Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
21.10.2016 | 00:05

(սկիզբը՝ այստեղ)

Վերադառնալով ԽՍՀՄ-ում «ստվերային» արտադրությունների հիմնախնդիրներին՝ ուշադրություն դարձնենք կարևոր մի հանգամանքի. ի տարբերություն խորհրդային ձեռնարկությունների, կապիտալիստական երկրներում ձեռնարկությունները հիմնականում կոնկրետ մարդկանց սեփականությունն են: Կազմակերպական առումով դրանք ձևակերպվում են որպես բաժնետիրական ընկերություններ, որտեղ յուրաքանչյուր բաժնետեր ունի իր կոնկրետ մասնաբաժինը: Դրանք ազգակցական կապեր չունեցող մարդկանց առանձին խմբերի մասնավոր սեփականությունն են, բաժնետերերը դեյուրե և դեֆակտո կոնկրետ ձեռնարկությունների սեփականատերերն են: Բիզնեսին վերաբերող բոլոր խնդիրները լուծվում են բաժնետերերի ընդհանուր ժողովներում՝ պահպանելով բիզնեսի գաղտնիության հստակ կանոնները:


ԽՍՀՄ-ում հակառակ պատկերն էր, բոլոր ձեռնարկությունները դեյուրե ճանաչվում էին որպես համաժողովրդական սեփականություն: Դրանց կառավարման իրավունքը տրված էր Խորհրդային Միության գործադիր իշխանություններին, որոնք, իրենց հերթին, արտադրության (բիզնեսի) հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնում էին միութենական ու հանրապետական նախարարությունների կամ կոմիտեների միջոցով: Բրեժնևի ղեկավարման տարիներին ԽՍՀՄ-ում արդեն ձեռնարկությունների զգալի մասի դեֆակտո սեփականատերերի (բաժնետերերի) ժամանակավոր կարգավիճակ էին ստացել (մինչև պաշտոնավարման ավարտը գործարանների տնօրենները) ԽՄԿԿ շրջանային կոմիտեների քարտուղարները, միլիցիայի շրջանային բաժանմունքների պետերը, շրջանների գլխավոր դատախազները, շրջանի դատավորը, որոշ վերապահումներով, նաև ԿԳԲ-ի շրջանային կոմիտեների պետերը: Բոլորը ժամանակավոր սեփականատերեր էին, ժամանակավոր մարդիկ, որոնց բնավ չէր հետաքրքրում գործի ապագան, ապրում ու աշխատում էին օրվա խնդիրներով՝ մինչև իրենց պաշտոնավարման ավարտը: Նրանցից յուրաքանչյուրը, բացառությամբ, թերևս, գործարանների ու ֆաբրիկաների տնօրենների, լինելով կուսակցական, գործադիր կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պարտավոր էին տարբեր կողմերից անաղարտ պահպանել Խորհրդային Միության ներքին կյանքի նորմերը և, առաջին հերթին, բարձրության վրա պահել սոցիալիստական արտադրական հարաբերությունները, այն հարաբերությունները, որոնք ենթադրաբար պետք է հաստատվեին մարդկանց միջև՝ ելնելով նյութական բարիքների արտադրության պրոցեսի առանձնահատկություններից:

Կուսակցական ու իրավապահ մարմիններն իրենց սուրբ պարտականությունները հիմնականում կատարում էին, բայց ընտրողաբար՝ ելնելով իրենց տարածքներում գործող ձեռնարկությունների մեջ ունեցած սեփական փայաբաժինների չափերից. բարեհաճ ու ներողամտաբար էին վերաբերվում իրենց հետ փայատեր գործընկերներին և կրկնակի դաժան ու սկզբունքային՝ ուրիշների: Դրանք անկուշտ գայլեր էին՝ դիմակավորված կոմունիստական գաղափարական «ոսկե գեղմով», որոնց հնարավոր չէր վերահամոզել, վերադաստիարակել ու դուրս բերել ընտրած հանցավոր ճանապարհներից: Այդ իրողությունը տեղավորվում էր ղեկավարող կոմունիստական էլիտայի ներքին իրավական նորմերի կամ կոմունիստական հատուկ իրավունքի շրջանակներում, որը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարբեր տարիների ներկայացվում էր յուրահատուկ ձևերով ու ձևակերպումներով. որպես կարմիրներ, կարմիր տեռորիստներ, կոմիսարներ, շրջկոմների քարտուղարներ՝ ռևոլյուցիոն կերպարներով:
Միանգամայն պարզ էր՝ տեղերում անկուշտ գայլերի այդպիսի ոհմակները չէին կարող ինքնուրույն գործել, նրանց, բնականաբար, մշտական հսկողության տակ էր պահելու վերադասը՝ հանրապետական ու միութենական նշանակության նախարարների, հանրապետությունների գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, կոմունիստական կուսակցության առաջնորդների անունից ¥ու թևի տակ¤ գործող կոմիսարներ, պարտկոմներ կամ օգնականներ։


Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ամենուր խոսքի ու գործի միջև մեծ հակասություն կար (ճիշտ կլինի ասել՝ մեծ անարդարություն), չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերության մեջ արդարության կամ անարդարության գործոնները երբեք չեն համարվել տնտեսագիտական կատեգորիաներ, որոնք հնարավոր լիներ հաշվի առնել արտադրական պրոցեսների արդյունավետության բարձրացման, տնտեսական ցուցանիշների բարելավման, տնտեսության զարգացումն ապահովելու կամ մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները պլանավորելու ժամանակ: Դժբախտությունն այն չէր, որ հանրային սեփականություն համարվող խորհրդային գործարաններն ու ֆաբրիկաները մեկը մյուսի հետևից դեֆակտո վերածվում էին մասնավոր սեփականության, որոնց շահույթի մեծ մասը անարդարացիորեն բաժին էր հասնում սահմանափակ թվով ու արդյունաբերության հետ բոլորովին կապ չունեցող (բացառությամբ, թերևս, գործող տնօրենների) տարբեր մեծ ու փոքր պաշտոնյաների: Դժբախտությունն ուրիշ տեղ էր. ԽՍՀՄ ստվերային տնտեսության բոլոր «բաժնետերերը» ժամանակավոր մարդիկ էին, որոնք միանգամից ստանում էին պորտաբույծ-բոռերի կարգավիճակ, գտնվում էին «ստվերային» արտադրությունների խնամակալության տակ՝ իրենց ապրուստի միջոցների հիմնական մասը ստանալով պետության վստահությունը չարաշահելով ու խաբելով՝ յուրաքանչյուրն իր չափով, յուրաքանչյուրն իր հերթին մշտապես նվազեցնելով պետության բյուջետային մուտքերը: Դրանք այն գումարներն էին, որ Ստալինի կամ Խրուշչովի ժամանակ ամբողջությամբ մտնում էին պետական բյուջե և օգտագործվում էին երկրի քաղաքացիական ու ռազմական ծախսերը հոգալու համար՝ զգալի ֆինանսական միջոցներ թողնելով գիտության, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, և քաղաքացիների սոցիալական բազում այլ խնդիրների լուծման համար: Բրեժնևի տարիներին «Բ» խմբի պետական ձեռնարկությունների շահույթի մեծ մասը մտնում էր մասնավոր անձանց գրպանները՝ շրջանցելով պետական բյուջեն: Դրանք այն մասնավոր անձինք էին, ովքեր պաշտոնապես աշխատավարձ էին ստանում կոմունիստական գաղափարախոսությունը անաղարտ պահելու, պետության անվտանգությունը ապահովելու, աշխարհում խաղաղություն հաստատելու, բոլոր երկրների պրոլետարներին միացնելու և այլ գեղեցիկ ու կարևոր գաղափարներն իրենց նպատակին հասցնելու համար (մինչև պարզ դառնար, թե վերջում ինչ էր ստացվելու, թե երբ է, վերջապես, համայն մարդկությունը հասնելու կոմունիզմի վերջնական հաղթանակին, որը գնալով ավելի ու ավելի անիրատեսական էր դառնում, սարերի հետևում թաքնված միրաժի էր նմանվում. սկզբում ամեն ինչ այնքան պարզ ու գեղեցիկ էր թվում, բայց որքան մոտենում էին այդ վերջնական նպատակին, այնքան այդ վերջնականը» ավելի էր հեռանում խորհրդային քաղաքացիներից):


Խորհրդային պետական ու կուսակցական էլիտան հասցրել էր կատարել սեփական հաշվարկներն ու իր համար պարզել կենցաղային հետևյալ հասարակ ճշմարտությունը. աշխատավարձը ապրուստի միայն վերջին միջոցն է: Ապրուստի հիմնական միջոցը, ըստ նրանց, այն էր, որը գալիս էր հատուցման, վարձի, պարգևի, նվերների կամ, պարզապես, կաշառքի տեսքով: Ապրուստի այդ միջոցի սիրահարները ԽՍՀՄ-ում շատ, անչափ շատ էին, որ մշտական ու դաժան պայքար էին մղում, ամենօրյա մահ ու կենաց կռիվ էին տալիս՝ գրաված դիրքերը չզիջելու, ավելի բարձր պաշտոնների հասնելու, յուրայիններին առաջ քաշելու համար: Խելացի, գրագետ, պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված, աշխատասեր մարդիկ նրանց բոլորովին պետք չէին: Հիմնականում լինելով անգրագետ, սրանք իրենց ոչ միայն ամենագետ էին կարծում, այլև փորձում էին այդպիսին ներկայանալ հանրությանը: Նման դիմակի տակ թաքցնելով իրենց իմաստազուրկ պաշտոնավարումը, այսպիսի բառակապակցություն էին հորինել ու համոզված էին, որ «сами с усами»։ Միայն իրենց հասկանալի բացարձակ ճշմարտությունից բացի, այստեղ նրանք տեսնում էին անպատժելիության, ամենաթողության իրենց սուրբ իրավունքը, որը գալիս էր պաշտոնի հետ, տրվում էր վերևից՝ վերադասի կողմից: Դրանք ամենևին նման չէին մարդկային բարոյական ու հոգեբանական այն դրույթներին, որոնք մարդկանց հոգու խորքում արմատավորվել էին դարերի ընթացքում՝ երկարատև ու հետևողական կրոնական (քրիստոնեական, իսլամական և այլն) դաստիարակչական աշխատանքի շնորհիվ՝ հիմքում դնելով առաջնորդների անձնական օրինակը:


Բրեժնևի կառավարման տարիներին անդասակարգ կոմունիստական հասարակության փոխարեն ձևավորվել էր խորհրդային էլիտայի հատուկ դասը, որի շարքերը կարող էին համալրվել միայն ներսից՝ հատուկ հանձնարարականների հիման վրա ու միայն երիտասարդ տարիքում կոմունիստական կուսակցության անդամներ դարձած կադրերից: Շնորհալի ու տաղանդավոր երիտասարդների համար այստեղ մուտքը արգելված էր, մշտապես փակ էր պահվում ճիշտ այնպես, ինչպես դա արվում է մեր օրերում՝ կադրային քաղաքականության մեջ առաջնորդվելով ԽԾԲ հանրահայտ սկզբունքներով: Միայն յուրայիններին առաջ տանելու վրա հիմնված կադրային քաղաքականությունն էր պատճառը, որ խորհրդային պլանային տնտեսությունը այլասերվեց ու շատ արագ վերածվեց «ստվերային» տնտեսության, տնտեսական ցուցանիշների աճը սկսեց դանդաղել, կանգ առնել ու, ի վերջո, հետընթաց արձանագրել, որն ավարտվեց լճացման պրոցեսով, դա անխուսափելի հանգրվան էր, որը չի կարելի բացատրել մարդկանց թույլ տված սխալներով ու թերացումներով, դա անխուսափելի ու օբյեկտիվ պրոցեսների արդյունք էր: Միայն երիտասարդ կադրերին արտադրության մեջ ներգրավման, նրանց անկաշկանդ առաջխաղացման միջոցով էր հնարավոր կանխել տնտեսության լճացման պրոցեսը, որը այդքան բնորոշ էր բրեժնևյան տարիների համար:
Վերլուծելով «ստվերային» արտադրությունների ֆենոմենը, կարող ենք հանգել հետևյալ պարզ եզրակացության. Խորհրդային Միության տնտեսության լճացման պրոցեսը սկսվել է ոչ թե վերևից՝ Կրեմլից, ինչպես փորձում են ներկայացնել որոշ վերլուծաբան-տնտեսագետներ, այլ ներքևից, այն փոքրիկ «ստվերային» արտադրություններից ու «ստվերային» գործարաններից, որոնք ձնագնդի նման աճեցին ու գլորվեցին խորհրդային ողջ տարածքով մեկ՝ հյուսիսից հարավ ու արևելքից արևմուտք: Ի վերջո «ստվերային» տնտեսությունը հասավ կրիտիկական այնպիսի աստիճանի, որից հետո պետք է գործեր «քանակի փոխանցումը որակի» փիլիսոփայական հայտնի դրույթը, երբ տնտեսության շրջադարձը պետք է բերեր որակի փոփոխության ու անշրջելի հետևանքների: Ստալինի ժամանակ «ստվերային» արտադրություններ ու, ընդհանրապես, «ստվերային տնտեսություն» հասկացություններ գոյություն չունեին, ունեինք լավ, թե վատ աշխատող, բայց, ամեն դեպքում, աշխատող սոցիալիստական պլանային տնտեսություն՝ իր ամբողջական միութենական բյուջետային մուտքերով: Բրեժնևի ժամանակ ունեինք լավ զարգացած միութենական «ստվերային» տնտեսություն, որն արդեն կայուն բազա էր ստեղծել տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման, հասարակական-տնտեսական այլ, մեզ առայժմ անհայտ, ավելի ճիշտ կլինի ասել, մարքսիստական հստակ ձևակերպում չունեցող ֆորմացիայի անցնելու համար: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է խոսել Կրեմլի կոմունիստական վարչակարգի քաղաքական լճացման մասին:


Ընդհանուր գործող գաղափարախոսության բացակայության պայմաններում երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարման պրոցեսը դրված էր անկառավարելի պրոցեսների տրամադրության տակ, ավելի շուտ կառավարման բազմավեկտորային պրոցեսների՝ առանց տեղական ու օղակաձև հետադարձ կապերի: Նման պայմաններում տեխնիկական սիստեմները աշխատել չեն կարող ու անմիջապես կհայտնվեն ինքնագեներացման ու ռեզոնանսային տատանումների անկայուն վիճակում: Եթե տնտեսական հարաբերությունների լճացման (застой) պրոցեսը սկսվեց պետական կառավարման ներքևի օղակներից, ապա ԽՍՀՄ քաղաքական համակարգի լճացման պրոցեսը սկսվեց վերևից՝ Կրեմլից, որովհետև կոմունիստական լիդերները անսպասելիորեն հայտնվեցին նոր, ոչ ստանդարտ, Մարքսի, Լենինի ու Ստալինի չնախանշած իրադրությունների մեջ, երբ աշխարհի հզորագույն միջուկային գերտերության իշխանությունները հանկարծ տեսնում ու հասկանում են, որ նույնիսկ երկրի բնակչության պարենային անվտանգության խնդիրը հնարավոր չէ լուծել կտրոնային համակարգի անցնելու միջոցով: Խորհրդային բարձրագույն իշխանություններն այդպես էլ մինչև վերջ չկարողացան հասկանալ ստեղծված իրադրությունը, մոդելավորել, վերլուծել, կողմնորոշվել ու համակարգը դուրս բերել քաղաքական և քաղաքացիական ճգնաժամից: Մյուս կողմից՝ դժվար էր պատկերացնել, որ «ստվերային» արտադրության ժամանակավոր բաժնետերերը կարող էին հետաքրքրվել երկարաժամկետ ներդրումներով, որոնք կարող էին դրական արդյունքներ տալ հեռավոր ապագայում՝ 10-15 և ավելի տարիներ անց. այսօր զգալի ֆինանսական ներդրումներ, 20 տարի անց՝ դրական արդյունքներ: Դժվար էր պատկերացնել, որ ԽՍՀՄ-ում հնարավոր կլիներ գտնել այնպիսի կամավոր ներդրող, որն իր, ասենք ճիշտ ձևակերպումով, անաշխատ եկամուտների զգալի մասը փորձեր տրամադրել ձեռնարկության զարգացման ֆոնդին, դա կլիներ ընդամենը նվիրատվություն՝ լավ գործի համար, որը խորհրդային կաշառակեր երևելիները երբևիցե իրենց թույլ տալ չէին կարող, դա իրենց խաղի կանոնների մեջ նախատեսված չէր: Եթե բոլոր հաջողակ կապիտալիստ-բաժնետերերը միշտ պատրաստ են կատարելու իրենց երկարաժամկետ ներդրումները՝ դրանց մեջ տեսնելով հաջողության հասնելու լավ հեռանկար՝ թեկուզ և իրենց հաջորդ սերունդների համար, ապա խորհրդային արտադրությունների ժամանակավոր տերերի համար դրանք ջուրը նետած փողերի էին հավասարվելու:


Ցանկացած տնտեսության համար գոյություն ունի աքսիոմատիկ ճշմարտություն. չկան երկարաժամկետ ներդրումներ, չկա զարգացում, կա միայն տնտեսության լճացում, որին անմիջապես հետևելու է քաղաքական ճգնաժամը: Սա խորհրդային տնտեսության առանձնահատկություններից մեկն էր, միայն կարճաժամկետ ներդրումներ, այն էլ տնտեսության «օրինական» հատվածի կտրվածքով, որը անչափ քիչ էր տնտեսության վերարտադրության ու դինամիկ զարգացման համար: Կապիտալիստական ֆիրմաների, օրինակ, ճապոնական, ֆինանսական ներդրումների մեջ կարելի է հանդիպել այսպիսի թվերի. շահույթի 22 տոկոսը տրամադրվում է նոր արտադրատեսակների ստեղծմանն ու ներդրմանը, առնվազն 50 տոկոսը՝ տեխնոլոգիական պարկի թարմացմանը: ԽՍՀՄ-ում նման թվերը ֆանտաստիկայի ժանրից էին:


«Ստվերային» տնտեսության զարգացման արդյունքում, ապա Գորբաչովի թեթև ձեռքով մենք անցանք տնտեսական մի նոր ֆորմացիայի. 25 տարի շարունակ ապրում ենք այդ նոր տնտեսական, արտադրական ու քաղաքական հարաբերությունների պայմաններում, բայց այդպես էլ չենք կարողանում կռահել, գիտակցել, բնորոշել, բնութագրել, դասակարգել այդ նոր ֆորմացիան, հասկանալ դրա առանձնահատկություններն ու տեսակավորել մեր սպասելիքները: Սա կարող է համարվել քաղաքագիտական-փիլիսոփայական-տնտեսագիտական նոնսենս կամ անհեթեթություն, որից այդպես էլ գլուխ չհանեց ցեղասպանության բովով անցած մեր տառապյալ ժողովուրդը՝ իր 13 մարած վարչապետերով ու երեք նախագահներով հանդերձ:


Հռետորական մեկ հարց մեր 14-րդ վարչապետին՝ ի՞նչ տնտեսական հարաբերությունների (ֆորմացիայի) մեջ ենք մենք այսօր ապրում, ու ի՞նչ հասարակական հարաբերություններ է նա ցանկանում կառուցել Հայաստանում և, ընդհանրապես, ի՞նչ հստակ խնդիր է դրված նրա առաջ: Կարո՞ղ է արդյոք ՀՀ նոր վարչապետը հայ ժողովրդին պարզահնչյուն, ըմբռնելի ձևով տալ մեր երկրում ձևավորված հասարակական-քաղաքական յուրահատուկ հասարակարգի բնորոշումը, գտնել նրա հստակ տեղն ու դերը հասարակական գիտությանը հայտնի տնտեսական ֆորմացիաների շարքում: Դպրոցական տարիներից սկսած մեզ սովորեցրել են, որ մի բան կառուցելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ ենք ցանկանում կառուցել, ստեղծել, թե մեր ուզածն ինչ է: Առաջարկում եմ մեզ մոտ ձևավորված հասարակական հարաբերություններին տալ «ստվերային», ինկոգնիտո կամ ծպտյալ հասարակական-տնտեսական ֆորմացիա գիտական անվանումը, որը ավելի դիպուկ ձևով կարտահայտի մեր ռեալ իրականությունը:


Նոր վարչապետի նշանակումից հետո լրագրողներից շատերը ինձ հարցնում են, թե նրան ներկայացվե՞լ է Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիրը, չէ՞ որ մեր տնտեսության համար այն կարող է դառնալ իրապես հակաճգնաժամային ծրագիր: Նման հարցադրման հիմք է ծառայում այն, որ նոր վարչապետը իսկական տեխնոկրատ է, ցանկանում է լավ գործեր անել, Մոսկվայում լավ ընկերներ, լավ շրջապատ ունի: Իհարկե, հելիոֆիկացիայի ծրագիրը նման հնարավորություններ տալիս է, ավելին, հելիոֆիկացիայի ծրագիրը ի սկզբանե մշակվել ու փորձարկվել է որպես հակաճգնաժամային, խոսք չկա, բայց այստեղ կան նրբություններ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն՝ մինչև կոնկրետ ծրագրերը վարչապետերի սեղաններին դնելը:


Հարց նոր վարչապետին՝ Հայաստանում ու սփյուռքում ձևավորված հեղինակային կոլեկտիվները (դրանց մեջ նաև մերը) ինչպե՞ս, ինչո՞ւ և ի՞նչ կարգով են առաջարկելու իրենց նորարարական գաղափարները, որ ՀՀ վարչապետը կարողանա դրանց ծանոթանալ կամ ընթացք տալ, առաջարկելու են վերցնել ծրագրերն ու հերթական անգամ վազել հերթական վարչապետի հետևի՞ց: Նման գործերն այդպես չեն արվում: ՀՀ կառավարությանը հակաճգնաժամային ծրագրեր են պետք, որոնք նախկին ու ձևափոխված նախարարությունները ի վիճակի չեն կազմելու: Խնդրեմ, թող ՀՀ կառավարությունը հայտարարի հակաճգնաժամային ծրագրերի մրցույթ՝ իր մրցանակային հիմնադրամով, նշի ներկայացման տեղը, ձևը, հեղինակային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանները և այլն, և այլն: Թե չէ ի՞նչ է ստացվում. ՀՀ կառավարությանն այսօր պետք են հակաճգնաժամային ծրագրեր, որոնց վրա պետությունը մի քոռ կոպեկ անգամ չի ծախսել, միլիարդավոր դոլարների վարկեր են ներսուդուրս արել, բյուջետային փողերը մսխվել, քամուն են տրվել ու հիմա վառվում են, շտապօգնության կարիք ունեն, հույսները դրել են պատրաստի ծրագրերի իրականացման վրա, որոնք մեր մասնագետները ծանրագույն պայմաններում արել են հերոսական ջանքերի շնորհիվ: Այո, պրոֆեսիոնալ մարդիկ էլ, հիմնարար տնտեսական ծրագրեր էլ Հայաստանում շատ կան, դրանք այն մարդիկ են, որ հայրենիքի համար աշխատելը մշտապես համարել են իրենց առաքելությունը: Բայց առաքելություն երկրի և ոչ հանցանքների մեջ թաթախված վարչախմբերի համար: Սրանք օրվա թեմաներով, ի միջի այլոց: Բայց, դարձյալ ի միջի այլոց, ՀՀ 14-րդ վարչապետի կարևոր նախաձեռնություններից շատերը կարող են միանգամից մերժվել, որովհետև չեն կարող դիմանալ օբյեկտիվ քննադատությանը: Օրինակ, խնդրահարույց է Հայաստանում գործող ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման վարչապետի նախաձեռնությունը: Դրանց փակելու տրամաբանությունը ձևականորեն բխում է աշխատավարձի ֆոնդերի կրճատման իրողությունից, բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք. պետք է օբյեկտիվ քննարկման դրվի ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների ստեղծման թեման: Ինչո՞ւ Հայաստանում ստեղծվեցին տնտեսության կույր աղիք այդ կազմակերպություններն ու ի՞նչ դեր ունեցան նրանք մեր կյանքում: Այդ կազմակերպությունները, իմ հաշվարկներով, մեծ վնաս հասցրին մեր ազատ-անկախ երկրի տնտեսությանը ոչ թե աշխատավարձի ֆոնդերի ուռճացման, այլ բոլորովին ուրիշ պատճառներով, որոնց մասին կխոսենք հաջորդ անգամ:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ