Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքական կյանքը չի մաքրվում»

«Քաղաքական կյանքը չի մաքրվում»
14.10.2016 | 00:52

ՀՀԿ-ն ստիպում է բոլորին երկու իրականության մեջ ապրել։ Մի կողմից՝ «անխնա» հայտարարություններ են, թե բարեփոխվում ենք, մյուս կողմից էլ՝ հին մեթոդներով առաջ ենք գնում, իսկ ավելի ճիշտ՝ հետ նետվում։ Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ ընտրությունների և հետընտրական մի քանի իրողությունների շուրջ ենք զրուցում։


-Կառավարության փոփոխությունից հետո իշխող կուսակցությունն ամեն օր մեզ վստահեցնում է, թե մեր կյանքի որակը բարելավվելու է, մինչդեռ օրերս Վանաձորի և Գյումրու ընտրություններում իշխանությունը «երեսի զոռով» սեփական քաղաքապետերին ընտրեց։ Ի՞նչ է ստացվում, երկու տարբեր իրականությո՞ւն են «հրամցնում»։
-ՀՀԿ-ն չի փոխվում, գործելաոճը, վարքագիծը նույնն են։ Իրենց «տեսլականը» Հայաստանի ապագան չէ, այլ սեփական պաշտոնները չկորցնելը։ Զարմանալի չէ, որ նման աբսուրդների ենք ականատես լինում։ Միշտ էլ ասում են՝ հարուստ, բարգավաճ, լուսավոր, հզոր երկիր ենք ունենալու, բայց ՀՀԿ-ի նպատակները չեն փոխվում։
-Վարչապետ փոխվեց, կառավարությունում նոր դեմքեր են, դա՞ էլ հույս չի ներշնչում։
-Դա հարկադրված փոփոխություն էր։ Հովիկ Աբրահամյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը հանկարծ չքանում են, սա մի բան է նշանակում, որ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկրի վիճակն ավելի վատացավ ապրիլյան պատերազմից, հուլիսյան դեպքերից հետո, ու այսպիսի շրջադարձը սպասելի էր։ Նախագահն արագ գլխի ընկավ, որ ստեղծված վիճակն ահավոր է, և դիմեց այս քայլին։ Որպեսզի պահպանեն իշխանության մի մասը, գնացին կառավարության փոփոխության ճանապարհով։
-Իսկ երկրի ընդդիմությո՞ւնը, ի՞նչ է կատարվում այս բևեռում։
-Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ վերադասավորումների փուլում են։ Վերջիններիս մեջ հիմա էլ կռիվ է ընկել, որը գնալով ավելի դաժան, ստոր, խորամանկ կլինի։
-Ինչո՞ւ եք այդպես կարծում։
-Նոր սահմանադրությամբ նախագահի հզոր կարգավիճակն այլևս չի լինելու։ Նրանք այդ կենտրոնից մարտահրավերներ չեն տեսնում։ Վիկտոր Դալլաքյանն էլ չի վախենում, գիտի, որ նախկին ինստիտուցիոնալ կառույցն այլևս չկա։ ՈՒ այս գիտակցումով բոլորը, իրենց կաշիները փոխելով, դուրս են գալու արենա։
-Ի՞նչ եք կարծում, Վիկտոր Դալլաքյա՞նն էլ կհամալրի իշխանության սցենարով գործող ընդդիմադիրների շարքերը։
-Կասեմ մեկ բառով՝ քաղաքական պատեհապաշտություն է։ Գեղամյանը՝ Ձեզ օրինակ։ Դալլաքյանն էլ ժամանակին Սերժ Սարգսյանին հայհոյել է, հետո Սարգսյանը կաշառել է, ընտանիքով գործի են անցել պետական համակարգում, հիմա էլ ընդդիմություն է ուզում դառնալ։ Չեմ կարծում, թե սա նախագահականի պրոյեկտն է։ Իսկ խորհրդարանական երկրում ինչու ինքը չլինի նրան հավասար։ Այս գզվռտոցից մեր երկիրը ոչինչ չի շահում, քաղաքական կյանքը չի մաքրվում։
-Մաքրման ի՞նչ ճանապարհ եք տեսնում։
-Կարեն Կարապետյանին ողջախոհություն պիտի ցանկանալ, որ գիտակցի այս ճգնաժամանային իրականությունում վարչապետի դերակատարությունը և իրական քայլեր կատարի։
-Ընդդիմադիրներից հույսը լրիվ կտրե՞նք։
-Ո՞Ւր են այնտեղ քաղաքական ուժեր։ Տեսեք՝ ի՞նչ վարկանիշ ունեն։ Ամենախայտառակը իշխանության մաս կազմող դաշնակցության վիճակն է։ Անգամ հինգ տոկոսը չեն կարողանում հաղթահարել։ Շուտով այդ ընդդիմադիրների «քարերը» Սերժ Սարգսյանը կդասավորի, կգնան նախկին ֆոտոսեսիայի պես մի բան կանեն ու իրենց տաքուկ տեղում կնստեն։ Կամ էլ ոմանք կգնան Վիկտոր Դալլաքյանի ճանապարհով: Այսինքն, իշխանության թևի տակ 15 տարի տաքուկ կծվարեն, հետո դեմ կխոսեն ու դիվիդենդներ կշահեն։ Բայց մեր ժողովուրդն այդպիսիներին ձայն չի տալու։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ