Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց նվիրաբերածը կհասնի հենց դիրքապահ զինվորին»

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց նվիրաբերածը կհասնի հենց դիրքապահ զինվորին»
18.10.2016 | 10:52

Արդեն մի քանի ամիս գործում է «Հայոց հզոր բանակ» ծրագիրը, որ կյանքի է կոչվել ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նախաձեռնությամբ։ Նա‚ համախմբելով համախոհներին‚ ձեռք է բերում սահմանին կանգնած զինվորին անհրաժեշտ իրեր‚ սարքավորումներ և հասցնում հասցեատերերին։ Հեղինակը նշում է‚ որ այս ծրագիրը նպատակ ունի էլ ավելի բարձրացնելու և ամրապնդելու դիրքապահ զինվորի անվտանգության և առողջության պայմանները: Բացի այդ‚ այն նաև նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահելու բանակն ու դիրքապահ զինվորին՝ անընդհատ այդ ուղղությամբ մտածելու և գործելու համար:

Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է‚ որ նախապես ճշտում են‚ թե ինչ է անհրաժեշտ դիրքերում. «Սահմանային զորամասերի հրամանատարության հետ ճշտում ենք‚ թե ինչով կարող ենք աջակցել, օժանդակել, ինչի կարիք կա, որը հնարավոր է ձեռք բերել մեր ուժերով»։
Ծրագիրն իրականացվում է փուլերով, արդեն երեք փուլ ավարտվել է‚ այժմ ընթացքի մեջ է չորրորդ փուլը։ «Առաջին փուլում ձեռք ենք բերել հատուկ նշանակության հեռադիտակներ, որոնք բավականին թանկ են, երկրորդ փուլում ձեռք ենք բերել ռադիոկապեր և հատուկ նշանակության ձեռնոցներ, իսկ երրորդ փուլում՝ մալուխ սահմանային զորամասի համար։ Շուտով Հայաստան կհասնեն նաև պլանշետներ, որոնք մեր զինվորներն ու սպայական կազմն օգտագործելու են X զինատեսակի թվայնացման համար»‚- ասում է մեր զրուցակիցը:


Նա ընդգծում է‚ որ նախաձեռնությունը մեծ ընդգրկում ունի, ծրագրին մասնակցում են հայեր, եզդիներ, հույներ, ասորիներ: Մասնակցության աշխարհագրությունը գնալով ավելի ընդգրկուն է դառնում, մասնակցում են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից, նաև Արցախից, Ջավախքից, նույնիսկ հայ մասնակից կա Մուշից: Մասնակիցները տարբեր խավի մարդիկ են՝ գործարարներ, զինվորականներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ, պատգամավորներ, բանվորներ, ուսանողներ, սպասք լվացողներ, թոշակառուներ, անգամ աշակերտներ:


Առատաձե՞ռն են, արդյոք, մարդիկ բանակին աջակցելու հարցում։ «Ինձ թվում է՝ մարդիկ առատաձեռն են, պարզապես վստահություն է հարկավոր: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց նվիրաբերածը կհասնի հենց դիրքապահ զինվորին, ոչ թե կգնա այլ ուղիներով: Ծրագրին փոխանցումներ են կատարվել 1000 դրամից մինչև 70 000 դրամ, 1000 ՌԴ ռուբլուց մինչև 10 000 ռուբլի, 10 եվրոյից մինչև 100 եվրո, 20 դոլարից մինչև 500 դոլար: Եթե մարդիկ առատաձեռն չլինեին‚ ծրագիրն այսօր այսպիսի հաջողություն չէր ունենա, այսքան շոշափելի չէր լինի բանակին աջակցությունը»‚- նշում է Կարեն Հովհաննիսյանը:


Բանակը, զինված ուժերը չե՞ն կարող լուծել այդ խնդիրները, որ հանրության ներկայացուցիչներն են որոշել աջակցել բանակին։ Պատասխանելով հարցին՝ մեր զրուցակիցը նկատում է‚ որ պետությունն ունակ է բանակ պահելու այն չափանիշներով, որոնք պլանավորված և ծրագրված են, սակայն իրենք ցանկանում են օր առաջ արդիականացնել անվտանգության պայմանները:
Հետաքրքիր է սահմանին կանգնած զինվորի, սպայի արձագանքը, երբ անհրաժեշտ իրերը հասնում են տեղ։ «Դա մի անբացատրելի երևույթ է, դա պարզապես պետք է տեսնել. նրանց աչքերի փայլը‚ դեմքին հայտնվող ժպիտն արդեն խոսում են այն մասին, որ ծրագիրն արդարացված է: Զինվորներն ամեն րոպե հայտնում են իրենց երախտագիտությունը, նույնիսկ խոստովանում են, որ երբեք չեն մտածել, թե թիկունքում իրենց մասին այդքան մտածում են: Մեր հասարակության մեջ ընդունված է զինվորին քաղցրավենիք, սիգարետ և այլ կենցաղային պարագաներ ուղարկել, զինվորները թիկունքից, քաղաքացիական անձանցից նման իրերի նվիրաբերումից է՛լ ավելի են նվիրվում իրենց սուրբ գործին»:


Կարեն Հովհաննիսյանն ընդգծում է‚ որ ծրագրի համար ինքը կրում է անձնական պատասխանատվություն: Գերնպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայությանը բանակին աջակցելու գործում համախմբելը: Ծրագրի մասին տեղեկացվել է համացանցի միջոցով։ Մեր զրուցակիցը նշում է‚ որ նախաձեռնությունը կյանք չէր ունենա‚ եթե չարձագանքեին ֆեյսբուքյան ընկերները, որոնց հետ անձամբ ծանոթ չէ: «Միասնությունը հենց այն է, երբ մարդ ծրագրին նվիրաբերում է 250 դոլար, հետո իր ընկերներին ևս համոզում է, որ մասնակցեն ու նվիրաբերեն 500 դոլար: Մարդիկ միշտ խոսում են համացանցի վատ կողմերի մասին, բայց ես կարող եմ ասել, որ ծրագրի իրականացման գործում այն դրական դեր խաղաց: Ավելորդ չեմ համարում նշել, որ «Հայոց հզոր բանակի» միջոցով հավաքագրված գումարների, ձեռք բերված ապրանքների, այդ ապրանքները տեղ հասցնելու և համապատասխան փաստաթղթավորում տալու ողջ պատասխանատվությունն ինձ վրա է, ես «Հայոց հզոր բանակ» ֆեյսբուքյան փակ խմբում ժամանակ առ ժամանակ ներկայացնում եմ հաշվետվություն ընթացքի և այլնի մասին»‚- ասում է Կարեն Հովհաննիսյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով այն մարդկանց‚ ովքեր մասնակցել և դեռ մասնակցելու են ծրագրին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ