Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կարեն Կարապետյանը ձգտում է կապիտալիզացնել իր լավ մենեջերի իմիջը, բայց ինչ-որ փուլից դա բավարար չի լինելու»

«Կարեն Կարապետյանը ձգտում է կապիտալիզացնել իր լավ մենեջերի իմիջը, բայց ինչ-որ փուլից դա բավարար չի լինելու»
21.10.2016 | 00:41

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, առաջին հայացքից սովորական հանդիպում, հետո ՌԴ նախագահը Գոայում փակագծեր բացեց, հավելենք ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարությունը, չորս օրից ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց ԼՂՀ հարցով ընդունված հայտարարությունը: Ձեր կարծիքով՝ հայ-ռուսական, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններում փոփոփություննե՞ր են լինում:
-Ես կարծում եմ՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման ռուսական ջանքերը այս փուլում տապալվեցին, մինչդեռ թվում էր՝ գոնե շրջանակային համաձայնագիր կստիպեն ստորագրել, իսկ տապալվեցին թերևս, բարեբախտաբար, այս դեպքում` Ադրբեջանի պատճառով Բաքուն նորից հրաժարվեց ճանապարհի իր մասն անցնելուց, Հայաստանը, կարծես, կողմ էր իր հատվածն անցնելուն:
-Մենք բլե՞ֆ ենք անում:
-Գոնե սկսած 2009-ից, երբ սեղանին դրվեց մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը, արդեն բաց տեքստով է ասվում, որ հայկական կողմը համաձայն է եղել փոխզիջումների՝ որոշ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Դա արձանագրվել է ՀՀ նախագահի մակարդակով: Այնպես է ստացվել, որ գործընթացը միշտ կանգնեցնում է Ադրբեջանը, որ համաձայն չէ ճանապարհի իր մասն անցնել: Ալիևը վերջերս հայտարարեց, որ իր վրա ճնշումներ են գործադրվում ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար, բայց առավելագույնը Բաքուն պատրաստ է ինքնավարության՝ Ադրբեջանի կազմում, որը բնականաբար երբեք չեն ընդունի ոչ Արցախը, ոչ Հայաստանը: Ռուս-թուրքական հարաբերությունները ռազմավարական են, նրանք մեծ ընդհանրություններ ունեն թե Միջին Արևելքում, թե Արևմուտքում: Հավելեք, որ Թուրքիան հսկայական հետաքրքրություններ ունի ԱՊՀ տարածքում՝ հաշվի առնելով կրոնական ու քաղաքական շահերը: ՈՒթամսյա լարված հարաբերություններից հետո ռուս-թուրքական մերձեցումը կատարվում է մեծ ընդգրկումով՝ աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական ուղղություններով: Մոսկվան ու Անկարան կարողանում են փոխզիջումների գնալ փոխհարաբերությունների մեծ ընդգրկման դաշտում: Կարծում եմ՝ Ղարաբաղյան հարցում Ռուսաստանը փորձում է ինչ-որ չափով թուրքերին չեզոքացնել և մեղմել նրանց ավանդական դիրքորոշումը:
-Լավրովի երևանյան հայտարարությունը հակառակը չէ՞ր վկայում:
-Հայաստանում քիչ են խոսում, բայց «Լավրովի պլան» անվանված ծրագրում կար կետ, որ Թուրքիան պիտի բացի սահմանը, այսինքն՝ համալիր քայլեր էին արվում և Հայաստանին ևս մեկ, այսպես կոչված, բոնուս էր տրվում: Կարծում եմ՝ հիմա խոսքն ավելի շատ դրա մասին է, քան Թուրքիայի՝ բանակցային գործընթաց մտնելու: Այս դեպքում նկատի էր առնվում, որ Թուրքիան պիտի ազդի Ադրբեջանի վրա՝ իմ կարծիքով:
-ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կրկնեց այն, ինչ երեք օր առաջ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը, իհարկե, հավելելով «օկուպացված» տարածքների հանձնումը:
-Մենք պետք է հասկանանք, որ դիվանագիտության մեջ կա հռետորաբանություն, և կա իրական մաս: Իրականում, կարծում եմ, բազմաքայլ կոմբինացիա է, որտեղ բոլոր կողմերը ստանում են իրենց ցանկացածը, Ռուսաստանը և Թուրքիան աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային այնքան ընդհանուր խնդիրներ ունեն, որ ռազմավարական բնական դաշնակիցներ են դառնում, առավել ևս՝ այսօրվա պայմաններում, երբ երկու երկրներն էլ Արևմուտքի հետ խնդիրներ ունեն: Մենք ընդունում կամ ցանկանում ենք, թե ոչ՝ Մոսկվան ու Անկարան լայնածավալ ռազմավարական աշխատանք են սկսել, որտեղ Ղարաբաղի հարցը համագործակցության ընդամենը մի մասն է:
-Լավ, օբյեկտիվ գործընթացներին չենք խառնվում, բայց ի՞նչ պիտի անենք պաշտպանված լինելու համար:
-Ես կարծում եմ՝ սխալ է մտայնությունը, որ եթե մեզ ինչ-որ բան է պարտադրվում, վերջնականապես որոշված է: Աշխարհն այնքան բազմավեկտոր է, երբ դու ինչ-որ տեղ «ոչ» ես ասում, հայտնվում է մի ուժ, որին քո «ոչ»-ը շահեկան է, և կանգնում է կողքիդ: Սիրիայի հարցում ԱՄՆ-ՌԴ հակասությունը, կարծես, մոռացրեց Ղարաբաղյան հարցը:
-Ջոն Քերին գեղեցիկ վերջակետեց:
-Նույնը արեց Յուրի ՈՒշակովը, որ վկայում է՝ կա կոնսենսուս:
-Ալիևին դա՞ է հունից հանում:
-Գուցե, ակնհայտ է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև կա կոնսենսուս, այնքան արագ է ամեն ինչ փոխվում:
-Չունե՞ք զգացողություն, որ մենք քաղաքականությունը կառուցում ենք ստատիկ վիճակների վրա, ու մեզ պակասում է առաջ նայելու ճկունությունը:
-Իմ կարծիքով, 2009-ից մեր քաղաքականությունը Ղարաբաղյան հարցում կառուցվում է Ալիևի առավելապաշտական հակումների վրա: Ի վերջո, նրա վիճակը ավելի բարդ է, նա շատ ավելի մեծ զիջումներ պիտի անի, որին պատրաստ չէ: Եթե նա համաձայնում է ազգերի ինքնորոշման սկզբունքը ճանաչելուն, կորցնում է տարածքը: Մեր դեպքում ևս դժվար է, բայց որոշ տարածքները վերադարձնելու դիմաց կարգավիճակ ստանալը ինչ-որ չափով հասարակությանը կարող է բացատրվել, իսկ ի՞նչ ասի Ալիևը՝ ստացվում է, որ շրջանները վերադարձնելու դիմաց հանձնում է Ղարաբաղը:
-Իսկ ո՞վ էր ասում, որ Ղարաբաղը համարեր Ադրբեջանինը:
-Երբ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ քանի դեռ Ալիևը փոխզիջման մասին չի խոսում, մենք ընդհանրապես անելիք չունենք, փոխվեց հարցի հռետորաբանությունը: Աշխարհն ավելի շատ հակված է դեֆակտո վիճակներն ընդունել, ղարաբաղյան բանակցությունների դինամիկայում դա երևում է: Թվում է՝ գերտերությունների դիրքորոշումները չեն փոխվում, բայց ստեղծվում են նոր իրավիճակներ, և պարբերաբար զոնդաժ է արվում: Լավրովի հայտարարությունը հենց դա էր՝ զոնդաժ, որին Հայաստանը «ոչ» պատասխանեց: Գուցե տպավորություն կա, որ դինամիկ գործընթացներ են, բայց շատ դեպքերում ակտիվությունը իմիտացիա է:
-Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ՝ Ձեր կարծիքով, քաղաքական դաշտում ծավալվո՞ւմ են այն գործընթացները, որ պետք են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, թե՞ գնում ենք կառավարելի քաոսով իշխանության վերարտադրման:
-Իսկ ի՞նչ ենք հասկանում ժողովրդավարական ընտրությունների գործընթաց ասելով:
-Հասկանում ենք՝ ընտրողը արտահայտեց իր կամքը՝ քվեն տալով այն քաղաքական ուժին, ում վստահում է և ուզում է տեսնել իշխանություն, ու այդ քվեով լեգիտիմ իշխանություն կազմավորվեց:
-Կառավարելի քաոսը, քաղաքական դաշտը լղոզելը քաղտեխնոլոգիաներ են, որ ժողովրդավարական ցանկացած երկրում կիրառվում են: Իշխանությունը այդ տեխնոլոգիաներով փորձում է հեշտացնել իր գործը, ընդդիմությունը փորձում է իշխանությունը վերցնել՝ նույնպես քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելով: Եթե իշխանությունը կարողանում է ընդդիմադիր դաշտը «բնակեցնել» բազմաթիվ ֆեյքերով, «հաճախորդներով», ո՞վ է մեղավորը: Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտը, որը չի կարողանում ստեղծել ոչֆեյքային կառույցներ: Ինչքան էլ մեղադրենք իշխանությանը, որ Վանաձորում, մեղմ ասած, ոչ մաքուր քաղտեխնոլոգիա կիրառեց ընտրվածների նկատմամբ, ես իշխանության հետ հավասար մեղավոր եմ համարում ոչիշխանական ուժերին, որ չկարողացան պահել իրենց համաձայնությունը:
-Բայց որքանո՞վ են ոչիշխանական ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՎԿ-ն:
-Հենց դա է հարցը: Լավ, ասենք, Ձեր նշածները իրոք իշխանական նախագծեր են, ո՞վ է խանգարում նոմինալ, այսպես կոչված, իսկական ընդդիմությանը ստեղծել էֆեկտիվ ու կուռ կառույց, որ կարող է միավորվել, կարող է իրավիճակ փոխել, մոտիվացնել ընտրություններին չներկայացող բողոքական մոտ 50 % ընտրազանգվածին:
-Բացառո՞ւմ եք, որ ընտրություններից առաջ այդ կառույցը կստեղծվի:
-Չեմ բացառում, բայց միավորվելուց առաջ պիտի հասկանանք՝ ո՞վ են ու ո՞ւր են նրանք հիմա: Մենք բոլորին կասկածում ենք՝ նախագծեր են, ֆեյքեր են և այլն, և այլն, երբ հասկանանք՝ ովքե՞ր են իսկականները, կհասկանանք՝ կարո՞ղ են իրար հետ միավորվել, թե՞ ոչ՝ հարց լուծելու համար: Ոչ այնքան ընտրություններում, որքան ընտրություններից հետո: Իշխանությունն անում է իր քայլերը, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լինել ընդդիմադիր դաշտում քայլեր: Ի՞նչն է խանգարում:
-Փող չկա, կուսակցությունը ֆինանսներ են, ուժեղ կուսակցությունը՝ շատ ֆինանսներ:
-Հայաստանում կուսակցական ֆինանսները երկու ճանապարհով են գոյանում, եթե անդամավճարների լեգենդները մի կողմ դնենք, փողը տալիս է կամ իշխանական բիզնեսը, կամ մեծ աշխարհը: Եթե փողը տալիս է իշխանությունը, կուսակցությունը դառնում է իշխանական նախագիծ, եթե դրսից է գումարը գալիս, ասում են՝ աշխարհաքաղաքական նախագիծ է, ո՞րն է ավելի վատ:
-ՈՒ բերում է իշխանության բա՞խտը: Կարեն Կարապետյանի բախտը բերելո՞ւ է, ո՞ւմ հետ է նրա բախտը կապվում:
-Հասկանում եմ, որ ակնարկում եք՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի հետ կապը: Կարծում եմ և առաջինի, և երկրորդի հետ:
-Իսկ Պուտի՞նը:
-Բնականաբար, կա նաև շահերի համադրում:
-Իրական կապը ո՞րն է:
-Չեմ բացառում, որ նրա անձի շուրջ կա կոնսենսուս՝ բոլոր շահագրգիռ խմբավորումների միջև:
-Այդ դեպքում Կարեն Կարապետյանի բուն վարչապետությունը սկսվում է խորհրդարանական ընտրություններից հետո՞:
-Կարծում եմ՝ մինչև 2018-ը, նախագահի լիազորությունների ավարտը մենք կունենանք տանդեմ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը միմյանց ուղեկիցներ են: Հետոն կախված է ընտրությունների արդյունքներից, անհայտ է, որ նրանց համագործակցության առաջին փուլն ավարտվում է ընտրություններով՝ դա սահմանադրական պահանջ է, ամենակարևորը կառավարության հաջողությունն է՝ այս կառավարությունը, որ հասարակության զգուշավոր լավատեսությունն է հարուցել, ի՞նչ արդյունքների կհասնի: Վստահության վարկը երկար չի գործում: Կադրային կտրուկ փոփոխությունները, հայտարարությունները, իրավիճակի օբյեկտիվ գնահատականը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության բարձրաձայնումը դրական հավելումներ են նրա իմիջին: Կարեն Կարապետյանը ձգտում է կապիտալիզացնել իր լավ մենեջերի իմիջը, բայց ինչ-որ փուլից դա բավարար չի լինելու՝ առանց կոնկրետ հաջողությունների: Որոշակի պոպուլիստական արդյունքներ են պետք լինելու:
-Կլինե՞ն պոպուլիստական արդյունքներ:
-Գազի, էլէներգիայի սակագնի իջեցումը, բյուրոկրատական քաշքշուկների նվազումը, հարկային քաղաքականության փոփոխությունը կարող են հաջողություններ դառնալ: Շատ կարևոր է, թե ինչ ծրագիր է կառավարությունը ներկայացնելու:
-Առավելագույնը՝ կես տարվա, ըստ տրամաբանության:
-Ծրագիրը կարող է լինել կարճաժամկետ հեռանկարով ու երկարաժամկետ՝ ռազմավարական տեսլականը: Հիմա վիճակն այնքան ծանր է, որ հարցերը շատ օպերատիվ պիտի լուծվեն՝ սկսած բյուջեն լցնելուց մինչև սոցիալական վճարներ ու պարտքի սպասարկում:
-Եթե Կարեն Կարապետյանը պաշտոնավարելու է մինչև 2018, անխուսափելի չի՞ դառնում քաղաքականություն մտնելը: Խորհրդարանական ընտրություններից մինչև 2018-ը դառնում է ամենաբարդ շրջանը՝ նայած Սերժ Սարգսյանը ի՞նչ է որոշել, նա կարող է վարչապետին օգնել կամ խանգարել: Այդպես չէ՞:
-Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, նաև՝ Սերժ Սարգսյանը: Նա փուլ առ փուլ է որոշելու իր անելիքը: Առաջին փուլի արդյունքները կախված կլինեն խորհրդարանական ընտրություններից և կառավարության արդյունքներից: Եթե կառավարությունը հաջողության հասնի, գործող նախագահին ձեռնտու է վարչապետի հետ տանդեմը, 2018-ից հետո՝ կախված այս ժամանակվա արդյունքներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կկայացվի հաջորդ որոշումը:
-Հնարավո՞ր է, որ Մոսկվան խաղը դնի Կարեն Կարապետյանի վրա:
-Հնարավոր է, բայց հնարավոր է, որ այդ որոշումը կայացվի երկրի ներսում՝ ազդեցիկ խմբավորումների միջև:
-Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է և արդեն հայտարարվել է, որ Կարեն Կարապետյանը նոր ոգի պիտի բերի ՀՀԿ-ին, ի՞նչ է դա նշանակում գործնականում:
-Ես կարծում եմ՝ եթե կառավարությունը հասարակության մեջ որոշակի սպասումներ է առաջացնում ու որոշակի իմիջ ունի, բավականին լուրջ դիսոնանս կա իշխող կուսակցության, որ համարվում է կառավարության քաղաքական պատասխանատուն, ու կառավարության միջև: Այսօրվա ՀՀԿ-ից հասարակությունն այլևս որևէ սպասում չունի, դա հաստատեցին նաև ՏԻՄ ընտրությունները, ՀՀԿ-ն նույնիսկ խուսափում էր ընտրություններում իր անունով հանդես գալ՝ ինչպես Գյումրիում էր, որտեղ «Բալասանյան» դաշինք ստեղծվեց: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը այդ դիսոնանսը հարթելն է՝ ՀՀԿ-ում էլ պիտի կադրային կտրուկ փոփոխություններ լինեն: Կառավարության ու ՀՀԿ-ի ռազմավարությունը նույնը պետք է լինի: ՀՀԿ մամլո խոսնակը պարբերաբար ասում է, որ չեն բացառվում հետաքրքիր, լուրջ փոփոխությունները ՀՀԿ ղեկավար կազմում: Կապրենք՝ կտեսնենք:
-Ինչո՞վ բացատրել Վանաձորը, եթե ՀՀԿ-ն ունի նման խնդիր, մեկ ընդդիմադիր քաղաքապետ ամբողջ երկրում ՀՀԿ-ն չկարողացավ հանդուրժել, կհանդուրժի՞ կարդինալ փոփոխություններ:
-Վստահության մթնոլորտի ստեղծմանը դա արգելված հարված էր, որ նշանակում էր՝ փողով կառնեմ, ում ուզեմ: Վստահ եմ, որ ցանկացած գնով Վանաձորը պահելը իշխանության քաղաքական կոպիտ, գերկոպիտ սխալն էր: Ի վերջո, նույնը կարելի էր անել հետո, երբ ավագանին սկսեր աշխատել, երկու ամսից, կես տարուց, մեկ տարուց, բայց ՀՀԿ-ն գնաց սեփական քաղաքապետ ունենալու սովոր ճանապարհով, որը հակասում է փոփոխությունների հռչակված կուրսին, բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը փոխելու քաղաքականությանը:
-ՀՀԿ-ն կփորձի՞ Կարեն Կարապետյանին ու իր թիմին կուսակցականացնել:
-Կարեն Կարապետյանը ի սկզբանե փորձում է արդյունավետ մենեջեր ներկայանալ՝ հեռու կուսակցականությունից ու կուսակցական խաղերից: Նրա կառավարությունը հանրությանը ներկայացվում է որպես անկախ կուսակցական պատկանելությունից՝ արդյունավետ մենեջերների թիմ, ինքն էլ գլխավոր մենեջերն է երկրի տնտեսության: Կարծում եմ, սա ճիշտ դիրքավորում է, և լուրջ հիմքեր չեմ տեսնում, թե ինչու պիտի Կարեն Կարապետյանը հիմա, առավել ևս դեռ էական արդյունքների չհասած, անդամակցի ՀՀԿ-ին. դրանով և իր իմիջին է խփում, և ՀՀԿ-ին ոչինչ չի տալիս:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ