Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պետությունը ստեղծվում է ոչ միայն այն նպատակով, որ մարդիկ ապրեն, այլ որ ապրեն երջանիկ»

«Պետությունը ստեղծվում է ոչ միայն այն նպատակով, որ մարդիկ ապրեն, այլ որ ապրեն երջանիկ»
18.10.2016 | 00:36

Հայաստանում ձևավորվել է քրեաօլիգարխիկ «ժանգոտած կառավարման համակարգ», որը նպաստում է պետական ինստիտուտներից հասարակության լայն խավերի օտարմանը: Սա է մեր իրականությունը։ Այն էլ անկախության 25 տարիներից հետո։ Բայց ամեն ինչ հերթով։
Կառավարության նիստի թողարկման ժամն է։ Եթերից լսվում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ձայնը։ Տիկինը զեկուցում է կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդի գործունեության 2 ամիսների աշխատանքի մասին: Նախարարի փոխանցմամբ՝ ՀՀ գործող հակակոռուպցիոն մարմինները թերի են, պետք է մշակել նոր օրենքներ, որոնք կօգնեն կանխելու պաշտոնատարների ապօրինի հարստացումը: Վա՜յ մեզ, վա՜յ մեր հոգիներին... անկախ ինձնից տնքում եմ ես։


Օրեր անց լրատվամիջոցներից մեկում կարդալով արդարադատության նախարարի՝ «Հայաստանը փոքր պետություն է, դժվար է սեփականատերերի ով լինելը գաղտնի պահել» վերտառությամբ հարցազրույցը, ես՝ հայ կոմունիստս, որոշեցի «Իրատեսի» էջերից իմ խոհերն ու մտահոգությունները կիսել ոչ միայն ընթերցողի, այլև հանրապետության 14-րդ վարչապետի հետ:
Նախ՝ փոքրիկ անդրադարձով մեկ անգամ ևս հստակեցնենք, թե անկախության 25 տարիներին ինչ պետություն ենք ձևավորել, թե որն է հայի տեսակին բնորոշ աշխարհընկալման պետական մոդելը։
Հավատացեք, ցավով եմ արձանագրում՝ առաջին Սահմանադրությունը որպես պետական գլխավոր փաստաթուղթ իր գործունեությամբ իրական կյանքում չառարկայացավ, չնյութականացվեց սեփական երկրի տեր լինելու գերագույն արժեքը:


Պարոն վարչապետ, գրեթե համոզված եմ, եթե կառավարության խորքային արմատներից սկսեք վերակառուցման Ձեր ծրագիրը և անաչառ մոտեցում ցուցաբերեք կատարված անօրինականությունների նկատմամբ, ազգովին կազատվենք ժողովրդի սեփականությունը թալանողներից, օրինախախտներից, մարդու իրավունքները ոտնահարողներից, կաշառակերներից, խլող-փախցնողներից, մղձավանջային անցյալի (նաև ներկայի) բոլոր խորթ երևույթներից։ Ցավում եմ, որ Ձեր վերակառուցման ծրագրին ոմանք հեգնանքով են վերաբերվում։ Նմանները մտահոգված չեն բնակչության սոցիալական վիճակի բարելավման և արտագաղթի դադարեցման հարցերով։ Նրանց հետաքրքրությունների առանցքում ուրիշ իրողություններ են, որ հիշեցնում են ԱՄՆ-ի հայագիտության ամբիոններում աշխատող հրեաներին, որոնք ուսումնասիրում են բաբելոնագիտության և մեռած լեզուների պատմություն, իսկ հայերը նրանց վարձատրում են հայագիտության զարգացման համար։
Պարոնայք «այլախոհ-հակառակորդներ», մի ճոճեք նավը (սա կոմունիստի բարեկամական խորհուրդ է), որում կանգնած է ժողովուրդը, դուք էլ զբաղեցնում եք եկամտաբեր աթոռներ։ Կործանվող «Տիտանիկում» էլ կային միլիարդատերեր, որ ի զորու էին տասնյակ տիտանիկներ գնելու, բայց հրաժեշտ տվեցին աշխարհին և գնացին վերին Երուսաղեմ...


Անհրաժեշտ է հարգել վարչապետին, նրա թիմին բարի երթ և ծրագրերին կանաչ ճանապարհ մաղթել։ Ցանկալի կլիներ, որ մեր վերափոխիչները իրենց գործունեության հիմքում դնեին Չարենցի թևավոր խոսքը. «Մեր երթին վախճան չկա, մեր պայծառ գործին՝ պարտություն»։
Պարոն վարչապետ, անկախության ժամանակահատվածի մեր առաջին նախագահին ժողովուրդը 83 % քվե տվեց՝ նրա հետ կապելով իր բոլոր հույսերն ու ապագան, համոզված, որ իր երկրում նոր հասարակարգ պիտի կառուցվի, ազգային գաղափարախոսություն պիտի մշակվի, որ դառնալու է այն ուղենիշը, որով զարգանալու է մեր անկախ պետությունը, պետականամետ, պետականատեր ժողովուրդ է դաստիարակվելու։ Առաջին նախագահը՝ ԼՏՊ-ն, սակայն հավաքեց իր արհեստավարժ դիլետանտ տղերքին ու... սկսվեց ծաղկուն երկրի քայքայման գործընթացը: Սկսվեց համաժողովրդական արժեքների պետականորեն թույլատրված թալանը։ Տպավորություն էր, թե մանկապարտեզի երեխաներին բաց էին թողել խաղալիքների խանութ։ «Արհեստավարժ տղերքը» միմյանց հրմշտելով դուրս էին եկել մրցուղի՝ ո՞վ իր ճաշակին վայել և բարձր հզորությամբ գործարան կամ պետական կառույցի շենք կճանկի:


1995-96 թթ. 7,8 միլիարդ դոլարին համարժեք գույքի մասնավորեցումից միայն 0,7 % մուտք է եղել պետբյուջե: Գույքը վաճառվել է իրենց շրջապատի թալանչիներին արժեքից 1800-2000 անգամ պակաս՝ թղթի կտոր վաուչերներով: Իսկական թալանի միջնադարյան տարբերակ: Ասել է՝ առաջին նախագահն իր ստեղծած ավազակապետությամբ աճուրդի հանեց խաչքարերի վրա դարերով լերդացած մեր արյունը:
1996 թ. նախագահի ընտրություններում հաղթեց Վազգեն Մանուկյանը, բայց ԼՏՊ-ն իշխանությունը չհանձնեց: Նախագահի ընտրության այս ֆեոդալական ձևն ատելություն առաջացրեց բնակչության մեծամասնության շրջանում: Հանրությունը ցնցված էր։ Ի՜նչ իմանայինք, որ թալանը շարունակվելու է, որ հետագայում պետք է թալանվեն 300 մանկապարտեզ, 400 գյուղական ակումբ, 2000-ից ավելի գործարաններ, ֆաբրիկաներ, գրադարաններ: Ո՞վ կմտածեր, որ թալանն ընդգրկելու է կառավարության իրավասության տակ եղած շենքերը: Չեմ ժխտում՝ թալանը հայ ժողովրդի անմիջական ուղեկիցն է դարեր շարունակ, գրեթե պետականությունը կորցնելուց ի վեր։ Մեզ թալանել են արաբները, թուրքերը, պարսիկները, քրդերը, բայց երբ անկախություն ստացած երկրում պետական ղեկավար անձինք են թալանում իրենց ժողովրդին, դա արդեն ազգային ողբերգություն է: Եկեք վերհիշենք, թե ովքեր են այդ թալանչիները. խորհրդային տարիներին ձրի կրթությամբ և աշխատանքով ապահովվածներ, որոնք հասարակությանը ծանոթ էին «Նաիրի» կինոթատրոնի հարևանությամբ գործող «Միջանցահովիկ» (ժողովրդի լեզվով՝ «Сквознячок») սրճարանից: Ամբողջ օրը սրճարանի աթոռները զբաղեցնելով և սուրճի մրուրի մեջ երջանկություն փնտրելով, սրանք փիլիսոփայում էին ու սպասում, թե ծանոթ հաճախորդներից ով մի բաժակ գինի կհյուրասիրի: Նմանների «ջանքերով» նաև ձևավորվեց մեր նորանկախ պետությունը, ավելի ճիշտ՝ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ):


Հայն իր կամքով հեռացավ սեփական երկրից, թողնելով տարիների ստեղծածը: Ինչքա՜ն ընտանիքներ քայքայվեցին, որքա՜ն երազանքներ չիրականացան... Ազգի 50 %-ը բռնեց արտագաղթի ճանապարհը:
1998-ին ԼՏՊ-ն պարտադրանքով իշխանությունը հանձնեց մի ուրիշ ընչաքաղցի, որը չբավարարվեց պետական գույքի վաճառքով: Սկսեց օգտագործել պետական թալանի ավելի «առաջադիմական» եղանակներ. զորօրինակ, երկրի ընդերքը վաճառել արտասահմանյան ֆիրմաներին: Այսօր երկրից հանվում են հազարավոր տոննաներով մոլիբդենի, պղնձի հանքանյութեր, որոնց պարունակության մեջ առկա են Մենդելեևի աղյուսակի ամենաթանկարժեք մետաղները:
Մասնագետների ուսումնասիրությունները վկայում են՝ 1 տարվա ընթացքում արտահանված հանքահումքի պարունակության մեջ կա 3 տոննա ոսկի, 6 տոննա արծաթ և ոսկուց 10 անգամ ավելի թանկարժեք մետաղներ:


Երկրորդ նախագահի թեթև ձեռքով Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառվեցին օֆշորային գոտում գրանցված ինչ-որ կազմակերպության, հետո էլ վերավաճառվեցին ռուսներին: Ասածս ո՞րն է. բավականին մեծ միջոցների տեր անխիղճը չի ցանկանում Արցախում որևէ գործարան կառուցել, աշխատատեղ բացել, Արցախի օգտին կատարվող հանգանակությանն անգամ չի մասնակցում, այն պարագայում, երբ Լոս Անջելեսի քոլեջի աշակերտուհիները իրենց օրվա ընդմիջման գումարն են հանգանակում: Հանրապետության երկրորդ նախագահն «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում «Սասնա ծռեր»-ի արածը որակում է «կարմիր քարտի ցուցադրում պետական ղեկավար այրերին», մոռանալով Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Մեղրին վաճառելու փորձը, որոնք 10-ից ավելի կարմիր քարտեր են ու դեռ, չեմ կասկածում, կունենան անդրադարձ։
Անհրաժեշտության դեպքում կարող եմ (և պատրաստ եմ) ներկայացնել կոնկրետ փաստեր՝ կոռուպցիայի վերաբերյալ, թե պաշտոնյաները մեր ժողովրդի 70 տարիների ստեղծած և բոլորին պատկանող սեփականությունն ինչպես մեջ-մեջ արեցին։ Դրանք շորթման փայլուն օրինակներ են, որ կարելի է քննարկել կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովում:
Այս էլ ասեմ՝ Հայաստանում կոռուպցիայի ամենամեծ օջախը առողջապահության նախարարությունն է: Օրեր առաջ ոլորտի պատասխանատուները, բարձրաձայնեցին, թե ընթացիկ տարում պետպատվերով ստենտավորվել է 900 սրտային հիվանդ։ Եվ ինչպե՞ս... Պատկերացնո՞ւմ եք նվազագույն աշխատավարձ կամ 30-35 հազար դրամ թոշակ ստացող հիվանդի վիճակը, որ պետք է վճարի 1,5 (այժմ 1) մլն դրամ։ Որտեղի՞ց։ Մարդը կգերադասի մեռնել-պրծնել։


Օրերս բարձրաձայնեցին, թե Եվրադատարանը չեղյալ է համարել մեր դատարանների 8 որոշումները և պարտադրել, որ կառավարությունը պետբյուջեից փոխհատուցի: Մի՞թե սա կոռուպցիա չէ... Դատավորն իր գրպանները լցնի պետբյուջեի հաշվի՞ն։
Վերջերս ակտիվի խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հռետորական հարցադրում կատարեց՝ ուզում եք 37 թի՞վ անեմ: Չէ, հարգելի նախագահ, պետք չէ կրկնել կոմունիստների սխալը, որ կոլխոզի պահեստից 10 կգ ցորեն գողանալու համար մարդուն ընտանիքով Սիբիր էին քշում: Մի՞թե համաժողովրդական սեփականությունը տակները քաշողները հանգիստ պիտի վայելեն գողոնը։ Դուք ՀՀ 1-ին, 2-րդ նախագահներից, ԱԺ նախագահից, նրանց հովանավորյալ թալանչիներից հետ վերցրեք ողջ գողացածը, կոպեկներով մասնավորեցրած գույքի և նրա իրական արժեքի տարբերությունը, որ տասնյակ միլիարդներ կկազմի, և պետության բյուջե կմտնեն հսկայական գումարներ։ Որոշ պնդումների համաձայն՝ երկրից հանվել է մոտ 29 միլիարդ դոլար՝ կղզիների ու դղյակների ձեռքբերման, առանձնատների կառուցման և այլ նպատակներով։ Եթե կարողանայինք վերադարձնել երկրից հանվածը, որը (մեկ անգամ էլ կրկնեմ) ողջ ազգինն է, ապա կկարողանայինք փակել արտաքին պարտքը, բանակի համար ձեռք կբերեինք ժամանակակից սարքեր և տեխնիկա, իսկ մնացյալը կներդնեինք երկրի տնտեսության զարգացման մեջ:


Այսօր ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը պիտի պահանջել, ինչպես պնդում են ոմանք, այլ նախագահին պետք է օգնել, որպեսզի թալանչիներից կարողանանք հետ բերել տարիների ընթացքում շորթածը: Պետք է օգնել նորանշանակ վարչապետին, համոզված, որ մեր «երթին վախճան չկա, մեր պայծառ գործին՝ պարտություն»։


Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ