«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Կդառնա՞ Կարեն Կարապետյանը կուսակցական, թե՞ ոչ, նրա և ՀՀԿ-ի քաղաքական փոխհարաբերությունների բովանդակությունը չի փոխվի»

«Կդառնա՞ Կարեն Կարապետյանը կուսակցական, թե՞ ոչ, նրա և ՀՀԿ-ի  քաղաքական փոխհարաբերությունների բովանդակությունը չի փոխվի»
18.10.2016 | 00:29

Նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը, որի շուրջ հետաքրքրությունն ավելի է մեծացել այն հայտարարությունից հետո, թե հնարավոր է կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն։ Քննարկվում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը։ Անկուսակցական վարչապետերին, նախարարներին կուսակցականացնելու ձեռագիրը ՀՀԿ-ում նորություն չէ, անկուսակցական պաշտոնյա, առավել ևս վարչապետ, այս կուսակցությունը չի հանդուրժում։ Մասնավորապես, վարչապետի կուսակցական լինելն արդյոք կաշկանդող ազդեցություն չի՞ ունենում, չէ՞ որ իր քայլերը նա պետք է համապատասխանեցնի կուսակցական ինչ-ինչ շահերի, մարդկանց, իսկ սա, թերևս, մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկն է։ ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցն սկսեցինք այս թեմայից։

-Որպես նախկին վարչապետ, ի՞նչ եք կարծում, կուսակցական լինելը չի՞ «շղթայում» գործադիր իշխանության ղեկավարի ձեռքերը։
-Չեմ կարծում, թե վարչապետին կամ նախարարներին ՀՀԿ-ական դարձնելու խնդիր է դրված։ Ավելին, դա այնքան էլ կարևոր չէ։ Եթե կուսակցական որևէ պատկանելություն չունեցող մարդն իշխող մեծամասնության աջակցությամբ նշանակվում է վարչապետ, այսպես, թե այնպես, ստանձնում է այդ կուսակցության ծրագրերն իրականացնելու, նրանց առջև հաշվետու լինելու պատասխանատվությունը։ Կդառնա՞ Կարեն Կարապետյանը կուսակցական, թե՞ ոչ, միևնույն է, նրա և ՀՀԿ-ի քաղաքական փոխհարաբերությունների բովանդակությունն ու էությունը չեն փոխվի։ Այլ հարց է, որ նոր վարչապետը, իր քաղաքական հենարանն ամրապնդելու, հետագա զարգացումներում թիմի մեջ լինելու ակնկալիքներից ելնելով, ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացնի։
-Այսօրվա հրամայականը երկրի տնտեսության առողջացումն է, կուսակցական լինելը կօգնի՞ այդ գործում։
-Կա քաղաքական պատասխանատվության հարց։ Կուսակցական վարչապետը հաշվետու է ոչ միայն քաղաքացիների, այլև կուսակցության առջև։ Սա երկակի պատասխանատվություն է ենթադրում։ Ի վերջո, ԱԺ ընտրությունների ժամանակ ոչ թե անձն է ընտրողների առջև ստանձնում պատասխանատվություն, այլ կուսակցությունը, քաղաքացին էլ, այս կամ այն կուսակցությանը ձայն տալով, տվյալ կուսակցության ծրագրին է հավանություն տալիս։ Հետևաբար, ում էլ նշանակեն վարչապետ, ընտրողը մեկ բան է ակնկալում՝ ձայն եմ տվել ձեր ծրագրին, բարի եղեք իրականացնել այն։ Իսկ երբ կուսակցական վարչապետ է ստանձնում այդ ծրագիրն իրականացնելու առաքելությունը, նա նաև անձնական պատասխանատվության բեռ է վերցնում։
-Անդրադառնալով տնտեսական վիճակին, հետաքրքիր կլինի լսել Ձեր գնահատականն օրերս Լևոն Տեր-Պետրոսյանի այն ահազանգին, թե տնտեսությունն աղետալի վիճակում է, և մեզ առաջիկայում սպառնում է «դեֆոլտը»։
-Կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման անկարողությունը ես բացառում եմ։ Նման վտանգավոր հեռանկար ես չեմ կանխատեսում։ Այն, որ բյուջեի ծախսերի ապահովումը, ըստ էության, լարված է, ոչ ոք չի կասկածում։ Օրինակներ կարող ենք նաև նշել. Ղազախստանն անցյալ տարի իր բյուջեի քսան տոկոսը կրճատեց, որոշ ծախսերի կատարում համարեց ոչ նպատակահարմար։ Արդյոք կարելի՞ է ասել, որ Ղազախստանը կանգնած էր դեֆոլտի առաջ։ Իհարկե՝ ոչ։ Բյուջետային ծախսեր կրճատելը, գոտիները ձգելու քաղաքականությունն այլ բան է, պետական պարտավորությունների չկատարումը՝ բոլորովին այլ բան։ Դեֆոլտը դեպորտ է նշանակում, իսկ ես այդպիսի հեռանկար չեմ տեսնում։ Բյուջետային միջոցների հավաքագրման, ռեսուրսների արդյունավետ ծախսման և մի շարք այլ խնդիրներ, այո, ունենք, բայց դրանք միանշանակ չեն հանգեցնում դեֆոլտի։ Ի միջի այլոց, մենք ունեցել ենք այնպիսի տարիներ, շրջաններ, երբ պետությունը շատ փոքր կենսաթոշակի (7-8 հազար դրամ) մակարդակ է ունեցել, ամիսներով դրանք չեն վճարվել, սակայն այդ ժամանակ էլ չենք մտածել, որ պետությունը հայտնվել է դեֆոլտի առջև։
-ՈՒրեմն ի՞նչ նպատակով է հենց այս օրերին առաջին նախագահն այդպիսի հայտարարություն անում։
-Դժվարանում եմ ասել։ Գուցե դա առողջ ահազանգ է իշխանություններին, որ պետական ռեսուրսներն օգտագործելու առումով ավելի շրջահայաց գտնվեն, ավելի նպատակային ծախսեն բյուջետային միջոցները։ Գուցե ցանկալին իրողության տեղ ներկայացնելու նպատակ էլ է եղել։ Չեմ կարող հայտարարության դրդապատճառների մասին ենթադրություններ անել, բայց կարող եմ վստահեցնել, որ նման խնդիր մեզ չի սպառնում։ Դժվարություններ կան, բայց դա չի նշանակում, որ սնանկ ենք հայտարարվելու։
-Նախօրեին Հայաստանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, և ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրման կենտրոն։ Բոլորովին վերջերս էլ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Ինչպե՞ս է ստացվում, որ մենք տնտեսապես վատ վիճակում ենք, բայց կարող ենք լինել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կենտրոն։
-Գլազևի միտքը հետևյալն է՝ Հայաստանի տնտեսությունը հիմնականում խարսխված է արտահանման ճանապարհով տնտեսական կարողությունները զարգացնելու վրա, ասել է՝ ունենք տնտեսություն, որի հիմնական խնդիրը տնտեսական ռեսուրսներն արտահանելն է, ոչ թե ներքին սպառումն իրականացնելը։ Տնտեսություն, որի զարգացման տեմպերն ու դինամիկան պայմանավորված են արտահանման ծավալներով, որի 70 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին հասնում, կարող է դառնալ տնտեսական զարգացման լոկոմոտիվ։ Հայաստանը կարող է դառնալ այդ տնտեսական տարածքի ամենաշահագրգիռ շահառուն և իր մոտեցումներով խթանել ինտեգրացիոն գործընթացը։ ԵԱՏՄ-ն, ըստ էության, նշանակում է ազգային այնպիսի տնտեսությունների համակցում, որոնք մեկը մյուսի կարիքն ունեն։ Հայաստանը ԵԱՏՄ-ի կարիքն ունի, և Գլազևը հավանաբար դա նկատի ունենալով է նման հայտարարություն արել։ Ես կշարունակեի Գլազևի հայտարարությունը, հավելելով, որ Հայաստանի դերակատարումն այդ գործում շատ ավելի արդյունավետ կլինի, եթե Հայաստանի տնտեսական պոտենցիալը պահանջված լինի նաև մյուսների կողմից, այսինքն, վերջիններս էլ մեր տնտեսության մեջ ներդրումներ անեն, մեր կարողություններից օգտվելու անհրաժեշտություն ունենան։ Այսօր մենք բոլորի կարիքն զգում ենք, բայց մեր փոքր շուկայով պահանջված չենք նրանց համար։ Լավ օրինակ են Ռուսաստանը և Թուրքիան. Ռուսաստանը կարիք ուներ թուրքական գյուղմթերքի, իսկ Թուրքիան՝ ռուս տուրիստների։ Եթե պետությունները տնտեսապես կախված են լինում միմյանցից, նրանց միջտնտեսական հարաբերությունները կայուն են լինում։
-Մի կողմից` մենք մեր փոքր շուկայով պահանջված չենք, մյուս կողմից էլ` Հայաստանի քաղաքացին իր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չի տեսնում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից հետո։
-Մենք ռուսական շուկայում տնտեսական որոշակի խնդիր լուծում ենք, եթե այդ հատվածը չբավարարենք, Ռուսաստանն արտահանման ծավալն այլ ճանապարհով պետք է լրացնի։ Հիմա ռուսական շուկան այդ մասով Հայաստանից կախում ունի՞։ Իհարկե՝ ունի։ Ձեր հարցի երկրորդ մասին անդրադառնալով, նշեմ, որ մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է էական արդյունքներ շոշափելու համար։ Ընդամենը մեկ օրինակ նշեմ. մարդատար մեքենաների շուկայում, տեսեք, ինչպիսի գնանկում է, քաղաքացիներն այդ հարցը կարողանում են կարգավորել Ռուսաստանից էժան ներկրվող մեքենաներով։ ԵԱՏՄ-ին անդամակցության ժամանակ քննարկվում էր այդ հարցը՝ մեքենաների գները չե՞ն բարձրանա։ Հիմա տեսնում ենք, որ այդպես չեղավ, ու շահեց քաղաքացին։ Կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնք վերահաստատում են՝ մենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգուտներ ունենք։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ