ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Գոնե մի օր կարողանո՞ւմ է ապրել ինքն իր համար

Գոնե մի օր կարողանո՞ւմ է ապրել ինքն իր համար
18.10.2016 | 10:56

Երբ հարազատ վայր ես գնում, հարազատ մարդկանց փնտրելու ես: Ահավասիկ Թբիլիսին, ոչ միայն սրտիս մոտ քաղաք է եղել, այլև այնտեղ սրտակիցներ ունեցել եմ: Վերջերս էր, 2016-ի ամռանը, նայեցի շուրջս և տրտմեցի. կարծես ամայության, ունայնության համն զգացի. ովքեր կային, գնացել են անվերադարձ, այնուամենայնիվ ձայն տվի մոտիկներիս, մեկը արձագանքեց: Այդ մեկ-միակը, որին տեսնելս հարմար գտա, ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էր:

Առաջին խոսքն էր. «Հարություն, որտե՞ղ ես»: Ասացի. «Թբիլիսիում եմ, Էլիա թաղամասում»: Ասաց. «Արի Հավլաբար, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու բակ»: Գնացի: Նստեցինք եկեղեցու պատի տակ դրված նստարանին, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշով-Մանթաշյանցի հուշաքարի հարևանությամբ: Զրուցեցինք, անցյալը ներկա դարձրինք, ներկան՝ ապագա, ապագան էլ տեսանք հավիտենության մեջ: Խոսքի ընթացքը շարունակվեց իր տանը: Անահիտը նեղվում էր, որ անշուք է տուն կոչված բնակարանը, հարմարավետությունն այնպիսին չէ, ինչպիսին լինելու էր: Ասացի. «Հայոց, և ոչ միայն հայոց, հանճարները ծնվել են խրճիթներում: Իմ հայացքը քո սրտին է և ոչ թե քո տան պատերին»: Գրքեր բերեց, իր հեղինակած, խմբագրած, թարգմանած գրքերը, որոնք մի քանի տասնյակի են հասնում: Շարքի կանգնածները հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն թարգմանած, հրատարակած գրքեր. Շոթա Ռուսթավելու «Աֆորիզմները», «Երբ արցունքն էլ ցամաքեց» ժողովածուն, որի մեջ ամփոփված են վրացական արդի պոեզիան ներկայացնող յոթ անձ-անհատականություններ, Իրակլի Սամսոնիձեի արձակից՝ «Ականջաբարձը», Օթար Ճիլաձեից՝ «Ճանապարհով գնում էր մարդը» և «Քթոցը»: Աչքովս ընկավ տակավին իմ մեջ ապրող մարդ, մտավորական, խմբագիր, բանաստեղծ Վահագն Դավթյանի «Ռեքվիեմը», որի թարգմանությունն իրականացրել են երկուսով՝ ինքը և Վրաստանի գրողների միության համանախագահ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին: «Ռեքվիեմը» 1915-ի Մեծ եղեռնի արձագանքն է, որ հնչում, անցնում է Արևմտյան Հայաստանում ծնված, հայոց հոգով սնված Վահագն Դավթյան զավակի սրտի միջով: Վրաց մտավորական դուստրը, խորանալով հայոց ողբերգության մեջ, հոգևին հայտնվելով եղեռնի զոհերի աշխարհում, թարգմանած գործին տվել է ցավալի բառ-բնութագիրը: Ցավալի, ասել է թե՝ ցավով լի: Վրաց բանաստեղծուհին, որ նաև նախագահ է, գրքի առաջաբանում գրում է. «Տիցիան Տաբիձեն ասում էր. «Ազգի ոգին բարբառում-խոսում է գրականության մեջ»: Եվ ի՞նչ կարող է անել քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ գրականության երևելի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը, երբ նրա բանաստեղծական հոգին լեփ-լեցուն է ցավերով, երբ նրա մտատեսիլներին հանգիստ չեն տալիս 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ողբերգական օրերը, երբ անընդհատ ու անընդմեջ նրա հոգուն հարվածում է Դեր Զորի չարանենգ քամին, երբ «մանկան ոսկորից սարքած սրնգի» հեծեծանքը ուրվականի պես կրկնկակոխ հետևում է նրան...
Ի՞նչ կարող է անել նա, ի՞նչ անի... Եթե ոչ այդ ցավերը մի հրաշալի ու անզուգական պոեմ՝ «Ռեքվիեմ» դարձնի ու «խաչքար դառնա մարմնի խաչով».
...Գնում եմ դեպի շիրիմդ հսկա,
Որ ավազներին ընկնեմ ծնկաչոք,
Որ լռեմ այնտեղ,
Քարանամ այնտեղ,
Որ խաչքար դառնամ
Իմ մարմնի խաչով...


ՈՒ հետո այդ ցավը ճանապարհ անցնի երկրեերկիր, ու խաղաղության կողմնակիցներն աշխարհի ձայնակցեն այդ ցավին...
Վրացի ընթերցողը այս նոր թարգմանությամբ աննախադեպ, նշանակալից նվեր ստացավ:
Շնորհակալություն հայ-վրացական գրական ոլորտի անվանի թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանին՝ աղոթքով, արտասուքով ու ցավով ներծծված այս տողերը իր հետ միասին վրացերեն թարգմանելու հնարավորությունն ինձ ընձեռելու համար»:
Մեջբերելով այս խոսքը, ուզեցի ասել, որ, ի տարբերություն Վրաստանի քաղաքական գործիչների, քաղաքագետների, վրաց մտավորականը, որ կրողն է ազգի հավաքական մտքի, ընդունում է: Ի դեպ, շատերը, մասնավորապես ջահելները, չգիտեն էլ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:


Ահավասիկ, մեր քրոջ՝ Անահիտ Բոստանջյանի կյանքը նվիրումով ընթանում է Հայաստանն ու Վրաստանը, հային ու վրացուն մերձեցնելու, միմյանց ճանաչել տալու ճանապարհով:
Ի՜նչ մեծ ուրախություն էր ինձ համար տեսնել «Սիրո աշխարհ» խորհրդանշական, հավաքական վերնագրով ժողովածուն, որի մեջ միաժամանակ իմ կյանքն է, գրեթե իմ կենսագրությունը: Թեև իմ անունը չկա այնտեղ, բայց իմ էությունն առկա է: Ես էլ եղել եմ այդ մարդկանց մեջ, և նրանք իմ մեջ են առայսօր: Չգիտեմ, ի՞նչ է մեզ բաժանելու. մի՞թե հոգիները բաժանման ենթակա են: Եվ նրանց, ում փնտրում էի Թբիլիսիում և չէի գտնում, գտա այս գրքի մեջ, գտա իմ ու ձեր, Անահիտի ու ամենքի սիրո աշխարհում: Ինձ համար վերադարձ էր, հավիտենության երանելի պահի մեջ հայտնվել էր, ասենք, խնկելի Իոսեբ Նոնեշվիլու անվանն իսկ հանդիպելը, անուն, որ իր մեջ զորացնող և հավատի բերող սեր ունի, անշահ, աստվածային սեր: Այս սերն ունեցող մարդիկ, որ անհատականություններ են, մեծեր, միմյանց նման լինելու են, բոլորն էլ ճշմարտությունն ավելի բարձր դասելու են, ուրեմն՝ մտածողությամբ նույնանալու են: Տեսեք, Նոնեշվիլին, կարդալով և թափանցելով Աբովյանի «Վերքի» մեջ, որ հայոց վերքն է, խոստովանում է. «Ինձ թվում էր, թե ես կարդում եմ իմ ժողովրդի պատմությունը»: Իսկ Մորիս Փոցխիշվիլին մեր զրույցների ժամանակ նույն միտքն է արտահայտել մեկ այլ ձևակերպմամբ. «Գալով Հայաստան, ես ինքս ինձ փնտրում եմ»: Սրանք սոսկ բառեր չեն և ոչ էլ միայն բանական մտքի պտուղ: Այսպես զգում էին մեր մեծերը: Համո Սահյանն այս մերձավորության մեջ տեսնում էր հավիտենության խորհուրդը: Մկրտիչ Սարգսյանը, որ ծնունդով կապված էր Վրաստանի և վրաց ժողովրդի հետ, ասում էր. «Մենք, որպես ժողովուրդներ, ոչ միայն հարևաններ ենք, այլև միմյանց մեջ ենք: Հայը, որ ապրել է, ապրում է Վրաստանում, վրացիների մեջ չէ՞, վրացիները հայերի մեջ չե՞ն»: Նոդար Դումբաձեն և մյուս երևելիները նույնպես վկայում էին. «Երեխա ժամանակ մեզ համար հայ ու վրացի չկար, ազգայինն անհայտ էր մեզ, մեզ հարազատ էր մարդկայինը: Ո՞վ կմտածեր, որ Գիքորը հայ է եղել, կամ Թումանյանը հայ գրող է»:


Ահա այս է մարդկության փրկության ճանապարհը: Ահա այդ ճանապարհով ընթանում և մեզ էլ հետը տանում է այս գրքի հեղինակը: Իսկ երբ ճամփորդում ես՝ թեկուզ հոգևին, ծանոթ և անծանոթ մարդկանց հանդիպելու ես: Ահա այդ առանձնացածները, հիշողության դաշտի ներկաները. Ծերուն Թորգոմյան, Ռևազ Մարգիանի, Ստեփանե Մխարգրձելի, Հովհաննես Կարայան: Այստեղ ոչ այնքան կարևոր է խոսքի գեղարվեստական հնչողությունը, որքան հեղինակի նպատակը և այդ նպատակին հասնելու անկեղծ մղումները: Խոսքերն այստեղ կյանք, կշիռ ու բույր ունեն, բույր վրացական, բույր հայկական: Որքան որ այս ժողովածուն բնույթով վրացապատում է, նույն-նույնքան էլ հայապատում: Որքան կոնկրետ, իրական ու տեսանելի է, նույնքան էլ հոգևոր, տեսլական ու աներևույթ: Դա այդպես լինելու էր, որովհետև ամեն բան, որ մենք մեր աչքով տեսնում ենք, առաջացել է անտեսանելիից:
Գրականություն կոչվածն ի՞նչ է: Վերաբերմունք, փոխհարաբերությունների արտացոլանք, չարն ու բարին զանազանելու միջոց: Այնպես որ, մենք այստեղ, այս գրքում տեսնում ենք մեր քույր Անահիտի ազնիվ, անկեղծ մոտեցումը իր քույրերի և եղբայրների նկատմամբ՝ լինեն հայեր, լինեն վրացիներ: Ամենքի մեջ իրեն տեսել, գտել, ամբողջացել է: Նաև փորձել է պարզել, թե վրացին ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս, ի՞նչ կերպ է նայել, տեսել Հայաստանն ու հայ ժողովրդին: Դժվար չէր նկատելը, որ Անահիտի սիրտը երկփեղկված է, և դա բնական է, որովհետև Վրաստանում ծնվել, մեծացել, գործել է: Խնդրեմ, Հովհաննես Թումանյանը մահկանացուն կնքելով Մոսկվայում (1923 թ.), կտակում է մարմինն ամփոփել Վրաստանում: Մի՞թե սա մեծագույն սիրո և հավատի արտահայտություն չէ, ապացույց չէ, փաստ չէ: Արդյոք սա չի՞ ասում, որ, Հովհաննես Թումանյան մարդը, գործիչը, բանաստեղծը Վրաստանի հետ կապված է եղել թե՛ հոգով ու մարմնով և թե՛ կյանքով ու մահով: Թումանյանի կորուստը սգալով, վրացական «Թեատրի դա ցխովրեբա» («Թատրոնը և կյանքը») պարբերականը գրում է. «Այսօր Ռուսթավելու պողոտան որբացած է, նրան այլևս չի զարդարում այն մեծ ու ազնիվ, հռչակավոր ծերունին, և մենք ամենքս զգում ենք այդ որբությունը, այդ մեծ կորուստը...»: Անահիտը սիրո մեկ այլ վկայությունն էլ է բերում. Իոսեբ Գրիշիաշվիլին, որ Թումանյանի հոգու թարգմանն էր, արձագանքում է բանաստեղծությամբ: Ահա մի երկտող. «Արդյոք խորտակված սիրո աշխարհում/ կա՞ մարդ, որ զգա իմ ցավը խորին»: ՈՒզես, թե չուզես, նկատելու ես աստվածային այս սիրո պակասն այսօր: Այս սուրբ զգացումներն ի՞նչ եղան: Կարծրացել են մարդկանց սրտերը, մեր միտքն այլևս չի անցնում, այն չափով չի ներծծվում սրտի զգացմամբ: Անտարբերությունը համատարած է: Գուցե դա նրանից է, ինչպես Շիրազը կասեր, որ գնալով մարդկային գութը պակասում է: Տեսեք, Վահան Տերյանն ինչպիսի խանդավառությամբ է պատմում, նկարագրում վրաց գրող, ծերունազարդ Ծերեթելու ընդունելությունը Մոսկվայում: Նա ինքն էլ հաղորդակից լինելով վրացի ուսանողության անսահման ոգևորությանը, սիրուն ու խանդաղատանքին, մերվում, եղբայրանում է նրանց: Տերյանը խոսում է այնպես, ինչպես թե մեր մեջ, մեր սրտերում, ակնածանքի աղբյուր բխեցնելիս լինի: Տերյանից առաջ, Տերյանից հետո ես ոչ մեկի մեջ չեմ նկատել սիրո այդ աստիճանի անկեղծն ու աստվածայինը: Տերյանը Ծերեթելու հետ հանդիպման շուրջ խոսելիս, ինչպես թե հայտնագործություն արած լինի, այդ հայտնագործությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժանավորի նկատմամբ ունեցած սեր: Տերյանը, այդքան հայրենասեր լինելով հանդերձ, վեր էր կանգնած ազգային պատկանելությունից: Ի՞նչ եք կարծում, երբ Տերյանը թախանձում էր. «Ինձ մեր սարերը տարեք, ինձ տարեք տուն», մտածո՞ւմ էր, թե այդ տունը գտնվում է Վրաստանի տարածքում: Ոչ, չէր մտածում: Հոգևոր մարդկանց համար, հոգու համար տարածք-տարածություն չկա, սահմաններ, չեզոք գոտիներ չկան: Ահա այս ժողովածուն այդ առաքելությունն ունի: Այս ոգով ու հոգով լցված մարդու համար արդեն ավելորդ է, ասենք, եկեղեցու քարերի վրա իմն ու քոնը փնտրելը: Ապացուցելով ոչինչ չի փոխվելու, ոչինչ չես անելու:

Միայն սերն է, որ քեզ հնարավորություն է տալու անել ամեն բան: Ի՞նչ կարող ես անել առանց սիրո, ոչինչ, մինչդեռ սիրով անելու ես ամեն ինչ: Իմ և քո քրիստոնյա լինելը, Աստծո բնությունը կրելը երևալու են միմյանց սիրելով: Այս ժողովածուն ենթատեքստ ունի, գալիս է ասելու, որ մենք՝ հայերս ու վրացիներս, վրացիներս և հայերս, Աստծո ժողովուրդ ենք, Աստծունն եք, Աստծո մեջ ենք, Աստված ոչ միայն մեր միջև է, այլև մեր մեջ է: Իսկ Աստված ի՞նչ է: Սեր: ՈՒրեմն՝ սիրո աշխարհը Աստծո աշխարհ է: Իսկ իրենը փնտրելը սիրո պակասի նշան է: Համո Սահյանին հարցրել եմ, հարցնում եմ հիմա էլ. «Ի՞նչ է հայրենիքը»: Պատասխանել է և այժմ էլ նույնն ասում է. «Տուն և էդ տանը ապրող երեխա»: Մեր գործը, ուրեմն, երեխա բերելն ու դաստիարակելն է: Թողնենք քարի վրա Հայաստան փնտրելը, քարի վրա չգտնենք միմյանց, քարի վրա մենք էլ քար ենք: Միմյանց փնտրենք մեր սիրո մեջ, մեր սրտերի մեջ: Մեր սրտերի գիրը կարդանք և ոչ թե քարի: Կարևորը մեր աղոթքն է և ոչ թե եկեղեցու քարը: Եկեղեցու պատկանելությունից առաջ պարզենք մեր պատկանելությունը: Քրիստոնյա ենք մենք մեզ կոչում, Քրիստոսի էությունը կրո՞ւմ ենք: Ո՞Ւմն ենք` Աստծո՞ւնը, թե՞ սատանայինը: Չէ՞ որ մենք, կոնկրետ հայերս ու վրացիներս, աղոթքի կանգնելիս, չենք ասում. «Հայր իմ, որ յերկինս ես», այլ ասում ենք. «Հայր մեր...»: Ճշմարիտ ազգասերը նույն աստվածասերը լինելու է, որովհետև ազգը ոչ այլ մեկինն է, եթե ոչ Աստծունը: Ազգը, որպես հավատացյալ ժողովուրդ, Աստծո մարմինն է: Տերյանը որ գրում էր. «Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար», ի՞նչ եք կարծում, քարե պատերով եկեղեցինե՞րը նկատի ուներ: Բնավ ոչ: Նկատի ուներ հայ քրիստոնյա ժողովուրդը, որի մեջ Սուրբ Հոգին է: Մեր աստվածային, անձեռակերտ բնությունը նկատի ուներ և ոչ թե ձեռքի գործ տաճարները: Ես չեմ ասում մոռանալ մեր պատմական հուշարձանները, մեր ճարտարապետական կոթողները, եկեղեցիները, ասում եմ՝ փրկության, հարատևության ճիշտ ճանապարհը գտնենք՝ գալով շնորհքի մեջ: Խոսելիս չասենք բառը, որ սիրուց չէ: Գործելիս էլ գործենք սիրո մղումով և ոչ ատելության: Մեռած չէ՞ քարե կառույց այն եկեղեցին, որտեղ աղոթողներ չկան: Քրիստոսն ասում է, որ պատվիրանը ոչ թե քարերի վրա, այլ մարդկանց սրտերում է գրելու: ՈՒրեմն, նախ մենք մեր սրտերին նայենք, մեր սրտերի գիրը կարդանք: Նույնիսկ մեկ արտահայտությունը կարող է ճակատագրական լինել, ասենք, քաղաքական գործչի համար: Զվիադ Գամսախուրդիան, որ հայտնի գրող Կոնստանտին Գամսախուրդիայի որդին է, հանգամանքների բերումով, Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնելով, «Վրաստանը վրացիներին» արտահայտությունն արեց, և դա եղավ նրա անկման հիմնական պատճառը: Պարզապես ժողովրդի զգացմունքի վրա խաղալ ուզեց, սակայն կորցրեց թե՛ պաշտոնը, թե՛ կյանքը: Բայց երբ փախուստի մեջ էր, մեկ այլ հարմար տեղ չգտավ ապաստանելու, Հայաստան եկավ:


Ասացի՝ մի բան է գեղարվեստական չափանիշը, մեկ այլ բան՝ գրողի ընտրած թեման և այդ թեմայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Այնպես որ, այս գրքում չափանիշը սերն է: Սիրո մեջ ենք տեսնում Ծերուն Թորգոմյանին, եղբայրական սիրո մեջ: Նույն դաշտում են Ռևազ Մարգիանին, Ստեփանե Մխարգրձելին, Հովհաննես Կարայանը, որին, ի դեպ, մոտենում է կարծես մեղավորի զգացումով, մոտենում է մեկին, որը դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ: Հիրավի, հոգու պարտք է կատարում Անահիտը, հոգու ջերմությամբ էլ խոսում է: Ասենք, վերլուծում է Հովհաննես Կարայանի «Խնջույք» խորագրով բանաստեղծությունը, ոչ միայն Կարայանինը, այլև բերում է իրենը, բացում իր սիրտը, խոսում սրտի խոսքը. «...Մի անարատ, սրբորեն մաքուր հոգու արձագանք է սա, պոռթկում հույզերի, որ անկարող է չվարակել դիմացինին ու նրան սիրո անպարփակ ծիրում չպահել»:


«Հարցազրույցներ» բաժնում ներկայացված են երկխոսություններ հեղինակի և երկիր ներկայացնող մտավորականների միջև: Այստեղ էլ նյութը ոչ թե ենթադրություններով է և ոչ էլ լսածով: Անահիտը չի զլացել, ժամանակ է տրամադրել, պայմաններ է ստեղծել հանդիպելու և հաղորդակցության մեջ մտնելու: Այստեղ դրսևորվել է խոսելու և դիմացինին խոսեցնելու նրա լրագրողական արվեստը: Ճիշտ որ, երբեմն պահի արտահայտությունները՝ գեղարվեստական արժեք ձեռք բերելուց բացի, դառնում են վկայություններ, որ պատմական են, այսինքն՝ անցնելու են սերնդից սերունդ:
Բարեկամությունը կյանք է, կյանքի ճանապարհ, ազգի հարատևության ձև և բովանդակություն, կերպ ու միջոց: Բարեկամությունը, բարեկամության նպատակը, միայն բարեկամ ունենալը չէ, լինել-չլինելու խնդիրն ունի իր մեջ: Շեքսպիրյան «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը հավիտյան մնալու է: Ահավասիկ, Անահիտ Բոստանջյան հայուհին, բանաստեղծուհին, լրագրողուհին և մենք՝ նույն ճամփին հայտնվածներս, լինելու կողմն ու կողմնակիցն ենք: Լինելու կողմնակիցներն ովքե՞ր են: Հոգու մարդիկ, հոգևոր մարդիկ: Նրանք, ովքեր սիրո կրակն ունեն իրենց մեջ: Բնական է, մարմնավորի մտածողություն ունեցողները հակառակվելու են:
Միայն զարմանալ կարելի է, ինչպե՞ս է հասցնում, ինչպե՞ս է կարողանում անել այսքան բան, մի օր Թիֆլիսում, մի օր Ախալցխայում, մի օր Ջավախքում, մի օր էլ Հայաստանում լինել: Գոնե մի օր կարողանո՞ւմ է ապրել ինքն իր համար: Չէ՞ որ «Կամուրջ» տարեգիրքն էլ է հրատարակում, մատենաշարեր էլ է ստեղծում, արխիվներ, գրադարաններ էլ է մտնում: Այս ամենի հետ ջանասիրությամբ աշխատակցում է «Վրաստան» հայալեզու թերթին, հավատարիմ քրոջ պես կանգնելով Վան Բայբուրդյանի կողքին, մի ողջամիտ մարդու կողքին, որը շարունակ բաց դուռ, բաց սիրտ եղել է ամենքիս համար: Ի դեպ, «Վրաստան» թերթի հիմնական ուղղություններից մեկը, որպես առաքելություն, որպես խնդիր, հայոց և վրաց հոգիների ծիածանումն է:


Մտնելով «Սիրո աշխարհը», մեկ անգամ ևս համոզվում ես, մեր բարեկամությունը պատմություն չէ, պատմությամբ չէ, կենդանի ընթացք է, շարունակվող հավատ, շարունակվող կյանք: Բարեկամությունը եղած կամ չեղած լեգենդ չէ, հեքիաթ չէ, գիտական աստիճան ստանալու, տաքուկ անկյուն ձեռք բերելու միջոց չէ և ոչ էլ դրոշ կամ էլ ուսադիր է՝ մարդկանց աչքին երևալու համար: Եվ եթե գիտություն էլ է, ապա երկնային գիտություն, երկնային ուսմունք, ինչպես քրիստոնեությունը: Այստեղ, գիտնականի մեծամիտ կեցվածքով, բիծ փնտրելը ձվի մեջ մազ փնտրելու նմանվելու է: Մեր քրոջ համար, որի գործին հպանցիկորեն անդրադարձա, ժողովուրդների հարազատությունը տեսնել և տեսանելի դարձնելը մեկ այլ բան չէ, եթե ոչ կենսակերպ: Պատվիրանի կատարումն է բարեկամություն սերմանելը. «Սիրիր մերձավորիդ քո անձի պես»: Իսկ ո՞վ է քո մերձավորը: Ով որ քո կողքին է, ով որ քո մեջ է, ում մեջ որ դու ապրում ես: Մենք չենք կարող մեր կողքի երկրներից մեկնումեկը տեղաշարժել... ՈՒրեմն, Անահիտի արածն Աստծո պատվիրանը լսել և կատարել է, ասել է՝ ոչ թե ավազի, այլ ժայռի վրա հիմնվել է:


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
Թբիլիսի-Ախալցխա-Երևան

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ