Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«131 պատգամավորներից ամենափիառվածը ես էի»

«131 պատգամավորներից ամենափիառվածը ես էի»
18.10.2016 | 00:26

Մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ դրական կարծիք ունի, սակայն գերադասում է նրա մասին դատել կոնկրետ գործերով։ Մշակութաքաղաքական թեմաներով էլ զրուցեցինք երգչուհու հետ։


-Ի՞նչ ակնկալիքներ ունեք մշակույթի նոր նախարարից։
-Հասմիկ Պողոսյանի հրաժարականի հանրային պահանջն այնքան մեծ էր, որ կարևոր էլ չէր, թե ով կլինի ապագա նախարարը։ Արմեն Ամիրյանը իմ լավ ընկերներից մեկն է, իսկ նրա աշխատանքի առումով ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նոր է սկսել։ Ես չափազանց օբյեկտիվ գնահատող եմ, կաշխատի, կտեսնենք։ Կարող եմ գովերգել իմ ընկեր Արմենին, միշտ բարեկիրթ, կնամեծար, հարգանքով, բոլորին հասանելի, բայց մշակույթի նախարար, պաշտոնյայի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։
-Նոր նախարարը մշակույթի ո՞ր ոլորտներին պետք է առաջնային ուշադրություն դարձնի։
-Թատրոնների, նկարիչների խնդիրներին։
-Արդեն մեկ հարցում նոր նախարարն իր հստակ կարծիքը հայտնել է. խոսքը կոչումներից հրաժարվելու մասին է։ Դուք ճի՞շտ եք համարում այս մոտեցումը։
-Միանշանակ։ Մշակույթի հետ աղերս չունեցող, բայց շոու-բիզնեսի օրենքներին համապատասխանող կերպարներ ստացան վաստակավորի կոչում, իսկ իրական վաստակ ունեցող արտիստները մնացին ստվերում։ Երբ դուրս ես գալիս փողոց, մարդիկ քեզ ճանաչում են, բարևում, զրուցում, հարգում են, դրանից ավելի ժողովրդական կոչո՞ւմ։ Իհարկե, շատ են ասում, թե մտավորականը պետք է իրեն գնահատված զգա։ Անշուշտ, հաճելի է, որ գնահատված ես լինում, բայց դա կարող է դրսևորվել, օրինակ, ծննդյանդ օրվա առթիվ մշակույթի նախարարի շնորհավորանքով, Ամանորի շնորհավորանքով, համերգներին, միջոցառումներին պաշտոնյաների մասնակցությամբ։ Շատ հեշտ է արվեստագետին կենդանության օրոք «սպանել»՝ նրան ստվերում թողնելով։ Չի կարելի, անթույլատրելի է այս մոտեցումը արվեստագետի հանդեպ։
-Նախկին նախարարն ի՞նչ ժառանգություն է թողել Արմեն Ամիրյանին, որից նա կտրականապես պետք է հրաժարվի։
-Ամիրյանը ճիշտ կանի՝ զրոյից սկսի։ Պետք է դիտարկել, թե որ նախագծերն են հօգուտ մեր երկրի, կայացած, և հենց այդ տեղից էլ սկսել, նոր շունչ հաղորդել մշակույթին, աշխատել երիտասարդների հետ։
-Մշակութային ո՞ր գործառույթն է վրիպել նախկին նախարարի ուշադրությունից։
-Հուշարձանների պահպանումը։ Մենք փոքր երկիր ենք ու այդ ոլորտներով կարող ենք հայտնի դարձնել մեզ, զարգացնել տուրիզմը։ Օրինակ, Արցախում լավ զարգացած է էկոտուրիզմը։ Սա ինձ շատ է ուրախացնում։ Եթե հուշարձանների տարածքը մաքրվի, տարրական հարցերը լուծվեն, հաստատապես կշահի զբոսաշրջությունը։ Հաջորդ կարևոր գործառույթը, որ մշակույթի նախարարությունը պետք է հանձնառի, հայ գրականության թարգմանություններն են՝ միջնադարից սկսած։ ԱԺ-ի միակ գործուղումս եղել է Ֆրանսիա, հանդիպել եմ մշակույթի փոխնախարարի հետ, ներկայացրել մեր մշակութային հարստությունը։ Ասացի, որ ուզում եմ «art-residence» անցկացնել Հայաստանում և հյուրընկալել ֆրանսիացի արվեստագետներին։ Ֆրանսիացի պաշտոնյան վստահեցրեց, որ իրենք ունեն համապատասխան միջոցներ, մնում է միայն մեր և իրենց նախարարները համաձայնության գան։
-Եվ Հասմիկ Պողոսյանն ընդառաջե՞ց այդ ծրագրին։
-Բազմիցս դիմել եմ նրան, բայց մերժվել եմ։ Հիմա այս հարցով դիմելու եմ Արմեն Ամիրյանին։ Հույսս նա է։ Հիմա սրա վրա եմ աշխատելու՝ շարունակելով իմ արցախյան ծրագրերը։ Մարտունու շրջանում բացել եմ կինոթատրոն։ Պաշտպանության նախարարների հետ համաձայնեցման փուլում է նաև կիրակի օրերը զինվորների համար կինոդիտումներ կազմակերպելու մտահղացումը։
-Ձեր պատգամավորական գործունեությունն ավելի շատ Արցախի խնդիրների՞ն է նվիրված։
-Այո։
-Կցանկանա՞ք վերստին պատգամավորի մանդատ ունենալ։
-Ինչո՞ւ չէ։ Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործերի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում։ Եթե ես նորից լինեմ պատգամավոր, նույն ոգով ու ջանասիրությամբ եմ աշխատելու։
-Ի՞նչ տվեցիք Դուք ՀՀԿ-ին և ի՞նչ ստացաք նրանից։
-Կարծում եմ՝ ես ավելին եմ տվել։
-ՀՀԿ-ական դառնալով՝ Ձեր վարկանիշը չտուժե՞ց։
-Եթե նկատի ունեք սոցցանցերում երեսուն-քառասուն հոգու գրառումները, դրանք ինձ համար չափանիշ չեն, ինձ համար կարևորը փողոցով քայլող հայն է, որն ինձ տեսնում է, մոտենում է։ Վարկանիշը քո տեսակն է, դու լա՞վ հանրապետական ես, թե՞ ոչ։ Ես լավ հանրապետական եմ, որովհետև չեմ եկել իմ տան կահույքը փոխելու, մեքենաներ, ադամանդներ գնելու։ Ես պատգամավոր դարձա արդեն Շուշան Պետրոսյան դարձած։ Ես եկել եմ աշխատելու։ Ասում են՝ եկել է իր PR-ն անելու, մոռանում են, որ 131 պատգամավորներից ամենափիառվածը ես էի, ես արդեն Շուշան Պետրոսյան էի։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ