Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեկ տարում անապատում քաղաք էր կառուցվել»

«Մեկ տարում անապատում  քաղաք էր կառուցվել»
14.10.2016 | 09:14

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վերջերս Չինաստանում էր։ Նա վերադարձել է բավականին հետաքրքիր տպավորություններով, որոնք էլ տեղին համարեցինք փոխանցել մեր ընթերցողներին։


-Չինաստանում առաջին անգամ չէիք հյուրընկալվում, այս ուղևորության նպատակը ո՞րն էր։
-Սեպտեմբերի 17-24-ին «Մետաքսի ճանապարհ» առաջին համաշխարհային էքսպոն էր կազմակերպվել։ Հրավիրված էր շուրջ 1500 մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Ներկա էին որոշ երկրների մշակույթի նախարարներ, կուսակցական գործիչներ և այլք։ Մենք գտնվում էինք Գանսու նահանգում, որի պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր՝ նահանգապետի գլխավորությամբ։ Նահանգը գտնվում է անապատային տարածքում։ Այս վայրը հայտնի է Գոա քարանձավներով, այստեղ է գտնվում Բուդդայի՝ աշխարհում մեծությամբ 2-րդ քանդակը։ Միջոցառումները տարաբնույթ էին, սակայն հիմքում մշակույթն էր և կերպարվեստը։ Որոշ երկրներ ներկայացել էին բուն ազգային մշակույթով։ Ի դեպ, Ադրբեջանն իր տաղավարում կիրառական արվեստի նմուշներ էր ներկայացրել։ ՈՒթսուն նկարիչ աշխարհի 31 երկրից մասնակցում էր կերպարվեստի ցուցահանդեսին, ԱՊՀ-ից մասնակցում էին Ղազախստանի, ՈՒզբեկստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի նկարիչները։ Հայաստանից ես էի հրավիրված։ Նկարիչներ էին հրավիրվել նաև եվրոպական երկրներից։ Ցուցահանդեսը նշանավորվեց մի բարձրորակ պատկերագրքով։

«ԱՆԱՊԱՏՈՒՄ ՄԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀՍԿԱ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ»


-Էքսպոյի կազմակերպական կողմը բավարարո՞ւմ էր մասնակիցներին։
-Ոչ միայն բավարարում էր, մենք զարմացած էինք, ամեն բան արվում էր բացառիկ ճշգրտությամբ և հոգածությամբ։ Ամենազարմանալին, սակայն, մեր էքսպոյի հանգրվանն էր։ Մեկուկես տարի առաջ անապատում մի հսկա ավան էին կառուցել Դանհունգ քաղաքին մոտ, ուր ցուցահանդեսն էր կազմակերպվել, զանազան կոնֆերանսներ են անցկացվում, միջոցառումներ և այլն։ Սա միջազգային առաջին «Մետաքսի ճանապարհ» էքսպոն էր, հետագայում այն շարունակական բնույթ է կրելու։ Այսինքն, ավանդույթ է ձևավորվում։ Մեր մարզահամերգային համալիրի ծավալով շինություն էր առաջին համալիրը, շրջակայքում ամեն բան աչք էր շոյում, կաթիլային ոռոգմամբ պուրակներ և այգիներ էին հիմնել։ Իսկ ցուցահանդեսային շենքը չափերով գերազանցում է մեր համալիրին։ Երրորդ կառույցը նախատեսված է օպերային համերգների համար, չորրորդ շենքը հյուրանոցն է, հինգերորդը՝ ժամանակակից թատրոնի շենքը։ Բոլոր շինություններն ազգային ճարտարապետության դրոշմն են կրում, միաժամանակ շատ արդիական են։ Ի դեպ, դրանց բարձրությունը չի գերազանցում հինգհարկանի շենքի բարձրությունը։ Այդ ամենը շատ տպավորիչ էր, իսկ մենք զբաղված էինք օրնիբուն, դիտարժան վայրեր էինք այցելում, հաճախում թատրոն և օպերա։

«ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»


-Անշուշտ, նաև շրջագայել եք։ Չինացիք սիրում են զարմացնել հյուրերին։
-Եղանք Լանջոու քաղաքում, դա շուրջ 5 մլն բնակչություն ունեցող մի քաղաք է, որին կից կառուցվել է նոր Լանջոուն։ Սա մի զարմանալի բան է, շենքեր են կառուցված, ասֆալտապատ են փողոցները, ենթակառուցվածքները պատրաստ են, սակայն քաղաքը դատարկ է։ Գործում է միայն գլխավոր հյուրանոցը, որտեղ մենք հյուրընկալվեցինք։ Այս «կախարդական» քաղաքում շուտով պետք է բացվի երիտասարդների և մանուկների ստեղծագործությունների համաշխարհային կենտրոնը 20000 քմ օգտակար մակերեսով։ Ի դեպ, Չինաստանն ամեն բան անում է բարձր մակարդակով։ Ինչ-որ առումով այս սյուրռեալիստական քաղաքում մեծ շուքով բացվեց ռուս քանդակագործ Չարկինի ստեղծած հուշարձանը։ Շատ կարևոր դերակատարում ուներ այս ամենում ՌԴ գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին։
Մեզ հնարավորություն ընձեռեցին մասնակցելու պլեների։ Դարձյալ կազմակերպական մակարդակը հիացնում էր։ Իսկ հյուրանոցում ափսեներ էին տրամադրել՝ 50-60 սմ տրամագծով և խնդրում էին դրանք նկարազարդել։ Ես շուրջ 15 ափսեի վրա նկարներ թողեցի։ Ի դեպ, այդ ափսեները թրծեցին և, հատուկ տուփերում տեղադրելով, հուշանվերների հավաքածու ստեղծեցին, որը պետք է նվիրեն իրենց հյուրերին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ