Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ամենակարևոր խնդիրը արտաքին պարտքի աստիճանական նվազումն ու կայունացումն է»

«Ամենակարևոր խնդիրը արտաքին պարտքի աստիճանական նվազումն ու կայունացումն է»
14.10.2016 | 00:33

ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ նոր կառավարությունում առաջինն էր, որ նշանակումից տասն օր անց ընդլայնված ասուլիսով հանդես եկավ: Գուցե սա մեծապես պայմանավորված է նրանով, որ նա մինչ այդ ֆինանսների փոխնախարարն էր: Ինչևէ:

Մեկ շաբաթ առաջ կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տնտեսության ներկայիս իրավիճակին, նախարարը լավատեսական կանխատեսումներ արեց 2017-ի առնչությամբ: Եվ քանի որ Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակը մխիթարող չէ, ինչը փաստել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, մեզ հետաքրքրեց՝ ինչի՞ հաշվին է 2017-ին տնտեսությունը աշխուժանալու: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ֆինանսների նախարարի հետ:
-2017-ին տնտեսությունում դրական դինամիկայի հարցում կարևորում ենք երեք գործոն,- ասաց պարոն Արամյանը:- Առաջին՝ ԾԻԳ-երի միջոցով ներգրավված կապիտալ ծախսերը հետադարձ կապով դրական ազդեցություն են թողնելու տնտեսության վրա: Երկրորդ՝ ՌԴ-ում նկատվում է տնտեսական կայունացում: Ելնելով միջազգային կառույցների կանխատեսումներից, այս պահին նոր սանկցիաներ ՌԴ-ի նկատմամբ չեն լինի, իսկ միջազգային ֆինանսական կառույցները հստակ տեղեկացված են միջազգային քաղաքական կոնյունկտուրայից: Այդ նույն միջազգային կառույցները նաև կանխատեսում են 1 %-ի աճ ՌԴ-ի տնտեսությունում: Մենք պետք է ելնենք այդ կանխատեսումներից: Երրորդ՝ հումքային ապրանքների մասով, ըստ կանխատեսումների, միջազգային շուկայում 2017-ին գների աճ է սպասվում:

Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, մենք պետք է մեր տնտեսությունը կառուցենք այն ուղղությամբ, որ ամբողջապես կախվածության մեջ չլինենք հատկապես Ռուսաստանի տնտեսությունից, ավելին, դրամական փոխանցումների վրա հույս չդնենք:
-Ձեր ասուլիսում Դուք կարևորեցիք արտաքին պարտքի կոնսոլիդացումը, և քանի որ այն գոյանում է վարկերից, կցանկանայինք ճշտել՝ ինչպիսի՞ն է լինելու Ձեր քաղաքականությունը:
-Ամենակարևոր խնդիրը մեզ համար արտաքին պարտքի աստիճանական նվազումն է և կայունացումը: Ընդհանրապես, մեր դոկտրինն է՝ խնայողություն՝ հանած ներդրումներ: Եվ եթե պահանջվում են ավելի մեծ ներդրումներ, որոնք քո խնայողությունում չկան, ապա դրսից պետք է ներգրավել այդ միջոցները: Այդ աղբյուրը կարող են դառնալ վարկային միջոցները: Նույնն է նաև մեր տնտեսության մեջ:
-Կառավարությունը տասնյակ տարիներ ներգրավում է վարկային միջոցներ, գնալով մեծացնում արտաքին պարտքը, սակայն հատկացված վարկային միջոցների արդյունավետությունը պետք է բարձր լինի, որ հետադարձ կապը տնտեսությունում աշխատի: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր մոտեցումը այս հարցում:
-Առանց դրա հնարավոր չէ: Միջազգային ֆինանսական կառույցներից շատ ցածր տոկոսով վերցրած վարկը բարենպաստ ներդրումային հիմք է ստեղծում տնտեսության աճի համար, կարևորն այդ միջոցների արդյունավետ օգտագործումն է: Մենք պետք է բարձրացնենք ծախսերի արդյունավետությունը:
-Գնահատեք, խնդրեմ, վերջին տասը տարիներին վերցրած վարկերի արդյունավետությունը:
-Դրա արդյունքն արտացոլվում է տնտեսության աճի ցուցանիշներում՝ սա է իմ գնահատականը: Եթե ասեմ, որ վարկերն արդյունավետ են օգտագործվել, համոզված եմ, առարկելու եք: Դրա համար այլ ձևակերպում կտամ՝ ծախսերի արդյունավետությունը մշտապես բարձրացնելու անհրաժեշտություն ունենք: Եթե մարդն այդ փիլիսոփայությամբ առաջ չգնա, կնշանակի` նա իր տեղում չէ:
-Ասուլիսում Դուք մի քանի անգամ նշեցիք, որ հարկաբյուջետային քաղաքականությունը ճիշտ է իրականացվել: Եթե այդպես է, նախարարափոխության անհրաժեշտությունը ո՞րն էր:
-Ապագայում մենք ունենք տնտեսության պոտենցիալի զարգացման խնդիր, որը դուրս է ֆինանսների նախարարի գործառույթից: Այս պահին մեր տնտեսության պոտենցիալը գնահատվում է 2-3 %: Ես ներկայացնում եմ զուտ ֆինանսական հատվածը և խոսում եմ ֆինանսական հոսքերից, սակայն տնտեսության զարգացումը պետք է դիտարկել նաև այլ տեսանկյունից: Մեզ մոտ ներդրումների ծավալը բավականին ցածր է, և սա ոչ միայն ճյուղային նախարարության խնդիրն է, այլև կառավարության գլոբալ գործառույթներից մեկը: Նախորդ կառավարությունները ջանացել են այդ հարցը լուծել, այլ հարց է, թե ինչքան է դա նրանց հաջողվել:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ