Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարզվում է` ավելի հեշտ է գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվածներին

Պարզվում է` ավելի հեշտ է գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվածներին
14.10.2016 | 00:46

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Ամենագլխավոր հարցը‚ որ հնչում է այս ընթացքում‚ հետևյալն է՝ որքանո՞վ սրանք կարտացոլեն 2017 թ. խորհրդարանական ընտրությունները։ Շատերն այս գործընթացները դիտարկում էին որպես գլխավոր փորձ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ։ Շատ դեպքերում փորձագիտական շրջանակները նկատում են‚ որ Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրություններն իրոք կարող են լինել նախադեպային‚ քանի որ դրանք գրեթե նույն քաղաքական և օրենսդրական սխեմայով են անցկացվում։ Այս առումով հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում կայացած գործընթացները որոշ չափով ցույց տվեցին‚ թե իրականում ով իրենից ինչ է ներկայացնում։


Ի սկզբանե երկու քաղաքներում էլ ակնկալվում էր‚ որ իշխանությունների համար բավականին բարդ է լինելու հաղթանակ տոնելը։ Գաղտնիք չէ, որ իշխող ՀՀԿ-ի համար Գյումրիում կան արդեն ավանդական դարձած դժվարություններ‚ ու պատահական չէ‚ որ այստեղ հանրապետական կուսակցությունը գերադասեց նույնիսկ իր անվամբ հանդես չգալ։ Ըստ էության‚ ստեղծվեց «Բալասանյան» դաշինք‚ որպեսզի ՀՀԿ-ն իր անվամբ լրացուցիչ չգրգռի հասարակությանը և գերադասած թեկնածուից ձայներ չպակասեցնի։
Ինչ վերաբերում է Վանաձորին‚ ապա, հաշվի առնելով‚ թե երկար տարիներ ով էր ղեկավարում այդ քաղաքը‚ և ինչ վարկանիշ ունի այդ անձն ու ինչ վիճակի է հասցրել քաղաքը‚ սպասվում էր‚ որ այդտեղ էլ հեշտ չի լինելու‚ և բավականին լուրջ հակաիշխանական տրամադրություններ են լինելու։ Ամեն դեպքում‚ որքան էլ փորձենք աղերսներ ուրվագծել համապետական և ՏԻՄ ընտրությունների միջև‚ այնուամենայնիվ‚ նկատենք‚ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Այստեղ ընտրությունն անձնավորված է‚ շատ մեծ նշանակություն ունի քաղաքապետի թեկնածուի անձը։ Գլխավորը ավագանու ցուցակը առաջնորդող կամ համայնքի ղեկավարի թեկնածուն է‚ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը։ Այդ առումով կան տեղային հաջողություններ կամ ազդեցություն ունեցող կուսակցություններ։

Գյումրիում դա ԳԱԼԱ-ն է‚ որը հենց Շիրակի մարզի քաղաքական ուժ է և կարծես այլ տարածաշրջաններում մտադիր էլ չէ քաղաքական գործունեություն ծավալելու։ Նույն այդ ԳԱԼԱ-ն Գյումրիում բավականին լուրջ տոկոսներ ստացավ։ Իսկ Վանաձորում էլ այդ դերը ստանձնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Միամտություն կլիներ կարծել‚ թե Վանաձորում մոտ 27 տոկոս ձայն են տվել այդ կուսակցությանը‚ քանի որ վանաձորցիները գերադասում են «Լուսավոր Հայաստանի» քարոզած եվրոպական արժեքները կամ եվրոպական ուղին։ Հասկանալի է‚ որ դա պայմանավորված է կոնկրետ քաղաքապետի թեկնածուի անձով և Մարուքյան ընտանիքի ազդեցությամբ։ Միակ քաղաքական կոմպոնենտն այն է‚ որ նշված երկու ուժերն էլ եղել են հակաիշխանական‚ իսկ ընտրությունները՝ բողոքական։ Պարզ է‚ որ եթե ինչ-որ մեկին դեմ ես‚ պետք է գտնես մի ուժ‚ որին կողմ կքվեարկես։ Այս պարագայում դեմ լինելով իշխանություններին‚ տեղական առանձնահատկություններից ելնելով՝ ձայները բաշխվեցին հօգուտ նորաստեղծ տեղական ուժերի։ Չի բացառվում‚ որ նման պատկեր ուրվագծվի նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Համենայն դեպս‚ իշխանության համար լավագույն տարբերակներից է‚ որ ոչիշխանական սեգմենտը բաժանված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի միջև։ Ոչ թե մեկ-երկու ընդդիմադիր կուսակցություն անցնի խորհրդարան‚ այլ ընդդիմությունը լինի լոսկուտային‚ որոնք ստիպված կլինեն միմյանց հետ պայմանավորվել։ Իսկ ինչպես ցույց է տալիս Վանաձորի փորձը‚ մեր ընդդիմադիրների հետ շատ հեշտ է առանձին-առանձին աշխատել՝ թե՛ ֆինանսապես‚ թե՛ վարչական ու քրեական ռեսուրսներով։ Պարզից էլ պարզ է‚ որ հայկական‚ այսպես կոչված‚ ընդդիմությունն ավելի շուտ կվաճառվի‚ քան իրար հետ կաշխատի։


Միևնույն ժամանակ իշխանությունը ձգտելու է նաև խորհրդարանում ապահովել աշխարհաքաղաքական վեկտորի ներկայությունը։ Եվ առաջին հերթին խոսքը վերաբերում է արևմտյան վեկտորին։ Տարբեր աշխարհաքաղաքական նախասիրություններ ունեցող կուսակցությունները փորձելու են առանձին ցուցակներով հանդես գալ‚ քանի որ այդպես ավելի հեշտ է ապահովել նրանց մուտքն ապագա խորհրդարան։ ՈՒ պատահական չէ‚ որ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն իր հարցազրույցներից մեկում ուղղակիորեն ասաց‚ որ արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժերն ու անհատները‚ ամենայն հավանականությամբ‚ հանդես կգան մի ցուցակով։ Ըստ Քոքոբելյանի՝ դա կլինի դաշինք: Այս սցենարը ձեռնտու է և իշխանություններին‚ և Հայաստանի որոշ արևմտյան դեսպանատների‚ որոնք ավանդույթի համաձայն պայմանավորվելու են անձամբ Սերժ Սարգսյանի հետ‚ որպեսզի ընդդիմադիր հատվածում ներկայացված լինի խորհրդարանում աշխարհաքաղաքական այլընտրանքն ու բազմակարծությունն ապահովող արևմտյան բևեռը։
Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին‚ ապա ոչիշխանական ուժերի վանաձորյան չստացված համախմբումից հետո կասկածը միանգամից ընկավ այն քաղաքական ուժի վրա‚ որը հանրության կողմից ընկալվում է որպես առևտրի մեջ մտնող‚ վաճառվող կուսակցություն։ Պատահական չէ‚ որ այս օրերին ամբողջ մամուլը ողողված է «Հայկական վերածննդի» դեմ հրապարակումներով։ Որքան էլ վերջիններս փորձում են հակառակն ապացուցել‚ այնուամենայնիվ‚ հասարակական տրամադրվածություններն այնպիսին են‚ որ միայն այդ ուժը կարող էր իշխանությունների հետ գործարքի գնալ։

Խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին ՕԵԿ-ի‚ այժմ արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցության համեմատաբար հաջող ցուցանիշները թե՛ Վանաձորում‚ թե՛ Գյումրիում‚ ի վերջո ավարտվեցին այդ կուսակցության շուրջ նոր սկանդալով։ Եթե նույնիսկ համարենք‚ որ Վանաձորում վաճառված չորս ձայներն այս կուսակցությունից չէին‚ այնուամենայնիվ‚ շատ դժվար է այդ խարանից ձերբազատվել‚ և գուցե ավելի լավ էր խորհրդարանական ընտրություններից առաջ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեին‚ ձայներ չհավաքեին‚ քան ամեն ինչ նման հանգուցալուծում ստանար‚ և «Հայկական վերածննդի» շուրջ վերակենդանանային կասկածներն ու վաճառվելու մասին խոսակցությունները։ Մի պահ թվում էր‚ թե հասարակությունը շատ ավելի հանդուրժողաբար է սկսել վերաբերվել այդ կուսակցությանը‚ սակայն այդ պահը շատ կարճ տևեց։


Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին»‚ ՀԱԿ-ին և նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրին»‚ ապա պարզվեց‚ որ վերջիններս բացարձակապես պատրաստ չեն ՀՀ ամբողջ տարածքում քիչ թե շատ լուրջ պայքար մղելու անցողիկ տոկոսների համար։ Կյանքը ցույց տվեց‚ որ նրանք ինստիտուցիոնալ ռեսուրս չունեն‚ ինչի մասին շատ է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Ի պատիվ վերջինիս՝ պետք է ասել‚ որ նա և նրա ղեկավարած կուսակցությունը բավականին ադեկվատ են վերաբերվում գործընթացներին‚ և նույնիսկ որպես ձախողված քաղաքական ուժ՝ գնում են փոփոխությունների՝ լուծարելով իրենց վարչությունն ու փորձելով նոր դեմքեր և ուժեր ներմուծել‚ որ կարողանան հնարավորինս շուտ շտկել իրավիճակը։ Ի դեպ‚ նույն «Քաղաքացիական պայմանագիրն» էլ դարձյալ լոկալ հաջողություններ ունի։ Հրազդանում նրա ստացած ձայները պայմանավորված են ոչ թե քաղաքական ուժի‚ այլ կոնկրետ անձի՝ Սասուն Միքայելյանի վարկանիշով։


Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ նկատենք‚ որ սա այն քաղաքական ուժն է‚ որը, լինելով ոչ իշխանական‚ այնուամենայնիվ‚ իշխանության համար կոմֆորտային է‚ և վերևներում կարծես թե առանձնապես դեմ չեն այս կուսակցությանը որոշակի տոկոսներ բաշխելուն՝ հաշվի առնելով վերջինիս հետ համագործակցության բազմամյա փորձը‚ կոնկրետ մարդկանց վրա ներազդելու հնարավորությունները և այլն։ Այլ հարց է‚ որ ԲՀԿ-ն իր համար դեռևս լուրջ ռեզերվներ է տեսնում‚ ընդ որում՝ այդ ռեզերվը կոնկրետ Գագիկ Ծառուկյան անձնավորության մեջ է։ ՈՒ դրանով է պայմանավորված անընդհատ շրջանառվող այն թեզը‚ թե Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։
Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին‚ որ հանրապետական կուսակցությունն աշխատում է ուժերի գերլարումով‚ գրեթե բոլոր ռեսուրսներն օգտագործում է՝ վարչական‚ ֆինանսական‚ ընտրակաշառքային‚ սակայն հազիվ է կարողանում գլուխ բերել իրեն անհրաժեշտ պատկերը‚ շատ դեպքերում չի էլ կարողանում։ Այս համատեքստում Հայաստանում գործարկվել է նոր տեխնոլոգիա. գնում են ոչ թե ընտրողներին‚ այլ ընտրվածներին։


Հայաստանում ընդդիմություն կոչվածը‚ որն ավելի շատ դեֆակտո իշխանության հաճախորդների կոնգլոմերատ է‚ ձայներ ավելացնելու ռեսուրս ունի։ Ընտրությունները ցույց տվեցին‚ որ գնվողների քանակը չի անցնում 30-35 տոկոսից։ Չմասնակցողներն այն ընտրազանգվածն են‚ որը չի հավատում‚ թե ընտրություններով Հայաստանում հարցեր են լուծվում։ Պոտենցիալ բողոքական այս ընտրազանգվածը ոչ մի կերպ չի կարողանում մոտիվացվել‚ և չի բացառվում‚ որ դա նաև այն պատճառով է‚ որ ընդդիմությունը հերթական անգամ չի կարողանում հանդես գալ որպես մեկ բևեռ։
Այս ֆոնին որոշակի հետաքրքրություն են ներկայացնում խոսակցությունները նոր նախագծերի մասին՝ սկսած խորհրդարանական ընտրությունների համար պատրաստվող մասնագիտական ցուցակներից‚ վերջացրած իշխանության պահեստային ցուցակով‚ որը կարող է փոխարինել իրեն բավականին սպառած հանրապետական կուսակցությանը։


Այս առումով տարբեր ասեկոսեներ են շրջանառվում‚ որոնք ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստեր։ Երկար ժամանակ արծարծվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի՝ կուսակցություն ստեղծելու թեման։ Եվ հետաքրքիր է‚ որ հատուկ նշվում էր‚ թե ֆինանսավորումը լինելու է ռուսական աղբյուրներից։ ՈՒ չի բացառվում‚ որ այն կվերածվի ծառուկյանական ԲՀԿ-2-ի։ Վիկտոր Դալլաքյանի աղմկահարույց ասուլիսից եթե հանում ենք Դալլաքյանի հին բարդույթները‚ մասնավորապես‚ Մարուքյանից կրած պարտությունը‚ որը նա ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ‚ ապա մնում է նրա այն հայտարարությունը‚ թե հրաժարական տալուց հետո, եթե իրեն կամ իր ընտանիքի անդամներին որևէ բան պատահի‚ ապա Սերժ Սարգսյանն է մեղավոր։ Վիկտոր Դալլաքյանի նման հմուտ քաղաքական գործիչը շատ լավ հասկանում էր‚ որ ամբողջ ասուլիսից հիշվելու է հենց այդ արտահայտությունը։ ՈՒ պատահական չէ‚ որ լրատվական անդրադարձների վերնագրերը հենց այդ շրջանակներում էին։ Այսպիսով Դալլաքյանն արձանագրեց‚ որ մտնում է արմատական ընդդիմադիր դաշտ։ Այլ հարց է‚ որ մի քանի տարի նախագահի աշխատակազմում ոչ երկրորդական պաշտոն զբաղեցրած մարդու հիմնավորումներն այնքան էլ արժանահավատ չեն։ Նրա ասուլիսն ավելի շատ նեղացած մարդու ելույթ էր հիշեցնում։ Գուցե ավելի հիմնավոր և ազդեցիկ լիներ‚ եթե նա նախագահի աշխատակազմից դուրս գար ոչ թե ընտրություններից 6 ամիս‚ այլ գոնե 1-2 տարի առաջ։ Մանավանդ որ վաղուց էր պարզ (դրա մասին ասաց նաև Վիկտոր Դալլաքյանն ինքը)‚ որ նրա հետ նախագահն առանձնապես լուրջ ծրագրեր չի կապում։

Փաստորեն‚ Վիկտոր Դալլաքյանն արմատական ընդդիմադիր դաշտում գործելու հայտ է ներկայացրել‚ բայց քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է‚ որ հանրությունը նման հայտարարություններն այլևս հալած յուղի տեղ չի ընդունում։ Առավել ևս շատ կասկածելի կլինի‚ եթե հանկարծ Սեյրան Օհանյանը հայտնվի այդ նորաստեղծ ուժի մեջ։ Ո՛չ Վիկտոր Դալլաքյանը‚ ո՛չ էլ առավել ևս Սեյրան Օհանյանն առայժմ ոչ մի կերպ չեն ընկալվում որպես ընդդիմադիր գործիչներ։ Ավելի շատ ընկալվում են որպես իշխանություններից նեղացած ֆիգուրներ։


Ինչ վերաբերում է հանրապետականին‚ ապա այն թերևս բավականին լուրջ սխալ գործեց՝ Վանաձորում կյանքի գնով պահելով քաղաքապետի պաշտոնը։ «Ընդդիմադիր» ավագանիների գնման ու ամեն կերպ իշխանության գալու կասկածելի տեխնոլոգիան կիրառվեց հանրապետականների կողմից լուրջ փոփոխությունների մասին հայտարարությունների ֆոնին։ Մի կողմից՝ հանրության կողմից զգուշավոր լավատեսական սպասումներ ունեցող կառավարությունն է‚ մյուս կողմից՝ փոփոխությունների մասին տարփողող և իշխանությունն ուժով վերցնող քաղաքական ուժը։ Իհարկե‚ զուտ օրենքի տեսակետից վանաձորյան քվեարկությունում գուցե ֆորմալ առումով ամեն ինչ արդար ու ճիշտ է‚ իրավիճակային և լոկալ հաջողություն է գրանցվել‚ սակայն քաղաքական տեսակետից պարզվում է‚ որ ՀՀԿ-ն զբաղված է հերթական բլեֆով‚ ինչը մեծ վնաս է փոփոխությունների ճանապարհը բռնած իշխանությանը և բուն քաղաքական գործընթացների տրամաբանությանը։ Մանավանդ որ ուժերի նման բաշխման դեպքում դժվար թե հանրապետականը շատ մեծ վնաս կրեր‚ եթե Վանաձորի քաղաքապետի պաշտոնում լիներ ոչ թե ՀՀԿ-ական‚ այլ չափավոր ընդդիմության ներկայացուցիչ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ