Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաց նամակ հանրապետության վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին

Բաց նամակ հանրապետության վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին
18.10.2016 | 00:25

Հարգելի պարոն վարչապետ


Ձեզ եմ դիմում անասնապահական մթերքների արտադրության մրցունակությունը բարձրացնելու, համայնքների շրջակա միջավայրը արմատապես բարելավելու առաջարկություններով, որոնց ներդրումը կավելացնի նաև գյուղացու շահույթը՝ ապահովելով նրա բարեկեցությունը, հանրապետությունում մեկ տարվա հաշվով ստեղծելով 150-200 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Խնդիրն այդ առաջարկությունները (տեխնոլոգիա, պատրաստի մեքենաներ, արտադրության փորձ) գյուղացիներին ներկայացնելն է, ինչը կձևավորի դրանց պահանջարկի շուկան, արտադրությունն ու իրացումը:
Տնտեսական արդյունավետության առումով առաջնահերթ եմ համարում արոտներում բերքատվությունը 2-3 անգամ բարձրացնելու, խոտի որակը բարելավելու մեր մեքենայի ներդրումը:


Այդ մեքենան փոխարինելի է նաև բնապահպան նոր իրավիճակ ստեղծելով. ջրհեղեղներ առաջացնող ջրազանգվածը աստիճանաբար կուտակվում է հողաշերտի մակերևույթից 10-12 սմ խորության վրա բացված փխրեցված հողաշերտերում՝ կանխելով նաև երաշտը, տարածքային հրդեհները, հողի էրոզիան:
Կանխատեսում ենք, որ հանրապետությունից «փախչող» ջրերի (որոնք կազմում են ամբողջի մոտավորաապես 60 %-ը) սանձահարումը կլուծի նաև Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բարձրացման, ցամաքած աղբյուրների վերաբացման, անապատացման կասեցման խնդիրները:


Արդյունավետության չափի տեսակետից հաջորդ առաջարկությունը տեղական հումքով (թռչնաղբ, գոմաղբ, մոխիր, ցեոլիտ, կալիումական տուֆեր և այլն) օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի արտադրություն կազմակերպելն է, որը թույլ կտա իրական հիմքերի վրա դնել օրգանական գյուղատնտեսության զարգացումը, կրճատել քիմիական պարարտանյութերի ներկրման ծավալները տարեկան 25-30 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Բնապահպանական առումով առաջարկվող տեխնոլոգիայի և մեքենաների ներդրումը թույլ կտա նվազեցնել հում թռչնաղբի օգտագործումով պայմանավորված օզոնային շերտի քայքայումը, շրջակա միջավայրի, հատկապես ջրային ավազանների աղտոտումը, հողի և աճեցվող կուլտուրաների վարակը ճիճուներով (որոնցից մի քանիսը անձամբ տեսել եմ փորձեր կատարելիս):


Մասնագետների շրջանում աստիճանաբար գերիշխում է այն կարծիքը, որ հում թռչնաղբով հողի համատարած պարարտացումը, հատկապես Արարատյան հարթավայրում և նրա նախալեռնային գոտիներում, կհանգեցնի դրանց աստիճանական անկմանը (ՊպչՐՈՊՈՓՌÿ), ինչին ականատես ենք արդեն այսօր, զարկ տալով թանկ հաճույք հանդիսացող և էներգիայի ապահովվածության հեռանկարի առումով կասկածելի ջերմոցային տնտեսությունների աճին (մի՞թե մոռացել ենք, որ շատերիս համար արդեն երազ դարձած «Անահիտ» տեսակի լոլիկը բազմացվում էր բաց երկնքի տակ):
Արդյունավետության առումով խիստ մտահոգիչ են անասնապահության ցուցանիշները. տասնամյակներ շարունակ կովերի կաթնատվությունը չի անցնում 2000 լիտրի սահմանը (այս ցուցանիշով աշխարհում նախավերջինն ենք), տավարի մսի օրվա քաշաճը 200-300 գրամ է, երբ Եվրոպայում այն 4-5 անգամ ավելի է, գյուղացու աշխատանքային պայմանները մոտ են միջնադարին՝ բահ, փոցխ, ձեռքի սայլակներ, գարշահոտ շրջապատ:


Մոտավոր հաշվարկներով իրավիճակը արմատապես փոխելու համար կաթի ու մսի արտադրության շահութաբերության ցուցանիշը պետք է կազմի 30-40 %: Մեր երրորդ առաջարկությունը թույլ է տալիս հասնել այդ ցուցանիշին գոմաղբի մեքենայական մշակմամբ սպառման շուկա ունեցող բիոհումուս, կենդանական ծագման սպիտակուցային խտանյութ (կալիֆոռնիական որդերից), գրանուլացված պարարտանյութ և վառելանյութ արտադրելով, գյուղացու բնակարաններում ավտոմատ ջեռուցման համակարգեր տեղադրելով, այդ թվում` արևի էներգիան օգտագործելով:
Մենք մշակել ենք մի նախագիծ, որը թույլ է տալիս գյուղացուն կամավորության և շահավետության սկզբունքով իր կովերը (մեծ մասամբ 3-5 գլուխ) տեղափոխել այդ մասնաշենքում լրիվ տնօրինելու իրավունքով (կովերի անհատական խնամք, կիթ, կաթի վերամշակում) իրեն անվճար տրամադրված մասնաբաժին, որպես փոխհատուցում անասնաշենքի սեփականատիրոջը թողնելով գոմաղբի մշակմամբ վերը նշված տեսականին արտադրելու և իրացնելու իրավունքը:


Կարծում եմ՝ աշխատանքներն այսպես կազմակերպելով, կունենանք նաև էկոլոգիապես մաքուր համայնքներ՝ զարգացնելով գյուղական տուրիզմը:
Հարգելի պարոն վարչապետ, վերը նշված և հարակից մի շարք այլ առաջարկություններ բազմիցս ներկայացվել են կառավություն, գյուղատնտեսության, բնության պահպանության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, գիտության և կրթության նախարարություններ, գիտպետկոմ:
Ներդրման առումով արդյունքները զրոյական են, իսկ թղթապանակի կշիռը մոտենում է մեկ կիլոգրամի:


Այդ թղթապանակում ծանրակշիռ տեղ ունեն գյուղնախը և գիտպետկոմը: Վերջինս կասեցնում է նշված նորույթները արտադրացուցադրական գործառույթներով շահառուներին (գյուղացիներին) ներկայացնելու աշխատանքների ֆինանսավորումը, փոխում է այլ կերպ մտածող փորձագետներին և բնագավառից բացարձակապես անտեղյակ նոր փորձագետներին թելադրում իր կամքը, այլ կառույց տեղափոխելով նաև ինստիտուտի համար նախատեսված ֆինանսական միջոցները՝ փաստորեն լուծարելով ինստիտուտը:
Գիտպետկոմից հետ չի մնում նաև գյուղնախը. ունենալով արոտների բարելավմանը միտված 60 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր, բանկի պատասխանատուի դրական կարծիքը մեքենան շահառուներին ներկայացնելու ֆինանսավորման մասին, գյուղնախը բազմաքայլ կեղծարարությամբ մերժում է մեր հայտը «մեքենան պետք չէ» պատճառաբանությամբ, մոռանալով որ նույն նախարարությունը մի քանի տարի առաջ ընդգծում էր մեքենայի խիստ անհրաժեշտությունը:


Առայսօր ինձ չի հաջողվում ստանալ մերժման պատճառաբանված պատասխանը՝ դա պետական գաղտնիք է:
Մինչդեռ մեքենայի նորույթը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքով, 16 հազար օրինակով արտադրելու ֆինանսավորման որոշում էր կայացրել միութենական կառավարությունը, այն անցել էր հանրապետության և միութենական ենթակայության գիտահետազոտական ինստիտուտների փորձաքննությունը, պետական փորձարկումների փուլերը՝ ստանալով ներդրման իրավունք:


Այս ամենից հետո ի՞նչ պետք է պատասխանեն գյուղնախը, գիտպետկոմը և մյուս կառույցները այսօրվա մեր իրողություններին՝ գյուղացու թշվառ վիճակին, արտագաղթին, Արթիկի ահավոր ջրհեղեղին, պարբերաբար կրկնվող երաշտին, տարածքային հրդեհներին:
Արտառոց է նաև տեղական հումքից օրգանահանքային պարարտանյութերի արտադրության կազմակերպման խնդրի լուծման գործընթացը. կառավարությանն ուղղված պատասխանում գյուխնախը շեշտում է այդ արտադրության բարձր շահութաբերությունը՝ 32,6 % (ձեռնարկատերերից շատերը կերազեին դրա մասին), իրականում ամեն ինչ անում են, որ այդ արտադրությունը չկայանա. կնեղանան քիմիական պարարտանյութ ներկրողները, բոնուսից կզրկվեն վերահսկող բնապահպան կառույցները:


Ի՞նչ անել...
Խոսքը Ձերն է, պարոն վարչապետ:


Հարգանքներով`
գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի
նախկին տնօրեն՝
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հեռ. 091 31 49 43,
098 11 08 35
07.10.2016թ.

Հ. Գ. Ես և իմ գործընկերները պատրաստ ենք անվճար տրամադրելու նշված առաջարկությունների ներդրման տեխնիկական միջոցները՝ արոտի մեքենան, պարարտանյութի գրանուլյատորը, խոտալյուրի կոմբայնը, տեխնոլոգիական և կոնստրուկտորական փաստաթղթեր, դրանց ներդրումից ստացվելիք շահույթից ակնկալելով որոշակի մասնաբաժին:

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ