«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը (Մատթ. 19.23)

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը  (Մատթ. 19.23)
14.10.2016 | 08:02

Շատ մարդիկ, կարդալով ավետարանի այս դրվագները, հոգևոր կրթություն ու դաստիարակություն չունենալու պատճառով ընկնում են հուսահատության գիրկը:
Երբ հարուստը ուռճանում է, նրա համար արքայության առանց այն էլ նեղ դուռը առավել նեղանում է, և փրկությունը նրա համար դառնում է շատ ավելի անհնար ու անիմաստ, քան պարանի համար ասեղի անցքով անցնելը: Մեծահարուստ երիտասարդի հետ զրույցից հետո Տիրոջ արած այս եզրակացությունը ամփոփում է մեկ հիմնական միտք՝ այլ է օրինապահությունը, և բոլորովին այլ` զոհողությունը: Նա եկել էր մարդկանց ցույց տալու բարության ու արդարության մեկ այլ որակ ու մակարդակ. սիրո և ինքնազոհողության պատրաստակամություն: Հիսուսի դիպուկ համեմատությունը ստիպում է հարուստներին կարկամել ու երկմտել՝ նախքան դեպի այդ դուռը քայլ անելը և նախքան այն բախելը:


Սակայն Քրիստոսն իր կյանքը զոհեց հարուստների և աղքատների, հիմարների և իմաստունների, տգետների և շնորհալիների համար և չդրեց խտրություն փրկության հարցում: Խնդիրը միայն փրկության կերպը որպես փաստ ընդունելն է: Հիսուսը փրկում է մեզ մահից և կյանք է շնորհում, նաև ասում է. «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող»: Այսինքն, կյանքին և փրկությանը առավել մերձենալու համար անհրաժեշտ է առավել հեռանալ ու հրաժարվել նյութից՝ իբրև նպատակ, և այն առավել ընդունել իբրև միջոց՝ իրական նպատակին հասնելու համար: Նյութը ինքնին վատ կամ չար չէ, այլ այդպիսին է դառնում մարդու սխալ վերաբերմունքի պատճառով, երբ դառնում է խոչընդոտ հոգու և կյանքի ճանապարհին: Սուրբ գրքում բազում մարդիկ, նահապետներ՝ Աբրահամը, Իսահակը, Սողոմոն Իմաստունը, Դավիթ սաղմոսերգու մարգարեն, մյուսները բավականին հարուստ էին, սակայն, հարուստ լինելով հանդերձ, Աստծո բարեհաճությանը արժանացան՝ նյութականից կախվածություն չունենալու շնորհիվ, իրենց հավատքով, այդ հավատքից բխած բարի գործերով: Աստված հենց ա՛յս է մեզ պատվիրում, Նրա գալստյան պատճառը հենց այդ էր՝ մարդուն կտրել նյութի պաշտամունքից և ցույց տալ առավել մեծ արժեք՝ հոգևոր կյանքի հավիտենական ուղին: Հոգևոր կյանքը մարդու համար սկիզբ է առնում այն ժամանակ, երբ վերագտնում է Աստծուն իր հոգում, թողնում է իր նախկին մեռելոտի մեղքերն ու անօրինությունները, վերցնում իր խաչը և գնում Գողգոթա:

Պողոս առաքյալը պատվիրում է. «Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար. պատվիրի՛ր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսեր» (Ա Տիմ. 6;17): Երբ մենք հապաղում ենք ձեռք մեկնել կարոտյալին ու տնանկին, մենք կանգնում ենք այն փաստի առաջ, որ մենք խղճուկ ու փոքրոգի և խորքում` երախտամոռ արարած ենք, որը մոռանում է, որ բոլոր բարիքները ի վերուստ են իջնում` Լույսի Հորից, որը իրական աղբյուրն է մեր ունեցած բոլոր բարիքների: Բարեգործությունը, ասես, մի հրաշալի սարք է, որը նյութական բարիքը վերափոխում է հոգևոր գանձի և փոխադրում Երկինք: Իսկ Հակոբոս առաքյալը պատվիրում է. «Հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստությունը պիտի անցնի` ինչպես խոտածաղիկը» (Հակ 1.10): Հպարտությունն ու ժլատությունը, ցոփ ու շվայտ կյանքը կործանիչ են մարդու համար և հատուկ են հիմնականում թերահավատ հարուստ մարդկանց, որոնց առաքյալը հետևյալ հորդորն է ուղղում. «ՈՒրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակ. 5.1-3):


Մարդու կյանքի օրերը հաշված են, և երբ վախճանը հասնի, ոչինչ չի փրկի նրան, բացի իր հավատքից բխած բարի գործերից: Ավետարանում տեսնում ենք այն երկու հանգրվանները, որոնց առջև կարկամած կանգնում են այս աշխարհի հարուստները։ «Գանձեր դիզեք երկնքում»,- ասում է Տերը: «Երկրպագի՛ր ինձ, և աշխարհը քեզ կտամ»,- տարհամոզում է Օտարը: Հարուստ, թե աղքատ, որքան մարդը հեռու է հոգևորից, այնքան նրան մագնիսի նման ձգում է նյութը, մարմնավոր ու մարմնեղեն մարդու համար դժվար է զգալ, ընտրել հոգևորը և գնահատել այն, նրա համար առավել գնահատելի է այն, ինչ ինքը տեսնում է ու ընկալում, և հոգին ու հոգևորը օտար են թվում:


Երբ Աստված առաջնորդում էր հրեա ժողովրդին անապատով, նրանք հերթական անգամ տրտնջում են և հաց են պահանջում: Աստված նրանց տալիս է երկնային հաց` մանանա, որը գինձի սերմի նման մանր էր և մեղրախորիսխի համ ուներ, առավոտյան շաղի վերանալուց հետո երևում էր գետնի վրա: Սակայն Աստված պահանջում է նրանցից մանանան հավաքել, ըստ իրենց ընտանիքների անդամների թվի, և օրվա կարիքի ավելորդը փչանում էր: Եթե Աստված չափ է սահմանում հանապազօրյա հացի համար, ապա որչափ առավել՝ պարարտացնող ճարպի համար, ինչպես ասում է առաքյալը. «Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք և ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5.5): Հարուստները սարսափում են իրենց բարեկեցիկ վիճակի հանկարծահաս կորստից, քանզի չեն գիտակցում՝ լավ է լինել աղբյուր, քան թե սափոր, քանզի չգիտեն մի պարզ ու ակնհայտ գաղտնիք՝ տալով ու բաշխելով մենք նմանվում ենք... Աստծուն` ամենայն բարյաց աղբյուրին, այո՛, Նրան, Ով մեզ համար չխնայեց Միակն ու ամենաթանկը` իր Միածնին: Իսկ ի՞նչ կարող է լինել ավելի լավ, քան Աստծուն նմանվելը, մեր սեփական` մարդկային աստվածապատկեր նկարագրին համապատասխանելը։


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ