Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երևանը միայն ասֆալտի ու վեր խոյացող շենքերի քաղաք չէ»

«Երևանը միայն ասֆալտի ու վեր խոյացող շենքերի քաղաք չէ»
18.10.2016 | 00:10

Հոկտեմբերի 21-ին «Երևան-էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ), որտեղ կբացվի նաև ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆԻ «Հայկական միրգ. ծաղիկ մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացվելու են 37 լուսանկար, 18 հայկական միրգ` ծաղկից մինչև պտուղն ընկած փուլում:

«Իրատեսի» հետ զրույցում Գալուստ Նանյանն ասաց, որ ցուցահանդեսը պետք է մեկնարկեր ապրիլի 11-ին, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմն այն հետաձգեց: Հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի օրացույցով Գյուղացի կանանց միջազգային օրն էր, ինչ-ինչ պատճառներով խորհրդանշական այդ օրը նույնպես շրջանցվել է, և, ի վերջո, որոշվել է ցուցադրությունը ներկայացնել հոկտեմբերի 21-ին: Տևողությունը երեք օր է: Դեկտեմբերի 5-ին` Հողի միջազգային օրը, նախատեսվում է ավելի տևական ժամանակահատվածով ցուցադրությունը կրկնել Երևանում (վայրը դեռ ստույգ չէ):


Անդրադառնալով մեր՝ «Ի՞նչ խորհուրդ ունի ցուցահանդեսը, և ե՞րբ են արվել լուսանկարները» հարցերին` Գալուստ Նանյանն ասաց, որ ամբողջը լուսանկարել է 2015-ին. «Չեմ ուզում կապել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, բայց միտք ծագեց, որ հայ ազգը դեռ ծաղկում է, պտուղ է տալիս, և ուզում էի դա հայկական մրգերով ցուցադրել: Խոսելով ագրոէկոլոգիական խնդիրների մասին (մեր զրուցակիցը երկրորդ մասնագիտությամբ ագրոէկոլոգ է-հեղ.)՝ մասնագետները հաճախ ասում են, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները գրոհում են ամբողջ աշխարհի վրա, անմասն չի մնում նաև մեր տարածաշրջանը, մենք կորցնում ենք մրգերի, բանջարեղենների ավանդական տեսակները: Ես այս ցուցահանդեսով ուզում եմ ասել, որ Հայաստանում դեռ կան միրգ-բանջարեղենի բնական, ավանդական տեսակներ, պետք է ամեն ինչ անենք մեր պապերից ստացածը պահպանելու և եկող սերունդներին փոխանցելու համար»:


Լուսանկարիչ Նանյանը գյուղատնտեսական թեմային անդրադառնում է առաջին անգամ, նախորդ ութ ցուցահանդեսների թեման եղել է բնապահպանությունը:
Հետաքրքրվեցի, թե ինչպիսին էր մրգերը լուսանկարելու ընթացքը: «Ծաղիկ-պտուղ լուսանկարելը բարդ է,- ասաց լուսանկարիչը:- Նկարել եմ գրեթե բոլոր մարզերում` Լոռի, Տավուշ, Արմավիր, Վայոց ձոր, Սյունիք: Օրինակ, մարտին նկարել եմ ծիրանի ծաղիկը, սպասել եմ մինչև ծիրանը պտղակալի, հասունանա, որ պտուղը նկարեմ: Ծաղիկը նկարել եմ Երևանում, պտուղը` մեր այգում (Էջմիածնի շրջան): Երևանում արված լուսանկարներով ուզում եմ ասել, որ Երևանը միայն ասֆալտի ու վեր խոյացող շենքերի քաղաք չէ, քաղաք է, որտեղ ծառեր են աճում, պտուղ են տալիս»:


Նկատեցի, որ կան գեղանկարին համարժեք լուսանկարներ, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ փորձել է մոտեցնել դրանք գեղանկարին՝ առանց տեխնիկական ավելորդ միջամտության, առանց ֆոտոշոփի:
«Հայկական միրգ. ծաղիկ մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է: Նախատեսվում է ցուցահանդեսն անցկացնել նաև Արցախում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝
Գալուստ ՆԱՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ