Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ

Արցախ-Սիրիա-Արցախ. կհամարձակվի՞, արդյոք, «որևէ մեկը» մինչև նոյեմբերի 4-ը մեկ անգամ էլ փորձել մեզ
18.10.2016 | 00:21

(սկիզբը՝ այստեղ)

«Փայլուն» հանրաքվե անցկացնելով իր համար «ցմահ նախագահի» պոստը, ըստ էության, ամրագրելու համար, Իլհամ Ալիևը օրերս Ադրբեջանի կառավարության նիստում շշմեցրեց հայտարարությամբ, թե բանակցությունների շրջանակներում փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, նպատակ ունենալով հարկադրել կնքելու համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: «Մենք շատ մանրամասներ չենք բացում, որովհետև կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան: Արևմտյան մամուլի, ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ կատարվող աշխատանքի հիմնական նպատակն է վարկաբեկել, զրպարտել և վիրավորել, իսկ մեզանում գործող «հինգերորդ շարասյունը» ձգտում է ստիպել մեզ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտարարել է նա: Սակայն, կարծում է Ալիևը, վերջերս անցկացված հանրաքվեն ցույց տվեց, որ ինքը դեռ երկար կգտնվի իշխանության ղեկի մոտ, և, համապատասխանաբար, Ադրբեջանը երբեք համաձայնություն չի տա դրան: «Լեռնային Ղարաբաղը մեր անքակտելի պատմական հողն է և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», սպառնացել է Ադրբեջանի նախագահը: Տղան ստել է մի քիչ, ինչպես ասում են, հազիվ թե ճնշումը, որի մասին նա խոսում է, փակ դռների հետևում գործադրում է ինչ-որ անորոշ Արևմուտք, թեև, իհարկե, հենց Արևմուտքից է հնչել և հնչում քննադատությունն այն առնչությամբ, թե Ալիևների կլանը մտադիր է առանց այն էլ առկա «խանությունը» վերածելու իրական միապետության: ՈՒշադրության առնենք հոկտեմբերի 6-ի նրա խոսքերը, ճիշտ է, 2013 թվականի, երբ Բաքվից պաշտոնապես հայտարարեցին, թե «ընկեր Ալիևը» անպայման երրորդ անգամ կքվեարկվի Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Բայց չէ՞ որ ոչ մի Արևմուտք լրջորեն չարձագանքեց դրան. «Մեր ընդդիմությունը աղետալի վիճակում է, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը ավելի ու ավելի լավ է ապրում: Հիմա, իհարկե, ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, և կարող եմ ասել, որ նման փորձերն արդեն սպառել են իրենց»:

Արևմտյան կառավարությունները չեն արձագանքում նաև հիմա՝ երեք տարի անց, թեև հասկանում են, որ Ալիևը իրենց համար իրողություն է, անանց իրողություն: ՈՒշադրության առնենք նաև այն փաստը, որ երեք տարի առաջ էլ էր Ալիևը գանգատվում, թե իր վրա «ճնշում են գործադրում», բայց, իբր, «ճնշումը չի անցնի» և այլն, և այլն:


Ո՞վ կարող էր իրապես ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Կողմերից մեկը չի էլ թաքցրել, որ հենց ինքն է «գործադրում»: Դա Իրանն է: Ես հեռու եմ այն մտքից, թե Իրանը Ալիևի վարչակազմի հետ կուլիսային շփումներում կարող էր իր ճնշումն օգտագործել հենց այն բանի համար, որ Բաքուն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Բայց «ճնշում» գործադրում էր, ընդ որում, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի վրա: Դա լավ երևում է, երբ մենք մանրամասնորեն խորամուխ ենք լինում 2016 թ. ապրիլի տարբեր օրերին իրանական պաշտոնական հրապարակումներում: Երբեմն դա եղել է ոչ թե սոսկ «ճնշում», այլ ամենաիսկական սպառնալիք-նախազգուշացում Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. պետք չէ խաբվել այն առնչությամբ, թե իրանական սպառնալիքներն ու նախազգուշացումները «ահեղ չեն հնչել»: Արևելքն Արևելք է. այն, ինչ Արևմուտքում կամ Ռուսաստանում որպես բարի ժպիտ կընդունեն, Արևելքում նշանակում է «հաճույքով կսպանեմ քեզ»: Ի դեպ, կցանկանայի հիշեցնել. ադրբեջանական սադրանքից (ապրիլի լույս 2-ի գիշերը) մոտ մեկ օր առաջ՝ ապրիլի 1-ին, իրանական և սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սիրիա են բերվել իրանական բարձրակարգ հատուկջոկատայիններ՝ ի դեմս ԻԻՀ զինված ուժերի 65-րդ Nohed օդադեսանտային բրիգադի, որը հանձնարարություն ունի խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին, ընդ որում` 65-րդ բրիգադը մեկնել է... Դամասկոսի, Հալեպի և, իհարկե, Հասեկեի շրջաններ: Երևում է, չէ՞, որ էլ ավելի բացահայտ ու նկատելի է դառնում Սիրիան ու Անդրկովկասը միմյանց կապող թելը: Ահաբեկիչների մերձդամասկոսյան «կաթսան» վերացված է, Հասեկեում քրդերը ԱՄՆ-ի «հորդորներից» հետո զինված հարձակումներ կատարեցին սիրիական բանակի և իրանցիների վրա, իսկ Հալեպում, արդեն նշեցինք, սկսվել է ահաբեկիչների «կաթսայի» և արևմտյան «խորհրդականների» վերացման վճռական փուլը:


Խոսելով այն մասին, որ Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, ես չեմ անտեսում, որ այն ժամանակ՝ ապրիլին, Իրանի կողմից ճնշման էր ենթարկվում նաև Հայաստանը: Այսպես, ապրիլի 2-ի երեկոյան, Fars գործակալություն. «ընդամենը» Արևելյան Ադրբեջանի նահանգի քաղաքական հարցերի և անվտանգության գծով փոխնահանգապետ Սայիդ Շաբեստարի Հիաբանին հակամարտ կողմերին զգուշացրեց և պահանջեց վերջ տալ սադրանքներին, ասաց, թե «հակամարտ կողմերը, իրանական սահմանապահների լուրջ նախազգուշացումից հետո, խոստացել են, որ նման բան այլևս չի կրկնվի»: IRNA գործակալություն. ապրիլի 3-4-ին Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզային երկրի հյուսիսարևմտյան նահանգում իրանա-ադրբեջանական սահմանային շրջաններ կատարած իր այցի ժամանակ, խոսելով սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, մատնանշել է միայն այն, որ ինքը «հայ սահմանապահներին նախազգուշացրել է, որ նման գործողություններ այլևս չկրկնվեն», և որ «մի քանի ականներ ոչ դիտավորյալ թռել են Հայաստանից»: Հավանաբար, «Հայաստան» ասելով, իրանցի գեներալը նկատի է ունեցել հենց ԼՂՀ-ն, որովհետև Հայաստանից բնավ էլ ոչ ամեն հրթիռակայանք կկարողանա ականներ հասցնել Խուդափերինի կամուրջ կամ իրանական Հոդա-Աֆարին գյուղ. չէ՞ որ իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններում և իրանցի պաշտոնատար անձանց հայտարարություններում ասվում է, որ հրթիռակոծվել է հենց այդ բնակավայրը, ոչ թե Վերին Կոլիբեգլուն, ինչի մասին ապրիլի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հաշիվ էր տալիս Երևանում Իրանի զինվորական կցորդ գնդապետ Հոսեյն Շեյխին: Թե ապրիլին հայկական կողմին ինչ և ինչպես է զգուշացրել գնդապետ Շեյխը, մենք, իհարկե, այդպես էլ չենք իմանա, եթե, ասենք, մի 20 տարի հետո իրանցի այդ սպան ծառայության մեջ չհասնի լուրջ բարձունքների ու գնահատանքի և, ասենք, իր թեկնածությունը չառաջադրի Իրանի նախագահական ընտրություններում և ընտրարշավի ընթացքում, Իրանի ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզայիի նման, չանկեղծանա իր ընտրողների առջև: Չէ՞ որ աշխարհը պարոն Ռեզայիի ընտրարշավի ժամանակ միայն իմացավ, թե Իրանն ինչպես է ազդել 1993 թ. Արցախում ռազմաճակատի գծի մի շարք հատվածներում պատերազմական գործողությունների որոշ զարգացումների վրա:
Բայց ահա թե ինչն է հետաքրքիր, որ ուշադրության արժանացավ այս տարվա ապրիլին. շարունակելով թեման, գեներալ Քասեմ Ռեզային ընդգծում է, որ սահմանամերձ շրջաններում շրջագայության շրջանակներում հանդիպում է ունեցել միայն «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ գեներալ-մայոր Իլհամ Մեհդիևի հետ, և քննարկվել են համատեղ սահմանային հարցեր»:

Իսկ դատելով Բաքվի ակնթարթային արձագանքից (ապրիլի 3-ին կրակի դադարեցման մասին միակողմանի հայտարարություն), Իրանը, իրոք, իր կոշտ նախազգուշացումները հասցեագրել է առաջին հերթին հենց Ադրբեջանին: Ահա մեջբերումներ իրանական աղբյուրներից. «Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ իրանական զինված ուժերը պատրաստ են պատասխանելու ցանկացած զինված սադրանքի», «Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիայի», «Իրանցի սահմանապահները նախազգուշացրել են, որ հրետակոծության կրկնվելու դեպքում պատրաստ են պատասխան միջոցներ ձեռնարկելու: Հակամարտության երկու կողմերն էլ խոստացել են նման սխալ չկրկնել»: Եվ հենց ապրիլի 3-ին ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանը հեռախոսային բանակցություններ վարեց Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ: Բայց եթե գեներալ Քասեմ Ռեզային Իրանի հյուսիսում տեսչական շրջագայության ընթացքում հանդիպում էր ունեցել միայն ադրբեջանցի Իլհամ Մեհդիևի հետ, ապա ինչպե՞ս կարող էին նրա սպառնալիք-զգուշացումներից հետո «երկու կողմերն» էլ խոստանալ «չկրկնել սխալները»: Հետևաբար, մենք բոլոր հիմքերն ունենք համարելու, որ իրանական ճնշումը ուղղված է եղել նախ և առաջ Ադրբեջանին: Այնուհետև, ապրիլի 5-6-ին շտապ կարգով Թեհրան կանչվեցին Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, իսկ ապրիլի 7-ին Բաքվում «աշխատանքային նախաճաշի» ձևաչափով հանդիպում ունեցան Ադրբեջանի, Իրանի և արդեն նաև Ռուսաստանի արտգործնախարարները:


Ի՞նչ էին ուզում իրանցիները Բաքվից: Ես ենթադրել ու ենթադրում եմ, որ նպատակ են ունեցել ստանալու երաշխիքներ առ այն, որ Ադրբեջանն այլևս երբեք ապրիլյան պատերազմական գործողությունների նման քայլեր չի սանձազերծի: Հավատս չի գալիս, թե Իրանը կարող էր Իլհամ Ալիևին շանտաժել ԼՂՀ-ի ճանաչմամբ, բայց... Ինչպես ասում են, ինչ ասես, որ չի կարող պատահել. մենք ունենք ոչհրապարակային տվյալներ (հետևաբար դրանք երբեք և ոչ ոքի կողմից պաշտոնապես չեն հաստատվի), որ «ապրիլի չորս օրվանից» հետո Ստեփանակերտ են այցելել իրանցի ութ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, իսկ թե ինչ կարող էին նրանք գաղտնաբար խոսել Արցախի ղեկավարության հետ, սուրճի մրուրում գուշակելու հարց չէ: Եվ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի նախազգուշացումն այն մասին, թե Իրանն ու Ռուսաստանը հակամարտության գոտում պատերազմ թույլ չեն տա (ապրիլի 20) և նրա խոսքերը, թե «Իրանը Երևանի ու Բաքվի իր բարեկամներին խորհուրդ է տալիս տարածաշրջանում նոր պատերազմի բռնկում թույլ չտալ», գալիս են համոզելու, որ Իրանի ճնշման իմաստն է առհասարակ կանխել պատերազմական գործողություններն Անդրկովկասում: Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան հրավիրումը նշանակում էր, որ Իրանը գրեթե անմիջապես սկսել էր ճնշում գործադրել նաև Անկարայի վրա: Սակայն դարձյալ դժվար է պատկերացնել, թե Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ինչով կարող էր «ճնշել» թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին: Փոխարենը, ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար և այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի բազմամյա ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յաղիա Ռահիմ Սեֆևին (շահական տոհմի զարմ) ապրիլի 28-ին տարածաշրջանային զարգացումներին նվիրված խորհրդաժողովում հայտարարեց. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Նաև անհրաժեշտ է որոշակի կարգավորում կատարել, քանի որ Անկարան, որպես ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև որոշ արաբական երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»: Պնդել եմ ապրիլին, պնդում եմ նաև հիմա. դա իրանական դիվանագիտության լեզվով հնչում էր ուղղակի այսպես՝ «նախապատերազմի հայտարարում թուրքերին»: Եվ հենց գեներալ-մայոր Սեֆևիի խոսքերից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը կադրերի փոխատեղումներ սկսեց իր կառավարությունում և հեռացրեց «ԱՄՆ-ի մարդ» Ահմեդ Դավութօղլուին, ով համարվում էր Թուրքիայի «նեոօսմանիզմի» ռազմավարական կուրսի հեղինակ: Տեղին է այն ենթադրությունը, թե Իրանը հասել է այն բանին, որ Անկարան Ադրբեջանին չհրահրի սրելու ռազմական իրադրությունը Արցախում և Հայաստանի հետ սահմաններում:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ