«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Քոչարի

Քոչարի
14.10.2016 | 09:09

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Շուշիի բանտի 8-րդ խցի ծանր դուռը ճռռալով բացվեց։ Ադրբեջանցի հսկիչը անթաքույց հրճվանքով սկսեց կարդալ Բերդաձորի Եղծահող գյուղում 1991 թվականի փետրվարի 6-ին ռուս օմոնականների կողմից կալանավորված հայաստանցի գաղտնի զինյալների անունները՝ Ներսես Դավթյան, Աշոտ Կիրակոսյան, Պավլիկ Մանուկյան, Սամվել Կարապետյան... Վեցին տեղավորեցին 8-րդ, իսկ յոթերորդին՝ հարևան խցում։ Վաղուց չյուղված դուռը նույն ճռռոցով փակվեց։ Ներսեսը ընկերներին ձեռքերով և դիմախաղով հասկացրեց, որ իրենց հավանաբար գաղտնալսում են, ոչինչ ավելորդ պետք չէ ասել։ Ծանր ու անորոշ լռություն իջավ։ Ադրբեջանցիներն արդյո՞ք իրենց կպահեն հոդվածով նախատեսված ժամկետով, թե՞ ծեծ ու ջարդով նոր բաներ կմոգոնեն։ Լավ է, որ 8 ինքնաշեն ավտոմատները օմոնականները չգտան։ Մի ամբողջ օր ողջ զորամասը Եղծահողի գոմերի գրեթե 100 տոննա գոմաղբը քչփորեց ու տեղափոխեց, բայց ոչ մի զենք չգտավ։ Տղերքը խուզարկության հոտն առել էին և մոշի թփերի վրայով փոխանցելով, որ նոր եկած ձյան վրա իրենց ոտնահետքերը չմնան, փախցրել պահել էին մոշուտում։ Լռությունն ավելի ծանրացավ։ Դռան անցքից ծիկրակող ադրբեջանցի հսկիչի հրճվանքից փայլող աչքը հրացանի գնդակից ավելի ցավեցնող էր։ Տղաները ակամա Անուշավանին նայեցին. նա կին ու երկու փոքր զավակ ունի։ Դե՝ իրենք ջահել են, իրենց գործը մի քիչ հեշտ է։ Թեև նման պայմաններում լռությունը ոսկի է, բայց չխոսելը, ի վերջո, անհնար է։ Ցանկացած ընկերական խոսքից քննիչները կարող են բառեր փոխել, հոդվածը ծանրացնել. ախր էդ ազգամիջյան թշնամանքին ինչ ասես կհարմարվի, ոնց ասես կփոխեն, մանավանդ որ կրեմլյան շատ ղեկավարներ հենց դա են ուզում։ Իսկ գեներալ Սաֆոնովը շտապում էր հնարավորինս շատ փաստեր կուտակել՝ Կրեմլի աչքին բարձրանալու համար։


«Ի՞նչ անեմ, որ տղերքը չթուլանան։ Խոսել-ոգևորելը վտանգավոր է, ոնց լինի՝ ցանկության դեպքում լուն ուղտ սարքող քննիչները մեր խոսքից մի բան կմոգոնեն։ Հենց հիմա պետք է մի բան անել, բայց չխոսել կամ էլ այնպես խոսել, որ բան չհասկանան»,- մտածում էր Ներսեսը՝ աչքը չկտրելով տղերքի անորոշ հայացքներից։ Խցի անկյունում կախված ռադիոյով ադրբեջաներեն հարցազրույցն ավարտվեց, և միանգամից սկսվեց ամենօրյա չորսն անց երեսունի քրդերեն համերգը։ Տղաները զարմացած իրար նայեցին՝ Գևորգ Չավուշի երգն էր քրդերեն։ Տղաները դեռ չէին սթափվել անակնկալից, հանկարծ Ներսիկը մի ոստյունով թռավ պատին ամրացված մետաղե փոքր սեղանին և միանգամից սկսեց «Քոչարի» պարել։ Երգի բառերը բոլորին սթափեցրին՝
Հայնիգնա՜, հայնիգնա՜,
Ջանիգ նինարե նինար...
Ներսեսը ցնցում էր թիկունքը, ծալում ծնկները, հետո ուղղվում... Տղերքը սթափվեցին։
-Ա՛յ Ներսիկ, սո՛ւս մնա, էլի՞ խենթացար, թող տեսնենք գլխներիս ինչ է գալու,- տեղից թռավ աշնակցի Աշոտը։
Հսկիչը դռան անցքից փորձեց ճշտել, թե ով է պարողը, բայց միայն պարողի գոտկատեղը երևաց։ Շրխկացին դռան բանալիները։ Բոլորը հանգիստ նստած էին. կարծես ոչինչ չէր եղել։
-Հա՜, որոշել եք խոսե՞լ։ Դե խոստովանեք, որ մեղմ լինենք ձեր նկատմամբ,- քննիչը կեղծ ժպիտով նայեց տղաներին։
-Մենք խոստովանելու ոչինչ չունենք, շինարարներ ենք Հայաստանից, տներ ենք նորոգում,- քննիչին պատասխանեց ապարանցի Պավլիկը։


Թեև քննիչը շան հոտառությամբ փորփրում էր տղերքի մտքերը, բայց ուզածը չէր գտնում։
Հուսախաբ հսկիչները իրենց հետ մշակելու տարան Պավլիկին, որն արդեն երկրորդ անգամ էր ադրբեջանական բանտում։ Դրսից զայրույթով շրխկաց դուռը...
Առավոտյան խցի դռան անցքից ճաշի ամանները ներս հրեցին։ Պղտոր ջրի մեջ կաղամբի կտորներ էին լողում։ Քիչ հետո դռան հետևում ադրբեջանցի հսկիչը նամազից հետո մի բայաթի սկսեց. ոչ այնքան երգ էր, որքան կլկլացող մուղամ՝ հայ տղերքին հունից հանելու։
-Հա՜, էս մեր «Քոչարուն» են պատասխանում,- ժպտացին տղերքը։
-Հիմա էլ ես կպատասխանեմ,- երկաթե մահճակալից իջավ Ներսիկը։ Պարն ու երգը միասին սկսեց։
...Շուն շանորդի քոլոսով,
Գիքաս ընցնիս մըր դռնով,
Գերթամ ըսիմ իմ ախպոր,
Գիքա զըրգա ղանչալով,
Հանա զքու կարմիր արուն,
Լցա մըջ քու սոլերուն...
Հայնիգնա, հայնիգնա՜...


Խցի երգը խլացրեց միջանցքի մուղամը։ Շրխկացին բանալիները, հետո ճռռաց երկաթե ծանր դուռը, ներս մտավ օմոնական ռուս գնդապետը։ Մի քանի վայրկյան զսպված ծիծաղով տնտղում էր տղաներին. Չգոռաց, չասաց, որ բերդի կալանավորների հանգիստն եք խանգարում։ Նույն փափուկ տոնով հարցրեց. «Տղանե՛ր, ի՞նչ կա, ասելիք չունե՞ք..»։ Հետո շրջվեց ադրբեջանցի հսկիչին. «Հայերին տեղափոխեք ուրիշ խուց։ Այստեղ նորոգում է լինելու»։
-Ընկեր գնդապետ, կլինի՞, որ ես նորոգեմ մեր խուցը,- առաջ եկավ Ներսեսը։
Գնդապետը հարցական ու խեթ նայեց Ներսեսին.
-Կարո՞ղ ես։
-Իհարկե՛ կարող եմ, բա մենք շինարարներ ենք, եկել ենք Ղարաբաղում տներ նորոգելու, թե չէ...
-Բա քեզ ո՞վ կօգնի,- քթի տակ խորամանկ ժպտաց ռուս գնդապետը, հրաշալի իմանալով, թե հայաստանցի զինված տղերքը Ղարաբաղում ինչի «ռեմոնտով» էին զբաղված։
-Բոլորս էլ շինարարներ ենք։ Ես Մոսկվայում էլ եմ տներ նորոգել,- ռուս գնդապետի ժպիտին ժպիտով պատասխանեց Ներսեսը։
-Դե ի՛նչ, հիմա կհամոզվենք, թե ինչ մակարդակի շինարարներ եք,- համաձայնեց գնդապետը, մեկ անգամ էլ ադրբեջանցի հսկիչներին հրահանգելով, որ հայաստանցի տղաների կյանքի համար գլխով պատասխան կտան՝ հանկարծ քաղաքական սկանդալ չլինի...
Ադրբեջանցի հսկիչները ներս բերեցին դույլերով կիր, գործիքներ ու այլ պարագաներ։ Մի քանի ժամում բանտախուցը ամբողջությամբ նորոգված էր։ Կանչեցին գնդապետին։ Նայեց, գլխով հավանություն տվեց։ «Կարո՞ղ է սրանք իսկապես տուն նորոգողներ են։ Չէ հա՜, էդ որ հայը չգիտի տուն կառուցել ու նորոգել»,- ինքն իրեն կրկին համոզեց գնդապետը, ավելացնելով.
-Կարո՞ղ եք էն մի խուցն էլ նորոգել։
-Դրա էղածն ի՞նչ է, որ,- գնդապետի համակրանքը փոքր-ինչ շահելով՝ Ներսեսը աչքի պոչով տնտղեց ադրբեջանցի հսկիչին, ով միշտ հարմար պահ էր որոնում՝ հետևից տղերքին խփելու։ Գործն ավարտելուց հետո մոտեցավ ռուս օմոնականը, քթի տակ ժպտալով. «Ապրե՛ք, շինարարներ»։ Օմոնականի գովասանքը հեչ դուր չեկավ ադրբեջանցի հսկիչին, ով մռթմռթալով միջանցք դուրս եկավ։
-Կարելի՞ է մի բան խնդրել,- շշուկով դիմեց Ներսեսը վերջինը դուրս եկող յոթանասունն անց ադրբեջանցի սանիտարին, ում, ինչպես նկատել էին, բոլորը հարգում էին իբրև հեղինակություն։ -Ես թունդ ծխող եմ, էլ չեմ դիմանում, մի հատ ծխախոտ կտա՞ք ինձ։
-Ես ծխող չեմ, բայց խոստանում եմ քեզ ծխախոտ բերել,- շշնջաց սանիտարը։
-Տղե՛րք, Ներսիկի ծխելը հեչ, բա որ իր հոր՝ ինժեներ Գևորգի ծխելն իմանաք,- սանիտարի գնալուց հետո ժպտաց աշնակցի Աշոտը։ -Հա՜, ուրեմն առավոտից երեկո ծխում էր։ Երբեմն լուցկի չէր օգտագործում, մեկը մյուսից կպցնում էր։ Մի անգամ շատ ծանր հիվանդանում է, նարկոզով վիրահատում են։ Աչքերը դեռ չբացած՝ ծխելու անդիմադրելի ցանկությունը տանջում է, հնարավոր չէր դիմանալ։ Դե որ բժշկից ուզի, չի տա։ Որոշում է առանց խոսքի վերցնել։ Աչքերը փակ՝ բժշկին հասկացնում է, որ մոտենա։ Ներսիկի հայրը ձեռքը դնում է տղամարդ բժշկի կրծքին և սկսում է շոշափել։ Բժիշկը մտածում է, որ նարկոզի ազդեցության տակ անհասկանալի ու անհարմար շարժումներ է անում։ Ներսիկի հերը շոշափելով ձեռքը իջեցնում է ներքև, սեղմում գրպանի վրա։ Բժիշկը խառնվում է իրար. «Ա՛յ ընկեր, անհարմար է, էդ ի՞նչ եք անում»։ Հիվանդը, առանց աչքերը բացելու, հարցնում է. «Բժի՛շկ, դու տղամա՞րդ ես»։ Շփոթված բժիշկը կմկմում է. «Իհարկե՛ տղամարդ եմ»։

-Դու ի՞նչ տղամարդ, բա որ տղամարդ ես, քու երկու ջեբում մի պապիրոս չկա,- գոռալով աչքերը բացում է Գևորգը։


Բժիշկը քանդվում է ծիծաղից և որոշում է ընդամենը մեկ ծխախոտ բերել՝ միայն երկու-երեք ծուխ առնելու, որ հիվանդի վտանգավոր հազը չսկսվի։ Է՜, Աշնակի շախմատի չեմպիոն Գևորգը հիմի գյուղամեջում ՈՒմրոյան Հրանտի պատի տակ հերթական «թույլիկին» է ջարդում։
Վտանգավոր էր ճաղապատ բակում կալանավորների զբոսանքը, տևողությունը կրճատեցին։ Ցանկացած պահի ազերի հսկիչները կարող էին բոլորին տեղնուտեղը սպանել, մանավանդ բերդի մուտքի մոտ հավաքված ազգայնական աղմկարարները սպառնալիքներ էին անընդհատ հնչեցնում. «Մա՛հ հայերին»։ Դե, իրենք սուսուփուս կխփեն, հետո կբարդեն ազգայնականների վրա, նրանց վերևներից մեդալ կտան, իսկ միջազգային կառույցներին էլ կհավաստիացնեն, որ հարուցվել է քրեական գործ, սպանողները, կստանան արժանի պատիժ։ Բայց հարցաքննության տանելու պահերին ռուս օմոնականը ավտոմատը պահում էր տղերքի կոկորդին և թույլ տալիս հարվածել այնքան, քանի դեռ ողջ են։ Հաճախ էլ օմոնականներից թաքուն միջանցքում ազերի հսկիչները հետևից ծանր հարվածներ էին տալիս որտեղ պատահի, մատներն էին ջարդում, եղունգները քաշում... Մի անգամ տղաներից մեկին հերթական քննությունից բերեցին աղիքները որովայնից դուրս թափված...


…Քննիչի մոտից բերելիս խցի մուտքի մոտ ադրբեջանցի տարեց սանիտարը թղթով փաթաթած մի բան սեղմեց Ներսիկի ափի մեջ ու ցուցադրական կոպտությամբ հրեց բանտախցի ներսը։
-Տղե՛րք, սանիտարը ափիս մեջ մի բան սեղմեց, հնարավոր է թմրանյութ լինի,- խցի մութ անկյունում կապոցը երկյուղածությամբ սկսեց քանդել Ներսիկը։ -Երևի Շուշիում կմնանք մի քանի տարի։ Բայց դե մերոնք որ Շուշին վերցնեն, Բաքվի բերդում ամեն առավոտ, կեսօր ու իրիկուն մի քանի տարի նամազ լսելով «Ղուրանը» անգիր կանենք։
Տղերքը ադրբեջանցու փոքրիկ կապոցից թմրամոլություն հոդվածի հոտ առան... Ներսեսը վերջին ծալը բացեց… Բոլորը մի վայրկյանում հանգիստ շունչ քաշեցին՝ մի բուռ թութուն էր... Սանիտարը խոսքի տերն էր։ Բայց դե՝ լուցկի չկար։ Ներսեսը ափի մեջ տրորեց թութունը, երկար հոտ քաշեց մի քանի անգամ՝ օխա՜շ... Աշնակցի Աշոտը պարզապես թռցրեց Ներսիկի ձեռքից թութունը, շպրտեց բաց զուգարանը և ջուրը քաշեց։
-Հաստատ թունավորած կլինեն,- արդարացավ Աշոտը։
Ներսիկը պառկեց պատին գամած երկաթե մահճակալին։ Մտքերը Աշնակ տարան... Գևորգ հայրը պատմում էր, որ իր մեծ Գևորգ պապը Սասունի Գոմք գյուղում հայտնի ծխախոտ մշակող էր։ Գոմքից վանք եկող ուխտավորներից շատերը գալիս էին Գևորգի թութունից տանելու։ Մի շալակ էլ աշնանամուտին տանում էր Մուշի շուկա՝ տան համար ային-օյին առնելու։ Ներսիկը ողջ գիշերը ափը քթին սեղմած պահեց՝ թութունի հոտը զգալու։
...Հերթական ծեծ ու ջարդի ժամն էր։ Ազերի տարեց սանիտարը, ով հետևում էր, որ հանկարծ չսպանեն հայ կալանավորի, չդիմացավ. «Տղե՛րք, կա՛մ միանգամից սպանեք, կամ էլ սրանց վիրավոր գազան մի սարքեք, սրանք հզոր են»։ Սանիտարի փոքր-ինչ բարեսրտությունը տղաներին կասկածելի թվաց. գուցե դրանով գաղտնիք կորզելու նպատա՞կ ունի։
Մի ակնթարթում բոլորն իրար անցան. գալիս է Լեռնային Ղարաբաղի պարետ, ռուս գեներալ Սաֆոնովը։ Գեներալը սպառնաց, փորձեց կոտրել տղաներին՝ ակնկալելով խոստովանություն, բայց ապարդյուն...
-Եթե այսպիսի վեց զինվոր ունենամ, Բաքուն կգրավեմ առանց կրակոցի,- բանտի ղեկավարներին իբրև հրաժեշտի խոսք ասաց Սաֆոնովն ու գլուխը տարուբերելով հեռացավ։
Տղերքից մեկին տարան բանտի բաղնիք։ Մեկ օր հետո նրան բերեցին կիսամեռ։ Պատմեց բաղնիքի տառապանքը։ Բոբիկ կանգնեցնում են նեղ խուցի մեջ ձմեռվա սառը գետնին։ Կալանավորը ձեռքերով բռնում է պատին ամրացված սառը խողովակներից ու պիտի կանգնի անշարժ 24 ժամ։ Եթե հանկարծ աչք փակի ու թուլանա, մեջքի վրա կընկնի սառը ջրով լցված վաննայի մեջ։ Գիշերը ոտքերը թուլացել էին, քունը հաղթել էր ու մի քանի անգամ ընկել էր սառը վաննան։ Երբ խուց բերեցին, փայտացած էր ու կիսամեռ։


Ժամկետն ավարտվում էր։ Առավոտյան տղերքին արտահերթ շարեցին՝ իբր ստուգում են. միայն ազերիներ էին։ Մեկը հարցնում էր, մյուսները՝ հետևից ու կողքերից հարվածում։ Առավել կատաղում էին, որ հայերից ոչ ոք փրկություն չաղերսեց. անձայն մարում էին իրենց ոսկորների մեջ կոպիտ սապոգների չոր հարվածները։ Քննիչները տղերքին անընդհատ սպառնալիքով հիշեցնում էին, որ մի քանի օր առաջ մի հայ տղայի Շուշիի բանտի դռանը մեխել էին ու վառել… Բանտապետ Աժդադ Յուսուպովի տեղակալը քուրդ էր, ով հայերի ծեծուջարդին հաճույքով մասնակից էր դարձնում բանտի հատկապես քուրդ դահիճներին։ Դրանով տեղակալը նաև Բաքվի համակրանքն ու վստահությունն էր շահում։
Այդպես էր կամեցել Շուշիի բանտապետ Աժդադ Յուսուպովը, որի դեմքին մի քանի օր առաջ արնախառը թքել էր Մուրադը։
-Ձեզ առավոտյան ազատելու են, պիտի ասեք, որ ձեզ նորմալ ենք պահել, թե չէ Ղարաբաղում հեշտ է ձեզ գտնելը։


Տղերքը մտան խուց։ Բերդում վերջին գիշերն է։ Գուցե խաբում են, գուցե դա իրենց վերջին գիշերն է։ Խցում մութ էր, ու մթի մեջ քարացած տագնապ կար։ Բառերը կախվել էին լեզուների ծայրից ու չէին ընկնում. լռությունը խոսում էր, դարձել էր պատկեր։ Անուշավանը մտքում Հայաստանի ճամփին էր. «Հասնեմ տուն, երեխաները վազելով գիրկս գան»։ Աշոտը ոչ մի կերպ չէր պատկերացնում, թե ոնց է տնեցիներին գրկելու...
-Տղե՛րք, առավոտյան կա՛մ ազատություն կտեսնենք, կա՛մ էլ՝ մահ… Երևի մարդ կյանքում մի քանի անգամ մտածած կլինի սեփական մահվան մասին, ծանր պահերին դեմ առ դեմ, աչք աչքի,- մռայլ մտքերն ամփոփեց պատգարակով խուց բերված Պավլիկը, ում ոսկորները դեռ տնքում էին թուրքի սապոգի հարվածներից:
-Պավլի՛կ, հիմի պատմեմ, թե Ներսիկի հերը ոնց է սեփական մահն ու թաղումը տեսել,- Աշոտի խոսքերից մութն իրար եկավ, տղերքը լարվեցին։- Հա՜, տարիներ առաջ, շախմատի հերթական պարտիան կրելուց հետո, ասում է. «Տղե՛րք ջան, էդ որ մեռնելուց հետո հազար անգամ ողորմի են տալիս և հետմահու գովում, ո՞ւմ է պետք, մարդուն պիտի կենդանության օրոք հայտնեն իրենց սիրո մասին, թե չէ՝ գնա մեռի, արի սիրեմ։ Տղե՛րք, եկեք հենց հիմա իմ թաղումն անենք»։ Տղերքը ծիծաղով իրար անցան. դե՛, ծու՛ռ է, մտքով մի խենթություն անցավ։ Գևորգը շտապեց դիմացի խանութը։ Քիչ հետո մի արկղ օղիով, մի երկու կիլոգրամ երշիկ ու պանրով եկավ։ Բաժակ էլ էր առել։ Հանգիստ լցրեց բաժակները, մեկնեց տղերքին։
-Դե լավ, Գևո՛ ջան, ողորմի քեզ, մենք քեզ շատ ենք սիրում, ախպեր ջա՛ն,- ասաց հանաքչի Աղոն ու սգվորի հայացքով դատարկեց առաջին բաժակը։
-Գևո՛ ջան, հազար ողորմի քեզ, հաց տվող, համուհոտով մարդ էիր,- վշտացավ Մարգարը և խմելուց հետո բաժակի տակի մնացորդը ցանեց գետնին, ինչպես շիրմաթմբին են շաղ տալիս... Մեկ ժամ հետո գյուղի հրապարակում հավաքվել էր մահվան թափորը, հերթով ողորմի էին տալիս, իրենց սերն ու ափսոսանքը հայտնում Գևորգին, խմում՝ «զակուսկին» վերցնելով երջանկահիշատակ հանգուցյալ Գևորգի ձեռքից։ Տղերքը մեջտեղ բերեցին յոթերորդ արկղ օղին, երշիկն ու պանիրը։ Անմեռել հուղարկավորությունը նոր թափ էր հավաքում։ Գևորգն ամբողջ կյանքում ընկերներից ու համագյուղացիներից սիրո ու ախպերության այդպիսի ջերմ խոսքեր երես առ երես չէր լսել։
-Տղե՛րք, էս ի՞նչ է պատահել,- հարցրեց Երևանից եկած հյուրերից մեկը, ով, ոչինչ չհասկանալով, դեսուդեն էր նայում։
-Մեր Գևորգի թաղումն է,- ասաց արդեն դամբանականի պատրաստված Մարգարը։
-Բա մեռելն ո՞ւր է,- աչքերը դեսուդեն շաղ տվեց երևանցին։
-Ա՜յ էն է, շիշը ձեռքին,- մատնացույց արեց Ավագը։
-Վա՛յ, ես ձեր ծուռ...,- փորձեց օղակից դուրս գալ մայրաքաղաքից եկածը։
-Սպասի՛ր, թե չէ քեզ կդարձնենք հանգուցյալ,- վրա տվեցին տղերքը։
Թեթև բացատրությունից հետո երևանցին, տխուր նայելով Գևորգի աչքերին, ափսոսանքով շշնջաց. «Գևո՛րգ ջան, դու շատ լավ մարդ ես, հազար ողորմի քեզ»։ Դեռ ուշքի չեկած հյուրը խմեց ու ցավակցելու համար ակամա սեղմեց Գևորգի ձեռքը։ Բանից անտեղյակ երկու կին, որ նոր էին մոտեցել, ցավալի լուրից ձեռքները ծնկներին զարկեցին. «Վա՜խ, հազար ափսոս մեր Գևոն, գեղի տների մեծ մասի ինժեներն ինքն է եղել…»։ Գևորգը երախտագիտության ժպիտով շրջվեց կանանց կողմը։ Երկուսն էլ մի պահ սարսուռ զգացին և ուրախությունից ճչացին. «Էս մեր գեղացիք Էրգրում էլ էսպես ծուռ են եղել»։


-Ժողովո՛ւրդ ջան, ճիշտ է, հանգուցյալները չեն խոսում, բայց մի երկու խոսք էլ իմ կողմից։ Ես նոր հավատացի, որ բոլորդ ինձ շատ եք սիրում։ Մի քանի ժամվա մեջ ողջ գյուղը հավաքվեց, բոլորդ հարազատի պես իմ աչքերի մեջ նայեցիք. երբ էլ մեռնեմ, հանգիստ կփակեմ աչքերս՝ ինձ հետ տանելով ձեր խոսքերը։ Էս կյանքում ամեն մարդ պիտի սեփական թաղումը իր աչքով գոնե մի անգամ նախապես անցկացնի, որ ճիշտ հրաժեշտ տա աշխարհին։ Չպիտի մահը որոնես, առանց այն էլ շան նման հետևիցդ ընկած գալիս է...
Երեկոյան գյուղը խաղաղվեց։
Բանտախցում մութը քարացել էր... Տղերքը, որքան էլ ուզում էին մոռանալ շան նման իրենց հետևող մահը, բայց մտքում երանի էին տալիս, որ մի օր իրենք էլ Գևորգի պես սեփական թաղումը տեսնելու ծռության պատիվը ունենան...
Մութն ավելի ծանրացավ՝ կապարի պես։ Գոնե մի քնահարամ ծղրիդ բերդի պարիսպների վրա երգեր։ Ներսեսը դանդաղ իջավ պատին գամած երկաթե մահճակալից։ Ոչինչ չէր երևում, բայց տղաները խավարում տեսնում էին Ներսիկի թիկունքի ցնցումը, ոտքերը ծալվում են, ուղղվում, իսկ աջ ձեռքը օդում չեղած թաշկինակն էր թափ տալիս։ Այս անգամ լուռ էր պարում, պատերի մեջ քնած հիշողություն կար։ Պատերը երգում էին.
Ախ էգա՜վ, էգա՜վ, էգա՜վ,
Անձրև ու կարկուտ էգավ,
Վըր Մշու դաշտին էգավ,
Վըր Սասնու սարին էգավ...
-Տղե՛րք,- լռությունը խախտեց Աշոտը,- մի կարդացող մարդ մի օր ինձ պատմեց, որ «Քոչարին» ու «Յարխուշտան» մեր ապուպապերը Սյունիքում մի ժայռի վրա քանդակել են տասնհինգ հազար տարի առաջ։ Ամբողջ աշխարհը տեսել է նկարը ու չի հավատում կամ էլ չի ուզում հավատալ... Դե երևի մի քանի հազար տարի առաջ էլ մեր ապուպապերը Ներսիկի պես «Քոչարին» պարել են, որ չմեռնեն... Բա «Յարխուշտան»...
Առավոտյան նույն շրխկոցով բացվեց բանտախցի դուռը։ Ռուս օմոնականը կանգնած էր դռան մոտ, ադրբեջանցի հսկիչը իր թլվատ ռուսերենով հատ-հատ, դանդաղ կարդում էր անուն-ազգանունները։ Հերթը Ներսիկինն էր։
-Ներսես Դավթյան, ստորագրիր, որ այլևս Լեռնային Ղարաբաղ չես գա,- սպառնալից տոնով բացատրեց բանտի պատասխանատուն։
-Այո՛, չեմ գա,- գրեց ու միաժամանակ ռուսերեն ասաց Ներսիկը։ Նա հանկարծ տեքստը շարունակեց հայերեն գրել և բարձր արտասանեց՝ «Թե որ ոտքս էստեղից դուրս գա, ես քո մերը կ…..»։ Ադրբեջանցի տարեց սանիտարը հայերեն գրածը կարդաց ու վարժ հայերենով պատասխանեց. «Ներսես, որ Երևանի ջուր լինի, մի բաժակ կխմե՞ս»։ Տղաները ապշած իրար նայեցին։ Սանիտարը գիտեր, որ Ներսեսի ասածը թարգմանելու դեպքում բանտախցի դռները կրկին կբացվեն հայերի համար։ Նա հայերենով հանգիստ շարունակեց. «Տղանե՛ր, մինչև կռիվը ես Հայաստանի Վարդենիս քաղաքում եմ ապրել, սովորել եմ Երևանի բժշկական ինստիտուտում…»։ Տղաները հասկացան, որ ազերի սանիտարը ասելու շատ բան ունի, բայց ժամանակը չէր։


Երբ վերջին անունը կարդաց, պատասխանատուն հրամայեց. «Բոլորդ լուռ հետևում եք ինձ»։ Տղաներին տեղավորեցին զինվորական «ՈՒԱԶ» մեքենայում, դուռը ներսի կողմից փակեց օմոնականը... Քիչ անց մեքենան ճռռալով կանգնեց Ստեփանակերտի միլիցիայի դռանը։ Օմոնականը բացեց դուռը և քթի տակ ժպտալով ասաց. «Դուք ազա՛տ եք, Հայաստանից եկած շինարարներ»...
…Վաշտը դիրքավորվեց ճանապարհի հարևանությամբ՝ Զարիսլու գյուղի մոտ։ Հրամայված է փակել Լաչինից Շուշի ադրբեջանական զորքի հնարավոր շարժը՝ պաշտպանելով հայ գրոհայինների թիկունքը։ Բայց նաև հրաման կար Շուշիից փախչող անզեն ադրբեջանցիների համար միջանցք բացել՝ հեռանալու դեպի Լաչին։
-92-ի մայիսի 8-ի էս գիշերը Շուշիի 8-րդ բանտախցի տղերքիս համար ամենահպարտ օրն է լինելու, եկել է մեր երազած պահը,- երանությամբ շշնջաց Ներսիկը ընկերներին։
Կեսգիշերն անց դղրդացին հրանոթների արկերը։ Ջոկատը հուսալի փակել էր Լաչինի ճանապարհը, իսկ քիչ հեռվում Շուշիից նահանջող ադրբեջանցիները անվտանգ հեռանում էին դեպի Լաչին։


Լույսը ծաղկի պես բացվեց։ Շուշիի բարձունքից հաղթանակի լուրը մի քանի վայրկյանում ակոսեց աշխարհասփյուռ հայության սիրտը։ Ջոկատի տղերքն ուզում էին վայրկյան առաջ վազելով հասնել Շուշի, մտնել բերդ ու աշխարհով մեկ գոռալ ազատման թղթի վրա Ներսիկի հայերեն գրած տողերը. «Թե ոտքս էստեղից դուրս գա, ես քո մերը կ....»։
Շտապ հրաման եկավ ևս մի քանի օր մնալ Զարիսլուի դիրքերում, որ Լաչինից ադրբեջանական զորքը չհասնի ազատագրված Շուշի։ Մի քանի օր անց եկավ երանելի պահը՝ Ներսիկը ընկերներով Շուշիի բերդի 8-րդ բանտախցի դռանն էր։ Ոռնացին գայլի պես և, ազատման թղթին հայերեն գրած բառերը գոչելով, մտան իրենց խուցը։ Ներսիկը ավտոմատի կրակահերթով խցի պատին վերից վար գիծ արեց, հետո՝ ձախից աջ խաչ քաշեց պատին ու ձեռքի շարժումով լռություն խնդրեց։ Հետո մի ոստյունով թռավ պատին գամված մետաղե փոքրիկ սեղանին.
Հայնիգնա՜, հայնիգնա՜,
Ջանիկ նինարե նինար...


Այսպես «Քոչարի», «Յարխուշտա» ու «Մշո խըռ» պարել են քանի հազար տարի առաջ Հայոց ռազմի աստվածները և դեռ պարելու են...

Դիտվել է՝ 177659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ