Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեզ պետք է արագընթաց զարգացման փիլիսոփայություն»

«Մեզ պետք է արագընթաց զարգացման փիլիսոփայություն»
14.10.2016 | 00:56

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ է «Իրատեսի» զրուցակիցը:

-Ձեր գնահատականով՝ Հայաստանում իրավիճակի փոփոխության ռեալ հիմքեր կա՞ն:
-Որպեսզի հասկանանք, թե ինչ չափի փոփոխություններ են անհրաժեշտ իրավիճակը գլոբալ փոխելու համար, պետք է հասկանանք՝ ի՞նչ իրավիճակում է հիմա երկիրը, առաջնահերթ ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն: Ես անցած շաբաթ Մոսկվայում մասնակցել եմ Եվրասիական տնտեսական խորհրդի կոլեգիայի գիտափորձագիտական խորհրդի նիստին, որ վարում էր Եվրասիական տնտեսական խորհրդի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, և վստահ ասում եմ, որ աննախադեպ բարձր ինտելեկտի և տեղեկացվածության մակարդակով քննարկում էր, որտեղ գլխավորը մեկ հարց էր՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական վիճակի կանխատեսումները և այն մարտահրավերները, որոնք հաղթահարելով հնարավոր է ԵԱՏՄ երկրները դուրս բերել տնտեսական ստագնացիայից:
-Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական տեսանկյունից էր քննարկումը:
-Տնտեսական, թեև խորքում, իհարկե, քաղաքականությունն է: Համաշխարհային բանկը Ռուսաստանի համար կանխատեսել է 2016-ին ՀՆԱ-ի 0 % աճ, այլ կերպ ասած՝ տնտեսական վիճակի կայունացում: Իսկ 2017-2018-ի համար՝ ՀՆԱ-ի 1-1,5 % աճ, այսինքն՝ զարգացման միտումներ կամ կլինեն, կամ չեն լինի: Ես փաստում եմ, որ Ռուսաստանում սկսվել է տնտեսական և քաղաքական իրավիճակի էական փոփոխությանը նպաստող հրապարակային, մասնագիտական, փորձագիտական քննարկումների շարք: Վերջին քսան տարում այդքան մտահոգ և այդքան շահագրգռված չեմ տեսել գիտական և փորձագիտական հանրությանը, որին հանձնարարված է ուսումնասիրել Ռուսաստանի տնտեսական իրավիճակը էականորեն փոխելու հարցը:
-Ռուսաստանում այդ մասին խոսելն ավանդույթ է, իսկ արդյո՞ւնքը:
-Սա լուրջ քաղաքական հարց է, ստագնացիայի վիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ համաշխարհային տնտեսական հսկաների կողքին Ռուսաստանը իր զարգացման մեջ կարող է ավելի հետ ընկնել և դադարել ազդեցիկ երկիր լինել մերձավորագույն դաշնակիցների և ազդեցության ոլորտների համար՝ կորցնելով տարածաշրջանային խոշոր տերության դերը: Մենք լավ հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ում լոկոմոտիվը Ռուսաստանն է, և Ռուսաստանն է առաջ մղում ինտեգրման գործընթացը: Եթե Ռուսաստանում տնտեսական զարգացումը խաթարվի, երկիրը դուրս չգա հարգանք, ուշադրություն և ձգողականություն ստեղծող մակարդակ, մենք կհանդիպենք գլոբալ քաղաքական խնդիրների՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության: Գիտականորեն ապացուցված է (այդ մասին խոսում էին իմ ռուս և եվրոպացի գործընկերները ևս), համաշխարհային տնտեսական ալյանսների օրինակը վկայում է, որ երբ մեծ երկրներում աճի միտումները դժվարանում են, այդ ալյանսներում ներգրավված փոքր պետությունների աճի հնարավորություններն ավելի մեծ են: Այդպես է եղել Լատինական Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում: Մեր ռուս և եվրոպացի գործընկերները չեն կասկածում, որ Հայաստանը կարող է տարեկան 2,5-3,5 % աճ ունենալ: ՀԲ-ն այս տարի Հայաստանի համար կանխատեսել է 2,2-2,5 % տնտեսական աճ, բայց կայուն զարգացման համար առնվազն տարեկան 7 % աճ է պետք: Այդ խնդիրը տևական ժամանակ դրված է, բայց Հայաստանը դժվարությամբ է տեղից շարժվում: Եթե այդ խնդիրը չենք կարողանում լուծել, անվերահսկելի հետ ենք ընկնում անգամ երրորդ աշխարհի երկրներից: Հայաստանի քաղաքական և տնտեսական վերնախավերը, կարծում եմ, հասկանում են, որ իրավիճակը շատ լուրջ է և փորձում են փոփոխությունների ճանապարհով առողջացնել երկրի տնտեսությունը, ցույց տալ աճի կայուն ու կանխատեսելի միտումներ:
-Ի՞նչ ռեսուրսների հաշվին:
-Առաջինը ներդրումների հարցն է: Էքստենսիվ զարգացման հարցում բոլոր միտումները մինչև այս կառավարությունը փորձել և իրենց սպառել էին, հիմա կառավարությունը, այլ հնարավորություններ չունենալով, համարձակորեն գնում է արմատական փոփոխությունների՝ կադրայինից բովանդակային, որպեսզի Հայաստանի տնտեսությունը հնարավոր լինի կանգնեցնել կայուն և առողջ զարգացման ռելսերի վրա: Աշխարհում ու Ռուսաստանում փող շատ կա, բայց այդ փողը, երբ տնտեսության ռեալ սեկտորի մեջ չի ներդրվում, փախչում է օֆշորներ, արևմտյան բանկեր, սկսում է այլ պետությունների ծառայել, դառնում է գործիք գլոբալ ուժերի ձեռքին ճնշման, հարկադրանքի համար: Իմ զրուցակիցները Ռուսաստանում, որ անվանի գիտնականներ են, փորձագետներ, համակարծիք են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում ստացել է շատ լուրջ հնարավորություն՝ զարգացնելու տնտեսությունը, եթե վարի առողջ ու նորմալ քաղաքականություն:
-Այսինքն՝ ի՞նչ պետք է անի:
-2016-ի համար ընդամենը երկու ուրախացնող ցուցանիշ ունենք՝ արտահանման ծավալների մեծացումը և արդյունաբերության զարգացման միտումները: Երկու միտումն էլ կապված են ԵԱՏՄ-ի հետ:
-Ռուս-թուրքական հարաբերություններում փոփոխությունը այդ ցուցանիշներից առաջինը չի՞ վտանգում:
-Ոչ, մեր պատրաստի արտադրանքի հիմնական գնորդը եղել է Ռուսաստանը, և ռուսական շուկայում Թուրքիայի բացակայությամբ է արձանագրվել հայկական ապրանքների արտահանման պատմական առավելագույնը, բայց դա կապված չէ ռուս-թուրքական առևտրի հետ: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում մեր երկիրը հնարավորություն է ստացել գյուղատնտեսական արտադրանքով ապահովել ռուսական շուկան՝ մայրաքաղաքից դաշնային սուբյեկտներ:
-Հայաստանի տնտեսության ռեալ սեկտորը ո՞րն է:
-Երեք ոլորտներում մենք ունենք զարգացման իրական հնարավորություններ: Առաջինը գյուղատնտեսությունն ու գյուղմթերքների արտադրությունն է, այդ թվում՝ Իրանի հետ համատեղ, ազատ տնտեսական գոտի ստեղծելով Հայաստան-Իրան սահմանին: Ռուսաստանը շահագրռված է, որ Հայաստանը գյուղմթերքների վերամշակման ասպարեզում կարևոր օղակ դառնա Հյուսիս-Հարավ առանցքում: Երկրորդը ռազմական արդյունաբերությունն է: Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զարգացման միակ ռեալ հնարավորությունն է ինժեներական միտքը փոշիացումից փրկելու և արդյունաբերության դիմագիծը դեպի ինդուստրացում փոխելու: 90-ական թթ. Հայաստանում կատարվեց ապաարդյունաբերացում՝ ինդուստրիալ կապիտալի փոշիացում, 8-10 անգամ պակասեց մեր երկրում արդյունաբերական աշխատանք կատարողների թիվը: Ռուսաստանը ներկրմանը փոխարինող արտադրություններ կառուցելու և սեփական արդյունաբերություն ստեղծելու ճանապարհին ուզում է օգտագործել իր մերձավոր դաշնակիցների հնարավորությունները՝ նրանց տնտեսություններն իրեն կապելու համար: Երրորդ ուղղությունը՝ աշխարհն արդեն տեխնոլոգիական չորրորդ հեղափոխությունն է ապրում, նորից փոխվում է հասարակությունների տնտեսական կառուցվածքը: Հայաստանում դեռ երկրորդ աստիճանն է: Որպեսզի այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվենք, մեզ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գտնել ընդհանուր շահեր այն երկրների հետ, ովքեր դեմ չեն լուրջ ներդրումներ անել՝ արդյունքներից համատեղ օգտվելու համար: ՈՒզում ես, թե չես ուզում, սիրում ես, թե չես սիրում, միայն Ռուսաստանն է շահագրգռված նոր սերնդի ինդուստրիալ հեղափոխության ճանապարհին գտնել գործընկերներ՝ նոր մակարդակի տնտեսություն ստեղծելու համար: Մյուս երկրների համար Հայաստանը հետաքրքիր չէ: Եվ Եվրոպայում, և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում ամենայն լրջությամբ խոսում են, որ լիբերալ գաղափարախոսությունը տնտեսության մեջ աշխարհի երկրների մեծ մասի համար ուղղակի կիրառելի չէ: Այն դեղատոմսերը, որ մի քանի երկրների օգնեցին դառնալ հսկա տնտեսություններ, մյուս երկրների համար աղետ դարձան: Լիբերալ տնտեսավարումը փոքր երկրներում հանգեցրեց օլիգարխիաների ստեղծման և բնակչության ունեզրկման: Աշխարհում բոլորն են հասկանում, որ պետությունը տնտեսության մեջ ավելի մեծ մասնակցություն պիտի ունենա:
-Այսինքն՝ վերադա՞րձ պլանային տնտեսությանը:
-Իհարկե ոչ, դրա նախադեպը կարող է լինել պետական կապիտալիզմը, որի կիրառմամբ անցյալ դարում Թուրքիան դարձավ ժամանակակից հզոր պետություն: Մենք պարտավոր ենք մտածել կառավարման այնպիսի մոդելի մասին, որով բնակչության մեծամասնությունը աղքատ չի լինի, պիտի մտածենք տնտեսության այնպիսի ճյուղերի ստեղծման մասին, որոնք ապահովում են աշխատատեղեր և գոյացնում են հարկեր, որ պահում են տնտեսությունը:
-Գյուղատնտեսություն, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ. բացի մեծ ներդրումներից, այդ ոլորտների զարգացումը պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այսինքն` հասարակության շատ փոքր հատվածին, ի՞նչ արտադրություն է պետք զարգացնել, որ ոչ թե աշխատուժ, այլ արտադրանք արտահանես ու արտագաղթ կանխես:
-Ի՞նչ պիտի անի կառավարությունը առաջիկա ամիսներին: Ստանա հասարակության վստահության քվեն: Կառավարությունը ազդանշան պիտի ուղարկի Հայաստանի հասարակությանը և արտասահմանյան ներդրողներին, որ երկրում առողջ փոփոխություններ կան, Հայաստանը բացվել է ներդրումների համար, այդ միտումները շարունակական են լինելու, պետությունը երաշխավորում է բարեփոխումների ընթացքը: Եթե ազդանշանները տեղ հասան, եթե փոփոխությունները եղան իրական, խորքային ու հետևողական, ոչ թե ձևական, Հայաստանը ներդրումների համար բացվելով՝ ստանալու է զարգացման հնարավորություն: Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանը հետ է ընկել իր զարգացման մեջ և չի հասնելու սովորական տնտեսագիտական դեղատոմսերով հարևան երկրներից ոչ մեկին, որոնց հետ ունեցել է մրցակցային հնարավորություններ 25 տարի առաջ: Մեր հետ մնալը դարձել է քրոնիկ և սոցիալական լուրջ հետևանքներ է պարունակում՝ Հայաստանի ապաբնակեցում, ապաարդյունաբերացում, աղքատացում, արտագաղթի մեծացում: Այդ թվերը ոչ թե փոքրանալու, այլ ժամանակի մեջ ավելի մեծանալու են: Ես վստահ եմ, որ Հայաստանի ապագայի նկատմամբ այդ սպառնալիքի ընկալումը կա: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունն ունի իրավիճակի բարդության ընկալումը՝ անկախ բարձրաձայնում է, թե ոչ: Դա պարարտ հող է ստեղծում, որ Հայաստանի հասարակությունը թոթափի նախկին կասկածները, ատելությունը, միջխմբային, միջանձնային մրցակցությունը և հասարակական կոնսենսուս ստեղծի մի հարցի շուրջ՝ դուրս գալ հետամնացության, աղքատության ճահճից: Դա գերխնդիր պիտի դառնա, որի շուրջ հասարակական ուժերի մրցակցությունն ընդունի ոչ թե ինքնաոչնչացման, այլ կառուցողական մրցակցության ձև: Եթե Հայաստանում այդ գիտակցությունը հաղթի, տեսականորեն հույս ունենք կրճատելու մեր հետ մնալը հարևաններից և զարգացած երկրներից: Եթե քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտաները շարունակեն մտածել, որ արտառոց ոչինչ չի պատահել, մեկ-երկու կոսմետիկ փոփոխությամբ իրավիճակը կշտկենք, մեր հետամնացությունն ընդունելու է անդառնալի բնույթ, որը մահացու հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը:
-Դուք կարծում եք, որ այդ գիտակցությունը էլիտաներն ունե՞ն:
-Վերջին փոփոխությունները միտված են հավասար, արդար պայմաններ ստեղծելուն մրցակցության զարգացման, ներդրումների հոսքի, տնտեսության նոր ճյուղերի զարգացման համար: Մոսկվայում քննարկման ժամանակ նախարար Տատյանա Վալովայան ասաց՝ մենք մտել ենք ստագնացիայի փուլ, որը լավ ոչինչ չի խոստանում, բայց մենք հասկանում ենք, որ ստագնացիան բացառիկ, գուցե վերջին հնարավորությունն է կառավարման այնպիսի մոդել ստեղծելու, որն այսօրվա խնդիրներին համապատասխանող մենեջմենտ կապահովի՝ հետամնացությունից դուրս գալու համար: Մեզ պետք է արագընթաց զարգացման փիլիսոփայություն: Մեր տնտեսագիտական բարեփոխումները թելադրված են եղել Արևմուտքից, հայտնի է, թե արևմտյան դեղատոմսերն ինչ արդյունքներ բերեցին: Եթե մեր քաղաքատնտեսական ներուժով ի վիճակի լինենք երկրի առողջացման մոդելներ մշակել, փոփոխությունները հաջողություն կունենան, եթե ոչ, ուրեմն երկիրն անհուսալիորեն հետ է գնալու, և ճիշտ են դուրս գալու ամերիկյան կանխատեսողները, որ Հայաստանը տնտեսության երկու ճյուղ պիտի ունենա՝ զբոսաշրջություն ու էներգետիկա: Համաձա՞յն ենք այդ վիճակին, թե՞ ուզում ենք արդյունաբերական, զարգացած տնտեսությամբ երկիր դառնալ: Մենք պիտի խնդիրները ձևակերպենք և քննարկենք: Երբ Կոնրադ Ադենաուերին 1945-ին հարցնում են՝ ո՞վ է բարեփոխելու դեմիլիտարիզացված, ապաֆաշիստականացված Գերմանիան, երբ բոլոր չափահաս մարդիկ եղել են նացիստական կուսակցության անդամ, Ադենաուերը պատասխանում է՝ նախկին ֆաշիստներն էլ ստեղծելու են ազատ, ժողովրդավարական Գերմանիա, ու ստեղծեցին: Տասնհինգ տարում Գերմանիան նորից դարձավ Արևմտյան Եվրոպայի ամենազարգացած ու առաջավոր երկիրը: Իմաստ չունի հարցը՝ թե ով է Հայաստանում բարեփոխումներ անելու: Կարող է անել ցանկացած մեկը, ուժ, խումբ, որ գիտակցում է իրավիճակի լրջությունը և կարող է վեր կանգնել անհատական, խմբային եսասիրական շահերից, որ մինչ օրս խանգարել է երկրի իրական զարգացմանը, ի վիճակի է այդ փոփոխությունը կատարել: Պարզապես փոփոխությունները պետք է գիտակցված լինեն, մասնագիտորեն հիմնավորված, որի համար էլ պետք է գիտափորձագիտական հանրության ակտիվ մասնակցությունը:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ