆրիկայում, ֆրանսիական պանրի արտադրության ծրագիր` Հայաստանում և այդպես 15 ծրագիր, որոնք կներկայացվեն համաժողովի ընթացքում: Դա ընդամենը մեկնարկն է: Հաջորդաբար ամիսը մեկ-երկու ծրագիր մեր մասնագետները մշակելու են և ներկայացնելու միջազգային ներդրողներին:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ