Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երեք Կարեն Կարապետյան՝ մեկ Հայաստանին

Երեք Կարեն Կարապետյան՝ մեկ Հայաստանին
21.10.2016 | 01:24

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրն ու ուղարկել Ազգային ժողով: Արտահերթ նիստում կառավարության ծրագիրը կքննարկվի և, չկասկածեք, կընդունվի: Անգամ նախօրեին դեֆոլտ ահազանգող Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս կասկած չունի, որ «Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով», և նրան երկու առաջարկ է ներկայացրել, ավելի շատ՝ հորդոր՝ վերացնել կոռուպցիան: Իրականում առաջին նախագահը գործող վարչապետին առաջարկում է հեղափոխություն անել՝ ինքը հեղափոխությանը դեմ լինելով հանդերձ:

«Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է` պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: ՈՒստի կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը»,- ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Դատեք ինքներդ՝ եթե վարչապետը կախարդական փայտիկ գտնի ու այդ ամենն անի, ի՞նչ կմնա իշխանությունից: Առավել ևս, եթե վավերացվի ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով, այսինքն՝ նախկին պաշտոնյաների մասով: «Ի՞նչ կմնա»-ն կդադարի հարց լինել ու կվերածվի դատավճռի, եթե, իհարկե, Հայաստանում նաև դատարանները անկախ լինեն: Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները, որ, իրոք, «նորություն չեն ու բազմիցս արծարծվել են», ինչպես մինչ այժմ, հետո էլ մնալու են «ձայն բարբառոյ յանապատի»:


Ի՞նչ է առաջարկում ՀՀ 14-րդ վարչապետը, ո՞րն է նրա կառավարության ծրագրի մեխը, ինչո՞վ է նա տարբերվում 13-րդ կամ 12-րդ վարչապետերից, նրա ծրագիրը՝ նրանց ծրագրերից: «Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը: Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ»,- ասված է կառավարության ծրագրի նախաբանում: Իսկ ի՞նչ ենք անում մենք 25 տարի, եթե ոչ պերմանենտ բարեփոխումներ, որոնց միայն հիշատակումն արդեն նյարդայնացնող է:


Դժվարությամբ ու համբերատար կարդացի մանրատառ ծրագրի 32 էջերը, որոշ էջեր նորից կարդացի՝ չապավինելով հիշողությանս ու որոնելով գովազդված կոնկրետությունն ու այն լուծումները, որոնց մասին ասվում էր. «Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին»: Առաջինը, որ հասկացա՝ ծրագիրը կես տարվա է, և դա պրագմատիկ մոտեցում է: Երկրորդը՝ ժամանակ չի եղել՝ ռեսուրսները գույքագրելու և ուսումնասիրելու հնարավորությունները, դա արվելու է հընթացս: Երրորդը՝ Կարեն Կարապետյանն առաջնորդվել է Միխայիլ Դոստոևսկու կարգախոսով. «Եթե չկա՝ ինչ սիրում ես, սիրիր՝ ինչ կա», ու դա ևս պրագմատիկ մոտեցում է, բայց նա մի քայլ առաջ է ուզում դասականից անցնել. նա ուզում է ունենալ՝ ինչ սիրում է, ու դա արդեն պրագմատիզմի հերքում է:
Վարչապետը կառավարության նիստում ծրագրի ընդունումից հետո հայտարարել է, որ իր կարծիքով «ձևակերպել են բավականին հետաքրքիր ծանրաձող», որը վերցնելու համար պետք է կենտրոնացնեն բոլոր ուժերը:

Փաստորեն, ֆուտբոլից ու շախմատից անցնում ենք «շտանգային»: Իրականում ի՞նչ ունի ու ի՞նչ կարող է ունենալ Կարապետյանն իր ակտիվում՝ բացի իր անկուսակցական նախարարներից: Եթե մի կողմ թողնենք նրա կառավարության ծրագիրը, որ խորհրդարանը հավուր պատշաճի կբզկտի ու կընդունի՝ ինչպես միշտ, եթե փորձենք իրավիճակին նայել քայլ առաջ անցնելով՝ ստացվելու է, որ մենք ունենք կամ կարող ենք ունենալ երեք Կարեն Կարապետյան մեկ Հայաստանում:


Կարեն Կարապետյան առաջին. 2016-ի սեպտեմբերի 13-ից 2017-ի ապրիլի 2՝ այս ընթացքում նա ունի գործողությունների ազատություն, և ՀՀԿ-ի ռեսուրսը նրան է ծառայելու, համենայն դեպս, չի խանգարելու, որովհետև կա շահերի համընկնում: Վարչապետի արդյունավետ մենեջմենտի հաջողությունը ՀՀԿ-ի հաջողությունն է լինելու և նրա համար ընտրություններում հաջողության պայմաններ է ապահովելու: Ավելին՝ այս փուլում ՀՀԿ-ն է տրանսֆորմացվելու, բայց ոչ այնքան հանուն կառավարությանը համապատասխանելու, որքան ազատվելու իմիջային բալաստից, նոր կերպարանքով ու հագուկապով ընտրություններին ներկայանալու: Կարեն Կարապետյանին նախագահի մակարդակով հանձնարարված է ՀՀԿ-ին «նոր ոգի» բերել: Ինչպե՞ս պիտի անկուսակցական վարչապետը իշխող կուսակցությանը նոր ոգի բերի, նվազագույնը անհասկանալի է: Միայն առաջին հայացքից: Իրականում դա հանձնարարական էր ոչ վարչապետին, որ առանց այն էլ լավ խրված է, այլ կուսակցությանը: ՀՀԿ-ի դիմադրունակությունը առասպելական է՝ նրանք ամեն ինչի մասին տեղեկանում են վերջինը, բայց կատարում են առաջինը: Այս փուլում Կարեն Կարապետյանը միայն մեկ խնդիր ունի՝ հասնել պոպուլիստական հաջողությունների, որի ակնարկները կան կառավարության ծրագրում՝ գազի, էլէներգիայի գնի իջեցում որոշակի դեպքերում, ինչ-որ ձեռնարկությունների բացում, պետական պաշտոնյայի կերպարի փոփոխություն և այլն, և այլն:
Կարեն Կարապետյան երկրորդ. խորհրդարանական ընտրություններից հետո մինչև 2018-ին նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Այս Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը հարցական է՝ Սահմանադրությունից ելնելով: Խորհրդարանական ընտրություններից հետո կազմվելու է նոր կառավարություն՝ ըստ ընտրությունների արդյունքների: Եթե գործելու են ՀՀԿ-ի ծրագրերը, իսկ դա ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով երաշխավորել, Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել, կառավարության կազմում լինելու են փոփոխություններ՝ նա ավելի մեծ ազատություն է ստանալու կադրերի ընտրության հարցում: Այս փուլում, սակայն, սկսվելու են նրա իսկական փորձությունները: Եթե մինչև այդ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի շահերի ֆորմալ համընկնում կար, նայած, թե 2018-ից հետո ինչ է անելու՝ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ նշանակել նրան և օգնել կամ խանգարել: Օգնել, եթե ուզում է, որ շարունակի պաշտոնավարել, խանգարել, եթե ինքն է որոշել վարչապետ լինել:


Կարեն Կարապետյան երրորդ. կարող է լինել, կարող է չլինել: Բոլոր փուլերում ամեն ինչ կախված է արտաքին ու ներքին ազդակներից, տնտեսության վիճակից, խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, պատահականություններից: Քաղաքական դաշտում կանխատեսելի ու անկանխատեսելի գործոնների համադրումից կամ հակադրումից: Կարեն Կարապետյանը կարող է վերադառնալ Մոսկվա՝ իր կենսագրության մեջ «ՀՀ վարչապետ» գրանցումն ունենալով ու համարելով, որ ավարտեց առաքելությունը Հայաստանում: Կարող է շարունակել պաշտոնավարումը, որովհետև, ի վերջո, Մոսկվան Հայաստանում, համարելով, որ նա արդեն բավականին ամրացրել է իշխանությունը և բացարձակապես կառավարելի է, կարող է ընտրել նրան, ոչ թե Սերժ Սարգսյանին: Նույն ընտրությունը կարող է լինել և Հայաստանի ներիշխանական դաշտի որոշումը՝ որոշակի երաշխիքների առկայությամբ ու գործունեության լիակատար ազատությամբ՝ որոշակի շրջանակներում:
2008-ից սկսած Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերությունների մասին տարբեր վարկածներ առաջադրվեցին: Ինչպիսին էլ լինեն նրանց հարաբերությունները, երբ հարցը վերաբերի մեկի կամ մյուսի իշխանության կորստին, նրանք միավորվելու են՝ պահպանելու իրենց մինի կայսրությունները պետության մեջ: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկից հետո կրիայի պես քաշվել է իր պատյանի մեջ և արդեն ութ տարի է՝ կատարում է միայն անկախ վերլուծաբանի գործառույթ՝ ստեպ-ստեպ ինքնահարցազրույցներով հիշեցնելով իր մասին: Ճիշտ է, նա այնքան էլ պարապ չի նստել, բայց նաև ճիշտ է, որ առանց մեծ դիմադրության Սերժ Սարգսյանին «հանձնեց» ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին, Վարդան Օսկանյանի «Համախմբումն» էլ չի լրջացնում, համակերպվեց Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտով Երևան վերադառնալու նախագծի ձախողմանը, ու էլի մեծ ու մանր քաղաքական ու ֆինանսական հարվածներին: Ճիշտ է նաև, որ հիմա էլ կարող է «ընդունել» ՀՀԿ-ի այն հատվածին, որ հեռացվելու է «կերակրատաշտից», հավելեք Հովիկ Աբրահամյանի անորոշ ապագան (նա հավասար հնարավորություններ ունի դեսպան նշանակվելով՝ երկրից հեռացվելու ու նախագահ նշանակվելով՝ չեզոքացվելու), ու նրանց, ում կարիքը Սերժ Սարգսյանն այլևս չունի, իսկ Հայաստանում ինչն է շատ, քաղաքական «ֆեյքերը», Ռոբերտ Քոչարյանը եղել ու մնում է վտանգավոր: ՈՒ այս պարագայում Կարեն Կարապետյանը դառնում է բուֆեր՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար, հավասարապես լինելով երկուսի համար էլ ընդունելի տարբերակ, երաշխավոր, որ իշխանությունը կորցնելուց հետո նրանք ոչինչ չեն կորցնելու ու, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է Կարեն Կարապետյանին առաջարկում, պատասխանատու չեն լինելու ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածով: Վերջապես, Կարեն Կարապետյանը այն տարբերակն է, որին հավանություն է տվել ու գործուղել է Մոսկվան՝ Հայաստանում իրավիճակը վերահսկելի պահելու համար: Բայց այս պահին ոչ որևէ մեկը Երևանում, ոչ որևէ մեկը Մոսկվայում չի կարող ասել, թե իրադարձություններն ինչ սցենարով ու ինչ ուղղությամբ կզարգանան: Բոլոր այս սցենարներն ունեն մեկ աններելի թերություն՝ հաշվի չեն առնում ժողովրդի գործոնը:

Ընդդիմադիր ժողովրդի գործոնը, որ չի կորցնելու թափն ու վճռականությունը, եթե հաշվի առնենք, որ կառավարության ծրագրում ոչ մի բառ չկա արտագաղթի մասին: Հարկավ, թե՛ վարչապետը, թե՛ հին ու նոր նախարարները կարող են ասել՝ իրավիճակի փոփոխությունը նաև այդ հարցը կլուծի, բայց Հայաստանից արտագաղթը հիմնականում նշանակում է ներգաղթ Ռուսաստան, և այդ հարցը օրակարգում կդրվի միայն այն պահից, երբ Մոսկվան ասի՝ վերջ, ինձ այլևս էժան աշխատուժ պետք չէ: Եվ բացի այդ՝ իշխանության ֆեյքաստեղծ գործողությունները ոչիշխանական դաշտում կարող են ընտրություններում վճռական գործոն դարձնել իրական ընդդիմությանը: Այս անգամ կարող է անհրաժեշտ տեղում, անհրաժեշտ պահին անհրաժեշտ մարդը գտնվել, որ այլևս ո՛չ թեյելու, ո՛չ աղոթելու, ո՛չ էլ տուն գնալու ցանկություն չի ունենա ու այդ ցանկությունը չի փոխանցի Ազատության հրապարակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այս շաբաթ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակն է Ադրբեջանի կազմում, ինչն անընդունելի է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար: Բանակցությունները՝ բանակցություններ, բայց ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը օրակարգից ոչ ոք չի հանել: Պուտին-Էրդողան բարեկամությունը՝ ընդդեմ Արևմուտքի, ԵԱՏՄ մտնելու Ալիևի դատարկ խոստումները, ԵԱՀԿ ՄԽ երկրներում նախագահական ընտրությունները ¥2016` ԱՄՆ, 2017` Ֆրանսիա, 2018` ՌԴ¤ կարող են ստեղծել այն վակուումը, որտեղ Ալիևը նորից կկրակի: Կգործի՞ Հայաստանում բանակ-պետություն նախագիծը, որի հիմքում ռազմարդյունաբերության զարգացմամբ տնտեսությունը տեղաշարժելն է, թե՞ Հայաստանը պարտադիր պետք է ՀԱՊԿավորվի: Պատասխանները լաբիրինթոսում են, ուր ոչ ոք չի ուզում մտնել:

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ