Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՊԿ-ը դեմ առ դեմ ու մեկ առ մեկ

ՀԱՊԿ-ը դեմ առ դեմ ու մեկ առ մեկ
18.10.2016 | 01:21

Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, հայկական մամուլը հրապարակեց պաշտոնական տեղեկատվությունն ու տարբեր կողմերից մեկնաբանեց նիստը: Երևանում էին Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահները և Ղազախստանի վարչապետը: Իրադարձություն, որ ամեն օր չի լինում: Ինչո՞ւ էր ՀԱՊԿ գագաթնաժողովը նրանց բերել Երևան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում անձամբ դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի տեղեկատվությունը հակիրճ է. «Քննարկվեցին իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, կազմակերպության հավաքական անվտանգության հետագա կատարելագործման հարցերը, միջազգային ահաբեկչության հակազդման միջոցառումները: Գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ընդլայնված կազմով ընդունեցին փաստաթղթերի փաթեթ՝ մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորմանը, մինչև 2025-ը հավաքական անվտանգության ռազմավարության մասին որոշումը, միջազգային ահաբեկչությանը և էքստրեմիզմին հակազդեցության միջոցների մասին փաստաթուղթը: Բացի այդ, ընդունվեց հայտարարություն՝ իրականության հիմնական մարտահրավերների ու սպառնալիքների նկատմամբ ընդհանուր մոտեցումների վերաբերյալ: ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանը փոխանցեց Բելառուսին»: Կայքում թվարկված են գագաթնաժողովում ընդունված 24 փաստաթղթերը: ՌԴ նախագահի կյանքում ՀԱՊԿ-ը մեկօրյա այց էր Երևան, որտեղ նա ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չունեցավ, այլև մյուս նախագահների ու վարչապետի՝ համենայն դեպս պաշտոնապես լուսաբանված:


Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվությունն ընդարձակ է. «ՀԱՊԿ-ում նախագահությունն անցավ Բելառուսին: Բելառուսական նախագահության գերակայություններն առաջիկայում լրացուցիչ կմշակվեն և կներկայացվեն կազմակերպության անդամ երկրներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Նախագահը նշեց, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների սեղմ կազմով երկարատև բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին թեմաների լայն շրջանակ և աշխարհի խնդրահարույց հարցերի սկզբունքային վերլուծություն կատարեցին»: «Ընդ որում, բոլոր սահմանների տրամագծով՝ և՛ արևմտյան ուղղությամբ, և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Աֆղանստանի: Քննարկեցինք կոնֆլիկտներն ու չլուծված խնդիրները,- նշեց Բելառուսի նախագահը:- Ազնվորեն խոստովանում եմ, որ մեր նախագահության գերակայությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը չեն ձգում քննարկման այն մակարդակին, որին հասանք սեղմ շրջանակում»: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ կհավաքվի տարբեր ոլորտների մասնագետների խումբ: «Կներգրավենք մասնագետների նախ և առաջ ՌԴ-ից ու մյուս պետություններից: Պետք է ձևավորել լավ գերակայություններ, որ մեր կազմակերպությունը դուրս գա լուրջ մակարդակ: Որպեսզի նրանից չվախենան, այլ հարգեն, և մենք ոչ մեկին չհամոզենք, որ մեզ ճանաչեն»,- նշեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի առաջիկա նախագահության գերակայությունները հիմնովին կմշակվեն և կփոխանցվեն կազմակերպության երկրների ղեկավարներին: «Կարծում եմ, որ մենք լավ գաղափարներ կարող ենք առաջարկել մեր կազմակերպությանը՝ միասնության և հակառակ դաշտի գործընկերների հարգանքի առումով»,- ասաց նա: Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը, օրինակ, չպետք է սպասի ՆԱՏՕ-ի ճանաչմանը:

«Մենք բոլորս արձանագրեցինք, որ ՀԱՊԿ-ը ոչ ոք չի ուզում ճանաչել, հատկապես ՆԱՏՕ-ն (հասկանո՞ւմ եք՝ այն կազմակերպությունը չէ): Ես լսում էի այդ խոսակցությունները և մտածում՝ եթե մենք նրանց խնդրենք, որ մեզ ճանաչեն, նրանք երբեք չեն ճանաչի: Մենք պետք է ստիպենք նրանց ճանաչել մեր կազմակերպությունը»,- ասաց Բելառուսի նախագահը:

Գագաթնաժողովի արդյունքներով պետությունների ղեկավարները հաստատել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025-ը: Ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ միջազգային ահաբեկչությանը և էքստրեմիզմին հակազդեցության վերաբերյալ, ընդունվեցին հայտարարություններ միջազգային խնդրահարույց հարցերի, նաև կազմակերպության գործունեության վերաբերյալ: Բելառուսի նախագահի կայքում ևս տեղեկություններ չկան ՀԱՊԿ ղեկավարների հետ հանդիպումների մասին:
Տաջիկստանի նախագահին ՀՀ նախագահը օդանավակայանում չդիմավորեց, փոխարենը նրա հետ առանձին հանդիպում ունեցավ: Էմոմալի Ռահմոնի պաշտոնական կայքում հոկտեմբերի 14-ին գրվել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում Խաղաղության և ազգային միասնության հիմնադիր, ազգի առաջնորդ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մասնակցեց և ելույթ ունեցավ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում: ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հերթական նիստի օրակարգի հարցերը նախ քննարկվեցին ղեկավարների սեղմ, ապա ընդլայնված կազմով: Նիստում քննարկվեցին հարցեր՝ կապված կազմակերպության հավաքական անվտանգության ռազմավարությանը մինչև 2025-ը, ահաբեկչությանը հակազդման լրացուցիչ միջոցառումները: Իր ելույթում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հերթական անգամ ընդգծեց համատեղ և անխնա պայքարի անհրաժեշտությունը միջազգային ահաբեկչության, էքստրեմիզմի, բռնության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, տրանսազգային հանցագործությունների դեմ, ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում ու աշխարհում ներկա իրավիճակի վրա, հատկապես Աֆղանստանի բարդ ռազմաքաղաքական դրության: Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ Աֆղանստանի բարդ ռազմաքաղաքական իրավիճակը սպառնալիք ու վտանգ է ստեղծում կառույցի հարավային սահմանների մոտ և սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, հատուկ ընդգծելով ժամանակակից տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներն ու սպառնալիքները, ընդգծեց, որ Տաջիկստանը այդ երևույթների դեմ պայքարի առաջավոր գծում է և այդ ենթատեքստում աջակցում է ՀԱՊԿ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիստի արդյունքներով ընդունվեց ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ միջազգային ահաբեկչության և հասարակության մյուս բացասական երևույթների դեմ պայքարի վերաբերյալ, ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր»: Կայքում նաև հաղորդվում է Խաղաղության և ազգային միասնության հիմնադրի ու ազգի առաջնորդի՝ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին:


Ղրղզստանի նախագահի կայքում հոկտեմբերի 14-ին հաղորդվում է, որ Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում նախագահը մասնակցել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հերթական նիստին՝ սեղմ կազմով: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին, արարողակարգային լուսանկարից հետո նիստի մասնակիցները սեղմ կազմով հանդիպում անցկացրին, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները»: Նկատեցի՞ք, որ չկա Ղազախստանի վարչապետը: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպման մասին կայքն արձանագրում է. «Նիստի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին աշխարհում ընթացիկ իրավիճակի և կազմակերպության հետագա գործողությունների մասին»: Ի հավելումն, հրապարակվում է ստորագրված 24 փաստաթղթերի ցանկը: Ալմազբեկ Աթամբաևը միակ նախագահն էր, որ եկել էր տիկնոջ հետ: Թերևս այն պատճառով, որ Երևանի ճանապարհին պաշտոնական այցով եղել էր Վրաստանում:


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ շատ քննարկվեց Նուրսուլթան Նազարբաևի «դիվանագիտական մրսածությունը» կամ «հայկական գրիպը», Ղազախստանը ներկայացրեց վարչապետ Բակիտջան Սագինտաևը՝ պետության ղեկավարի հանձնարարականով: Ղազախստանի կառավարության կայքում նշված է. «Նիստի ընթացքում Բ. Սագինտաևը շոշափեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեման և այդ ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը: «Ղազախստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալու միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, այդ համապարփակ սպառնալիքին հակազդելու օգտին»,- նշեց Բ. Սագինտաևը: Վարչապետը նաև ընդգծեց ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման որոշման և ՀԱՊԿ հավաքական անվտանգության մինչև 2025-ը ռազմավարության կարևորությունը: Խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն և ստորագրվել 20-ից ավելի փաստաթուղթ, որոնց թվում է միջազգային ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ հակազդման լրացուցիչ միջոցների ձեռնարկման որոշումը, նաև՝ ՀԱՊԿ անդամների զինված ուժերի ռազմական կադրերի նախապատրաստումը մինչև 2020-ը: ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2017-ին՝ Բելառուսում»: Կայքում նաև տեղեկություն կա Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին:


ՈՒ ի՞նչ: Եթե համադրենք ՀԱՊԿ վեց անդամների ղեկավարների կայքերի պաշտոնական տեղեկատվությունը, հավելելով նաև Հայաստանը, կպարզվի հետևյալը.


1. ՀԱՊԿ անդամ պետությունների հինգ նախագահներ և մեկ վարչապետ մասնակցել են նույն գագաթնաժողովին, բայց նրանց լրատվական ծառայությունների տեղեկությունները միմյանցից այնքան տարբեր են, որ թվում է՝ տարբեր տեղերում են եղել, իսկ դա նշանակում է շահերի կտրուկ տարբերություն և ընդհանրությունների սուր պակաս: Դա է վկայում նաև երկկողմ հանդիպումների ցանկություն չունենալու փաստը ¥թեմայից դուրս միմյանց ասելիք չունեին և հետաքրքրված չէին Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններով, բացի Տաջիկստանից¤:
2. Տեղեկությունները ունեն մեկ ընդհանրություն՝ ոչ ոք չի հրապարակում օրակարգի հարցերի քննարկման ընթացքը՝ բացառապես ներկայացվում է սեփական կարծիքը, ոչ մի խոսք մյուս նախագահների ու վարչապետի արձագանքի մասին, չի նշվում անգամ՝ ընդունվեցի՞ն իրենց առաջարկները, թե՞ ոչ:
3. Բելառուսի նախագահը փաստացի անպատրաստ է եկել ՀԱՊԿ գագաթնաժողով՝ Բելառուսի նախագահության գերակայությունները հետագայում մշակելու մտադրությունը ներկայացնելով ռազմավարական քայլ. դա վերաբերմունք է:
4. Հայտնի չէ՝ ինչպե՞ս է Բելառուսի նախագահը հարկադրելու, որ ՆԱՏՕ-ն ¥կամ միջազգային որևէ կառույց¤ ընդունի ՀԱՊԿ-ը: Իսկ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին իբրև ռազմաքաղաքական ալյանս ճանաչո՞ւմ է: Բատկան պատերա՞զմ է հայտարարելու ու հաղթելո՞ւ է: Ի՞նչ պիտի անի Բելառուսը, որ իր նախագահության ընթացքում ՄԱԿ-ը ճանաչի ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատը, եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցած նստաշրջանում այն մերժվեց:
5. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին նույնպես անդրադարձ չկա, թեպետ հարցը երկար քննարկվեց, և արդյունքում Նիկոլայ Բորդյուժան մնաց հավերժ քարտուղար:
6. Հաղորդագրություններում բացակայում է Հայաստանը՝ իբրև հյուրընկալող երկիր:
7. Այդպես էլ չհասկացվեց՝ ի՞նչ են համատեղ հայտարարել ՀԱՊԿ ղեկավարները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՀԱՊԿ գագաթնաժողովը լուրջ էր ընդունել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ նախօրեին մեկ նախադասությամբ ահազանգում էր Հայաստանի հնարավոր դեֆոլտը, բայց նրան արձագանքեց միայն Կենտրոնական բանկը՝ քաղաքական հայտարարությանը տալով ֆինանսատնտեսական պատասխան: Իսկ Ղարաբա՞ղը: Ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հետ, առավել ևս, որ խաղաղապահ առաքելության մանդատ չունի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հայաստանը չունեցավ. դա միակ հաջողությունն էր, որին հասավ Երևանը ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ